Թուրք-հրեական «դիվանագիտակոծումներ»

Թուրքիայի ու Իսրայելի միջեւ հերթական աղմկահարույց միջադեպն է տեղի ունեցել: Իսրայելը վիրավորել է Թուրքիային, եւ թուրքերը փորձում են պատասխանել:
Օրերս Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Իսկ մեկ օր առաջ Երուսաղեմում Իսրայելի փոխարտգործնախարարի մոտ է հրավիրվել այդ երկրում Թուրքիայի դեսպան Ահմադ Չիլիկուլան:
Հունվարի 11-ին Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Դանի Այալոնի մոտ է հրավիրվում Իսրայելում Թուրքիայի դեսպան  Չիլիկուլան, եւ Իսրայելում լույս տեսնող ռուսալեզու «Մեր ուղեծիրը» պարբերականի փոխանցմամբ, դեսպանն Իսրայելի արտգործնախարարություն է կանչվել Թուրքիայում նկարահանված «Որոգայթ գայլերի հովտում» ֆիլմի ու վարչապետ Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով:

Թուրք կինոգործիչները այդ ֆիլմում պատմում են Թուրքիայում գործող իսրայելցի գործակալների գործունեության մասին: Սա Իսրայելի կողմից դիտվել է որպես հակաիսրայելական քարոզչություն եւ պահանջ է ներկայացվել անմիջապես դադարեցնել նման դրսեւորումները՝ նախեւառաջ արգելելով ֆիլմը եթեր հեռարձակելը: Էրդողանի հայտարարությունների առնչությամբ դժգոհությունների վերաբերյալ նշվել է Լիբանանի ջրային ռեսուրսների` Իսրայելի կողմից շահագործման փաստը: Պաշտոնական Թել Ավիվն այս հայտարարությունը դիտարկում է որպես «երբեմնի բարեկամ երկրների հարաբերություններն ապակայունացնելու փորձ»:
Այս հարցերի շուրջ բացատրություններ ստանալու պահանջով թուրք դեսպանը հրավիրվել է Իսրայելի ԱԳՆ եւ փոխնախարար Այալոնի ընդունարանում 20 րոպե սպասելուց հետո արժանացել է իսրայելցի պաշտոնյայի սառը ու հեգնական վերաբերմունքին: «Դեսպանը, որի ձեռքը հանդիպման սկզբում Այալոնը հրաժարվել է սեղմել, ստիպված է եղել նստել ցածր բազմոցին` մի սեղանի մոտ, որի վրա բացակայել են թուրքական պետականության խորհրդանիշերը, իսկ դիվանագիտական հանդիպումների ժամանակ ավանդական ուտեստներ չեն մատուցվել»,- գրում է վերոհիշյալ պարբերականը՝ հղում անելով «Իսրաել ա-Յոմ» թերթին:
Այս առնչությամբ պաշտոնական Անկարան իր հերթին է բացատրություն պահանջել: Սակայն, նույն աղբյուրի հաղորդմամբ, փոխնախարար Այալոնը հրաժարվել է ներողություն խնդրել՝ հավելելով. «Իսրայելը գորգ չէ, որի վրա բոլորին թույլ տրվի ոտքերը մաքրել»:
Այդուհետ Իսրայելի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ, իսկ Իսրայելում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել: Ակնկալվում է, որ դիվանագիտական սկանդալն այսքանով չի ավարտվի: Թուրքիայի նախագահ Գյուլը 1 օր ժամանակ էր տվել Թել Ավիվին՝ պաշտոնապես ներողություն խնդրելու համար, այլապես Անկարան պիտի գնար կտրուկ քայլերի… եւ փոխնախարար Այալոնը խնդրել էր ներողություն… սակայն, մի շարք զլմ-ներ մեջբերելով նրա խոսքը՝ իրականում ներողամտության տոնայնություն չէին նկատել:
Եթե հիշենք, որ մի քանի սկանդալներ արդեն եղել են այս երկրների դիվանագիտական «խաղերում», որից ամենաեռունը Էրդողանի հայտարարությունն էր իսրայելցիների կողմից իրականացվող պաղեստինցիների ցեղասպանության մասին, ապա իսկապես այս դիվանագիտական «խաղերի» ավարտը չի նկատվում: Այս առումով լուրջ բախման առիթ կդառնա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ երիտթուրք-սիոնիստական համագործակցության պատճառով…

Արտակ Հայոցյան

Հ.Գ. – Ըստ որոշ զլմ-ների, Իսրայելի ԱԳՆ -ն եւս մեկ նամակ է ուղարկել Թուրքիայի ԱԳՆ, որում փոխարտգործանախարար Այալոնը 2-րդ անգամ պաշտոնապես ներողություն է խնդրել իր պահվածքի եւ Իսրայելում Թուրքիայի դեսպանի հասցեին հնչեցրած նվաստացնող հայտարարությունների համար: Թուրքիայի նախագահի վերջնաժամկետի եւ զլմ-ների աղմուկի մեջ (որ 1-ին ներողության տոնը համապատասխան չի եղել) Իսրայելի ԱԳՆ-ն հասցրեց տեղավորվել: Թուրքից ա՜յ այսպիսի «դիվանագիտություն» գոնե սովորեն մեր ԱԳՆ-ականները:
Հարցին անդրադարձել է նաեւ Իսրայելի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Իսրայելը չի ցանկանում Թուրքիայի հետ հակամարտության մեջ մտնել, հարգում է թուրք ժողովրդին եւ նույն վերաբերմունքն էլ պահանջում է ցուցաբերել իրենց հանդեպ:

Իսրայելը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դե՞մ

Թուրքական զլմ-ները հղում անելով իսրայելական զլմ-ներին` հայտնում են, որ Իսրայելը վերահաստատել է Սիրիայի հետ բանակցություններում Թուրքիայի միջնորդական առաքելությանը դեմ լինելու իր դիրքորոշումը:
Սա պատճառաբանվել է 2 հիմնական հանգամանքով` Իսրայելը չի ցանկանում, որ Սիրիայի հետ բանակցությունները լինեն միջնորդավորված եւ Թուրքիայի վարչապետը իր հրապարակային ելույթներում ծանր խոսքեր է ասում Իսրայելի հասցեին, իսկ դա անհնար է դարձնում Անկարայի միջնորդությունը:
«Քանի դեռ ես պաշտոնավարում եմ որպես արտգործնախարար եւ իշխանության
ղեկին է «Իսրայելը մեր տունն է» կուսակցությունը, Թուրքիան միջնորդ չի լինելու»,- ասել է Ավիգդոր Լիբերմանը Երուսաղեմում` Իսրայելի դեսպանների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Իսրայելը հայտարարել է արեւելյան Երուսաղեմում 700 նոր տներ կառուցելու իր ծրագրի մասին, ինչն առաջացրել է ԱՄՆ-ի եւ պաղեստինցիների դժգոհությունը ու արժանացել կտրուկ քննադատության:
Վաշինգտոնը կարծում է, որ այդ քայլը կխանգարի Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ բանակցությունները վերականգնելուն: Սա, սակայն, Վաշինգտոնը կրկնում է տարիներ շարունակ:
Իսկ համաձայն միջազգային իրավունքի նորմերի, քաղաքի արեւելյան հատվածը համարվում է զավթված տարածք: Սակայն, ինչպես մարդու եւ ժողովուրդների իրավունքների համար իրենց կոտորող երկրները, այնպես էլ ՄԱԿ-ը` խոսելուց եւ խորհուրդներ տալուց բացի, Իսրայելին ոչինչ չեն անում… Իսկ ա՜յ ոմանց ռմբակոծել են տալիս, ոմանց մասնատում են, ոմանց էլ տուգանում կամ շրջափակում…

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 1 (132), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։