Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

ԵՌԱԳՈՒՅՆ ԾԻԱԾԱՆ

«ԵՌԱԳՈՒՅՆ ԾԻԱԾԱՆ»

Կարմիր է կապել Արևը հրե,
Ճառագայթներով ներկել է հողը,
Եվ արթնանում են ծաղիկները քնից,
Ու ծիծաղում է վաղորդյան շողը:

Կապույտ երկինքը ժպտում է հեզ,
Կանչում է վերև ազատ թռիչքի,
Հեռվում դողում են ամպերը բոլոր,
Փայլատակումից նրա ջինջ գույնի:

Ծիրանագույն է շուրջ բոլորը,
Բուրավետ ու գեղեցիկ,
Պար է բռնել ուրախ քամին,
Թևածում է երգը մեղմիկ:

Եվ անձրևը, որ կաթում է
Մաքրելով օդը անգույն,
Պինդ կապում է ծիածանը՝
Ներկելով վառ ԵՌԱԳՈՒՅՆ:

Արմեն Ավետիսյան

Շարունակել կարդալ

ՆԱԽՆՅԱՑ ՔԱՎԱՐԱՆՈՎ

ՆԱԽՆՅԱՑ ՔԱՎԱՐԱՆՈՎ

      …Հուդա-քրիստոնեությունը հրով և սրով մտավ Հայք և կատարեց իր դավադիր հայասպան առաքելությունը…
       Չարը գրեթե ոչնչացրեց ամեն հայկական բան և Հայոց Ոգին առժամանակ ծնկեց, դարձավ աղերսող ու օտարադավան: Հայի Ոգին հեռացավ հայից ու հայի մարմինը Հայքում դարձավ ծանր բեռ՝ մեր ԱրԱրչական Բնօրրան-Հայրենիքի համար…
         Ազգայինը մեծավմասամբ դուրս հանվեց հայի մարմնից, տեղը լցվեց ապազգային ախտ… Այլաբանորեն Ազգը նաև հոգի է, իսկ Հայրենիքը՝ մարմին, և Հայոց Մարմինը գրեթե անհոգի մնաց…
         Օ՜ նախնիք, ախր այդ ի՜նչ արեցիք, ինչպե՜ս  ՄԵՐ  տունը, հավատքը, մշակույթն ու պատմությունը կուրորեն նվիրաբերեցիք օտարին՝ թշնամուն: Ի՞նչ էին թողել ձեզ ձեր հայրերն ու պապերը, և ի՞նչ թողեցիք դուք մեզ… ու՞մ առաքելությանը ծառայեցիք… բայց արդեն բա’վ է:
        Օ՜ Հայոց Աստվածներ, ես միանում եմ Րաֆֆու՝1 Ձեզ ուղղված կենացին, բայց նաև մեղանչում եմ իմ նախնյաց ճակատագրական սխալների համար: Արդ, ի’նձ տարեք Ձեր քավարանով՝ որպես զոհաբերություն, թող արյունս լինի հատուցում՝ անցյալի մեղքերի, բայցև հետ եկե’ք, զորացրե’ք Ազգը Հայոց, վերամիավորե’ք Հայրենիք-Հայքը՝ ԱրԱրչության Օրրանը:
       Հավերժ փա՜ռք, վասն Հայքի ու Հայության նահատակված՝ իրենց կյանքը զոհաբերած Հայորդիներին-Արորդիներին, և նոր ծնունդ նրանց սրբազան հոգիներին՝ եկող սերնդի մեջ…

1 – Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
      Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի…
      Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…
      Ո՛վ Հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ… (Րաֆֆի )

Շարունակել կարդալ

ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ ԶՈՐԱՎՈՐ

ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ ԶՈՐԱՎՈՐ

       Օ՜ Վահագն, Աստված Հայոց Զորության, Քո ձեռքի հպումն եմ զգում ծոծրակիս՝ արդեն տարիներ շարունակ: Ինչքա՜ն են ջերմանում հոգիս ու մարմինս այդ հպումից, ի՜նչ զորավոր ես Աստվա’ծ իմ, Եղբա’յր իմ՝ Վահագն: Ինչքա՜ն եմ երազել տեսնել Քեզ արթմնի, լինել կողքիդ, Ինչքա՜ն եմ ցանկացել, որ Ավագ Եղբոր պես համբուրես ճակատս ու օրհնես Արահետս, Օ՜ Վահագն:
       Ինչքա՜ն եմ զգացել Քո ներկայությունը, Քո ձեռքը՝ կռվազան տարիքում, իմ դժվարին օրերին, հատկապես պատերազմի տարիներին՝ ռազմադաշտում, նաև՝ այլուր… Քո հետ բարձրացա Արագածի գագաթը՝ խոսելու Հայ Աստվածների հետ, ազատորեն ու վեհության մեջ տեսնելու Մասիսները, հիշու՞մ ես, երբ ուժասպառ էի, հենց գագաթի տակ մի վերջին ճիգով Քեզ կանչեցի… Առաջին անգամ բարձրաձայն կանչեցի:
       Օ՜ Վահագն, ապավեն եղիր մեր գործին, վասնզի այն եթերային մի անկտրելի ոգեղեն թել է՝ ՄԵՐ անցյալ, ներկա և գալիք սերունդների Առաքելության մեջ…
       Ուժդ անսպա’ռ, Զորության Աստված:
      …Քաջազուն Եղբայր իմ՝ Գարեգին Նժդեհ, ինչքա՜ն եմ ձգտել նմանվել Քեզ, զենքի և գրչի ոգե-գաղափարական Եղբայր ու Ընկեր հարազատ:
       Ներկայիս հայ նվիրյալ տեսակի համար յուրահատուկ «կաղապար» ես, որի մեջ ամեն հայ իր չափն ու դերը պիտի զգա…
       Ինչքա՜ն եմ սնվել-սնվում Քո ցեղակրոն-արիական ուսմունքից, Քեզ պես երազել եմ խոսել Վահագնի հետ («Աստվածը հին՝ Արիական Հայության»), ինչքա՜ն եմ Քո հետ համաձայնվել, որ «մի նոր Սուրբ Գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Արիների Ավետարանը…» և այժմ էլ ես եմ ձգտում դրան:
        Օ՜ Նժդեհ, ոգու, մտքի և զենքի ազգային և համամարդկային հսկա, Կիսաստվածային Եղբայր իմ, արդեն Վահագնացած Հայորդի, ու’ժ տուր ինձ՝ նույնպես հասնելու Վահագնին…
        Թող Տիեզերքի ԱՐԱՐԻՉՆ ու Հայր Արան լինեն ապավեն Ձեզ և մեզ բոլորիս: Փա՜ռք Ազգին և առա՝ջ դեպի Հայոց Առաքելություն…

 – Սիրում եմ քեզ կյանք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես՝ ծննդի և մահվան միջև, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու և անդադրում գործելու…
 – Սիրում եմ քեզ մահ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս՝ հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնև հավերժության գիրկը…

Արմեն Ավետիսյան

Շարունակել կարդալ

ՀԱՅ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

{mosflv}/img/video/nmrut_ler.flv{/mosflv}

ՀԱՅ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

       ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում և այդ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը (Արի Մանը)` Արմանը կամ Արմենը…  
       Փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, որ Սկիզբն է և Վերջը Ամենայնի, Ամենակարողն է ու Ամենակատարյալը, և Ինքը հենց Տիեզերքն է՝ Տիրոջ Եզերքը…
                                                        Հա՜յր իմ ԱրԱրիչ,
                                                        Մա՜յր իմ Բնություն,
                                                        Տու՜ն իմ Տիեզերք,
                                                        Սիրու’մ եմ ես Ձեզ,
                                                        Գալի’ս եմ ես Ձեզ,
                                                        Կհասնե’մ ես Ձեզ…
         Փա՜ռք Ամենակալ Տիրոջը, որ ԱրԱրիչն է նաև Իր Որդիների՝ Հայ Աստվածների…
        Օ՜ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Զավակներ, Զորութ- յան, Սիրո ու Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ…
        Օ՜ Հայր Արա, որ Քո Աստվածային Սերմից ենք մենք և կրում ենք Քո Անմահ Գենը (Ծինը),
        Օ՜ Հայկ, որ ծնունդն ես Հայր Արայի, և մեր Նախնին ես՝ Երկնի ու Երկրի Երկունքից Ծնված,
        Օ՜ Մայր Անահիտ, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման, Աստվածամայրը՝ Հայորդի-Արորդիների,
        Օ՜ Վահագն, Հայոց Զորության տիրակալ, ոգու և բազկի Դու ապավեն, քաջության ու մարտունակության տիպար,
        Օ՜ Միհր, իմաստուն և արևատենչ, Հայոց ոգեղեն ու անշեջ կրակ,
        Օ՜ Տիր, Հայոց մտքի ու դպրության գանձարան, հայկականության անսպառ դպրանոց,
        Օ՜ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական դիցուհի, մարդու և բնության ներդաշնակ գեղանք,
        Օ՜ Վանատուր, Հայոց հյուրընկալության-հյուրասիրության շտեմարան, նվիրաբերվելու անհակ օրրան,
        Օ՜ Հայոց բոլոր Աստվածներ.
        Դուք, որ սիրում եք մեզ, բայց խռովել եք մեզանից, մեր նախնյաց ժամանակավոր թուլակամության ու դաժան-դավադիր հավատափոխության համար, դարձե’ք դեպի մեզ՝ դեպի Ձեզ եկող նոր սերունդը, Ձեզնով ապրող, Ձեզնով սնվող Հայորդի-Արորդիներին դարձե’ք, զորացրե’ք մեզ մեր հավատքով և առաջնորդե’ք հանուն Հայի ու Հայքի…
       Փա՜ռք Հայ Աստվածներին և բարի վերադարձ դեպ մեր հոգիները…
ՀԱՅԻ ՈԳՈՒՆ
        Օ՜ Հայի Ոգի…
      Տիեզերքի անհունից եկած և երկրային բնության հետ ձուլված Հայի Ոգի: Դիմում եմ Քեզ՝ հայացքս ուղղելով իմ ներսը՝ Գենիս ԱրԱրչադիր և ԱրԱրչահաղորդ, որ Քո ԱրԱրչության Արգասիքն է: Ես զգում եմ Քեզ՝ Հայի Ոգի, զգում եմ Քո ջերմությունն ամեն մի բջիջովս, սակայն, տու’ր ինձ զորություն, որ զգալս ի նպաստ դնեմ Քո վերահաստատման համար: Հայության մեջ Քո հավերժական հաստատման համար:
        Օ՜ Հայի Ոգի, տու’ր ինձ այդ զորությունը՝ Ազգիս հանդեպ Առաքելությանս հաջող ավարտի համար, և այնժամ տա’ր ինձ, որ միաձուլվեմ Քեզ, դառնամ մեկ հյուլեն Քո Զորության և մասնիկը՝ Ազգիս Ոգեղենության…

Արմեն Ավետիսյան

Շարունակել կարդալ

Հայր Արայի Օրհնանքը քեզ՝ Քրմապետ

Հայր Արայի Օրհնանքը քեզ՝ Քրմապետ

        Մեր սիրելի Քրմապետի երկրային կյանքն այլևս օրինակ    պիտի հանդիսանա հայ արորդիների համար: Նա արեց առաջին և կարևոր քայլերը՝ հայոց հնագույն հավատամքին վերադառնալու, հայոց ծիսակարգով օծվելու, Հայ Աստվածների հետ խոսելու… ուղղությամբ: Մեծ է Տիայր Սլակի լուման Հայ-Արիական կեցությանը դառնալու գործում: Նա ապրեց որպես ազգային (հեթանոս) հայորդի և այդպիսին էլ մահացավ մարմնապես: Նրա մահը, մարմնի այրումը Քրմապետի հոգին ոգեղենացրեց և վերադարձրեց Հայ Աստվածներին… հրկիզման արդյունք մասունքները խառնվեցին բնության չորս տարրերին՝ հուրին, օդին, ջրին, հողին և իրականացվեց «Հու’ր էիր, հու’ր դարձիր»-ը: Այո’, Հայ-Արիացու արարչական մարմինը չի կարող հող դառնալ, ավելին՝ իրավունք չունի դառնալ սողացող ճիճուներին կեր…
      Մենք՝ հայ-արիացիներս, այսօրվանից պատգամում ենք՝ մեզ էլ թաղել նույն ծիսակարգով… Փա՜ռք Հայ Աստվածներին, փա՜ռք Արարչին:  

ՀԱՄ առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան

Շարունակել կարդալ

Տիեզերագիր

http://www.hayary.org/wph/?p=1440 – Հայկական տեսանկյուն – Տիեզերագիր… 

Փա՜ռք մեր հին Ցեղին

Փա՜ռք մեր հին Ցեղին, մեր նախնիներին,
Նախնյաց հավատի հին Աստվածներին,
Հին, բայց չհնացա՜ծ,
Երկնքից իջա՜ծ, երկինք բարձրացա՜ծ,
Հավերժի կամուրջ մեզ հանդիսացած…
Փա՜ռք ԱՐԱՐՈւՄԻՆ, Փա՜ռք մեր ԱՐԱՐՉԻՆ,
ԱՐԱՐՈՂ ԱԶԳԻ ԲԵՂՄՆԱՎՈՐԻՉԻՆ,
Փա՜ռք Անաչառին, Փա՜ռք Ազգ Արդարին,
Վերածնունդի մեր Ազդարարին…

 Անդրանիկ Աթոյան

Շարունակել կարդալ

Քրմապետ Սլակ Կակոսյանի հիշատակին

Քրմապետ Սլակ Կակոսյանի հիշատակին

…Լու՜յս դարձավ,
Հու՛յս էր, հու՜յս դարձավ,
Լքեց մարմինն իր, բայց՝ ո՛չ Հայ Ոգին,
Հառնե՜ց, որ դառնա՝ նոր սրտեր բանա…
Մարդ՝ որ ապրել է, նաև ապրեցրե՜լ ոչ մահվան համար,
Մարդ՝ որ եկել էր… և դեռ գալու է անցյալ-ապառնի
                                                               լույսը կցելու,
Մարդ՝ որ չի ծնվել ու չի էլ ապրել միայն ի՛ր համար,
Մարդ՝ որ ԱԶԱՏ էր, և որ չուներ տե՜ր (կամ տե՜ր ողորմեա)…
Ոչ երկրի վրա, ոչ էլ երկնքում,
Մարդ՝ որը տե՜ր չէր, այլ՝ Տի՛Ար էր նա,
Փա՜ռք Քեզ ՏիԱր Սլակ, Ոգիդ Լու՛յս մնա…

               Անդրանիկ Աթոյան

Շարունակել կարդալ

Աշխարհ եկար…»

«Աշխարհ եկար» և «Անունդ Արմեն» երգերս նվիրված են ՀԱԲ-ի Կոտայքի շրջանի
«Կոտայք» գնդի հրամանատար, ՀԱԲ-ի հազարապետ՝ Արմեն Ավետիսյանին

«Աշխարհ եկար…»
Աշխարհ եկար՝ ձեռքդ Աստծո մեծ պատգամ,
Որ ո՜չ մի հայ հողին կարոտ չմնա,
Դարձար ամե՛ն – ամե՜ն հայի բարեկամ,
Որ քեզանից ոչ-ոք դժգոհ չմնա:

կրկ. – Դու՛ բարերար, դու՛ սիրահար
          Հայրենիքի՛դ աննման,
          Անունդ ապրի դարեդար,
          Դու մեր ազգի պահապան:

                       * * *
Ավետիս պապիդ օրհնանքով մեծացել,
Հայոց վերքին դու բալասան ես դարձել,
Անդրանիկյան ոգով ազգիդ տու՛ն կանչել,
Որ ոչ մի հայ հողին կարո՜տ չմնա:

                       * * *
Ավետիսյան Արմեն, աշխա՛րհ թող լսի,
Մեր Ալմաստն էլ իր երգերով թող խոսի,
Քե՛զ պես հայի գովքը ամենուր ասի,
Ազգիդ ամեն պաշտպան քեզ լա՜վ իմանա:

***
«Անունդ Արմեն»

Նորից կրկնվում էր պատմությունը հին,
Նորից կոտորած էր անմեղ հայերի,
Կապեցի՛ր զենք-զրահ ընդդեմ դուշմանին,
Որ վերջ դրվի ջարդին անմեղ հայերի:

կրկ. – Դու պաշտպա՛ն Հայոց Տիգրանյան Մեծ Տան,
          Անունդ Արմե՛ն՝ ասաց ամեն բան,
          Ավետիս պապուդ դու մեծ պատվիրան,
          Վրեժով լեցու՛ն, դու դեռ կերթա՛ս Վան:

                          * * *
Սումգայիթը խոցեց հոգիդ, մե՛ր Արմեն,
Ուզեցի՛ր Նախչվան նորեն ե՛տ առնել,
Որ նոր Սուլուխ չդառնար միջանցքը «Լաչին» 
Ու վե՛րջ տրվեր ջարդին անմեղ հայերի:

                          * * *
Աշուղ Ալմաստն էլ ձեր երթին միացած,
Սազն ու զենքը ձեռքին՝ մի նոր երգ դարձած,
Փա՜ռքը գովերգի ձեր՝ ձեզնով հիացած,
Որ վերջ դրիք ջարդին անմեղ հայերի:

***
«Կամավորը» և «Դու փա՜ռք մայր հողի» երգերս նվիրված են
ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանին

«Կամավորը»

Դու քաջարի զինվոր հայոց բանակի,
Ազատության մարտիկ դարձար կամավոր,
Անվհատուն կռվան՝ քո ազգի փառքի,
Ելա՛ր մարտի, անվա՛խ զինվոր կամավոր:

կրկ. – Արծվի նման քեզ միացան թևավոր
          Հայ տղերքը, աղջիկները կամավոր,
          Կարիճի պես սուրացին քունքը թուրքի,
          ՀԱԲ-ի ջոկատի տղերքը կամավոր:

                         * * *
Քեզ միացան քաջ տղերքը մեր ազգի,
Հրամա՛ն էր, որ Արցախը ազատվի,
Դու քաջ մարտիկ Վասիլյան մի՛ վհատվի,
Աղջիկներն էլ դարձան զինվոր կամավոր:

                         * * *
Չես դադարել, դեռ կռիվ կա քո հոգում,
Երբ տեսնում ես ընկերներդ են բողոքում,
Աշուղ Ալմաստն էլ քո փա՜ռքն է գովերգում,
Մեր Ռազմի՛կ՝ կամավոր հայոց զինվոր:

***
«Դու փա՜ռք մայր հողի»

Դու՛ զինվոր մեր Հայոց բանակի,
Դու՛ պաշտպան քաջ մարտիկը հայ ազգի,
Ուր էլ որ լինեմ քո գովքը միշտ կանեմ,
Որ աշխարհներին արար անունդ նվիրեմ:

կրկ. – Դե քայլի՛ր, դե քայլի՛ր դու հպարտ,
          Դու՛ զինվոր քո ազգի մի՛շտ անպարտ,
          Դու՛ երդում մեր հայոց մայրերի,
          Դու՛ երգն ես մեր չքնաղ քույրերի:

                        * * *
Դու՛ փառքն ես մեր հայոց աշխարհի,
Դու՛ զինվոր քո անպարտ մայր հողի,
Մեր Ռազմիկ Վասիլյան, մայր հողիդ պահապան,
Մայրերը կերգեն քո փա՛ռքը հավիտյան:

Աշուղ Ալմաստ (Սվետա Միլիտոնյան)՝
ՀԱԲ-ի նախկին ազատամարտիկ

Շարունակել կարդալ

Զորություն Նախնյաց

Զորություն Նախնյաց

Ով չի այցելել մամուռով պատված
Գերեզմանները գորշ ու հնօրյա.
Նա չի ստանա ոգու թաքնված
Մոգական ուժը՝ անցյալի անմահ:
Ով որ չի լսել խոսքը մեր նախնյաց
Գերեզմաններում թեկուզ մի վայրկյան. 
Նա անարմատ է հողում հայրենյաց
Եվ անզոր զինվոր՝ մեր սուրբ պատմության:
Այստեղ է ոգին ցեղի աննահանջ
Թրծվում անտես հյուսվածքով վերին,
Այստեղից է որ Արիները քաջ
Ոգի են տալիս վաղվա քաջերին:
Այստեղ ամեն քար պարփակել է մի՝
Բեմից հեռացած կենսագիր անսաստ,
Ով որ իմանա անցյալի ոգին.
Չի անցնի նրա կյանքը անիմաստ:
Արդարև’, եթե Նժդեհը հոգում
Չունենար նախնյաց անունները մեծ,
Արդյո՞ք կշնչեր Հայը այս դարում,
Հայքի մի մասում վեհ ու աստղամերծ…

Հավհաննես Աղաբաբյանի

Շարունակել կարդալ

Ռեքվիեմ՝ վերածննդից առաջ

Ռեքվիեմ՝ վերածննդից առաջ

Տեսնում եմ ինձ՝ կախված պարանից,
Աչքերս հանած ու պատռած բերան,
Տեսնում եմ սգող մայրական սրտից
Մասնատված որդու արցունքի վարար:
Տեսնում եմ դիեր, գանգեր բազմազան,
Արյուն եմ տեսնում, գիշատիչ գազան,
Փսլնքոտ երախ, սրած մագիլներ
Եվ անօթևան բազում հոգիներ…
Ձայներ եմ լսում ահարկու, խեղդված,
Հավերժ լռություն աղերսող ձեռքեր,
Խելագար աչքեր ու հենց նոր ծնված
Փոքրիկի մարմնին՝ դանակի հետքեր:
Չկա սրբություն, տրորված է այն,
Մեռած է նաև արդարությունը,
Նեռն է ուղեկցում չարին լռելյայն, -
Զարկի’ր յաթաղան, թափի’ր քո թուրք թույնը:
Զարկի’ր անվրեպ, զարկի’ր անխնա,
Եվ թող հայ կոչվածն իր տեղն իմանա,
Թող ձուլվի հողին կամ թող ծնկի գա,
Որ թուրք ասկյարի չափը իմանա:
…Բայց սխալվեցին, ապրում է հայն ու
Դրոշ պիտի պարզի Մասիսի գագաթին,
Կյանքի է կոչում իր սերունդներին,
Վրեժ է երգում և ոչ՝ իր վայը:
Ոսկի հասկեր են բռնել դաշտերը,
Անտառը նորից զմրուխտ է հագել,
Գործի է անցել ծերուկ ռանչպարը,
Իր թոռներին է հայությամբ օծել:
ՈՒ թոռները նրա դյուցազուն,
Արդեն խմբերով Գառնի են գալիս
Եվ հայ հեթանոս այս տաճարում
Արդար Վրեժի երդում են տալիս:
Երդվում են քշել օտարին՝ տանից,
Երդվում են Նախնյաց Օջախը շինել,
Վահագն աստծուց ուժ են ստանում
ՈՒ սիրով լցվում Աստղիկից գեղուն:
Հավատում են վաղվա օրվան,
Եթե նույնիսկ չտեսնեն,
Պատգամում են սերունդներին,
Որ հորովելները երգեն…
Հո’լ արա, եզո ջան,
Հո’լ արա, ախպեր ջան,
Արարիչն է մեզ հետ,
Դեռ կոմիտասներ կգան:

  Վեվ Արյան (Վլադիմիր Խաչատրյան)  

Շարունակել կարդալ

Տիեզերական զրույց

Տիեզերական զրույց

Զրուցում եմ քեզ հետ՝
 լույսի լեզվով,
հեռավոր մի մոլորակի
մտապահված բարբառով,
աստղերի, հրեշտակների,
աներևույթ էակների
ծածկագրված բառերով:

Զրուցում եմ քեզ հետ՝
քարերի լռությամբ,
քարերի մեջ լողացող
ավազների ծով համբերությամբ,
վերընթաց սիրով,
որ չծնված թռչունի
փետուրի պես
դեռ դրված է ձվի մեջ՝
կապտաթև առավոտի:

Արևշատ Ավագյան

Շարունակել կարդալ

Վերհիշումներ

Վերհիշումներ

Հիշողությանս մեջ,
Ուղեղիս մի անկյունում
ողջ տիեզերքի կյանքի պատմությունը
տեսագրված ու ձայնագրված է
սկզբից մինչև այսօր:

Մարմնիս ամեն մի մասում,
յուրաքանչյուր բջջի խորքում
ննջում են նախնիներիս կարոտները:
Հորս սերը
արյունատար իմ երակներով
բերում է ապուպապիս
կյանքի փորձը՝
թոռներիս համար:

Սիրով, արյունով
ու լույսով են գերված
իմ տոհմի պատմության էջերը,
ներշնչող լիցքերը դրված են
ուղեղիս ու սրտիս թրթիռների տակ,
երգերս ծիլ են տալիս
իմ նախնիների հիշողության խորքերից:

Արևշատ Ավագյան

Շարունակել կարդալ

Հայորդիները գալիս են

Հայորդիները գալիս են

Հայորդիները գալիս են
պատմության քառուղիներով,
նրանք այն երկրի զավակներն են,
որի հորդաբուխ  գետերի միջնամասում
դեռ ապրում է հիշողության դրախտը:

Նրանք այն երկրի զավակներն են,
որի կորցրած հողերի միջից,
երկգլխանի լեռան նման,
վեր է ձգվում ար-ար-ման խորհրդանիշը՝
անմոռաց կարոտը սրտում:

Նրանց հայացքում
երկնքի մեջ մնացած
մտապատկերի ուրվագիծը
թողել է վեհության փայլը՝
ամպերից վեր ձգված գագաթների վրա:

Հայորդիները իջնում են
պատմության ու ավանդույթի կեռմաններով:
Մեծ արտագաղթի ու ներգաղթի
ժամանակները խաչվում են նրանց դեմ՝
գալիքի նախաշեմին:

Նրանք այն երկրի զավակներն են,
ովքեր հույսի ու հավատի հետ
ծածկագիր սերմեր են բերում՝
երկնային դրախտը
երկրում ստեղծելու համար:

Արևշատ Ավագյան

Շարունակել կարդալ

ԱՐԻՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

ԱՐԻՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Մեկից չի լինի, արիներ են պետք,
Չարն էլ է գործում, բարիներ են պետք,
Անկախությունը հեշտ բան չիմանաք,
Այնպես, որ հիմա արիներ են պետք:
Սահեցին անցան այս տարիները,
Չարին զիջեցին մեր բարիները,
Հեղեղի դիմաց դժվար է կանգնել,
Վտիտ առվակ են մեր արիները:
Բայց ուժ կտա այս նոր տարին,
Արդար մտքին ու հանճարին,
Կհեղեղվեն արին, բարին,
Ջրխեղդ կանեն նենգ ու չարին:

Գառնիկ Արսենյան

Շարունակել կարդալ