Քաղաքականությամբ զբաղվելը նաեւ՛ ընտրություններին մասնակցելն է

Հայաստանի քաղաքական ուժերի կեսից ավելին ընտրությունից ընտրություն են վերակենդանանում եւ հիշեցնում իրենց մասին

Ազգային ժողովը նորընտիր նախագահ ունի՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Քվեարկության ժամանակ բացի նրանից կար եւս մեկ թեկնածու՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը: Սակայն նա քիչ ձայներ հավաքեց, անգամ խորհրդարանական մյուս ընդդիմությունը՝ ՀՅԴ խմբակցությունը, իր ձայները տվել էր ՀՀԿ թեկնածուին, նույնիսկ կուսակիցները ձայները ամբողջությամբ չտվեցին Լ. Ալավերդյանին: Հիշեցնենք, որ «Ժառանգությունե խմբակցությունը 7 պատգամավոր ունի, իսկ Ալավերդյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել ընդամենը 4 խորհրդարանական: ԱԺ-ում չեն եղել ու քվեարկությանը չեն մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանն ու այդ խմբակցության ցուցակով խորհրդարան եկած, այժմ ՍԴՀԿ շարքերն անցած Վարդան Խաչատրյանը:

Չնայած այս իրավիճակին, խորհրդարանական ընդդիմությունը իր թեկնածուին առաջադրեց նաեւ ԱԺ փոխխոսնակի ընտրության ժամանակ՝ Արմեն Մարտիրոսյանին: Բայց ինչպես ԱԺ նախագահի պարագայում, փոխնախագահի ընտրության ժամանակ էլ բացահայտ առավելությամբ ընտրվեց ՀՀԿ պատգամավոր, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը արագ կարծիք հայտնեց, թե վստահ է, որ կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք ԱԺ այս ընտրություններից հետո կփորձեն ցեխ շպրտել դրանց վրա: ՀԱԿ ներկայացուցիչները սպասել չտվեցին. ըստ նրանց՝ ընտրական գործընթացներն արդեն ապականված են՝ իշխանությունը պատրաստվում է կեղծել ընտրությունները: Այսպես հասկացան նրանք ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրությունները: Իսկ հետաքրքիր է, նրանք իրո՞ք հավատում են, թե խորհրդարանական մեծամասնության թեկնածուն պիտի պարտվեր ընդդիմության թեկնածուին, որի 7 անդամներից միայն 4-ն են մասնակցել քվեարկությանը…

Դե ՀԱԿ-ից հետ  չմնալու համար, «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչը նույնպես հայտարարում է, թե չեն սպասում, որ կլինի ազատ եւ արդար ընտրություններ: Ըստ նրանց, երբ «հեռուստացույց են նայում, տեսնում են, թե իշխանությունն ինչպես է օկուպացրել ամբողջ հեռուստադաշտը իր բարեգործական միջոցառումները ներկայացնելով»:

«Ազատ դեմոկրատներ»-ը բողոքում են, թե ամբողջ օրը հեռուստատեսությամբ ձրի բժշկություն է, հազարավոր մարդկանց նկատմամբ բարեգործական «հիվանդություն» է սկսվել: «Ժառանգություն»-ը բողոքում է, որ ընտրակեղծիքների դեմն առնելու համար կոչ է արել, բայց դրա համար չանցան 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Դաշնակցականները բողոքում են, թե իշխանությունը սերտաճած է բիզնեսի հետ, եւ իշխանությունը չի զիջի, ուստի պետք է մասնակցել ընտրություններին եւ թույլ չտալ, որ դրանք կեղծվեն: Դե իսկ արտախորհրդարանական որոշ ընդդիմադիրների ընտրական գործընթացների հանդեպ թերահավատության մասին նշեցինք վերեւում:

Չնայած այս անվստահությանը, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, ՀԱԿ-ը ներկայացված կլինի առաջիկայում ձեւավորվելիք խորհրդարանում, թեեւ հրաժարվել է ժամանակից շուտ կանխատեսումներ անել՝ պատճառաբանելով, որ ընտրությունը կատարելու է ժողովուրդը: Նա չի մեկնաբանել նաեւ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ին արված համագործակցության առաջարկը:

Նախընտրական գործընթացները արդեն սկսվել են, յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է հստակեցնել իր դիրքորոշումը, փորձում է հասկանալ՝ ով ում հետ է գնալու, անգամ՝ ով ում դեմ:

Վիլնյուսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի հետ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման գլխավոր թեման է եղել 2012թ. Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները:

ԺՀՄԻԳ տնօրենը բարձր է գնահատել ՀՀ-ում արվող բարեփոխումները եւ ընտրական օրենսդրության փոփոխությունները՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ազատ, թափանցիկ ու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացմանը: ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպմանը նույնպես անդրադարձել է եղել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Այսպես կարծես միջազգային բողոքներ դեռեւս չկան, ինչըն իր հերթին չի նպաստում ընդդիմադիր կողմերի ակտիվացմանը: Սակայն սա դեռ սկիզբն է:  

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում հնարավորինս անդսրադարձել ենք այն քաղաքական ուժերին, որոնք փոքր ի շատե մասնակցություն են ունենում քաղաքական եւ նախընտրական գործընթացներում: Այս առումով նշենք, որ նախկինում հայտնի պատգամավոր եւ «Ազգային ժողովրդավարների դաշինքի»-ի ղեկավար Արշակ Սադոյանը ոչ միայն չի բացառում 2012թ. խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը, այլեւ որոշում է կայացրել. «Պետք է լուծել ծրագրային պետություն ստեղծելու խնդիրը եւ քաղաքական սերնդափոխության տեսանկյունից, ես ուղղակի պարտավոր եմ մասնակցել այդ գործընթացին»: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւս պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց դեռ չի ճշտել, թե ի՞նչ ձեւաչափով: «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ հայտարարել է, որ իրենք պատրաստ են համագործակցել ՀԺԱՄ-ի հետ, այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք երկիրը դուրս կբերեն ծանրագույն վիճակից: ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը նույնպես հավաստել է կազմակերպության մասնակցությունը: Իսկ ԱԻՄ-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնի մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը.-հայտարարել է Պարույր Հայրիկյանը: ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով քաղաքական ուժերի հայտարարություններին, նշել է, որ բոլորն ունեն մտահոգություններ շատ հարցերի շուրջ, սակայն շատ կուսակցություններ ուղղակի վախենում են այդ մասին բարձրաձայնել:

Իշխանությունների մոտ արդեն տպավորություն կա, թե քաղաքական հոգեվարք ապրող ՀԱԿ-ը լսարան գրավելու վերջին ճիգերն է անում: Իսկ ՀԱԿ-ի միակ հույսը ընտրություններից հետո իրավիճակն ապակայունացնելն է, որպեսզի կարողանա գոյատեւել քաղաքական դաշտում եւ արժանանա օտար ուժերի ուշադրությանը: Իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցելու տեր-պետրոսյանական գաղափարը ոչ բոլոր կոնգրեսականներին է ոգեւորել, օրինակ՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն անհանգստություն է հայտնել ԲՀԿ-ի հետ համագործակցելու նպատակահարմարության վերաբերյալ: Իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը պարզաբանում է տարածել, որ վերջին շաբաթվա ընթացքում կուսակցության նախագահը բացակայում էր հանրապետությունից՝ կարճատեւ արձակուրդն անց էր կացնում արտերկրում՝ ընտանիքի անդամների հետ»: Բայց նա քաջատեղյակ է կուսակցության անվան հետ կապվող տարբեր առաջարկներին, վերլուծություններին, մեկնաբանություններին ու նաեւ կեղծ լուրերի միտումնավոր տարածման փաստերին եւ այդ ամենն ընդունել է ի գիտություն:

Իսկ խորհրդարանական մեկ այլ ընդդիմություն՝ ՀՅԴ-ն, հերթական անգամ անվստահություն է հայտնել կառավարությանը: Երբ այլեւս ակնհայտ է, որ ՀԱԿ-ի պահանջած արտահերթ ընտրությունները չեն կայանա, մեկ այլ «փոթորկոտ», «ժամկետից շուտ» իրադարձություն է դիտարկվում կառավարության հրաժարականը, ինչին էլ ձգտում է ՀՅԴ-ն: Այս խորհրդարանական խմբակցությունը նշում է, որ կառավարության օրոք ու նրա վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով բնակչության վիճակը վատացել է, իսկ սա հակասում է նույն այդ կառավարության 2008թ. ԱԺ ներկայացրած եւ հաստատված գործունեության 2008-2012թթ. ծրագրի նպատակներին ու ոգուն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս անգամ էլ հայտարարել է, որ այս պահին որեւիցե քաղաքական ճգնաժամ չկա, որպեսզի կառավարությունը հրաժարական տա. «Մենք ԱԺ-ում ունենք բացարձակ մեծամասնություն, կառավարելիության մակարդակը բավականին բարձր է եւ մշտապես ուսումնասիրում ենք նաեւ մեր բնակչության կարծիքը կառավարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ»,- ասել է նա եւ նկատել, թե հստակ պատկերացնում են, թե «ովքեր են դժգոհ, ովքեր դժգոհ չեն եւ ովքեր են աջակցում իրենց»: Կառավարությանն անվստահության հայտնելու  առաջարկը վարչապետը համարում է տվյալ ուժի իրավունքը. «Այդ հարցադրումն ունի քաղաքական բովանդակություն, քանի որ մեր գործընկերները հնարավորություն ունեն հնչեցնելու մի կողմից իրենց մտահոգող խնդիրները, մյուս կողմից փորձում են գրավել ընտրողների ուշադրությունը»:

Հայ Արիական միաբանությունը (որին միացել են նաեւ Հայ ազգայնականների համախմբումը եւ բազմաթիվ անհատ ազգայնականներ) շարունակում է ներկազմակերպական բարենորոգումները եւ նախընտրական քննարկումները, ՀՀ մարզերում հանդիպումներն ու ներկազմակերպական հարցերը կարգավորելուց հետո այժմ Երեւանում քաղաքական հանդիպումներ է անցկացնում, նաեւ սփյուռքահայության ներկայացուցիչների եւ այլազգի համակիրների հետ:

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը չբացառեց առանձին ազգայնական թիմով հանդես գալու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում կկայացվի հաջորդ տարվա մարտի վերջերին, որովհետեւ այլ ուժերի հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են:

Թերեւս 2012թ. մարտը կդառնա բոլոր քաղաքական ուժերի որոշման կիզակետը ու նաեւ ընտրողների համար պարզ կլինի թերեւս, թե ում եւ ինչի համար պետք է ընտրել:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 43 (219), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։