Խ Հ Ո Պ Գ Մ
Փյունիկ 26 18 5 3 57-12 59
Միկա 26 17 4 5 57-29 55
Ուլիս 26 14 5 7 41-21 47
Բանանց 26 13 4 9 37-25 43
Գանձասար 26 11 2 13 22-42 35
Շիրակ 26 5 8 13 22-48 23
Կիլիկիա 26 5 4 17 20-48 19
Արարատ 26 1 8 17 15-49 11
Արթուր Քոչարյանը («Ուլիս»)՝ 14 գնդակ, Բոտի Դեմելը («Միկա»)՝ 13 գնդակ, Հենրիխ Մխիթարյանը («Փյունիկ») եւ Սամվել Մելքոնյանը («Բանանց»)՝ 11-ական գնդակ, Արամ Ոսկանյանը («Միկա»)՝ 10 գնդակ, Արտյոմ Ադամյանը («Ուլիս») եւ Արսեն Ավետիսյանը («Գանձասար»)՝ 9-ական գնդակ:
Խայտառակ պարտություններ
Հայաստանի կանանց եւ աղջիկների ֆուտբոլի հավաքականները շարունակում են խայտառակ կերպով հանդես գալ միջազգային ասպարեզում: Կանանց մինչեւ 17 տարեկանների հավաքականը Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության որակավորման 1-ին փուլում Ռուսաստանի թիմին 0:19 հաշվով պարտվելուց հետո զիջեց Իսպանիային՝ 0:21 հաշվով: Իսկ Հայաստանի կանանց ազգային հավաքականն աշխարհի 2011թ. առաջնության ընտրական խաղում Երեւանում զիջեց Իտալիայի թիմին՝ 0:8, իսկ Սլովենիային` 1:5 հաշիվներով: Այս միակ գոլը աշխարհի առաջնությունում խփած մեր ֆուտբոլիստուհիների առաջին գնդակն է, որը խփեց Քրիստինե Մանգասարյանը՝ 11 մ հարվածով: Հիշեցնենք, որ Ֆինլանդիային մերոնք պարտվել էին 0:4 հաշվով: Նման խաղով մեր կանանց ֆուտբոլը չի կարող հեռանկար ունենալ:
Ադրբեջանի դրոշները` աղբամաններում
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել՝ կապված իրենց երկրի դրոշի հանդեպ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղում ցուցաբերած վերաբերմունքի հետ: Սեփական արժանապատվությունը ոտնահարած տեղեկություններից բացի հաղորդել են այն մասին, որ Թուրքիայում ադրբեջանական դրոշների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար ընթացող հետաքննությունն արդեն արդյունք է տվել: Այս մասին Բուրսայի քաղաքապետ Շահաբեթին Հարպուտն է հայտնել «D» հեռուստաալիքին: Հիշեցնենք, որ հիշյալ խաղում ադրբեջանական դրոշները մարզադաշտում հայտնվելու փոխարեն… հայտնվել էին աղբամաններում եւ զուգարաններում: Եվ ահա, ադրբեջանական կողմի բողոքներից հետո Թուրքիայում սկսել են պատժել այն ոստիկաններին, ովքեր «անարգել» են Ադրբեջանի դրոշը:
Աշխարհում 58-րդն ենք
2008թ. օլիմպիական խաղերից հետո կայացած աշխարհի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում ՀՀ ներկայացուցիչներն առայժմ չեն կարողացել նվաճել ոսկե մեդալ:
Մեր պատանի մարզիկ-մարզուհիներն այդ մրցումներում 1 անգամ դարձել են արծաթե մեդալակիր, 7 անգամ՝ բրոնզե: Այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնում ենք 58-րդ հորիզոնականը:
Աշխարհի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում առ այսօր բոլորից հաջող հանդես են եկել Ռուսաստանի ներկայացուցիչները՝ 83 մրցանակ (32 ոսկի, 18 արծաթ, 33 բրոնզ):
Ներկայացնում ենք նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների ցուցանիշները.
Ո Ա Բ Ընդ.
1 . Ռուսաստան 32 18 33 83
15. Ուկրաինա 5 6 11 22
19. Ադրբեջան 3 3 3 9
22. Ուզբեկստան 3 0 4 7
28. Բելառուս 2 1 5 8
52. Ղազախստան 0 3 2 5
54. Վրաստան 0 2 2 4
54. Մոլդովա 0 2 2 4
56. Լատվիա 0 2 1 3
58. Հայաստան 0 1 7 8
60. Լիտվա 0 1 3 4
66. Տաջիկստան 0 1 0 1
74. Ղրղըզստան 0 0 1 1
74. Էստոնիա 0 0 1 1
-… Թուրքմենստան 0 0 0 0
Ավարտեցին առատ ավարով
Վանաձորում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որը կրում է Ստեփան Սարգսյանի անունը, հայ մարզիկները 11 մրցանակ են նվաճել: Մինչեւ 66 եւ 84 կգ քաշային կարգերում հաղթողի կոչումը նվաճել են Ժիրայր Հովհաննիսյանը եւ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Վադիմ Լալիեւը: Արծաթե մրցանակակիրներ են դարձել Վալտեր Մարգարյանը՝ մինչեւ 60 կգ քաշային կարգում, ինչպես նաեւ 66 եւ 96 կգ քաշային Համազասպ Հովսեփյանն ու Էդգար Ենոքյանը: Մրցանակային 3-րդ տեղն են զբաղեցրել 6 մարզիկներ:
Եվրոպայում շախմատային մրցապայքար է
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 17-րդ եւ կանանց 8-րդ թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Պետրոսյանը, իսկ կանանց թիմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը: Տղամարդկանց մեր հավաքականը միջին վարկանիշով (2703) 38 մասնակիցների մեջ զիջում է միայն Ռուսաստանի (2742) եւ Ադրբեջանի (2721) թիմերին եւ 3-րդն է: Կանանց մեր ընտրանին 5-րդ միջին ցուցանիշն ունի (2398)՝ Ռուսաստանի (2500), Վրաստանի (2491), Ուկրաինայի (2463) եւ Լեհաստանի (2429) հավաքականներից հետո:
Տղամարդկանց հավաքականը 7 փուլից հետո 11 միավորով առաջատարների խմբում է՝ Ռուսաստանիի եւ Ադրբեջանի թիմերի հետ: Կանանց հավաքականը 10 միավորով 3-5-րդ տեղում է, 12-ական միավորով առաջատար են Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականները:
Առաջատարների թվում է
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Հայրապետյանը մասնակցում են Արգենտինայում ընթացող մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությանը: 13 փուլից բաղկացած մրցաշարում կայացել են 7-րդ փուլի հանդիպումները: Ա. Գրիգորյանը 5 միավոր ունի եւ բաժանում է 5-11-րդ տեղերը: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոն:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 37 (123), 2009թ.