Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Չկայացած Գարուն

Չկայացած Գարուն

      Դե արի ու մի՛ խենթացիր վարդապետ՝ արդարության հուղարկավորության համար: Հոգեհանգստի ժամանակ ասված ճոռոմ ճառերի և Մարիամի թախծոտ աչքերից կախված արյան շիթերի համար: Նրա խաչված Որդու դարավոր ողբի ու մեղքերի քավության համար: Չարքաշ շինականի աղերսի պես հնչող ամենօրյա աղոթքներում չարյաց փրկության և մի կտոր հանապազօրյա հացի համար, որն երկնքից է կախված:
     Դե արի ու մի՛ խենթացիր, երբ անարդարության զորավոր ձեռքը զորավոր ավետարանի վրա դրված երդմնազանց է դառնում… իսկ զորավոր ավետարանը դառնում է անզօր, դարերի փոշին կուլ տված մի հասարակ մագաղաթ: Եվ այս ամենից հետո ինչու՞ երկրի արգանդը ճշմարտության ցավից չի գալարվում, կամ լեռների ուղեղները չեն շանթահարվում կեղծիքից: Եվ այսքանից հետո մենք անարդարության ձեռքը պետք է համբյուրենք ու դնենք գլխներիս, քանի որ չկարողացանք կտրել ու դեն նետել…
     Անհանդուրժելի է, բայց փաստ է: Փաստ է նաև       այն, ինչպես մեծ պոետն է ասել՝
 – Գարուն ա, ձուն ա արել…
         Իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը: Իհարկե, Ադամը, որի սիրտը թթու խնձոր ուզեց խակ-խակ ծառից պոկեց ու կերավ, և մինչ օրս էլ մնաց կոկորդը… Որովհետև գողացվածը չի մարսվի երբե՛ք…

Տիր՝ Ահարոն Ղազարյան

Շարունակել կարդալ

Հարցադրում

Հարցադրում

Դո՛ւք, խիստ անտարբեր քրիստոնյաներ
               համայն աշխարհի,
Եվ իմաստուն, բայց համակերպվող սրբազան հայեր
Դո՛ւք, Հռոմի պապ, մեծ կարդինալներ
    և պատրիարքներ,
Ժամանակը չէ՞, որ մտածեք Ձեր մեծ մեղքը քավել:

Ես՝ սովորական հայ մահկանացու՝ մտավորական,
Հարցեմ ուղղում Ձեզ, մի շատ կարևոր,
    խիստ արդիական,
ՄԱՍԻՍ ՍԱՐՆ Ու ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ ՀԱՅԻ՞ՆՆ ԵՆ ՄԻԱՅՆ,  
ԹԵ՞ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆԸ:

Եթե հայինն, ուրեմն համարենք խիստ օրինաչափ,
Որ դժբախտ ազգն իմ, անզեն, անկարող
    իր ժամանակին
Ի վիճակի չէր, պահել-պահպանել լեռն այդ սրբազան,
                      իր ժանտ թշնամուց՝ մարդակեր թուրքից:

Իսկ եթե միայն հայինը չէ, այլ, օրրանն է այն
    համայն մարդկության,
Ուրեմն ո՞ւր եք դուք, քրիստոնյաներ, սրբազան
                                                    հայրեր, հոգևոր մեծեր,
Քրիստոս Աստծուն միշտ հավատարիմ, խաչը
                                         համբուրող, զոհեր մատուցող,
Սուրբ գաղափարին Ձեր կյանքը «նվիրած» և Մեծն
                                              Աստծո խոնարհ ծառաներ:
Ինչպե՞ս եք տանում, ինչպե՞ս հանդուրժում փաստն
                                              այդ ահավոր վիրավորանքի,
Որ Նոյ նախահոր սրբազան տապանն ու հանգրվանը՝
Աստծո աջով արարչագործված սուրբ ուխտատեղին,
աստվածաշնչի սրբազան լեռը
    գերի են այսօր անօրեն թուրքին՝
                                     սրբապիղծ, զազիր, եղկելի ցեղին:

Վայրենի մի ցեղ, որի «բութ գլխում» (պոետը կասեր),
Եթե կա մի բան (միայն ոչ ուղեղ) ապա՝ եղծելու,
   սրբագործվածը պղծելու համար,
Բարին ու լավը, գեղեցիկ-վեհը, միտքն ու հանճարը
   սիր քաշելու, ջնջելու համար,
Կամ էլ անհավատ կավատի նման այլաց կերտածը
սեփականելով՝ դատարկությունն իր կոծկելու համար:

Այսքանից հետո եթե կգտնեք, որ դուք անմեղ եք
                                                     և կհանդուրժեք,
որ Մասիս սարն ու Նոյյան տապանը այդպես էլ
                մնան գերի, անարգված,
Նզովյալ եղեք, անիծո՛ւմ եմ Ձեզ, քանզի սո՛ւտ եք
                                                     դուք և Ձեր հավա՛տն էլ…
Թե մեղավոր եմ՝ մեղա քեզ, տեր իմ, բյուր հազար մեղա…

 Վազգեն Ղազարյան

Շարունակել կարդալ

Դրացի, թե…

Դրացի, թե…

Հարեւանը ցավացող, փչացած ատամ չէ,
որ երբ ուզենաս հեռացնես (ժողովրդական ասացվածք)

Դարեր շարունակ ձեզ հավատացինք,
Ձեզ վստահեցինք եւ շատ օգնեցինք,
Շատ բան ներեցինք, որպես հարեւան, որպես դրացի,
Բայց ավաղ, մնացիք անշնորհակալ՝ տուտուց վրացի:

Դարեր շարունակ դուք չհասկացաք
Հասարակ մի բան, որ մարդկային չէ, որ չի կարելի
Պղտորել, պղծել սրբազան ակունքն այն կենսաղբյուրի,
Որից սնվելով ու զորանալով քաղաքակրթվել ու ազգ եք դարձել (՞):                     
                                                     

Մի փոքր նամուս, մարդկայնություն էլ եթե ունենաք,
Մեծ Հայքի նահանգ Վիրքի մասին էլ թե ճիշտն իմանաք,
Հնարավոր է (բայց կասկածում եմ), որ գլխի կընկնեք,
Որ ձեզ ազգ դարձնելու եւ պահպանելու «մեծ մեղավորը» Հայերն են՝ մենք ենք:

Կյանքում չեմ հարգել որեւէ մեկի արած լավության երեստվանքը,
Բայց եւ չեմ կարող ներել ձեր կողմից մեզ հասցված մեծ վիրավորանքը,
Աստված է վկա, միշտ էլ եղել եք երախտամոռ ու անշնորհակալ,
Իսկ այսօր ավելին, դարձել հայատյաց, նույնիսկ ոխակալ:

Ինչն է պատճառը, վրացի «եղբայր», մեր մեղքը ո՞րն է,
Այն, որ արարել, արժեքներ ստեղծել ու ձե՞զ ենք թողել,
Թե՞ այն, որ դրանց վկայագրերը հավաստում են մեր՝ Հայոց գրերը:
Փոխանակ դրանք արժեւորվելու, գնահատելու եւ վայելելու:

Չարին, տմարդին կամ թուրքին վայել վայրի մոլուցքով,
Վկայագրերից հայոց գրերը իսպառ ջնջելով,
Ձեր (նաեւ մեր) հողում թաղված մեր հայ մեծերի սուրբ շիրիմները
Բարբարոսաբար ոչնչացնելով, նույնիսկ պղծելով,
Ուզում եք Հայի կամ հայկականի հետքերը մաքրել:
Ասենք մաքրեցիք՝ հայի անունն էլ, հետքն էլ վերացրիք,
Հայերի թողած վիթխարի արժեք-ժառանգությունը
Սեփականեցիք, շատ բան կեղծեցիք, ձեզնով արեցիք:

Բայց քաղաքակիրթ աշխարհը հային՝ արարիչ Հային,
Ախր լավ գիտի, շատ վաղուց գիտի,
Իսկ ձեզ, ձեզ ինչով, ինչով իմանա ու գնահատի,
Ինչ էլ որ ունեք, եթե խորանա, ակունքներում մերը՝ մեզ պիտի գտնի:

«Հայերը, որ մեր թշնամիներն են, մենք դա հասկացանք,
Բա այս վրացիք, վրացիք ով են»:
Իր ժամանակին սրանք խոսքերն են ձեզ շատ հարազատ այսօրվա թուրքի,
Առաջին նախագահ, հայակուլ դահիճ՝ նեռ Աթաթյուրքի:

Մեր մոլորյալ, ճամփից շեղված, Աստծո կամոք հավերժ դրացի,
Արմատներով մեզնից սերված, սակայն գոռոզ ու մեծամիտ, մեր դեմ չարացած վրացի,
Դրոն է վկա, Հային լավ գիտեք, համբերությունն էլ իր սահման չունի,
Ուստի սթափվեք, շուտ ուշքի եկեք, թե չէ՝ վաղը…ուշ կլինի:

                                                     Վազգեն Ղազարյան

Շարունակել կարդալ

ՏԻԵԶԵՐՔԻ ԻՄ ԴԱՍԱԿԻՑ

ՏԻԵԶԵՐՔԻ ԻՄ ԴԱՍԱԿԻՑ

Աստղերու մեջ ապրող խորհուրդ՝
Դուն մարդակերպ իմ բախտակից,
Կուզեմ տեսնել դեմքդ քու մութ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ ըսել քեզի՝ բարև՛,
Կուզեմ տեսնել, թե ինչ արև,
Ի՞նչ նոր պատկեր աստվածընծա
Դեմքիդ վրա կը շողշողա:
Տիեզերքի իմ դասակից,
Գուցե շնչող բիրտ մեքենա,
Գուցե շրջող հոգի անբիծ,
Կ’ուզեմ նայիլ քու աչքերուդ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ գիտնալ, թե անհագուրդ
Մեր տենչերուն ու մեր ցավին
Նույն արցու՞նքն է արդյոք աղի,
Որ աչքերուդ մեջ կը սառի:
Նոր աշխարհի իմ հյուրընկալ,
Կ’ուզեմ ըլլալ քեզ դաշնակից,
Կ’ուզեմ քեզի սիրտս բանալ,
Ձեռքդ սեղմել եղբայրաբար
Եթե ունիս,
Կ’ուզեմ գիտնալ, թե կա՞ հնար
Միջոցին մեջ սիրո կամար…
Աստղերու մեջ ապրող խորհուրդ,
Դուն մարդակերպ իմ բախտակից,
Կ’ուզեմ լսել լեզուդ քու մութ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ, որ դուն գոնե ըսես,
Եթե գիտես,
Թե ի՞նչ ես դուն և ի՞նչ եմ ես,
Ինչու՞ կայինք, ինչու՞ չկանք,
Թե ո՞րն է մահ, թե ո՞րն է կյանք…

Մուշեղ Իշխան

Շարունակել կարդալ

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈՒԹՅԱՆԸ

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈՒԹՅԱՆԸ
/հատված/

Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Մշտահոլով, մշտագո և մշտատև, -
Դու,՛ որ փոխվում ես հար,
Բայց մնում ես և կաս բազմաձև, -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Ահա,՛ աստղերը քո և երկինքներդ ահա,՛
Եվ արեգակդ ահա,՛ և հորիզոնդ ահա,՛
Ե՛վ օվկիաններդ լուրթ, և՛ լեռներդ լազուր, և՛ գետերդ բոլոր: -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Եվ ուժերդ ահա,՛ կենսապարար՝
Ինքնաբուխ, մշտնջենական և հարափոփոխ, -
Եվ ոգին իմ ահա,՛ որ տիրաբար
Դեպի քե՛զ է ձգում՝ ողողված լույսերի տարափով: -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Խուժի՛ր, տեղա՛ իմ մեջ, սուզվի՛ր իմ մեջ բոլոր
Քո աստղերով, ծովերով և երկինքներով,
Քո ընթացքով անկանգ ու մշտահոլով,
Քո ուժերով՝ թե՛ կյանք, թե՛ խնդություն բերող: -
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: -
Բայց չես սիրում դու մեզ, չես մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՛վ ենք ձգտում հասնել
Քո ընթացքի՛ն, քո վազքի՛ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղծ: – …

Եղիշե Չարենց Շարունակել կարդալ

ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի:

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել,
Հոգուս անհունի հրճվանքը տալով,
Բարձր ճակատիդ ժպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով:

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով,
Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ:

Ու վերանում է հոգիս զըվարթուն,
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած
Տիեզերքն ամբողջ, հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված:

Հովհաննես Թումանյան
Շարունակել կարդալ