ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2007 թվականի ապրիլի 2-ին` ժամը 22:20-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի մայրուղու` Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական` "Մերսեդես-600'մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի եւ նրան ուղեկցող "Գազ-3110" մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ:
Կրակահերթի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից "Գազ-3110" մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի հինգ ուղեւորներից երեքը` Արտյոմ Սամվելի Ադամյանը (ծնված` 1985թ.), Սիսակ Արամի Վարդանյանը (ծնված 1981թ.) եւ Հովհաննես Լեւոնի Միրզաբեկյանյանը (ծնված` 1970թ.) տեղում մահացել են: "Մերսեդես" մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վարազդատ Ղուկասյանը` "Արմենիա" բժշկական կենտրոն եւ ենթարկվել վիրահատության:
"Մերսեդես" մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւոր Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Հովհաննես Գրքիկյանը եւ "Գազ-3110"մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վաչիկ Գյուղջօղլյանը, ուղեւոր Տիգրան Սիմոնյանը հրազենային վնասվածքներ չեն ստացել եւ բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել: Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում է նախաքննություն: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի թվով 77 պարկուճ, որից 52-ը` ԱԿՄ տեսակի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի, իսկ 25-ը` ԱԿՍ տեսակի ինքնաձիգի 5.45 տրամաչափի պարկուճներ: Դիակների հերձման ընթացքում հայտնաբերվել է 14 գնդակ:
Հայտնաբերված պարկուճների եւ գնդակների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում աշխատել է 2 ինքնաձիգ: Նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դեպքի հանգամանքները եւ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
Կայք: http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=47368