Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Ո՞ւմ  հավատալ

Մի ժամանակ ազգականիս, ընկերոջս, հարեւանիս… ասած սուտը իմը չէի համարում: Կարծում էի, թե անմասն եմ նրանց ստից: Կարեւորն այն է, որ ես չեմ խաբում:  
Խոսքով եւ մտքով բացառում էի նրանց ստի՝ դեպի ինձ չնչին իսկ ուղղորդվելու հավանականությունը: Եվ ինձ համար նրանց ոչ միայն սուտն էր անսպասելի, այլ նաեւ կասկածը: Եվ երբ փորձեցի հասկանալ իմ հանդեպ առաջացած կասկածների պատճառները, գտա լոկ մեկը՝ իմ հավատը:
Ու հասկացա, որ Ճշմարտությունը ընկալելու համար հավատս չափազանց մեծ է ու դրանից էլ ծանր:


Հավատը գիտակցությունը բացող բանալի է, գիտակցությունն էլ` Ճշմարտության ընկալման նախապայման:
Սակայն հավատով գիտակցությունը բացվում է ոչ միայն Ճշմարտության առջեւ:
Հավատի ուղղորդիչը առ Ճշմարտություն` Ողջախոհությունն է:
Իսկ առանց Ողջախոհության հավատը սկսում է ձեւականանալ, եւ վերածվում տպավորություն գործելու խաղի: Ինչով եւ զրկվում է Ճշմարտությունը կրելու Որակներից:
Ճշմարտությունից դուրս հավատը փոխակերպվում է սնահավատության եւ գահավիժում դեպի անհավատություն:
Սնահավատությունը՝ անհավանականի հնարավոր համարելն է, – անհավատությունը՝ հավանականի բացառումը:
Հավատը Ճշմարտությունը հասցնում է մինչեւ սրտի խորքերը:
Սակայն սիրտը փակ է Ճշմարտության առջեւ, եթե այնտեղ տիրում է վախը:
Վախի կամ նրա աղբյուրի հանդեպ եղած հավատը չի կարող հանգեցնել Ճշմարտության:
Քանզի Ճշմարտությունից գիտակցությունը պարզվում է, իսկ վախից` այլայլվում:
Ճշմարիտ հավատը չի ենթարկվում սադրանքների ու բանսարկությունների:
Ճշմարիտ հավատը ուղեկցվում է զգայարանների ներդաշնակությամբ, ուշադրության կայունությամբ, վերլուծելու ընդունակությամբ, փորձի կուտակմամբ, Ոգու անսասանությամբ…:
Ճշմարիտ Հավատին միջնորդներ պետք չեն:
Սուտն է լոկ լինում միջնորդավորված: Սուտն է, որ հավատացող ականջ է փնտրում, եւ հավատի արժանանալու ջանք չի խնայում:
Գայլին ոտքերն են կերակրում, իսկ մերօրյա փոքրատառով մարդուն՝ լեզուն: Եվ ստի գրգռած ախորժակից խանգարված մարսողություն ու մարմնային տառապանք: Եվ կտակված ու ժառանգված տառապանքի խելացնոր փոխանցումավազք:
Եվ Հավատի բացակայությունից առաջացած հավատի մասին շատախոսություն:
Եվ շատախոսությունից ծնված ճարտասանական մրցակցություն:
Եվ մրցակցության հետեւանք՝ հյուծված ու լարված նյարդեր:
Եվ լարված նյարդերից չռված աչքեր ու «հանուն հավատի» անհանգիստ վիճակ:
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
Բեռնաթափիր Շունչդ կասկածների ծովի վրա խարսխված հավատքից:
Հաստատվիր Հավատում աչքիդ եւ ականջիդ հաշտեցմամբ:
Թող ստացածդ բույրը թուքդ չհեղեղի:
Թող բերանիդ քաղցրը ստամոքսդ չդառնացնի:
Թող ցանկություններդ Կամքդ չկոտրեն, այլ նրան հավատարիմ ծառայեն:
Ընտրի՛ր, Հավա՞տ ես ուզում, թե՞ հավատացնել:
Երկու երանի մեկ տեղ չի լինում:
«Ամեն սերունդ նախ եւ առաջ մահանում է կասկածելով» (Սեւակ):

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

«Լուսանցք» թիվ 39 (125)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։