Արցախի խնդիրը եւ Հարավային Կովկասի 6 պետությունները

Անկախության գործոնը տարածաշրջանի վերաձեւման հետ համադրենք

Լիտվայի մայրաքաղաքում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարոտւղար Հիլարի Քլինթոն եւ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Ժան Լեոնետին) եւ Հայաստանի ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարեւորությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն իրենց գոհունակությունը հայտնեցին համանախագահ երկրների ջանքերի, այդ թվում՝ նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի ու Սարկոզիի անձնական մասնակցության համար իրենց երկրների՝ համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու հարցում աջակցության առումով:

Վիլնյուսյան հայտարարությամբ եւս մեկ անգամ հաստատվեց այն դրույթը, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի.- մեկնաբանելով տարածած համատեղ հայտարարությունը, նշել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ համանախագահ երկրների եւ հակամարտող երկրների ջանքերը այսուհետ պիտի ուղղվեն հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների դետալները հստակեցնելու աշխատանքներին, ինչի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռքբերվել է դեռեւս 2011թ. մարտին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ:

Համատեղ հայտարարությունը հավաստում է, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը պատրաստ են հանդիպել մոտ ապագայում: Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Մարսելում էր՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին: Չի բացառվում ՀՀ նախագահի այցը նաեւ Մոսկվա եւ Վաշինգտոն:

Վիլնյուսում տեղի է ունեցել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ թեյի շուրջ: Հանդիպել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Քննարկել են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Բանակցությունների օրակարգում էր նաեւ ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը:

Վերջերս Երեւանում ԱՊՀ միջկրոնական ժողովին նույնպես քննարկվեց արցախյան հիմնախնդիրը, որին մասնակցեց նաեւ ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդ Փաշազադեն, ով հետո հրապարակավ գոհունակություն է հայտնել Հայաստանում իրեն ցուցաբերված ընդունելությունից. «Ես մեծ կասկածանքներով եմ մեկնել Հայաստան: Մտածում էի, որ ամեն քայլափոխի կարող է իմ դեմ սադրանք կազմակերպվել: Բայց ամենուրեք բարեհամբույր վերաբերմունքի արժանացա: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդից մինչեւ նախագահ Սերժ Սարգսյան ինձ հարգանքով վերաբերվեցին: Նախագահն ինձ ուղեկցեց մինչեւ ավտոմեքենա: Օդանավակայանում ինձ դիմավորեց Գարեգին 2-րդը, գորգեր էին փռվել: Ես դա Բաքվում չկարողացա անել Հայոց կաթողիկոսի համար, որովհետեւ կոնֆերանսն արդեն սկսվել էր: Ես կարծում եմ, որ եթե ավելի շատ երկխոսենք ու բանակցենք, ղարաբաղյան խնդիրը կարող ենք լուծել խաղաղ ճանապարհով: Որպես Ադրբեջանի շեյխ, երբեք չեմ ցանկանում, որ խնդիրը լուծվի պատերազմի ճանապարհով: Դա թույլ չի տալիս Աստված»:

Բացի արցախյան քննարկումներից, ըստ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի, Բաքուն պետք է երկխոսի Ադրբեջանից տեղահանվածների հետ: Սա պատասխան է նաեւ ադրբեջանական որոշ տեսակետների. «Եթե պաշտոնական Բաքուն իրոք շահագրգիռ է միջհամայնքային երկխոսության կազմակերպման հարցում, ապա նա առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկի կազմակերպելու համար միջհամայնքային երկխոսություն Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի եւ Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների միջեւ»:

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական լրատվամիջոցներիը տեղեկություն էին հրապարակել, համաձայն որի, դեկտեմբերի 8-10-ը Փարիզում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի «հայկական եւ ադրբեջանական համայնքների» հանդիպումը: Ըստ փոխարտգործնախարարի, միայն Ադրբեջանից բռնի տեղահանվածների հետ միջհամայնքային երկխոսություն կազմակերպելով՝ Բաքվի իշխանությունները բարոյական իրավունք կունենան դիմելու ԼՂ ղեկավարությանը՝ նույնպես նախաձեռնելու միջհամայնքային երկխոսություն: Քանզի հայկական կողմը մեծապես կարեւորում է վստահության միջոցների ամրապնդման խնդիրը, որը բազմաթիվ տարրերից բաղկացած ամբողջական փաթեթ է: Այդ տարրերից են՝ ժողովուրդների միջեւ ատելություն եւ թշնամանք սերմանող պետական քարոզչությունից եւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը, հարեւան ժողովրդի պատմամշակութային ժառանգության ոչ թե ոչնչացումը, այլ պահպանումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը, շփման գծից դիպուկահարների ետ քաշումը…

Մինչդեռ, ըստ Շ.  Քոչարյանի, Ադրբեջանը ընտրովի է մոտենում առկա խնդիրներին՝ առանձնացնելով ամեն ինչից իրեն ձեռնտու տարրերը եւ աղավաղելով խնդրի բուն էությունը՝ ի վնաս թե՛ համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, թե՛ բուն կարգավորման գործընթացին:

Այժմ քննարկումներ են ընթանում նաեւ, որպեսզի Ադրբեջանը բանակցություններում առաջ գնա դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու ճանապարհով: Անհանգստացած են նաեւ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հոգեւոր պատասխանատուները: Հայկական կողմը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, սակայն Ադրբեջանի կողմից չստանալով համարժեք արձագանք՝ հարկադրված վերջինիս պատժել է նրա իսկ մեթոդներով: Ինչի ականատեսը եղանք նաեւ վերջերս:

Զուգահեռ քննարկումներ են լինում նաեւ Հարավային Կովկասի վերաձեւման շուրջ, նշվում է, որ 2008թ, որպես իրադարձությունների կիզակետ, էապես փոխեց տարածաշրջանի պատմական ընթացքը, ինչի հետեւանքով Հարավային Կովկասում գոյություն ունի ոչ թե 3 պետություն՝ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, այլ՝ 6՝ նշյալ 3-ը եւ Արցախը, Աբխազիան ու Հարավային Օսիան: Չճանաչված Արցախ-ԼՂՀ-ն, Հարավային Օսիան ու Աբխազիան ձեւավորվել են հակամարտությունների արդյունքում, բայց, փորձագետների համոզմամբ, այլեւս նախկին կարգավիճակում չեն հայտնվի… Եվ վաղ թե ուշ այս թեման կդառնա տարածաշրջանի քննարկվելիքը:

Պարզապես միջազգային տեղեկատվական պատերազմում դեռ նման քննարկումներ չեն ծավալվում: Չի բացառվում, որ կքննարկվեն առաջիկայում: Տեղեկատվական պատերազմում Ադրբեջանն արդեն իսկ պարտություններ է կրում, եւ պարտության պատճառը, ըստ ադրբեջանցի վերլուծաբան Ասեֆ Գուլիեւի, տգիտությունն ու կարճամտությունն է: Ադրբեջանի կողմից ծավալած տեղեկատվական պատերազմը Հայաստանի դեմ հակառակ էֆեկտն է տալիս, քանզի հայկական կողմը ամենաբարձր մակարդակով պատասխաններ է հնչեցնում եւ պատմության դասեր տալիս…

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆարովի այն հայտարարությանը, թե «Ադրբեջանն իրավունք ունի խոցել հայկական քաղաքացիական ինքնաթիռներն այն դեպքում, եթե նրանք անցնեն Ղարաբաղի երկնքում, Գյուլիեւը նշել է, որ «Ադրբեջանը նման իրավունք չունի եւ չի էլ կարող ունենալ, իսկ եթե Բաքուն նման հնարավորություն էլ ունենար, ապա նա կփորձեր խփել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք անցնում են Ղարաբաղի վրայով»: Իսկ այն հայտարարությունները, որ «եթե Գերագույն հրամանատարը հրաման տա, ապա մենք պատրաստ ենք անցնել հարձակման», կամ էլ «եթե հրաման լինի, մենք դուրս կշպրտենք հայերին Ղարաբաղից», ըստ վերլուծաբանի, դրանք աննորմալ հայտարարություններ են. «Այնպիսի տպավորություն է, որ բոլոր ուժերը պատրաստ են հարձակման, սակայն Գերագույն հրամանատարն այդպես էլ հրաման չի տալիս: Կարծես թե նա չի մտածում, որ անհրաժեշտ է Ղարաբաղը հիմա հետ վերցնել: Այս աննորմալ երեւույթներն ամբողջությամբ հակառակ արդյունքի են հանգեցնում»: Նաեւ սխալ քայլ է համարվել այն, որ մեկ ամիս առաջ տեղեկություններ տարածեցին, թե քարե պատ են կառուցելու ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա, սակայն դա միայն բացասական հետեւանքներ ունեցավ: Դա օգտագործվեց հայերի կողմից՝ ցույց տալու, որ Ադրբեջանը վախենում է հայ զինվորից:

Ահա այս նպաստավոր իրավիճակում պետք է միջազգային տեղեկատվական ոլորտում քննարկումներ սկսել Հարավային Կովկասի նոր պետությունների մասին:

Իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը զորավարժությունների ընթացքում հետախուզական տեղեկություններ հավաքագրելու նպատակով ավանդական մեթոդներից բացի կենսականորեն օգտագործել է նաեւ անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները եւ հակառակորդին հասկացրել, որ Արցախը եւս վերազինվում է: Հիշեցնենք, որ հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ ցուցադրվել են Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ: Իսկ ավելի վաղ ԼՂ ՊԲ ստորաբաժանումները արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում ոչնչացրել էին Ադրբեջանի զինուժի անօդաչու մի սարք:

Դառնալով արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական այցերով եղան Երեւանում ու Բաքվում: Երեւանում համանախագահները հանդիպեցին նախագահ Սարգսյանի, ԱԳ նախարար Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Օհանյանի հետ, իսկ Բաքվում՝ նախագահ Ալիեւի, ԱԳ նախարար Մամեդյարովի եւ պաշտպանության նախարար Աբիեւի հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ համանախագահները հաստատել են իրենց երկրների հաստատակամությունը՝ օգնություն ցույց տալ կողմերին, ԼՂ-ի հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորման գործում: Հաշվի առնելով շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկությունները՝ համանախագահները ընդգծել են 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի պահպանման կարեւորությունը: Նրանք շեշտել են, որ նման միջադեպերը ցույց են տալիս շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննման հարցում առաջարկվող մեխանիզմի իրականացման անհրաժեշտությունը, որի հետ երկու երկրների նախագահները գործնականում համաձայնել են: Ադրբեջանում կրքերը առժամանակ կհանգստանան, քանի որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը եւս վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ այդ հարցերը քննարկելով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպմանը:

Քննարկումներ են եղել նաեւ ՀՀ ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի միջեւ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության եւ տարածաշրջանային խնդիրների շրջանակներում: Ֆրանսիայում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով խորացնել անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում փոխգործակցությունը:

Չնայած վերոնշյալին, Ադրբեջանը շարունակում է մերժել միջազգային հանրության՝  հատկապես դիպուկահարների առաջին գծից դուրս բերելու առաջարկը: Իսկ ըստ հայկական կողմի, այս իրավիճակը չի կարող նպաստել կայունության հաստատմանը, քանզի հայկական կողմը այլեւս անպատասխան չի թողնի ադրբեջանական սադրանքները:
Հայկ  Թորգոմյան
 

Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով սահմանված նորմերը, երկրի քաղաքական էլիտայի ու անձամբ երկրի մակարդակով պատերազմի քարոզչություն է տարվում, հայատյացության ու ատելության այլ դրսեւորումները դառնում են առավել ակնհայտ… այս մասին իր ելույթներում բազմիցս առիթ ունեցել է հայտարարելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սրանք հանգամանքներ են, որոնք անխուսափելի են դարձնում շփման գծում արձանագրվող սադրիչ միջադեպերը, ինչն այլեւս անպատասխան չի մնալու հայկական կողմից…

«Լուսանցք» թիվ 43 (219), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։