Հազարամյակներ հետո՝ ի փառս Վանատուր Աստծո

 Հայարիական ծես՝ Արփայի ափին

Հայ արիները վերականգնում են բոլոր Հայ Աստվածների տոներն ու ծեսերը եւ հազարամյակներ հետո, վերստին նշվել է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը:

…Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանը:

Ինչպես այս տարի առաջին անգամ մարտի 1-ին նշվեց Հայոց Գերագույն Աստված Հայր Արայի հրաշագործության տոնը, այնպես էլ առաջին անգամ հայարիները կնշեն Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը՝ արիադավան-հեթանոսական հավատի վերականգնումից հետո:

…Մարտի 21-ի՝ Ամանորի եւ ապրիլի 26-ի՝ Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…

Մայիսի 14-ին, առավոտյան, Հայոց Սրբազան Տոմարով Վանատուր օրը, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները ծիսական եւ տոնական արարողություն անցկացրեցին Արփայի գետափին՝ Սեւանա լիճ թափվող հատվածում, փառաբանեցին Վանատուր Աստծուն, Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:

Հայ-արիական (հեթանոսական) ծեսին մասնակցել են Հայ Արիական Միաբանության անդամները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Այնուհետեւ հայարիները ամբողջ օրվա ընթացքում կայցելեն միմյանց օջախներ՝ փառաբանելով հայոց տներն ու Մեծ տուն – Հայրենիքը:

 

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
14.05.2012թ. Արփա-Սեւան

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։