Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

ՏԻԵԶԵՐՔԻ ԻՄ ԴԱՍԱԿԻՑ

ՏԻԵԶԵՐՔԻ ԻՄ ԴԱՍԱԿԻՑ

Աստղերու մեջ ապրող խորհուրդ՝
Դուն մարդակերպ իմ բախտակից,
Կուզեմ տեսնել դեմքդ քու մութ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ ըսել քեզի՝ բարև՛,
Կուզեմ տեսնել, թե ինչ արև,
Ի՞նչ նոր պատկեր աստվածընծա
Դեմքիդ վրա կը շողշողա:
Տիեզերքի իմ դասակից,
Գուցե շնչող բիրտ մեքենա,
Գուցե շրջող հոգի անբիծ,
Կ’ուզեմ նայիլ քու աչքերուդ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ գիտնալ, թե անհագուրդ
Մեր տենչերուն ու մեր ցավին
Նույն արցու՞նքն է արդյոք աղի,
Որ աչքերուդ մեջ կը սառի:
Նոր աշխարհի իմ հյուրընկալ,
Կ’ուզեմ ըլլալ քեզ դաշնակից,
Կ’ուզեմ քեզի սիրտս բանալ,
Ձեռքդ սեղմել եղբայրաբար
Եթե ունիս,
Կ’ուզեմ գիտնալ, թե կա՞ հնար
Միջոցին մեջ սիրո կամար…
Աստղերու մեջ ապրող խորհուրդ,
Դուն մարդակերպ իմ բախտակից,
Կ’ուզեմ լսել լեզուդ քու մութ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ, որ դուն գոնե ըսես,
Եթե գիտես,
Թե ի՞նչ ես դուն և ի՞նչ եմ ես,
Ինչու՞ կայինք, ինչու՞ չկանք,
Թե ո՞րն է մահ, թե ո՞րն է կյանք…

Մուշեղ Իշխան

Շարունակել կարդալ

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈՒԹՅԱՆԸ

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈՒԹՅԱՆԸ
/հատված/

Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Մշտահոլով, մշտագո և մշտատև, -
Դու,՛ որ փոխվում ես հար,
Բայց մնում ես և կաս բազմաձև, -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Ահա,՛ աստղերը քո և երկինքներդ ահա,՛
Եվ արեգակդ ահա,՛ և հորիզոնդ ահա,՛
Ե՛վ օվկիաններդ լուրթ, և՛ լեռներդ լազուր, և՛ գետերդ բոլոր: -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Եվ ուժերդ ահա,՛ կենսապարար՝
Ինքնաբուխ, մշտնջենական և հարափոփոխ, -
Եվ ոգին իմ ահա,՛ որ տիրաբար
Դեպի քե՛զ է ձգում՝ ողողված լույսերի տարափով: -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Խուժի՛ր, տեղա՛ իմ մեջ, սուզվի՛ր իմ մեջ բոլոր
Քո աստղերով, ծովերով և երկինքներով,
Քո ընթացքով անկանգ ու մշտահոլով,
Քո ուժերով՝ թե՛ կյանք, թե՛ խնդություն բերող: -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Բայց չես սիրում դու մեզ, չես մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՛վ ենք ձգտում հասնել
Քո ընթացքի՛ն, քո վազքի՛ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղծ: – …

Եղիշե Չարենց Շարունակել կարդալ

ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի:

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել,
Հոգուս անհունի հրճվանքը տալով,
Բարձր ճակատիդ ժպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով:

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով,
Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ:

Ու վերանում է հոգիս զըվարթուն,
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած
Տիեզերքն ամբողջ, հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված:

Հովհաննես Թումանյան
Շարունակել կարդալ