Կարեւորենք մեր դերը

Վերստին արծարծվում է Իրան-Հայաստան նավթամուղի հարցը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ 2009թ. սկսվելու է Թավրիզ-Երասխ նավթամուղի շինարարությունը: Այս ծրագիրը լուրջ հակազդեցություն է առաջացրել Ադրբեջանում: Նավթամուղի Թավրիզ-Մեղրի-Երասխ ուղին դուր չի գալիս ադրբեջանցիներին, եւ նրանք մտահոգված են, որ բացի Հայաստանի պահանջները բավարարելուց, այս նավթամուղը կարող է նաեւ տարանցիկ դառնալ: Մեր մյուս հարեւանին՝ Վրաստանին, այս ծրագիրը, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կամ գազամուղի հնարավոր տարանցիկության հարցը կամ էլ էներգետիկ ոլորտի միասնական ծրագրերը չեն հուզում, քանզի ինքն ամեն դեպքում օգտվում է եւ ունենում է այլընտրանքային տարբերակներ:

Իսկ ահա, Կովկասի կայունությամբ «մտահոգ» Թուրքիան ու Ադրբեջանը խիստ նյարդայնանում են այսպիսի ծրագրերով: Բաքուն նույնիսկ սպառնացել է, թե «Իրանի ադրբեջանցիների ձեռքով» կխոչընդոտի Իրան-Հայաստան նավթամուղի կառուցումը: Սա, իհարկե, գնդակ է ուղղված դեպի Թեհրանի կողմը…

Եթե Հայաստանը շարժվեր այս տրամաբանությամբ, ապա Ջավախքի տարածքով անցնող յուրաքանչյուր տարածաշրջանային ենթակառուցվածք պիտի արդեն մի քանի անգամ ջավախքահայերի կողմից պայթեցված լիներ…

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական հարեւանական ու համագործակցելու կոչերը սին են ու դավադիր, ուստի ՀՀ իշխանությունները պետք է զուր ժամանակ չվատնեն, եւ Անկարային ու Բաքվին հասկացնեն, որ այլեւս չեն հավատում նրանց «թուրքական» դիվանագիտությանը: Եվ պետք է լծվեն իրատեսական, այլ ոչ թե պատրանքային ծրագրերի իրականացմանը:

Իսկ իրական համագործակցություն Թեհրանն առաջարկում է: Ցավոք, Հայաստանին ռազմավարական համարող գործընկեր Ռուսաստանը նույնպես ժամանակ առ ժամանակ խոչընդոտում է Հայաստան-Իրան կապերի ամրապնդմանը…

Այնուամենայնիվ, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռումինիա (Եվրոպա) գազատարի կառուցումը շատ էլ հավանական է, ինչը կարող է ինքնին նպաստել հետագայում այս «երթուղով» նավթատարի կամ ճանապարհների տարանցիկությանը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 9 (95), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։