by Armenian on Fri Mar 16, 2007 12:08 am
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «խորապես հիասթափված է ANCA-ի գործադիր տնօրենի խոսքերից»
/PanARMENIAN.Net/ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խորը հիասթափությամբ ընդունեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից մարտի 13-ին Երեւանում արված հայտարարությունը: Նա ասել էր, որ ԱՄՆ Սենատը Հայաստանում դեսպանի պաշտոնում չի հաստատի Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նրա ասածը իրականության դիտավորյալ աղավաղում էր, որը տեղ չի կարող զբաղեցնել քաղաքականության տարբերությունների մասին լուրջ քննարկումներում: Պարոն Համբարյանի ասածները տեղին չէին հատկապես այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը արդեն խոսել էր դեսպան Հոգլանդի հետ աշխատելու իր պատրաստակամության մասին: Թե դեսպան Հոգլանդը եւ թե վարչախումբը երբեւէ չեն ժխտել 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը եւ տեղահանումը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության վերջին տարիներին: 2006թ-ի հունիսի 28-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած բաց լսման ժամանակ դեսպան Հոգլանդը նշեց. «Վարչախմբից որեւէ մեկը երբեւէ չի ժխտել այդ իրադարձությունները»: Նա խորությամբ ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի պատմությունը: Այնուամենայնիվ, վարչախումբը, հետեւաբար նաեւ դեսպանի թեկնածու Հոգլանդը չեն օգտագործում «ցեղասպանություն» բառը նկարագրելու համար այս իրադարձությունները»:
! Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը «PanARMENIAN.Net»-ին պարտադիր է:
Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:
Գարեգին Նժդեհ