Ուրիշին խաբում, բայց մեր աչքն ենք հանում…

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից ոչ պակաս «կրիմինալ» են համարվում նաեւ ՀՀ պաշտոնյաների, պատգամավորների ու գործարարների երեխաները կամ էլ՝ նրանց հարազատները:

Ավելին՝ շատ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մեծահարուստ գործարարների որդիները նույնիսկ հանցագործ աշխարհի «կնքահայրեր» են փորձում դառնալ:

Ատրճանակից (խոշոր տրամաչափի զենքերից էլ չխոսենք) կրակելն ու մարդ վիրավորելը (սպանելուց էլ չխոսենք) կամ մարդուն դանակահարելը այս հղփացած «պապայի բալաների» համար դարձել է հաց ուտելու պես մի բան…

Եթե քաղաքամայր Երեւանում «ֆռֆռում» են ամենաբարձր պաշտոնյաների «հաբռգած» տղաները, ապա մարզերում դա անում են տեղական «էլիտայի» զավակները, ովքեր «հարց լուծողներ» են դարձել ու բավականին լկտի են «իրենց տարածքներում»…

Հիմա, իհարկե, շատ «պապաներ» իրենց «լափառոշ» զավակներին «կրիմինալ» աշխարհից կտրելու կտրուկ փորձում են անում՝ է՜ն սարքովի ուսման դիպլոմները արագ դնում են շրջանառության մեջ եւ իրենց «սիրասուն» տղաներին կամ աղջիկներին (իմա՝ փեսաներին) դարձնում են իրենց «հայրենանվեր» գործի «ծանրակշիռ» հետեւորդներ՝ խորհրդականներ, քաղաքապետեր ու թաղապետեր, գյուղապետեր ու ավագանու անդամներ…

Առաջին հայացքից թվում է, թե այստեղ մի լավ բան կա, լպիրշացած մեկը կդառնա ասենք՝ թաղապետ, ու էլ որեւէ մեկին չի «գյուլլի», հա՜մ իրեն օգուտ, հա՜մ էլ՝ հանրությանը: Սակայն, երանի գոնե այդպես լիներ: Իրականում, այդ նորաթուխ պաշտոնավորը, ում արյան մեջ արդեն բազմապիսի վարակներ կան՝ ընչաքաղցություն, բարոյազրկություն, տենչանք, փառամոլություն (եւ ավելի «հետաքրքիր» բաներ), նախընտրում է «գյուլլելու» փոխարեն «գյուլլել» տալ «իրեն խանգարողներին»: Չէ՞ որ, արդեն ինքն է «պապա» աշխատում, կամ էլ՝ գոնե տեսանելի «կռիշայա»…

Երբ ժամանակին ՆԳ նախարար աշխատած եւ այսօր «ռոզիսկի» մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը հայտնեց, որ «բոլոր գողերի տեղը բանտում» է… ու հավաքեց գրեթե բոլոր գողերին (իմա՝ գողականներին, ոչ թե՝ գողցողներին), շատերն ասացին, որ վերջացավ մեր բազմաչարչար երկրի գողական ու ամենօրյա «սխոդկաների» առօրյան: Բայց, հանկարծ պարզ դարձավ, որ ՆԳ նախարարն ամբողջ հանցագործ աշխարհի «փաղանգը» ձերբակալել է, որպեսզի սեփական «գողական աշխարհը» հիմնի…

Հետո սա դարձավ գործելաոճ, ո՜վ եկավ իշխանության, փողական, ամենաթողական ու գողական ոլորտներն իրենով արեց: Լավ «գողական տղեն» սկսեց բանտի պետի հետ «աշխատել», ոստիկանապետի հետ «կոնսենսուսի» գալ, դատավորի ու դատախազի հետ «ախպերություն» անել, «հարիֆների»՝ քաղաքացիական աշխարհի հետ էլ տալ-առնելիք ունենալ…

Իսկ պետական կամ քաղաքական պաշտոնյա անձը (կամ նրա զավակը) դարձավ «բերդում կամ գաղութում գող կամ նայող» հանող-դնող, թաղերում «ռազբորկա» կազմակերպող, առհասարակ երկրում բոլոր «արիշ-վերիշներին» հետեւող…

Այսօր էլ այս ածականներով ու կիսագոյականներով հագեցած, արդեն ուռճացած հասարակությունում ենք ապրում, բայց մեր «էլիտան» շա՜տ վառ պատկերացումներ ունի քաղաքացիական հասարակարգից, ժողովրդավարական արժեքներից, կրոնական ու բարոյական պատկերացումներից, է՜լ չենք ասում ազգային նպատակներին հասնելու ծրագրերից:

Եթե սա է լինելու այն արժեքային համակարգը, որով մեր հանրությունը պետք է ընթանա «առաջ», կամ, որի կրողների միջոցով պետք է իրականացվեն կառավարության «հավակնոտ ծրագրերը», ապա բոլոր խոստումներն այլեւս սուտ են,
բոլոր քայլերը՝ վաղօրոք ձախողված…

Եթե մեզանում չի ձեւավորվելու մեծ ընտանիքի՝ ազգի համախմբման եւ ազգային լավագույն ու հայրենանվեր ուժերին (ովքեր նաեւ հեռու են մնացել փողական, ամենաթողական ու գողական «արիշ-վերիշներից») առաջ մղելու գաղափարը եւ էլի շարունակվելու է հայ-տղա կամ աներ-փեսա «ժառանգական» սին ու անպատվաբեր քաղաքականությունը, ապա սուտ է լինելու նաեւ այդ կառուցած երկիրը…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։