Երեկ ձերբակալվել է <<Հայ արիական միաբանության>> ղեկավար Արմեն Ավետիսյանը` ազգամիջյան (հրեաների նկատմամբ) թշնամանք հրահրելու մեղադրանքով: Խնդիրը բարձրացրել է Հայաստանի հրեական համայնքը, դատախազությունն էլ ընթացք է տվել փութաջանությամբ:
<<ՙԱզգին>>՚ հեռախոսով տված մեկնաբանության մեջ Արմեն Ավետիսյանը փաստորեն չհրաժարվեց այդ մեղադրանքից, միաժամանակ ընդգծելով, որ ՙԱկնհայտ է, որ ստվերում, սեռական այլ ուղղվածություններով մարդիկ եւս նպաստել են ձերբակալմանը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը ոնց որ պատվեր լիներ, այս բոլորը մի տեղ է կուտակված ու մի տեղից է գալիս: Ես պատրաստ եմ դատավարությանը եւ ուրախ եմ, որ պիտի հիմնավորեմ ջհուդա-մասոնական ուժերի համակարգված ճնշումները, այդ թվում հրեականության վտանգը՚:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի հակասեմականության մասին զեկույցում Հայաստանից հիշատակվել էր 2 անուն` ՙԱԼՄ՚ հեռուստատեսության տնօրեն Տիգրան Կարապետյանը, որ հակահրեական հայտարարություն է արել եթերով, եւ ՙՀայ արիներ՚ միաբանության ղեկավարը, որ կոչ է արել երկիրը մաքրել հրեաներից:
Գործը Երեւանի քաղաքային դատախազությունում է:
Շաբաթ օրը իբրեւ վկա դատարան է հրավիրվել նաեւ լրագրող, պատմաբան, մեր թերթի հեղինակներից Գեւորգ Յազըճյանը: Քննիչ Հրանտ Չախոյանը ներկայացրել է ՙՀայ արիների՚ պաշտոնաթերթից Բեյրութի ՙՍփյուռք՚ հանդեսում արտատպված նրա հոդվածը` ՙՌուսական մասոնության հայազգի դերակատարները՚ վերտառությամբ: Այս թեմատիկայով, Գեւորգ Յազըճյանը հեղինակած եւ թարգմանած տասնյակ հոդվածներ ու մեկնաբանություններ ունի նաեւ տեղական եւ արտասահմանյան այլ պարբերականներում եւս: Նրա հոդվածները դարձել են Արմեն Ավետիսյանի դեմ հանցակազմի հիմնական բաղադրիչներից:
Գեւորգ Յազըճյանը մի ուշագրավ դիտողություն արեց քննիչների եւ ընդհանրապես գործով զբաղված իրավապահների մասին, որ նրանք շատ տկար պատկերացումներ ունեն իրենց հանձնարարված գործի բովանդակության վերաբերյալ:
Առայժմ հայտնի չէ ե°ւ մեղադրանքի, ե°ւ դատավարության ճակատագիրը: Քննիչները շարունակում են նյութեր հավաքել, իսկ հրեական համայնքի ներկայացուցիչները պահանջում են վերացնել հակահրեականություն քարոզող կազմակերպությունը:
Ուշ երեկոյան ՙՀայ-արիական միաբանության՚ գերագույն խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. ՙԱպազգային տարրերն ու նրանց արտասահմանյան տերերը բացահայտ պատերազմ են հայտարարել Հայ-արիական միաբանությանը, ավելի որոշակի` ՀԱՄ-ի առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Նրա բացահայտումները ՀՀ իշխանության վերին էշելոններում համասեռականների, հրեա-մասոնական ամենատարբեր դավադրությունների, սոց. քարտերի ՙկամավոր՚ պարտադրման ու նման ակտիվ եւ անզիջում գործունեությունն ուղղակի շարժման մեջ է դրել հայության նժդեհյան բնութագրումով տականքին՚:
ՙՀայոց հայրենիքի ազատ մնացած այս փոքրիկ հատվածում պատերազմ է հայտարարվել հայ ազգայնականությանը, իսկ դրա գործիքն ապազգային տականքն է, որն իր ներկայացուցիչներն ունի ՀՀ իշխանական տարբեր օղակներում: ՀՀ-ում առայժմ ոչ մի քր. գործ չի հարուցվել անգամ այն դեպքերում, երբ որոշ ապազգային թափթփուկներ կոպտորեն պղծել են մեր ազգային արժեքներն ու սրբությունները: Ավելին անգամ քաջալերվել են ամենատարբեր մակարդակներով, սակայն ազգային արժեքների պահպանման ու պաշտպանության այսպիսի ՙգործ՚ է հարուցվում՚, ասվում է հայտարարության մեջ:
Վերջում ՀԱՄ գերագույն խորհուրդը զգուշացնում է. <<Զգուշացնում ենք, որ ՀԱՄ-ի առաջնորդի նկատմամբ բռնության եւ քաղաքական հետապնդման շարունակումը դարձնելու ենք ոմանց քաղաքական գործունեության կարապի երգը>>:
Կարինե Դանիելյան`<<Ազգ>> օրաթերթ`24 հունվար 2005թ