ՀՀ Անկախության ու Հայոց Նախնյաց օր է (նշում են հայ-արիները)… Բանակում դրսեւորվելու տեղը թշնամու՛ դ

Անկախություն է ու Նախնյաց օր

Սեպտեմբերի 13-21-ը Երեւանում կկազմակերպվեն ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարություններ: Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում արդեն բեմն են պատրաստում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ազգային պատկերասրահում հրավիրել էր տոնական ընդունելություն, որին մասնակցին ՀՀ քաղաքական կուսակցությունների, զլմ-ների, Հանրային խորհրդի, հասարակական եւ մշակութային, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների ներկայացուցիչները: Տոնախմբություններին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաեւ սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հյուրեր այլ երկրներից:  

Սեպտեմբերը գրանցել է Հայաստանի ու Արցախի անկախությունները, եւ գուցե այս ամիսն էլ մի օր դառնա երկու հայկական պետությունների վերամիավորումը գրանցած ամիս…

Սեպտեմբերի 21-ին հայության մի հատվածը՝ Հայ Արիական Միաբանության նախաձեռնությամբ Հայաստանում եւ սփյուռքում կնշի մեկ այլ տոն էլ՝ Նախնյաց օրը: Այդ օրը հայ արիներն ու ազգայնականները կայցելեն Գառնո արիական-հեթանոսական տաճար, այնուհետեւ ՀԱՄ գրասենյակում ծիսական ու տոնական արարողություններով կնշեն արժեքավոր տոնը՝ փառաբանելով Հայոց Նախնյաց եւ Հայ Աստվածներին…

Ով մոռանում է իր անցյալը՝ նա ապագա չունի, իսկ ներկան պարուրված է անհայտներով եւ սին տեսություններով: Իր նախնիներին չհիշողն ու ուրացողը դառնում է այլոց մեռելների ժառանգն ու հետեւորդը… Այլոց պատմության ու հավատի կրողը… Այլոց ենթական ու կամակատարը…

Արման Դավթյան

*  *  *

Չե՛ն  վայելելու …

Արարատ լեռան վրա, ծովի մակերեւույթից 5 137 մետր բարձրության վրա, հովիվների անփութության պատճառով հրդեհ է բռնկվել: Համենայնդեպս, թյուրքական իշխանությունները մեղքը հովիվների ուսերին են բարդում:

Ինչպես հայտնել է Hurriyet-ը, հրդեհը բռնկվել է Արարատ լեռան՝ դեպի Իգդիր նայող հատվածում: Հրդեհը փորձել են մարել դաշտերում աշխատող գյուղացիները: Մինչդեռ հրդեհը տարածվել է դեպի լեռան վերեւի հատվածը:

Իգդիրի համալսարանի դասախոս Ս. Թեմելը ահազանգել է, որ  ուժեղ հրդեհը խիստ կվնասի Արարատի բուսական համակարգը՝ ոչնչացնելով արժեքավոր ու բուժիչ շատ բուսատեսակներ:

… Ու չե՛ն լկստվելու

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը մեկնաբանել է սեպտեմբերի 12-ին  ԼՂՀ օդային տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարք խփելու փաստը: «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաեւ հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:

…ՊԲ հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին 10-օրյակում եւ դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր: Մասնավորապես՝ սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի 1 անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն»:

Արման Դավթյան

*  *  *

Բանակում  դրսեւորվելու տեղը թշնամու՛ դեմ ճակատում է

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների, տարեցտարի բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարների թիվը նվազում է: Սակայն, եթե նախկինում նման դեպքերի մասին խիստ սահմանափակ արձագանքներ էին լինում, ապա այժմ դրանք հիմնականում բացահայտվում են, նաեւ հրապարակայնորեն եւ հատկապես զլմ-ների աջակցությամբ: Եվ ահա, սա էլ տպավորություն է ստեղծում, թե բանակում, ընդհակառակը, շատացել են արտակարգ պատահարներն ու միջադեպերը:

Երեկ մի այսօրինակ պարզաբանում արեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ կառավարության նիստից հետո: Երբ նա շենքից դուրս եկավ, բողոքող մարդիկ՝ զոհված զինվորների ծնողները, նրանից պարզաբանումներ խնդրեցին՝ յուրաքանչյուրն իր գործի հետ կապված:

Նախարարը հայտնեց, որ այդ ցավը բոլորինս է, յուրաքանչյուր մարդու հետ կապված դժբախտ դեպքը մեր ողբերգությունն է, «բայց հրապարակավ կարող եմ ասել, որ այդ թիվը նվազում է, բանակում անպատժելիության մթնոլորտ չկա»… Նախարարը զոհվածների ծնողներին նաեւ վստահեցրեց, որ կպատժվեն բոլոր մեղավորները: Զոհված զինվորների ծնողների հետ զրույցում Ս. Օհանյանը հերքեց այն լուրերը, որ բանակում 1994թ. մինչ այսօր 1500 զինվորի սպանություն է եղել: Հավաքվածներից բողոքներ եղան, որ իրենց որդիների գործով դատավարություններն ու դրանց ընթացքը հարազատներին չի բավարարում:

Այսպես՝ ծնողներից մեկը՝ բանակում զոհված սպա Արտակ Նազարյանի մայրը հայտնեց, որ ըստ տեղազննության եզրակացության՝ որդին, իբր, ինքնասպան է եղել խրամատում, այնինչ մարմինը տեղադրված է եղել 300 մետր վերեւ, ժայռաբեկորին հենված, ավտոմատը բերանում, ընդ որում փամփուշտը չի գտնվել: Այս դատավարությունը Բերդում է ընթանում, եւ երբ ծնողները Բերդ են հասնում, պարզվում է, որ դատը անհիմն պատճառաբանություններով հետաձգվում է եւ այլն:

Ի պատասխան նախարարն ասաց, որ հատուկ գրություն է ստորագրել, որպեսզի դատավարության վայրը տեղափոխվի Երեւան՝ զինդատախազություն: Նա նշեց, որ զինդատախազը, պաշտպանության նախարարի տեղակալը հետեւողականորեն հետեւում են գործերի ընթացքին, իսկ բանակում տեղի ունեցող հակաօրինական բոլոր արաքների, երեւույթների վերաբերյալ հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմինները զբաղվում են, չկա մի որեւէ դեպք, որ մեղավորների շրջանակը հայտնաբերված չլինի կամ այդ մարդիկ հայտնաբերված, կալանավորված չլինեն:

Հուսանք, որ առաջաբանում ասված այն  միտքը, որ բանակի շուրջ այսքան աղմուկը միայն բացախոսության եւ հարցը վճռականորեն կարգավորելու պատճառով է, եւ բանակում արտակարգ պատահարները պակասել են, ճիշտ է եւ այսուհետ ավելի հետեւողական կլինեն ՀՀ ԶՈւ պատասխանատուները, նաեւ՝ երկրի իշխանությունները:

Իսկ հայկական բանակի դեմ անհարկի հանդես եկողները պետք է վերջապես հասկանան, որ իշխանափոխության հասնելու համար կարիք չկա պախարակել այն բանակը, որտեղ մեր որդիներն են ծառայում, որը մեր պետության սահմանների ու մեր անվտանգության առաջնային պաշտպանն է: Հանուն իշխանափոխության նման «պայքարը» կարող է հանգեցնել անպաշտպանվածության, բանակի արատավորմանը՝ ուստիեւ՝ թուլացմանը, ինչը ներքին իշխանափոխության փոխարեն կհանգեցնի արտաքին իշխանափոխության՝ մեր երկրում հաստատելով մեր ոխերիմ թշնամիների իշխանությունը…

Բանակը մեր ուժն է եւ մեր ապագան:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 31 (207), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։