Մեր բռի իշխանությունները

Որքան էլ մտածեցի ավելի մեղմ արտահայտություն գտնել մեր իշխանությունների վարք ու բարքը բնութագրելու համար (մերն են չէ, երեւի, վերջ ի վերջո) – չստացվեց. բռի են, էլի՛, եթե ոչ ավելի վատթարը, դրան եմ ես հա՜ ականատես լինում: Ինչպե՜ս լեզվիս այլ արտահայտություն գար: Իսկ որ բռիությունը, ով չգիտի, հայի բնավորության հատկանիշ չէ՝ հաստատ կարելի է դա ասել: Իսկ որպեսզի մեր իշխանություններն իմանան, թե ինչ է բռիությունը ու չնմանվեն Մոլիերի հայտնի հերոսին, ով արձակ էր խոսում, բայց չգիտեր դա, – ասեմ՝ բռիությունը այն է, երբ ենթական ամեն արգելված միջոցներով, ոտնահարելով ամեն մի բարոյական նորմ ու հաստատված կարգ ու կանոն՝ իրագործում է իր եսապաշտական նպատակները:

Ասածը բազում օրինակներից մեկով հիմնավորեմ, – օրինակ, որը հա՜ աչքիս առաջ է բուսնում: Խոսքը ընդդիմություն կոչվածի (որը, ով չգիտի, այս իշխանության ծնունդն է, ինչպես նաեւ՝ հակառակը…)  միտինգների օրերին ինչ-որ պետական այրերի հրահանգներով շրջաններից մայրաքաղաք եկող ճանապարհները փակելու՝ հասարակական տրանսպորտով Երեւան գնացողներին արգելելու մասին է: Իմ աչքով բազում անգամներ տեսածի (ոչ միայն լսածի) մասին խոսեմ: Երեւան աշխատանքի եմ գալիս Արտաշատ-Երեւան երթուղային տաքսիներով՝ գազելներով (գծատերը ներկայիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է): Ամեն անգամ ընդդիմության միտինգների օրերին գազելների անհայտացումը տեսնելով, դրանից նյարդայնանալով ու զանազան ձեւերով ինձ Երեւան գցելով՝ այնուամենայնիվ, մտածում եմ (մարդու մարդ կոչման հարցում լավատես լինելով)՝ այս վայրենաբարո արարքը էլ չի կրկնվի: Բայց արի ու տես, որ անընդհատ կրկնվում է. ճանապարհը փակվում է ընդդիմության փանջունիական հավաքների ժամանակ անգամ, որոնցից էր նրա վերջին միտինգը… ԱԺ նախագահը նախագահ ընտրվելիս ասաց, որ իր անվան շուրջը զանազան ասեկոսներ են պտտվում եւ ինքը նախագահ ընտրելով այնպես կաշխատի, որ այդ բոլորը հօդս ցնդեն: Իր «գծին» նայելով ու հա՜ կրկնելով՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է»՝ այդպե՞ս է նա իր անվան շուրջ կուտակված «ասեկոսները» վերացնում: Երեխաների պաշտպանության օրվա առթիվ երեխաներին ԱԺ-ում հավաքելով ու նրանց հետ քաղցր-մեղցր խոսելով, նրանց «նվերներ» (իսկը ասած՝ դանայական նվերներ) տալով ու նրանց ծնողներին արգելելով Երեան աշխատանքի գնալ, կամ՝ իրենց երեխաներին տարբեր պատճառներով Երեւան տանել, – ԱԺ նախագահը այդպե՞ս է, որպես ԱԺ նախագահ, բարի գործեր անում: (Չեմ խոսում դեռ այն մասին, որ նրա Երեւան-Արտաշատ գազելային գիծը երեւի հանրապետությունում գործող ամենավատթար գիծն է:) ԱԺ նախագահը իր այդ քայլը երեւի ազգային անվտանգության շահերից բխող քայլ է համարում: Եթե դա այդպես է, վա՜յ մեզ: Եթե դա այդպես է, հնարավոր է, օրերից մի օր նա (կամ նրա պեսներից որեւէ մեկը) որեւէ այլ բնական պահանջի բավարարումն էլ համարի ազգային անվտանգությանը դիպչող:
Ընդհանրացնեմ. մինչեւ ե՞րբ պետք է մեր իշխանությունները իրենց այդ վայրագ սովորությունը (որը բազում ուղեւորների է գրեթե կաթվածահար անում, որոնցից եմ եւ ես) շարունակեն: Եթե շարունակելու են, ապա ԱԺ-ում թող օրենք ընդունեն, որ Հայաստանում միշտ ազատորեն երթեւեկելու իրավունք ունեն միայն անձնական (կամ պետական) մեքենա ունեցողները. իմանանք՝ ինչն ինչոց է…

Արտաշատ-Երեւան
երթուղու ուղեւոր՝
Ս. Լ. Մանուկյան

«Լուսանցք», թիվ 26 (112), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։