Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Ու՞մ  պաշտել

Մի անգամ, երբ Երեւանի թանգարանում շրջում էի, ականջիս դիպավ, թե ինչպե՞ս է աշխատակցուհին զբոսաշրջիկների խմբին բացատրում խաչքարի մի նմուշի նախշերի նշանակությունը. «Այստեղ ներքեւում դուք տեսնում եք շրջան, որը խորհրդանշում է արեւի սկավառակը, իսկ նրա վերեւի խաչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության նկատմամբ: Այսինքն՝ խաչի հաղթանակը արեւի հանդեպ»: Անչափ մոտ է մտագարության աստիճանին…
Ու այդ ոգով շարունակում էր ներկայացանել «խավարամոլ» Արեւապաշտության հանդեպ մի ինչ-որ հզոր լուսավորչության հաղթանակը, մոտավորապես որ՝ «Հեթանոսները պաշտում էին արեւը, իսկ քրիստոնեությունը բերեց նրա ստեղծողի պաշտամունքը»:

Միանշանակ այս մտածելակերպի հեղինակը թանգարանային աշխատակցուհին չէ (եւ նույնիսկ՝ եկեղեցին չէ), եւ այդ «տրամաբանությունը» մեկ սերունդ առաջ չէ, որ թեւածում է մեր Հայրենիքում ու մնացած հուդարմատ կրոնների երկրներում, հուդայածին հավատքներում:
Այդ տրամաբանությամբ անգամ լինում է այսպես՝ ստեղծողին պաշտելով, կարելի է արհամարել նրա ամբողջ ստեղծագործությունը: Եվ ստեղծողը դա կարող է բա՜րձր գնահատել:
Պատկերացնո՞ւմ եք նկարչին, քանդակագործին, ճարտարապետին, բանաստեղծին, … ասում եք, որ պաշտում եք իրեն… եւ զզվում նրա արվեստից:
Եվ հետո մեկ այլ տեղ պարծենում եք, թե արվեստի այսինչ ճյուղի ներկայացուցչին անձամբ ճանաչում ու պաշտում եք, բայց զզվում եք նրա ստեղծագործությունից, ու գալու է ժամանակ, որ նա իր գործի հասույթից ձեզ էլ է բաժին հանելու եւ անհոգ կյանք է ապահովելու:
Իհարկե, հարթությունը չի կարող ընկալել գունդը այլ կերպ, քան՝ շրջան:
Հարթությունը որպես շրջան է ընկալում նաեւ կրոնը: Իսկ շրջված վիճակում այն կարող է ընկալվել ոչ ավել, քան՝ եռանկյունի:
Եվ հիմա հարթության, ավելի ճիշտ նրա հոմանիշ` տափակության քմահաճույքին է տրված առհասարակ Տիեզերքի ընկալումն ու մեկնաբանումը: Նյութական Տիեզերքը դեռ ոչինչ:
Տափակությունն արդեն քանի դար Հոգեւոր Տիեզերքի պատկերն է փորձում իր ուսին դաջել եւ իր անկանոն խզբզոցները հպարտությամբ ի ցույց դնել…
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
Քո Արի Նախնիք Բնությունը ճանաչում եւ նրան պաշտում էին ամենայն պարզությամբ, խորությամբ ու ամբողջ մեծությամբ:
Նրանք տեղյակ էին, թե երկրի գունդ լինելուն, թե նրա Արեւի շուրջ պտտվելուն, թե նրա շուրջ պտտվող Լուսնին, թե Բեւեռային Աստղին, թե Ծիր Կաթինին, թե… (կասկածողները թող ուսումնասիրեն գոնե Անանիա Շիրակացու Գործերը):
Ճիշտ է, Հին Հայքում էլ կռապաշտներ կային, բայց այն տարբերությամբ, որ չէին գերիշխում:
Կային նաեւ վայրագ հավատից չհեռացած հայացած տոհմեր, որոնք մարդկային գաղտնի զոհաբերություններ էին անում: Բայց շատ հազվադեպ ու մեզանից զգույշ:
Ազատ էր Հայքը, Հզոր, Ինքնիշխան: Եվ այդ պատճառով՝ Խաղաղ ու Անպարտ:
Եվ Բնությանը լիարժեք մասնիկ, ոչ թե` ախոյան:
Եվ Բնության երեւութական ու աներեւույթ Ուժերը բազում համարվում էին Դից (ոչ թե Աստվածներ) ու պաշտվում Անկեղծ:
Եվ այդ Դիցերը Ընկերներ էին, այլ ոչ թե տերեր կամ էլ ծառաներ:
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
Նորից Բնության Զարկերակն զգա՛: Եվ զգացածի՛դ միայն հավատա:
Եվ զգացածդ պահի՛ր ու պաշտի՛ր եւ անզգայության դարը թոթափի՛ր:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։