Ինքնորոշում՝ պատմական արդարության հիմքով

Ուգո Չավեսը եւ պատմական արդարությունը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ինչպես նախկինում, այս անգամ էլ աչքի ընկավ իր յուրօրինակ տեսակետով: Նա կոչ է արել լատինամերիկյան երկրներին՝ այլեւս չտոնել «Ամերիկայի հայտնագործման օր»-ը, որը շաբաթներ առաջ նշվել է ամբողջ Հարավային Ամերիկայում եւ Իսպանիայում, որտեղ այդ տոնը կոչվում է «Իսպանական ազգի օր»: Ուգո Չավեսի կարծիքով, Քրիստափոր Կոլոմբոսը 1492թ. առաջին անգամ ոտք դնելով Բահամյան Գուանախանի կղզի (ներկայում՝ Սան-Սալվադոր) առաջինն է գլխավորել գաղութարարների ներխուժումը:

2002թ. սկսած Վենեսուելայում այդ օրը նշվում է որպես «Հնդկացիների դիմադրության օր»: Վենեսուելայի նախագահի կարծիքով, Ամերիկայի հայտնագործման օրը ամենասարսափելի ցեղասպանությունն էր մարդկության պատմության մեջ: Նա հայտարարել է, որ ամերիկյան մայրցամաքում ոչնչացվել է բնիկ հնդկացի բնակչության 95%-ը, եւ «Եվրոպան պետք է ներողություն խնդրի հնդկացիների ցեղասպանության համար»: Նախագահ Չավեսը պարզապես սրբապղծություն է համարել տարբեր երկրներում Կոլոմբոսին մեծարելու հանգամանքը:

Ավելի առաջ գնալով, Վենեսուելայի նախագահն ասել է, թե ցանկանում է իր երկրում «21-րդ դարի սոցիալիզմ» կառուցել: Իսպանացի գաղութարարների ներխուժման ժամանակ հնդկացիների համայնքները հենց այդպիսի սկզբունքով էին սոցիալիզմ կառուցում:

Ողջունելով հնդկացիական Ամերիկան՝ Վենեսուելայի նախագահը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում էլ կան մարդիկ, որոնց համար Կոլոմբոսի օրը տոն չէ: ԱՄՆ-ի շատ հնդկացի բնակիչների համար դա վշտի օր է, քանի որ, նրանց կարծիքով, հենց Կոլոմբոսը բացեց մայրցամաքը եվրոպացի գաղութարարների առջեւ, «ովքեր այստեղ բերեցին հիվանդություններ, մահ, աղքատություն, իսկ բնիկներին քշեցին պահեստազոր»:

Իսկ Կոլոմբոսի օրը ԱՄՆ-ում ավանդական տոն է, որը պաշտոնապես ընդունվել է 1937թ. նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նախաձեռնությամբ: 1971թ. ի վեր այն նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը:

Պատմական արդարությունը նաեւ ԱՄՆ-ում ու Կանադայում

Հյուսիսամերիկյան հնդկացիների դակոտա ցեղի առաջնորդների ներկայացուցիչները հայտարարել են, թե խզում են 150 տարի առաջ ԱՄՆ կառավարության հետ կնքած պայմանագիրը: Նրանք այդպիսով համարում են, որ դուրս են եկել ԱՄՆ կազմից եւ պատրաստվում են դիվանագիտական ներկայացուցչություններ բացել տարբեր երկրներում: ԱՄՆ հինգ նահանգներում բնակվող այս ցեղախմբի ներկայացուցիչները կարող են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից, եւ նրանց նոր անձնագրեր կտրվեն:

Իհարկե, ԱՄՆ պետքարտուղարությունը անվավեր է համարել պայմանագրի միակողմանի խզումը՝ հայտարարելով, որ «դրանք թղթի վրա գրված խոսքեր են եւ որեւէ արժեք չունեն»: Բա ինչ, արժեք ունեն միայն ամերիկյան խոսքերն ու որոշումները: Երբ արհամարհվում ու ոտնահարվում են հնդկացիների տարբեր ցեղախմբերի իրավունքները, մշակութային ու ինքնատիպ այլ արժեքներ, երբ զավթվել են բնիկների հողերը, իսկ նրանք զանգվածաբար ոչնչացվել են ու հիմա ոչնչացման եզրին են… դրա իրավունքն ունեն ԱՄՆ-ացիները, ինչ-որ նուրաբուս ու անդեմ ամերիկյան խառնազգ: Իսկ ահա հնդկացիները իրավունք չունեն ինքնորոշվելու, ինքնապահպանության: Ամբողջ աշխարհին իր անդեմությունը փաթաթող այս երկիրը դեռ հավակնում է ազատարար ու առաջադեմ պետություն կոչվելուն, այլ երկրները քանդող-մասնատող այս պետությունն իր ներսում ցեղասպանել է մի ամբողջ մարդատեսակի՝ կարմրամաշկների ռասան: Ուրիշներին հակասեմականության մեջ մեղադրող այս պետությունը դարերով հակահնդկացիական քաղաքականություն է վարում, ինչը երբեք չի արձանագրվում ԱՄՆ պետքարտուղարության ազգի, մարդու կամ կրոնական ազատությունների տարեկան զեկույցներում:

Իսկ Դակոտա ցեղի առաջնորդներն արդեն այցելել են Բոլիվիայի, Վենեսուելայի, ՀԱՀ-ի, Չիլիի եւ այլ դեսպանատներ ու շարունակելու են իրենց պայքարը՝ Դակոտա երկրի (ընդգրկում է տարածքներ՝ Նեբրասկայի, Հարավային եւ Հյուսիսային Դակոտաների, Մոնթանայի եւ Վայոմինգի նահանգներից) անկախության համար:

Նման մի շարժում էլ սկսված է Կանադայում, որտեղ հնդկացիները բողոքում են արգելոցներում ապրելու եւ համատարած աղքատության դեմ: Իհարկե, դեռ այն անկախության ձգտման չի հասել, բայց ամեն ինչ առջեւում է…


Նարե Մշեցյան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։