Երկրները մասնատող ցույցեր

Մոլդովայի ԿԸՀ-իի նիստում հաստատվել են ապրիլի 5-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Իշխող կոմունիստական կուսակցությունը ստացել է խորհրդարանական 60 տեղ, լիբերալները եւ լիբերալ-դեմոկրատները՝ 15-ական, իսկ «Մեր Մոլդովան» դաշինքը՝ 11 տեղեր: Նախորդ շաբաթ, աջ ընդդիմությունը, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքների հետ, իր կողմնակիցներին դուրս էր բերել փողոց: Տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ, բախումների հետեւանքով հրդեհվել էին պետական հաստատությունները, սակայն, ընթացքում ոստիկաններին հաջողվել էր իրավիճակը վերցնել իրենց հսկողության տակ:

Սակայն, ընդդիմությունը կրկին պատրաստվում է բողոքի նոր գործողությունների: Այս մասին հայտարարել են 3 ընդդիմադիր ուժերը՝ Լիբերալ ու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները եւ «Մեր Մոլդովան» դաշինքը: Նրանց խոսքերով, հանրահավաքը բողոքի արտահայտություն է ուղղված կոմունիստական ճնշումների դեմ:

Նախորդ փորձից ելնելով՝ իշխանությունը կառավարության շենքի դիմաց կենտրոնացրել է մեծ քանակությամբ տեխնիկա, հրշեջ եւ ջրցան մեքենաներ: Մոլդովայի տարբեր շրջաններից Քիշնեւ են բերվել լրացուցիչ ոստիկանական ուժեր:

Չնայած բողոքի ցույցերն ուղղված են կոմունիստական վարչակարգի դեմ, սակայն, ըստ ամենայնի, ընդդիմության հանրահավաքները մեծ օժանդակում են ստանում Ռումինիայից: Իզուր չէ, որ Քիշնեւը խստացրել է վիզային ռեժիմը հարեւան երկրի հետ եւ զանգվածային անկարգությունների համար մեղադրել է Ռումինիայի իշխանություններին: Բուխարեստը դեռ խորհրդային տարիներին մեծ ձգտում էր դրսեւորում, որ Մոլդավիան միավորի Ռումինիայի հետ, եւ այժմ այդ փորձերն ավելի է աշխուժացրել: Ներկայումս Մոլդովայի 3,5 մլն. բնակչությունից 1,5 մլն.-ը արդեն ռումինական անձնագրեր ունեն եւ դիմումները շարունակվում են:

Այս իրավիճակում հնարավոր է աշխուժանա նաեւ դեռեւս Մոլդովայի կազմում գտնվող, բայց անկախ գործող Մերձդնեստրի Հանրապետության անկախության հարցը, քանզի Մոսկվան երբեք չի հանդուրժի միասնական Մոլդովայի միացումը Ռումինիային: Փաստորեն, Մոլդովան դարձել է ռուս-ռումինական հակամարտության թատերաբեմ:

* * *

Շարունակվում է լարված մնալ իրավիճակը նաեւ Վրաստանում: Վրացական ընդդիմությունը խոստանում է ընդլայնել Թբիլիսիում անցկացվող ցույցերի տարածքը, որը կարող է ընդգրկել ամբողջ քաղաքը: Ընդդիմադիրները խոստանում են, որ դեռ լինելու է բողոքի «երկրորդ ալիքը», որին մասնակից կլինեն նաեւ երկրի տարբեր շրջաններից ժամանած մարդիկ:

Սակայն, այս ամենը չի մտահոգում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, ով պատրաստվում է նախագահել մինչեւ իրեն հասանելիք ժամանակահատվածը՝ չնայած առկա մեծ անվստահությանը:

Արման Դավթյան

Լուսանցք» թիվ 14 (100), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։