Արտերկրի լուրեր

Նոր հակադրություն

Ռուսական «Գազպրոմ»  ընկերությունը «Բելտրանսգազ» ընկերությանը նախազգուշացրել է, որ հունիսի 21-ից, հնարավոր է, Ռուսաստանից Բելառուս մատակարարվող գազի ծավալները սահմանափակվեն: Գազամատակարարման ծավալների սահմանափակումից կարելի է խուսափել, եթե ռուսական ընկերությունը ստանա պարտքերը: Նամակն ուղարկվել է Բելառուսի կառավարությանը:
Դեռ հունիսի 15-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ Բելառուսը պետք է վերադարձներ պարտքը 5-օրյա ժամկետում: Մոսկվան պարտքը գնահատում է 200 մլն. դոլար, իսկ Մինսկի հաշվարկով այն հասնում է 133 մլն. դոլարի:
Այդպես էլ չկայացավ Ռուսաստան-Բելառուս միասնական պետության գաղափարն ու սլավոնական «եղբայրություն»-ը: Իսկ Ռուսաստան-Ուկրաինա կապի վերականգնումը դեռ նոր փորձաշրջանում է:

Գոհար Վանեսյան

Գունավոր` հետո թունավոր հեղափոխություններ

Ղրղզստանում կատարվածի անկարգությունները կարող է կրկնվել այն երկրներում, որտեղ նախկինում տեղի են ունեցել գունավոր հեղափոխություններ‘ մասնավորապես Վրաստանում: Նման կանխատեսում է արել Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւը Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ տեսակամուրջի ժամանակ:
Հիշեցնենք՝ Ակաեւը ղեկավարել է Ղրղզստանը 1990թ.-ից եւ լքել է իր պաշտոնը «կակաչների հեղափոխություն»-ից հետո՝ 2005թ.-ին: Նրան փոխարինել է Կուրմանբեկ Բակիեւը, որին պաշտոնանկ արեցին այս տարի, ով դարձավ վտարանդի ղրղզական վերջին անկարգություններից հետո:
Ըստ Ակաեւի, Օշում զոհերի թիվը մի քանի հազարի է հասել: Խոսելով այն մասին, թե որքան ժամանակ է պահանջվում Ղրղզստանին վերականգնվելու համար, նա ասել է, որ ինքը «լավատեսական կանխատեսում» չի կարող անել: «Այդպիսի հիվանդությունները, այդպիսի հրդեհներն արագորեն չեն վերացվում, արագորեն չեն բուժվում, այդ պատճառով էլ լավատեսական կանխատեսումներ առաջիկայի համար չունեմ»,- ասել է Ակաեւը:

Նարե Մշեցյան

Ղրղզները նորից ղզղնել են…
ՄԱԿ-ում հայտարարել են, որ անհապաղ մարդասիրական օգնության կարիք ունեցող են գնահատում իրավիճակը Ղրղզստանի հարավում, որտեղ շատ ուզբեկներ ստիպված են եղել թողնել իրենց տները՝ միջէթնիկ բախումների հետեւանքով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իրավիճակը քննարկել է ԵՄ եւ ԵԱՀԿ-ի հետ: Նշված 3 կազմակերպություններն էլ իրենց դեսպաններն են ուղարկում Ղրղզստան:
Այս երկրի Օշ քաղաքում վերջերս բախում է տեղի ունեցել ազգությամբ ղրղզ եւ ուզբեկ երիտասարդների միջեւ, ինչը վերածվել է զանգվածային ընդհարումների: Անկարգությունների մասնակիցները մեքենաներ են այրել, թալանել խանութներ եւ բնակելի տներ: Երկրի ժամանակավոր կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել ինչպես Օշ քաղաքում, այնպես էլ նույնանուն նահանգի մի շարք բնակավայրերում, որտեղ կենտրոնացած է երկրի էթնիկ ուզբեկ բնակչությունը:
Բախումների հետեւանքով մահացածների թջվը մեծ է, զոհերին այլեւս հաշվել չի լինում: Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հարավում միջէթնիկական հողի վրա բռնկված խռովությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 170-ի: Մինչդեռ ականատեսները վստահեցնում են, որ միայն Օշում 2000 զոհ կա: Բայց պաշտոնական տվյալներով, Օշում՝ 94, իսկ Ջալալաբադում՝ 43 զոհ է գրանցվել: Բժշկական օգնության համար դիմել է ընդհանուր առմամբ 1762 մարդ, 826 մարդ՝ հոսպիտալացվել է, ամբուլատոր բժշկական օգնություն է տրամադրվել 798 մարդու:
Ղրղզստանի պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են երկրի հարավում իրավիճակի կայունացման մասին, դա հավաստել է նաեւ նահանգապետ Բեկտուր Ասանովը: Անվերահսկելի են մնում Ֆուրկատ եւ Նարիման գյուղերը:
Արձագանքել է նաեւ Մոսկվան, ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւ հայտարարել է, որ անհրաժեշտ է առավելագույնս արագ վերականգնել կարգուկանոնը Ղրղզստանում: ԱՄՆ-ը ՌԴ հետ խորհրդակցություններ է վարում եւ պատրաստ է աջակցել Ղրղզստանին: Ռուսաստանից 3 ինքնաթիռով Ղրղզստան կտեղափոխվի 130 տոննա հումանիտար բեռ՝ 30 տոննա շաքարավազ, 54 տոննա մսի ու ձկի պահածո, 15 տոննա ծածկոց:
Ղրղզստանի նախկին, այժմ վտարանդի նախագահ Բակիեւը հապճեպ հայտարարել է, որ ԱՊՀ ՀԱՊԿ-ն պետք է միջամտի Ղրղզստանում կատարվող դեպքերին՝ այս խառնաշփոթին ու անկարգություններին վերջ տալու համար:

Ղազախներն էլ առաջնորդ ունեցան
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն օրերս պաշտոնապես ստացավ «Ազգի առաջնորդ» կարգավիճակը: «Ռիա նովոստի»-ի տեղեկացմամբ, նախագահին այդ հատուկ կարգավիճակ ընձեռող օրինագիծն ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ այն վավերացրել են երկրի խորհրդարանի երկու պալատի ղեկավարներն ու վարչապետը:
Հետաքրքիր է, որ Նազարբաեւը ավելի վաղ չէր վավերացրել օրինագիծը, հիմնավորելով, թե «Ազգի առաջնորդ» կարգավիճակը պարտադիր չէ ամրագրվի օրենքի տեսքով, բայց…
Ն. Նազարբաեւին «Ազգի առաջնորդի» կարգավիճակի շնորհումը վավերացվել էր Ղազախստանի խորհրդարանում մոտ 1 ամիս առաջ: Ըստ օրենքի, Նազարբաեւը եւ նրա ընտանիքի բոլոր անդամները ցմահ պահպանելու են անձեռնմխելիության իրավունքը, ազատ են լինելու թե՛ վարչական, եւ թե՛ քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Անձեռնմխելի է համարվելու նաեւ վերջիններիս ունեցվածքը:
Այստեղ էլ արդեն հասկանալի է դառնում մեր վերեւում ասված բայցը… Հատկապես Ղրղզստանի վերջին դեպքերից հետո:

Վահագն Նանյան

Թուրքական կազմակերպությունը կապված է ՀԱՄԱՍ-ի հետ

«Խաղաղության նավախումբը» կազմակերպած թուրքական կազմակերպությունը սերտ կապեր ունի ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման հետ: Այս մասին, ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Աննա Ազարին:
«Մենք տեղյակ ենք այդ կազմակերպության մասին: Այդ կազմակերպությունը վաղուց կապված է ՀԱՄԱՍ-ի հետ եւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վերջինիս»,- ասել է դեսպանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
Միեւնույն ժամանակ Ա. Ազարին խոստովանել է, որ այս միջադեպը կբերի իսրայելաթուրքական հարաբերությունների հետագա վատթարացմանը: «Այն, ինչ տեղի ունեցավ ծովում, կազդի մեր հարաբերությունների վրա Թուրքիայի հետ»,- հայտարարել է Իսրայելի դեսպանը Ռուսաստանում:  

Հրեաները նորից են խոսում Հայոց ցեղասպանությունից

Հրեա գիտնականները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով դիմել են Իսրայելի վարչապետին: Միջերկրածովյան միջադեպից հետո, երբ Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհեցին ոչ մի նախազգուշացման չանսացող, Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական «Mavi Marmara» նավը, թուրք-իսրայելական հարաբերություններում ճգնաժամի նոր ալիք առաջ եկավ: Կողմերը պետական եւ հասարակական մակարդակով ծանր մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին: Թուրքիայում ակտիվացան հակաիսրայելական ու հակասեմիտական տրամադրությունները:
Թուրքալեզու մի գործակալության տեղեկացմամբ` Ամերկայի Միացյալ Նահանգների «Georgetown» եւ Իսրայելի «Bar-Ilan» համալսարանների 4 պրոֆեսորներ Թել-Ավիվին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու պաշտոնապես համապատասխան որոշում կայացնել: Այդ մասին գիտնականները նամակով դիմել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհին: Իսկ ահա Անկարային հիշյալ գիտնականները կոչ են արել Թուրքիայում բնակվող միլիոնավոր քրդերին գոնե ինքնավարության կարգավիճակ շնորհել:

Ռուսաստանը պահանջում է միջազգային հետաքննություն
«Ազատության նավատորմի» հետ կատարված միջադեպի վերաբերյալ

Մոսկվան սատարում է ՄԱԿ-ի ջանքերը «Ազատության նավատորմի» հետ կատարված միջադեպի վերաբերյալ միջազգային հետաքննություն անցկացնելու հարցում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացվուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Տեղի ունեցած ողբերգության բոլոր հանգամանքները պետք է խիստ օբյեկտիվորեն հետաքննվեն: Դրանում է կայանում ՄԱԿ Անվտանգության ու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդների մոտեցումը, ինչի մշակմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանը: Այդ իսկ պատճառով մենք ակտիվորեն սատարում է ՄԱԿ-ի եւ այլ կողմերի ջանքերը միջազգային հետաքննություն անցկացնելու հարցում, որը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին, կլինի լիարժեք, անկողմնակալ, անկախ եւ կարժանանա միջազգային հանրության վստահությանը»,- հայտարարել է ռուս պաշտոնյան:
Ա. Նեստերենկոն նաեւ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է հայտնել Գազայի շրջափակման վերաբերյալ, նշելով, թե այն անհապաղ պետք է վերացվի:

ԱՄՆ-ը 400 մլն դոլարի օգնություն կհատկացնի Գազայի հատվածին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը պաղեստինյան ինքնավարությանը օգնություն կհատկացնի 400 մլն. դոլարի չափով: Այս մասին, ըստ BBC-ի, Օբաման ասել է Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ աղբյուրի, ԱՄՆ նախագահը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակն անվանել է անընդունելի:

Ադրբեջանը վրացական կազմակերպություններից կաշառք է պահանջում`
վերջիններին իր երկրի շուկա թույլատրելու համար

Վրաստանի Միջազգային առեւտրի պալատի ղեկավար Ֆադի Ասլին մեղադրել է Ադրբեջանին` վրացական կազմակերպություններին դիսկրիմինացիայի ենթարկելու եւ իր երկրի շուկա մտնելու դիմաց կաշառք պահանջելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Բիզնես Գրուզիա» կայքէջը, Ասլին իր փաստարկների որպես օրինակ է բերել վարացական հանքային ջրերի եւ գարեջրի հետ կապված հարցը: Նրա խոսքերով, Ադրբեջանում վրացական հանքային ջրի յուրաքանչյուր վագոնի համար հավելյալ պահանջում են 50 հազ. դոլար, իսկ ամեն մի լիտր գարեջրի դիմաց եւս մեկ դոլար հավելավճար:
Առեւտրի պալատի ղեկավարը նշել է, թե խնդրի առնչությամբ նա դիմել է Ադրբեջանի դեսպանատուն եւ հանդիպել պաշտոնական ներկայացուցիչների հետ, բայց եւ այնպես կարծում է, որ խնդիրը հարթելու համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք:

Ուգո Չավեսն աշխարհին կոչ է անում ընտրել սոցիալիզմը

CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ամերիկյան աշխարհին կոչ է արել «ընտրել դեպի սոցիալիզմ տանող ճանապարհը», կապիտալիզմը որակելով որպես «անարդարության թագավորություն»:
«Կապիտալիզմը դա ճանապարհ է դեպի անարդարության թագավորություն, ինչը բերում է սոցիալական եւ քաղաքական բռնության, երկրների միջեւ բռնության, ինչպես նաև պատերազմների», – հայտարարել է Չավեսը:

Ֆրանսիայում ջրհեղեղ է. Զոհերի թիվը մեկ ու կես տասնյակ է

Ֆրանսիայի հարավ-արեւելյան մասում ուժեղ ջրհեղեղների հետևանքով 15 մարդ զոհվել է, ավելի քան 10-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրեսս» գործակալությունը: Մոտ 120 բնակիչ ստպված է եղել լքել տները ու այս գիշերն անցկացրել են բացօթյա: Նրանց մի մասին փրկարարական ինթաթիռներով տարհանել են: Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Այդ տարածքում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, խաթարվել է օդանավակայանի աշխատանքը: Օդերեւութաբանները մտավախություն են հայտնել, որ հորդառատ անձրեւները, որոնց հետեւանքով սկիզբ է առել ջրհեղեղը, այսօր երեկոյան կարող են շարունակվել: Ընդհանուր առմամբ` այդ մասում ջրի մակարդակը բարձրացել է 150-200 մմ-ով, իսկ առանձին տարածքներում նույնիսկ 380 մմ-ով: Անձրեւի շարունակման դեպքում այն կարող է բարձրանալ եւս 40-50 մմ-ով:

Ջրհեղեղ է նաեւ Մյանմիում. Զոհերի թիվը հասել է 46-ի

Մյանմիում հորդառատ անձրեւների պատճառով ջրհեղեղներ են սկսել: Զոհերի թիվը հասել է 46-ի: «Սինհուան» գործակալության տեղեկացմամբ` ջրհեղեղի հետեւանքով կամուրջներ են ավերվել, ճանապարհներ վնասվել: Այժմ շարունակվում է տուժածների տարհանումը:

Անձրեւների հետեւանքով Չինաստանում զոհերի թիվը հասել է 42-ի

Չինաստանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել հորդառատ անձրևների պատճառով: Բնական աղետի հետևանքով նույնիսկ զոհեր կան: «Սինհուան» գործակալության տեղեկացմամբ` զոհերի թիվը հասել է 42-ի: Անհայտ կորած է համարվում 36 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի մասին:
Օդերեւութաբաների կանխատեսումներով, առաջիկա 3 օրերի ընթացքում եղանակը Չինաստանում չի բարելավվի:
Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 23 (154), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։