Մենք կլուսաբանենք արդար պահանջները եւ կհետեւենք, թե ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները ինչպես են պաշտպանում իրենց քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Հանրահայտ է, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, իրավապահ մարմինները հաճախ են անտեսում սեփական քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը օտարերկրյա քաղաքացիների կողմից՝ հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, որոնք մեր երկրում ավելի մեծ իրավունքներ (թեկուզ չսահմանված) են տալիս օտարներին, քան՝ հայերին ու ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացիներին:
Այսօր մեր քաղաքացիները խուսափում են ԱՐԴԱՐ առճակատումից՝ հնդիկ, պարսիկ, արաբ… առավել եւս` ռուսաստանցի կամ եվրոպացի (նաեւ՝ ԱՄՆ) քաղաքացիների (նաեւ՝ ուսանողների) հետ, քանզի մեր իրավապահ կամ անվտանգության մարմինները մեծամասամբ պաշտպանում են օտարների շահերը՝ արդեն ասացինք` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով:
«Լուսանցք»,
տես նաեւ –
Սահմանի բացման ռիսկերը
«Լուսանցք»-ը պատրաստ է վերհանել օտարերկրացիների հետ ծագած խնդիրները
ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը կարո՞ղ է փոփոխություններ մտցնել մեր երկրի տնտեսական ցուցանիշներում, նպաստել տնտեսության կառուցվածքի տարատեսականացմանը: Լրագրողներից մեկի հարցին օրերս ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համառոտ պատասխան տվեց. «Այո, իհարկե»:
Հանդիպմանը ներկա էի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից: «Հայաստանը ի՞նչ կարող է արտահանել Թուրքիա, որ չունի Թուրքիան». հարցիս ի պատասխան բանախոսն ասաց. «Առաջին հերթին` ասենք, էլեկտրաէներգիա»: «Բայց մեզանից էլէներգիա Թուրքիան չի ուզում եւ հայտարարել է այդ մասին արդեն ոչ մեկ անգամ»,- նկատեցի: «Այո, իրավացի եք, բայց առա՛յժմ չի ուզում: Քաղաքական պատճառներով: Բայց հենց սահմանը բացվի, կուզի»,- վստահեցրեց Գ. Մինասյանը: Էլէներգիայից բացի հավելեց նաեւ ցեմենտը ու միաժամանակ ասաց, թե՝ «եթե Թուրքիայում մենք ապրանք իրացնելու տնտեսական կամ քաղաքական բարիերներ ունենանք, ապա մեր ապրանքը կարտահանենք Եվրոպա, քանզի Թուրքիան եվրոպական մաքսային գոտում է»:
Քանի որ հակված չեմ մտածել, թե մեր իշխանությունները չեն գիտակցում ՀՀ-Թուրքիա սահմանի բացման դեպքում հնարավոր վտանգները, հարցրեցի. «Քննարկվե՞լ են ՀՀ-Թուրքիա սահմանի բացման ռիսկերը, հնարավոր խնդիրների լուծման հստակ ուղիներ գոնե նախանշվա՞ծ են». այս հարցիս էլ ի պատասխան ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը նախ նշեց այդ ռիսկերից երկուսը՝ գնագցման քաղաքականություն կամ՝ մեր ներքին շուկայում գերիշխող դառնալու քաղաքականություն, բայցեւ՝ վստահեցրեց, թե նաեւ մեխանիզմներ կան դրանց դեմ պայքարելու. «Վարչապետի կողմից բոլոր կառույցները հստակ ու համապատասխան հանձնարարականներ ստացել են՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նկատառումով: Այդ հանձնարարականները նաեւ գաղտնի են ու վերաբերում են ազգային անվտանգությանը»:
Փորձեմ անկեղծանալ. ցավով, իրոք ցավով եմ ասում, բայց թերահավատորեն եմ վերաբերում ազգային անվտանգության կողմից այդ հանձնարարականների՝ ըստ պատշաճի կատարմանը: Կարող եմ հիմնավորել` ինչու: Յուրաքանչյուր պետության համար լեզվապահպանությունը տվյալ պետության անվտանգության գերագույն խնդիրն է: Հասկանալի է` չկա պետություն, չկա եւ ազգ: Հայերենը մեր երկրում, չնայած Սահմանադրությանն ու համապատասխան օրենքին, խղճալի վիճակում է: Այլ կերպ` կենցաղային, խոսակցական մակարդակից այն կողմ չի անցնում: Եթե Երեւանում` ՀՀ քաղաքամայրում, դատելով բոլոր ցուցանակներից, երբեք չես զգա, որ Երեւանում ես, եթե դասագրքերը հայերենատառ են, բայց ոչ հայերեն ու հայեցի, եթե հայ ու քաղքենի պաշտոնյաները իբր գրագետ երեւալու համար միմյանց հետ շփվում են ռուսերեն կամ անգլերեն… կարո՞ղ եմ ասել, որ մեր պետական ու մայրենի լեզվի քաղաքականությունը ճիշտ չի տարվում, ավելին` ոչ հայանպաստ ուղղությամբ է իրականացվում:
Այո՛, կարող եմ:
Եթե կրթության ոլորտի պատասխանատուները լեզվաքաղաքականության վրա թքած ունեն ու չեն պայքարում, որ հայերենը արժանի տեղն ու դերն ունենա մեր երկրում, եւ եթե այդ պատասխանատուները չեն պատժվում, կարո՞ղ եմ մտածել, որ ազգային անվտանգության խնդիրներից մեկը լուծում չի ստանում:
Այո՛, կարող եմ:
Սա ընդամենը մեկ հիմնավորում է, բայց ինձ իրավունք է տալիս… թերահավատորեն վերաբերվել…
Ի դեպ, սահմանի բացման դեպքում հնարավոր վտանգները «Լուսանցք»-ն էլ գիտակցում: Ու թեեւ մենք դեմ ենք արտահայտվել ՀՀ ներկայիս տնտեսական պայմաններում սահմանի բացմանը, բայց դա չի նշանակում, թե բացումից հետո հնարավոր որեւէ վտանգ տեսնելիս այն չենք վերհանելու, չենք արձագանքելու ու դրա դեմ չենք պայքարելու:
Հաստա՛տ պայքարելու ենք, այլ ոչ թե «դիվորեն» հրճվելու թե` «տեսա՞ք, բա որ ասու՛մ էինք»:
Այս համապատկերում ընդհանրապես ուզում ենք նշել, որ «Լուսանցք»-ը պատրաստ է վերհանել բոլոր այն խնդիրները, որոնք կծագեն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի քաղաքացիների ու օտարերկրացիների (այս՛ սահմանի բացումից հետոյի պարագայում առավելեւս` թուրքերի) միջեւ: (Թուրքին առանձնացնում ենք, քանզի դրա հետ խնդրի ծագման դեպքում առավելապես է ազգային արժանապատվության ու հպատության հարց դրվում…)
Պետության գործերում մանրուքներ չկան:
Եվ հզոր պետություն կառուցելը բոլորի՛ս գործն է:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր
«Լուսանցք» թիվ 39 (125)