Ճշմարիտ ու անվիճելի հաղթողի ոգին

Լրացավ Զորավար Անդրանիկի՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 145-ամյակը: Զորավարը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին, Արեւմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Անդրանիկն իր նվիրական գործերով ազգային հերոս է, հայ ազատագրական պայքարի խորհրդանիշ:
Իր առաջին ազատագրական քայլերն Անդրանիկն անում է` մտնելով մեծ ֆիդայի Սերոբ Աղբյուրի (Սերոբ Վարդանյանի) ֆիդայական խումբը եւ հետո ինքն է դառնում թուրքերի դեմ պայքարի ելած ֆիդայական խմբերի փառապանծ ղեկավարը: Զորավարի ջոկատները թուրքերի ու քրդերի դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում, Վասպուրականում եւ այլուր: Զորավարի մասին ռուս եւ այլազգի հրամանատարներն ասում էին, որ նա «խենթի պես քաջ է»:

1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության ու հայկական գնդի հաջողությունների համար Անդրանիկը պարգեւատրվում է Գեորգիեւյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիեւյան 4-րդ եւ 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի ու Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով: Մեծ է Զորավարի դերը նաեւ Զանգեզուրի պաշտպանության գործում: Չհամաձայնվելով դաշնակցական կառավարության հետ՝ 1919թ. ապրիլին Զանգեզուրից հասնում է Էջմիածին, ցրում է իր զորամասը, ունեցվածքը հանձնում կաթողիկոսին ու նեղսրտած մեկնում արտասահման:
Հայ քաջ ֆիդայապետը մահացավ օտար երկրում, 1927թ. օգոստոսի 30-ին ԱՄՆ-ում՝ սրտի կաթվածից: Թաղվել է Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը: 1928թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ ու վերաթաղվել Պեր-Լաշեզ հայտնի գերեզմանոցում, իսկ 2000թ. հերոսի աճյունը տեղափոխվել է Հայաստան՝ Երեւանի Եռաբլուր պանթեոն: Զորավարի հանրահայտ խոսքերից է. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: Այդպես էլ ապրեց Անդրանիկը, ով առճակատվելով ՀՅԴ-ական վերնախավի հետ, հայտարարեց՝ «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է» ու գործեց միայն ազգի համար: Իսկ Շահան Շահնուրը Անդրանիկի մասին այսպես է արտահայտվել. «Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ՝ Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե եւ Անդրանիկ: Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ եւ անվիճելի նվաճում»: Հավերժ փառք եւ նոր վերածնունդ Զորավարի հոգուն, քանզի մենք դեռ ելնելու ենք ազգային-ազատագրական նոր պայքարի, որտեղ Անդրանիկի վսեմ ու քաջ հոգին պետք է թեւածի նորանուն հայ քաջերի կողքին…      

«Լուսանցք»-ի խմբագրություն

«Լուսանցք» թիվ 7 (138), 2010թ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։