Ազգայնականություն. խաղ եւ իրականություն

Հայ ազգայնականությունը գաղափարախոսական ոլորտում հանդես է գալիս մի շարք գաղափարա-հավատամքային ուղղություններով, որոնք այնուամենայնիվ, որոշակի ձեւակերպումներով համահունչ են միմյանց, հատկապես՝ ազգային գերնպատակների հարցում: Այժմ ներկայիս հիմնական գաղափարա-քաղաքական ուղղություններն են՝ Հայ Դատը (Պահանջատիրությունը), Նժդեհյան Ցեղակրոն ուսմունքը եւ Հայկականության ու Արիականության (Համաարիականության) գաղափարաբանությունները: Բոլոր ուղղությունների ներկայացուցիչներն էլ փորձում են եւ՛ ինքնուրույն երեւալ, եւ՛ քաղաքականությունում պաշտպանել հայ դասական ազգայնականության շահերը: Նրանք մշտապես փորձում են համախմբել Հայաստանի (նաեւ՝ սփյուռքի) ազգայնական ոլորտը, բայց իրենց գործունեությունում նաեւ համագործակցել ու համագործակցում են տարբեր քաղաքական ուղղվածությամբ կազմակերպությունների հետ՝ հայության համապարփակ խնդիրները լուծելու համար: Այժմ էլ նույն կերպ են գործում:

Հայ ազգայնականությունը ներկայումս տարբերություններ ունի ինչպես գաղափարաբանական հարցերում (ոմանց դեռ հասու չեն ցեղակրոնության եւ արիականության տեսությունները), այնպես էլ հոգեւոր-հավատամքային բնագավառում (կան եւ՛ քրիստոնյա ազգայնականներ, եւ՛ հեթանոս-արիադավան ազգայնականներ)… Եթե գաղափարախոսական հարցերում, այնուամենայնիվ, ընկալում նկատվում է (եթե նույնիսկ համաձայն չեն լինում), ապա հավատքային հարցերում տարաձայնություններն ակնհայտ են՝ հեթանոսներն ընդունում են հայոց պատմությունն ամբողջությամբ (քրիստոնեական հատվածը նույնպես), իսկ քրիստոնյաները փորձում են խուսանավել հեթանոսական ժամանակաշրջանի հավատքային, մշակութային կամ կացութաձեւային արծարծումներից, ինչը քրիստոնյա ազգայնականներին դնում է կիսատ-պռատ վիճակի մեջ, ովքեր, կամա թե ակամա, ուրանում են իրենց բուն հավատքն ու նախնյաց… Ազգային արժեքները միայն քրիստոնեության մեջ դիտարկելով այսկերպ մտածողները աղավաղում են հայոց բազմահազարամյա պատմությունը եւ օտարներին էլ մեր պատմությունը կեղծելու եւ եղծելու հնարավորություն են տալիս…

ՀՀ իշխանության ներսում, քաղաքական կոալիցիա կոչվածում մինջեւ վերջերս կային երկու ազգայնական համարում ունեցող քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ): Սակայն ՀՅԴ-ն ամիսներ առաջ լքեց քաղաքական կոալիցիան եւ փորձում է հանդես գալ ընդդիմադիր դիրքերից՝ նույնիսկ համարելով, որ հիմա վաղաժամ է խոսել իշխանափոխությունից: Այս երեւույթը դաշնակցականները փորձում են կապել արցախյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերում ունեցած տարաձայնությունների հետ, սակայն, ըստ մեր դիտարկումների, դա ամենեւին այդպես չէ կամ՝ միայն այդպես չէ, որովհետեւ դաշնակցականները իմանալով «Մադրիդյան սկզբունքներ»-ի մասին նոր են ահազանգում ու հակադրվում… իսկ այդ մասին, գուցե ոչ բացահայտ, միշտ էլ ասվել ու գրվել է:ՀՅԴ ղեկավարները տարիներ շարունակ մաս են կազմել մի իշխանության, որը վարել է ապազգային քաղաքականություն երկրի ազգային կյանքի բոլոր ոլորտներում: Օտարների ծրագրերի իրականացմանը նպաստել են նաեւ դաշնակցական նախարարները, պաշտոնյաները, խորհրդարանականները եւ հենց կուսակցությունը: Այդ անուններին ու ոլորտներին (սոցիալական, կրթական, գյուղատնտեսական եւ այլն) եւ՛

«Լուսանցք»-ը եւ՛ այլ զլմ-ները բազմիցս անդրադարձել են: Սոցիալիստական ուղղվածությամբ կուլակ դարձած (էլ չասենք՝ ազգադավ գործերով հայտնի նախկին չինովնիկների) դաշնակցականների պակաս չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ սփյուռքում: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ազատություն ստացած (ՀՀՇ-ից հալածված) դաշնակցականները հետզհետե դարձան կապիտալիստներ եւ օտարահպատակներ (այլոց դրամաշնորհներով ու վարկերով ապրողներ) պետական քաղաքականության մեջ եւ մոռացան իրենց ազգայնական լինելը ու ամենեւին չէին խորշում բացահայտորեն ժողովրդավար եւ իշխանակառչ երեւալու պարագայից, որդեգրել էին հայտնի ազգի «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսը… Նոր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք նկատելիորեն պակասեց դաշնակցականների ազդեցությունը իշխանությունում, եւ ահա, հարմար առիթ եղավ հեռանալու իշխանությունից, վերստին ազգային շղարշով պատվելու, սեփական դեմքը փրկելու համար……

Սակայն, այս անգամ ՀՅԴ-ին ոչ ոք չհավատաց, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ սփյուռքում: Հիմա երկու տարբերակ կա՝ կամ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ պայմանավորված է հեռացել իշխանությունից՝ իբր ազգայնական ընդդիմություն խաղալու եւ օտարների աչքերին թոզ փչելու համար, կամ՝ իսկապես մի շարք հարցերում չեն կիսել իշխանությունը, եւ ՀՅԴ-ն առիթ է գտել բռնելու «ինքնամաքրման» ճանապարհը: Երկու դեպքում էլ ծափահարության առիթ չկա… ՀՅԴ-ն դեռ պետք է իրապես ինքնամաքրվի ու վստահության նոր քվե ձեռք բերի…Բայց առաջին իսկ փորձը՝ ընդդիմադիր դառնալու ճանապարհին անհաջողության մատնվեց, քանզի Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իր հետեւորդներով եւ ընդդիմադիր այլ ճակատներով

«անվավեր» ճանաչեցին ՀՅԴ-ի այդ դերը: Հայ Դատի գաղափարներ դավանող ՀՅԴ-ի՝ ազգայնական ճակատ բացելու եւ այսպիսով նոր ընդդիմություն դառնալու քայլերը մնացին անարձագանք: Խորհրդարանական ընդդիմության՝ «Ժառանգություն» կուսակցության հետ մերձեցումն էլ երեւի աննպատակահարմար նկատվեց՝ գուցե առավելապես սփյուռքյան դիրքերից: ՀՀ-ում գործող միակ քաղաքական ազգայնական բեւեռը, որը գործում է հստակ ազգայնական սկզբունքներով (թեեւ ոչ մեծ ծավալով), Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) նախաձեռնած Հայ ազգայնականների համախմբումն (ՀԱՀ) է, որը նույնպես որեւէ կերպ չանդրադարձավ ՀՅԴ-ի նոր կեցվածքին: Մանր ու միջին այլ ազգայնական կազմակերպությունները եւս մնացին լուռ դիտորդի դերում: Միայն մամուլի որոշ միջոցներով փորձ արվեց «ձեւավորել» ՀՅԴ-«Դաշինք» կուսակցություն (վերջինս կարծես թե կազմալուծվել էր) ազգայնական բեւեռ, որն ըստ տեսաբանների, իբր ՀՅԴ-ի միջոցով պիտի զբաղվեր գաղափարականների համախմբմամբ, իսկ Սամվել Բաբայանի («Դաշինք») միջոցով՝ ազատամարտիկների համախմբմամբ: Բայց սա առ այսօր մնացել է որպես բարի ցանկություն, իսկ ի կատար ածվելու դեպքում անգամ չի կարող համախմբել այս դաշտի հիմնական գաղափարականներին ու ազատամարտիկներին, քանզի իշխանության եղած ժամանակ (Հայաստանում կամ Արցախում) այս ուժերը արդեն վարկաբեկել են իրենց եւ այլեւս չունեն ազգայնականի հստակ կերպար:

Ինչեւէ, ՀՅԴ-ն դեռ կփորձի դառնալ ազգայնական դաշտի առաջատար, ինչը, մեր խորին համոզմամբ, ջախջախիչ անհաջողության կմատնվի, եթե չհամախմբի իրապես ազգայնական ու արդեն այդ համարումն ունեցող ուժերին: Իսկ ինտերնետային հարցումները (այսպես կոչված փնտրող կայքերը) ցույց են տալիս, որ օտար երկրների (շուրջ 200) կայքերում «հայ ազգայնականներ» նշելով՝ տեղեկություններ ենք ստանում հիմնականում ՀԱՄ-ից (հիմա արդեն նաեւ՝ ՀԱՀ-ից) եւ դրա առաջնորդ Արմեն Ավետիսյանից: Դաշնակցականներին այդ ավելի քան 200 երկրներում այլեւս չեն դիտարկում որպես ընդգծված հայ ազգայնականներ: Նույնն է նաեւ ՀՀԿ-ի պարագայում, եթե չասենք ավելի վատ է՝ քան ՀՅԴ-ի դեպքում: Նժդեհյան Ցեղակրոնություն դավանող եւ իշխող այս կուսակցությունը նույնպես որեւէ կերպ, որեւէ ազգի կողմից չի ճանաչվում հայ ազգայնական ուժ……Այսինքն՝ ոչ իշխանության մեջ, ոչ էլ ՀՅԴ

-ական ընդդիմադիր ոլորտում ազգայնական խաղալը արդեն չի ստացվում, ավելին՝ ոչ մեկի կողմից չի ճանաչվում այդպիսին: Նույնիսկ ծիծաղելի է թվում: Եթե ՀՅԴ-ականները մասամբ են եղել իշխանությունում եւ վարկաբեկվել են նաեւ մասամբ, ապա ՀՀԿ-ականները մինչեւ վերջ վարկաբեկված են ազգայնական լինելու-կոչվելու առումով: Նրանք նույնիսկ չեն էլ փորձում արդարանալ, քանզի այս հանգամանքը կնկատվի դրսից եւ… կպատժեն իրենց: Իսկ օտարների պատիժը այս դեպքում միայն եվրակառույցների որոշումներով չի ավարտվի, այլ՝ ավելի ծանր հետեւանքներով ու դատավարություններով……Այսպիսով, եթե սին ազգայնականությամբ ծվարված ՀՀ իշխանությունները ցանկանում են երկրին աջակցող իրապես ազգայնական բեւեռ տեսնել, այս դեպքում՝ ընդդիմադիր, որը կարող է արագ եւ համահունչ հակադարձել օտար ամեն բանի ու նաեւ իշխանություններին իրապես սթափ կպահի, ապա դա Հայ ազգայնականների համախմբումն է (որին կմիանան նաեւ այլ ուժեր, որը բացահայտորեն եւ համադրելիորեն դավանում է եւ՛ Հայ Դատի, եւ՛ Ցեղակրոնության, եւ՛ Հայկականության, եւ՛ Արիականության գաղափարները), ոչ թե Դաշնակցությունը, որն այսօր էլ համեղ պատառների առաջարկի դեպքում վերստին կդառնա իշխանական, ՀՀԿ-ի հետ համագործակցող ժողովրդավար ու լիբերալ կառույց:

ՀԱՀ-ը որոշակի աջակցության դեպքում կարող է մեծ թափ հավաքել Հայաստանում եւ սփյուռքում, նաեւ այլ ազգերի ազգայնական կառույցներում, եթե երկրի իշխանությունները ճիշտ վերաբերվեն ազգայնականությանը: ՀԱՀ-ում կան ուժեր, որոնք մի քանի անգամ մասնակցել են ԱԺ ընտրություններին (նաեւ՝ քաղաքական ազգայնական դաշինքով), նախաձեռնել են ազգայնական դաշինքների ձեւավորում եւ տարիներով աշխատել են, կազմակերպել են նաեւ տարաբնույթ քաղաքական ուժերի դաշինքներ, որոնցում ընդգրկվել են ազգայնականներ, ժողովրդավարներ, ռազմա-հայրենասիրական ուղղվածության ներկայացուցիչներ, կոմունիստներ, սոցիալիստներ, ազատականներ եւ այլն: ՀԱՀ-ը կառույցներ ու համակիրներ ունի նաեւ սփյուռքում եւ կարող է արագ բազմանալ ու զարգանալ եւ անվերապահորեն ծառայել ազգային-ազգայնական գործին:

Մեր քաղաքական ոլորտը

Ինչքան էլ տարօրինակ է հնչում, Հայաստանում, ցավոք, կայուն ձեւավորված քաղաքական համակարգ դեռեւս չկա: Կուսակցություններին եւ կուսակցականներին հիմնականում առաջ են տանում ոչ թե գաղափարներն ու համազգային նպատակները, այլ՝ ինչ-որ բանի հասած անհատներն ու նեղ անձնական շահադիտական նկրտումները: Թե իշխանությունները եւ թե ընդդիմությունները նույն տրորված ճանապարհն են անցել եւ որեւէ տարբերություն չունեն իրականում: Իշխանություններն անօրինական ընտրությունների հետեւանքով մշտապես հայտնվում են ծանր վիճակում, գերտերությունների մամլիչ կրնկի տակ, իսկ ընդդիմությունն էլ չկարողանալով առաջնորդել ժողովրդական արդար ընդվզումը, մտնում է մի այլ գերտերության կրնկի տակ: Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը տնօրինում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Եվրոպան (ի դեմս՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի): Այսպես է նաեւ այլ ոլորտներում, եւ միայն ընդգծված ազգային-հայրենասիրական՝ ազգայնական հզոր ուժը կկարգավորի առկա վիճակը: Եթե իշխանավորներն ու ընդդիմությունը ցանկություն չունեն հետզհետե ոչնչանալու, ապա այս 3-րդ ուժի հզորացումը բխում է նաեւ նրանց շահերից, եւ դա համայն հայության բնական շահն է: Մեր ազգը պետք է ուժ գտնի եւ վերազարթոնքի ձգտի՝ կասեցնելով օտարահաճ եւ հայատյաց քաղաքական խաղերը, որոնց որոգայթը հաճախ են ընկնում մեր պետական ու քաղաքական այրերը: Մենք պարտավոր ենք ձգտելու ազգայնականության ամրապնդմանը, ծավալմանը, Հայաստանի տնտեսության, անվտանգության ու այլ ոլորտների զորեղացմանը:

Ազգային միասնական կամք, համահայկական դիմադրական պայքար ասելով դեռ հաղթական չենք դառնում: Երբ ազգայնականն իր տեղում է, իսկ ժողովրդավարն՝ իր, հեթանոսն իր տեղում է, իսկ քրիստոնյան՝ իր, եւ ամեն ոք իր տեղում ու դերում է, ապա հաղթանակն ապահովվում է այնժամ: Եվ մեր՝ ազգայնականներիս հաղթարշավից հետո է, որ օրինաչափորեն կայունանալու եւ զարգանալու է Հայաստանի տնտեսությունը, մշակույթն ու գիտությունը եւ այլն, կարգավորվելու են բարոյա-հոգեբանական, սոցիալական ու իրավական, լեզվաքաղաքական, հանրակրթական, առողջապահական ու մյուս բնագավառները:

Չպետք է վախենալ հայ ազգայնական մտքից, դրանք ոչ Եվրոպայում ծնված ֆաշիստական, ոչ էլ նացիստական գաղափարների կրկնօրինակները չեն, դրանք զուտ հայկական են ու հայի համար: Այո՛, հայ ազգայնականներին հաճախ միտումնավոր «շփոթում» են իտալա-գերմանական ֆաշիստների ու նացիստների հետ: Սակայն, ո՛չ հայ ազգայնականները, ո՛չ էլ նրանց դավանած ուսմունքները կապ չունեն օտարների ու օտար գաղափարախոսությունների հետ: Հայ-արիական գաղափարախոսությունն ու Նժդեհյան Ցեղակրոնությունը (նաեւ հայկական ազգայնական այլ ուսմունքները) հենվում են Հայոց ծագումնաբանությանը, հավիտենարժեք հասկացություններին, հայի ինքնությանն ու էությանը, հարատեւությանն ու առաքելությանը, ապրելակերպին ու կենցաղավարությանը եւ ի՞նչ կապ կարող են ունենալ իտալական ֆաշիզմի, գերմանական նացիզմի, հրեական սիոնիզմի, չինական դաոսիզմի, ճապոնական սինտոիզմի կամ պանթուրքիզմի, պանամերիկանիզմի, վելիկոռուսական շովինիզմի … կամ այդ կարգի այլ գաղափարախոսությունների հետ: Վստահ ենք, որ մեզանում վերջնականապես կհստակեցվի «Հայ ազգայնականություն» հասկացությունը, նրա դերն ու նշանակությունը եւ հայ ազգայնականների կազմակերպված գործունեության ու օրըստօրե հզորացման անհրաժեշտությունը: Ազգայնականները դավանում են ՀԱՅ ՏԵՍԱԿԻ գաղափարախոսությանը, նրանց համար առաջնային չէ՝ հայը ռամկավար-ազատական է, թե՛ համայնավար-ընկերվարական, դաշնակցական է, թե՛ հանրապետական կամ սոցիալ-դեմոկրատ, քրիստոնյա է, թե՛ հեթանոս եւ այլն: Նրանց համար էական է, որ բոլոր հայերը ծառայեն Հայաստանին ու հայությանը, այդ թվում՝ նաեւ Թուրքիայում կամ այլ երկրներում մահմեդականացած եւ այլ հայերը: Թող ամեն մեկը, առաջնորդվելով իր գաղափարով ու մարտավարությամբ, նպաստի համահայկական ռազմավարության հաղթանակին:

Ազգայնականները պաշտում են մեր ԾԱԳՈւՄԸ, ԱՐՅՈւՆԸ, ԼԵԶՈւՆ, ԲՆՕՐՐԱՆԸ եւ պատրաստ են համագործակցել բոլոր հայերի հետ, աշխարհի որ մասում էլ նրանք գտնվեն, բացառությամբ՝ ազգի տականքի, դավաճանների:

Երբ Հայկականությունը դառնա մեր ներքին կյանքն ու քաղաքականությունը, իսկ Համաարիականությունը՝ արտաքին, ապա հայության հաջողությունները համաչափ եւ համարժեք կաճեն եւ՛ երկրի ներսում եւ՛ երկրից դուրս…

Երկուսն էլ Հայկական լեռնաշխարհի բնիկների դավանանքն են, եւ դրանց գաղափարադրույթները սերում են նույն արմատից: Իսկ այդ արմատից ծնված մի շարք դրույթներ (ստորեւ ներկայացված) արդեն որդեգրել են հազարավոր հայ ազգայնականներ, որը դարձրել են կյանքի ուղեգիծ:

Հայ ազգայնականության ուղենշային դրույթներ

Արարչի կամոք մենք արարվել ենք իբրեւ ՀԱՅԵՐ եւ գոյություն ունենք Արարչագործության սկզբից:

Արարչից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որ միայն Հայերինս է:

Մենք ունենք Արարչից շնորհված Ցեղային յուրատեսակ հոգե-մարմնական գծեր՝ պայմանավորված մեր Ոգով եւ Արյամբ:

- Ճանաչի՛ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, նրա հոգեւոր-բարոյական օրենքները, եղի՛ր հպարտ՝ ՀԱՅ լինելուդ համար:

- Հավատա՛ Ազգիդ ուժին, կարողություններին եւ առաքելությանը:

- Գիտցի՛ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա հետո միայն անմիջական ծնողներդ:

- Քո երջանկությունը տե՛ս Ազգիդ հզորացման եւ Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերի՛ր հանուն դրա:

- Եթե հարկ է՝ մեռի՛ր, որ Ազգդ ապրի. մեռի՛ր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքին:- Եղի՛ր

ուժեղ՝ հոգով, մտքով եւ մարմնով:- Կրթվի՛ր եւ մտածի՛ր հայերեն:

- Հայ մարդու հետ խոսի՛ր հայերեն:

- Սերու՛նդ տուր՝ ընտանիք կազմելով ազգակցիդ հետ:

- Մշտապես մտածի՛ր՝ նոր ուխտակիցներ գտնել, գաղափարներդ քարոզի՛ր անձնական օրինակով:

- Ուր էլ լինես, նյութական ինչ վիճակ էլ ունենաս, ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանես, մնա՛ հպատակն ու մարտիկը Ազգիդ:

Հայ-Արիականության ուղենշային դրույթներ

Իբրեւ Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի եւ ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթությունում:

Արարչից մեզ տրված Բնատարածքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:

Հայկական Բարձրավանդակը Արարչի եւ Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է՝ Հայ-Արիացիների արարման վայր:

- Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը եւ կմերձենաս Արարչին:

- Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ եւ մարդկանց առջեւ ունեցած պարտականություններդ:- Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:

- Առաջնորդվի՛ր ցեղասիրության եւ բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքու՛մ միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:

- Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:

- Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:

- Երբե՛ք խոստումդ, երդումդ եւ ուխտդ մի՛ խախտիր:

- Գնահատի՛ր եւ սիրի՛ր կյանքը, սակայն մի՛ հանդուրժիր չարը, անարդարը, անազնիվը:- Եղի՛ր արիասիրտ, զորավոր եւ քաջ կռվող:

- Թշնամուդ եւ հակառակորդիդ ների՛ր միայն պատժելուց հետո:

- Տու՛ր ինչպես Արեւը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 29 (115), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։