Կրթական անգրագիտությու՞ն

Տանը մերոնք այսպես ասած քրիստոնեական զատկին էին պատրաստվում: Ասում եմ՝ քրիստոնեական, որովհետեւ մենք ընկերներով զատիկը դեռ ապրիլի 8-ին էինք նշել՝ Հայոց սրբազան տոմարով՝ Արեգ ամսվա Անահիտ օրը: Նշել էինք մեր նախնիների պես՝ ձվերը ներկած բոլոր այն գույներով, որ շռայլում է մեզ բնությունը: Հետո ձվախաղ արեցինք, գինի վայելեցինք՝ հեթանոս երգերով: Ու բնության զարթոնքը մեր սրտերն էլ մտավ: Իսկ «քրիստոնեական զատկի» օրը զարմիկներիս բացատրեցի, որ զատիկը գարնան այն օրն է նշվում, երբ սկսում են զատվել բնության գույները, երբ Մայր բնությունն արթնանալ է սկսում, երբ Մայր Անահիտը ողջունում է բոլորին ու գունագեղ փնջե ազդակներ ուղարկում… Զարմիկներս ոգեւորվեցին, սկսեցին երկնքում Մայր Անահիտին փնտրել, խոսեցին նույնիսկ, ավելի ոգեշնչվեցին… Բայց մինչեւ մի պահի…

Մինչեւ այն պահը, երբ մայրս սկսեց խոհանոցում գործ անել: Հանկարծ զարմուհիս սկսեց լաց լինել. «Տատիկ ջան, գործ մի արա, մենք կհիվանդանանք ու կմեռնենք»: Պարկերացնու՞մ եք, ոնց թեւաթափ եղա, բոլորիս ուրախությունը ջարդվեց միանգամից: Պարզվեց՝ հանրակրթական դպրոցում սովորող 3-րդ դասարանի զարմուհուս դպրոցում սովորեցրել են, որ եթե զատիկի օրը իրենց մայրերը գործ անեն, ապա իրենք կհիվանդանան ու կմեռնեն: Ես, որ ինձ երբեք թույլ չեմ տվել զարմուհուս ներկայությամբ ուսուցչուհու հասցեին ինչ-որ վատ բան ասել (ուսուցչուհու կերպարը միշտ պետք է վառ լինի), նույնիսկ երբ տետրակում տառասխալներ եմ գտել, այդ օրը զայրացա. «Այդ ի՞նչ հիմարություն են քեզ սովորեցնում»: Երեխան թե՝ «Հորքուր ջան, մեր դասն ա»: Իսկ դասն ասում էր հետեւյալը, թե այդ օրը կանայք ոչ մի գործ չեն անում, որպեսզի երեխաները ծաղիկ կամ կարմրուկ հիվանդությամբ չհիվանդանան (դե, ուսուցիչն էլ երեւակայությանը զոռ է տվել ու ավելացրել՝ «որ չմեռնեն»): Այս անհեթեթությունն էլ վերնագրված է՝ «Հարգենք մեր տոները»: Ու այդ մերն այն է, երբ Հիսուս Քրիստոսը օրհնում է բոլորին եւ երկինք բարձրանում…

…Հետո զարմուհիս հենց հիշում է «դասը», ինձ հարցնում է. «Հորքուր, բա Հիսուսը տղամարդ չի՞, բա ինքը ո՞նց Մայր Անահիտ կլինի, բա մեր դասատուն չգիտի՞»… Դե արի ու երեխային բացատրի, որ ոչ միայն դասատուն, այլեւ կրթության նախարարությունն էլ ու էլի պատկան շատերը «չգիտեն», որ սերնդին խեղճության դասեր տալով հաստա՛տ երկիր չեն կառուցի…

Աստղինե Քարամյան

* * *

Լեզվի տեսչության պետը թաց տեղը չի պառկում

«Սթար» սուպերմարկետների ցանցը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի իր բոլոր սուպերմարկետներում ներդրել է «Հայաստանի համար կարեւոր մի նորույթ. գնապիտակները եւ դրամարկղային կտրոնները թարգմանվել են հայերեն»:

Հաղորդագրությունում գրված է նաեւ, թե «հայաֆիկացումը ընկերությունից լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջեց»: «Իրադարձությունը» մեկնաբանել է նաեւ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության ղեկավար Լավրենտի Միրզոյանը. «Սթար» սուպերմարկետների ցանցը միշտ էլ աչքի է ընկել օրինապաշտությամբ, եւ ցանկանում եմ գոհունակությամբ փաստել, որ այս անգամը բացառություն չէր: Սուպերմարկետներում աշխատանքը համապատասխանեցվել է «Լեզվի մասին» օրենքի պահանջներին մեր տեսչության առաջարկած ժամանակահատվածում» (մեջբերումը՝ «Սթար»-ի՝ մեզ ուղարկած հաղորդագրությունից է – խմբ.):

Հետաքրքիր է, Լավրենտի Միրզոյանը, որ ղեկավարում է այն կառույցը, որ կոչված է մեր երկրում ապահովելու լեզվաքաղաքականությունը ի շահ պետական լեզվի՝ հայերենի, այդ ինչու՞ է հանկարծ խոսում «Սթար»-ի օրինապաշտության մասին:

Հիշեցնենք, որ այդ նույն «Սթար»-ը տարիներ շարունակ, նույն տեսչության թողտվությամբ, արհամարհում էր նույն՝ «Լեզվի մասին» օրենքը: Ու հիմա, երբ օրենքի պահանջն են կատարում, դա ներկայացնում են իբրեւ «Հայաստանի համար կարեւոր նորույթ»: Ու դեռ տեսչության պետն էլ շա՜տ շնորհակալ է, որ օրինախախտը որոշել է շտկել սխալը:

Լավրենտի Միրզոյանը գոհունակությամբ է փաստում մի բան, որ տնտեսվարողները պարտավո՛ր են անել:

Երեւի չափազանց շատ է համոզել-խնդրել…

Իսկ թե
ֆինանսական ինչ «լուրջ» ներդրումներ է պահանջվել «Սթար»-ից գնապիտակները հայերենացնելու համար, արդեն այլ թեմա է…

Անի Մարության

Լուսանցք» թիվ 14 (100), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։