Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին

Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ: Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:

Տնտեսական
բնագավառ

Տնտեսական անկախությունն է, որ նպաստում եւ թույլ է տալիս առաջնորդվել անկախ, ազգային քաղաքականությամբ: Հայաստանի տնտեսությունն այսօր խարխլված է եւ կարիք ունի արտաքին օժանդակության ու դրամական ներդրումների: Այս հանգամանքը տնտեսական շարունակական անկմանը զուգահեռ էլ ավելի կկաշկանդի Հայաստանի իշխանություններին՝ վարելու անկախ քաղաքական գիծ՝ հստակ եւ վստահ արտաքին ու ներքին քաղաքականություն: Սա բնորոշ է բոլոր տնտեսապես թույլ  զարգացած երկրներին, որոնց իշխանություններն իրենց ազգի ու պետության կարիքները հոգալու համար քաղաքական պարտադրված կախում ունեն հզոր պետություններից եւ պարբերաբար դառնում են խաղալիք՝ նրանց քաղաքական, դիվանագիտական խաղերում՝ կրելով բազմաբնույթ կորուստներ, հաճախ՝ անդառնալի:
Այս հանգամանքը առավելագույնս պարտադրում է ամենակարճ ժամկետներում կարգավորել ու կայունացնել Հայաստանի տնտեսության անխափան (ռիթմիկ) գործունեությունը՝ ստեղծելով տնտեսական որոշակի հաստատուն հիմք, որի վրա աստիճանաբար հնարավոր կլինի կառուցել տնտեսական հզոր համակարգ՝ արդի գիտությանը հենված:
Բայց այդպիսի տնտեսական համակարգի ստեղծումը չպետք է արվի հզոր բռնատիրության հաստատմամբ ու բռնությունների եւ անհեռանկարային տնտեսական ծրագրերի պարտադրմամբ:
Հայաստանում Հայ ազգի տնտեսական շահագործումը հանցագործություն է:
Հայոց Պետության ամբողջ հարստությունը անվիճելիորեն պետք է ծառայի Հայ Ազգի եւ Հայաստանի շահերին:
Արդյունաբերական ձեռնարկությունների տեղաբաշխումը, կառուցումն ու շահագործումը պետք է գիտականորեն հիմնավորվեն ու պետք է անվերապահորեն երաշխավորվի դրանց լիարժեք անվտանգությունը: Գիտականորեն չհիմնավորված, կենսաբանական աղետի հանգեցնող քիմիական արդյունաբերության եւ այլ վտանգավոր ձեռնարկությունների շահագործումը, ինչպես նաեւ Ազգի առողջությանը սպառնացող տնտեսական ձեռնարկումները կդիտվեն իբրեւ Հայաստանի իշխանությունների վարած ազգահալած քաղաքականության դրսեւորում:
Հայ ազգի կենսամակարդակի իրական բարձրացումը եւ Հայաստանի հետագա հզորացումը հնարավոր է այն դեպքում, երբ ազգային պետությունը հնարավորություն կունենա վարել ինքնուրույն տնտեսական քաղաքականություն, որը թույլ կտա ստեղծելու ազատ շուկայական տնտեսվարություն եւ դրան նպաստավոր ու շահավետ իրական պայմաններ: Սակայն, ռազմավարական նշանակության արտադրական-տնտեսական միավորները պետք է լինեն Հայոց պետության սեփականությունը, որը թույլ կտա մշտապես, առավել արդյունավետ կարգավորել ծագած սոցիալ-տնտեսական բազմաբնույթ խնդիրները:
Ազատ շուկայական տնտեսվարության պայմաններում Հայաստանում սեփականատիրական հարաբերությունների կազմակերպման հիմնական սկզբունքը սեփականության հարաբերությունների բազմաձեւությունն է: Արտադրության միջոցների նկատմամբ սեփականության հիմնական ձեւերը պետք է ներառեն պետական, համայնքային, գործակցային եւ անհատական (մասնավոր) սեփականատիրական հարաբերություններ:
Հայաստանի կառավարությունը պետք է իրականացնի գնագոյացման ինքնուրույն քաղաքականություն՝ նպատակաուղղված երկրի տնտեսության զարգացումն արագացնելուն եւ Հայ ազգի կենսական շահերը պաշտպանելուն:
Ներքին շուկայում կգործի գնագոյացման ճկուն գործելակերպ եւ գների մի մասը, դրանց կայունացման նպատակով, կհաստատեն պետական մարմինները, իսկ գերակշռող մասը կորոշվի արտադրողի եւ գնողի պայմանավորվածությամբ՝ ըստ ազատական տնտեսահարաբերությունների օրենքների: Հայոց կառավարությունը նաեւ պետք է ապահովի ազգի սոցիալական (ընկերային) պաշտպանությունը եւ կարգավորի առաջին անհրաժեշտության սննդի շուկայական գները՝ պետականորեն տրվող նպաստներին ու նվազագույն աշխատավարձին համարժեք: Կառավարությունը պետք է վարի ինքնուրույն հարկային քաղաքականություն՝ նպաստելով արդյունաբերության եւ ազատ շուկայական տնտեսվարության համաչափ զարգացմանը: Երկրի դրամամիջոցների (ֆինանսների) նախարարությունը բանկային համակարգի հետ համատեղ պետք է որոշի ամենատարբեր բնույթի բանկերի գործունեության իրավունքի ու նորմատիվների խնդիրը: Ազգային պետությունը պետք է լինի բանկերում ազգի կատարած դրամական ներդրումների երաշխավորն ու հովանավորը: Լինի նաեւ վճարունակ, որը թույլ կտա երկարաժամկետ տրվող վարկերի միջոցով հոգալ ազգի կարիքները: Ազգային եկամտի աճին համապատասխան պետք է ս
տեղծել Ապագա Սերնդի Հիմնադրամ, որտեղ ներդրումներ կանեն նաեւ սփյուռքի հայերը:
Հայաստանի արդյունաբերության հետագա զարգացման առումով առաջնային պետք է համարվեն այն ոլորտները, որտեղ արտադրության աճը կապված է երկրի բնական հարստությունների, մարդկային աշխատուժի եւ տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունների հետ, որը թույլ կտա կայուն պահել տնտեսությունը եւ կատարելագործել ազգային, ավանդական արտադրատեսակները: Առաջնային պետք է լինեն նաեւ ժամանակակից գիտությունների ու Հայ Ազգի մտավոր, գիտական կարողությունների անհապաղ օգտագործումը արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում: Հայաստանի գյուղատնտեսության վարման հիմնական ձեւերը պետք է լինեն պետական, համայնքային, գործակցային եւ անհատական տնտեսությունները, որոնց հողօգտագործման կարգը կորոշվի համապատասխան  օրենքներով:
Ազգային պետությունը պետք է առավել նպաստի անհատական հողօգտագործման ընդլայնմանը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա եւ երկարաժամկետ վարկեր:
Գյուղատնտեսության զարգացման ներքին գործելակերպի ճկունությունը կապահովվի կազմակերպչական բազմազանությամբ՝ հաշվի առնելով տվյալ տեղի առանձնահատկությունները:
Հողն անժամկետ, անհատույց ու ժառանգականության իրավունքով պետք է տրվի գյուղացուն եւ պետության
այն քաղաքացիներին (նաեւ այն հայերին, ովքեր ստանձնել են պարտավորություններ Հայ ազգի եւ Հայաստանի նկատմամբ ու բնակվում են այլ երկրներում), ովքեր կցանկանան զբաղվել հողագործությամբ:
Բացի գյուղատնտեսական ավանդական արտադրատեսակների մշակումից (հատկապես՝ այգեգործական), որը կնպաստի Հայկական եւ Արիական խոհանոցների վերականգնմանն ու խիստ հետեւողական, առողջարար սննդակարգի վերակիրառմանը, Հայաստանի կառավարությունը պետք է քաջալերի նաեւ այն գյուղատնտեսական արտադրատեսակների մշակումը, որը թույլ կտա ապահովել բնակչության գոյատեւման նվազագույն կենսապահանջը:
Անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձնել նաեւ անասնապահության (ինչպես եւ թռչնաբուծության, ձկնաբուծության եւ այլն) ոլորտին, ինչպես կաթնատու, այնպես էլ մսատու տեսակների բազմացմանն ու պահպանմանը (նախընտրելի է տոհմային տնտեսությունների զարգացումը):
Ազգային պետությունն իրավունք ունի կազմակերպություններից եւ անհատներից հողը հետ վերցնել (փոխհատուցելու պայմանով) այն դեպքում, երբ այն անհրաժեշտ է ազգային տնտեսության զարգացման նպատակների (պետական շահի) համար, ու նաեւ այն դեպքում, երբ այդ հողը չի օգտագործվում:
Պետական օրենքներով պետք է առանձնացվեն որոշակի հողատարածքներ (կալվածքներ) Թագավորական հարստության տնտեսությունը եւ կենցաղը կազմակերպելու, ինչպես նաեւ՝ բոլոր տեսակի կարիքները հոգալու համար: Հայոց պետությունը պետք է նպաստի Թագավորական հարստության տնտեսության համաչափ զարգացմանը եւ պետք է լինի Թագավորության համապարփակ շահերի պաշտպանը:
Պատրստեց Արամ Ավետյանը

«Լուսանցք», թիվ 28 (114), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։