Անդրադարձ

Մեկնաբանում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունը

«Լուսանցք» պարբերականի հարգարժան գլխավոր խմբագրին
Ի լրումն «Նոր պայքար Ահմադինեջադի դեմ» խորագրով հոկտեմբերի 9-15-ի համարում տպագրված հոդվածի, հայտնում ենք հետեւյալը.
Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից 30 տարի անց, ԻԻՀ քաղաքական, հասարակական, կրոնական պաշտոնյաներն ու գործիչները մշտապես աշխարհում իսլամական հեղափոխության հակառակորդների ֆիզիկական ու քարոզչական հարձակումների թիրախ են դարձել:
Հարձակումների առաջին փուլը նրանց ֆիզիկական ոչնչացման փուլն էր: Այս փուլում բռնատիրական ուժերի վարձկալներն ու աջակիցները, մեծ երկրների հովանավորությամբ, կատարեցին ահաբեկչական գործողություններ, որոնց հետեւանքով զոհվեցին ԻԻՀ տասնյակ բարձրաստիճան գործիչներ, որպեսզի շեղեն իսլամական հեղափոխության ընթացքը եւ փոխեն տասնյակ հազարավոր նահատակների արյան գնով ձեռք բերված անկախության ու ազատության ուղին:

Անարդյունք մնալով համաշխարհային բռնատիրության այս փուլի թշնամանքը, սկսվեց նրանց թշնամական գործողությունների նոր շրջափուլ՝ Իրանում քաղաքական ու հասարակական պատասխանատու ու պաշտոնատար անձանց անհատականության ահաբեկումը: Բռնատիրական ուժերին ենթակա զանգվածային լրատվամիջոցների ընդունված մեթոդներից մեկը այն է, որ նրանք այն գաղափարների կամ անհատների վերաբերյալ, որոնք դիմադրում են նրանց անօրինական շահերի դեմ, նախաձեռնում եւ տարածում են սուտ քարոզչություն: Պարոն Ահմադինեջադի նկատմամբ վիրավորանքը եւ անհիմն մեղադրանքները եւս կազմում են սույն դավադրության մի մասը, որը ԻԻՀ թշնամիները ԻԻՀ նախագահական վերջին ընտրություններից առաջ եւ նրանից հետո իրենց կողմից  իրականացված նախագծերի ձախողումից հետո, գործի են դրել:
Հարկ է նշել, որ սիոնիստները իմանալով իրենց նկատմամբ ժողովուրդների նողկանքի եւ զզվանքի մասին, որպեսզի կարողանան հակառակորդների դեմքը փչացնել, օգտվելով հոգեբանական պատերազմի չեղյալ համարված մեթոդներից եւ իրենց ենթակա լրատվամիջոցներից, երկար տարիներ շարունակ նախագծել եւ գործի են դրել նման դավադրություններ անկախ պետությունների շատ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների դեմ, որոնք դեմ են արտահայտվել նրանց հանցագործություններին ու աշխարհին տիրելու ձգտումներին:    

* * *

Միջուկային ծրագրի «ուժային» բանակցությունները
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ այսուհետ իրանական միջուկային ծրագրի մասին բանակցությունները Թեհրանի կողմից կվարվեն առավել ուժային դիրքերից: Նախագահի այդ արտահայտությունները տեղակայված են ԻԻՀ կառավարության կայքէջում:
Արտահայտություններն արվել են, երբ Արեւմուտքի երկրները սպասում էին պաշտոնական գրավոր պատասխանի Իրանից՝ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկության վերաբերյալ: ՄԱԿ-ի առաջարկության համաձայն, Իրանը պարտավոր է իր ցածր հարստացված ուրանը՝ 1,2 տոննա, ուղարկել Ռուսաստան՝ մշակման ենթարկելու համար: Այնուհետեւ այն պետք է ուղարկվեր Ֆրանսիա, որտեղ դրանից կպատրաստեին վառելիք իրանական ռեակտորի համար:
Թեհրանը, ընդհանուր առմամբ, առաջարկվող այդ ծրագրին համաձայն է, բայց առաջարկում է որոշ փոփոխություններ մտցնել: Մասնավորապես, նախընտրում է երկրից միանգամից դուրս չհանել ուրանի պահանջվող խմբաքանակը, այլ` դա անել մասնակի:
Սակայն, Իրանի այս դիրքորոշումը ՄԱԿ-ի ծրագրերի իրականացումը առժամանակ կանգնեցնում է: ՄԱԿ-ը փորձում էր Իրանի սահմաններից դուրս հանել միջուկային վառելանյութը… որպեսզի բավականաչափ հումք չլինի, ինչը թույլ կտա Իրանին ատոմային ռումբ պատրաստել, սակայն պաշտոնական Թեհրանն իր դիրքորոշումը եւ նպատակներն ունի:
«Ուժային» նոր պայքարը շարունակվում է:

Վահագն Նանյան

Իրանա-ամերիկյան այլ դիմակայություն
ԱՄՆ-ի զինված ուժերն Իրաքում ավարտել են ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգի տեղակայումը՝ Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի հետ սահմաններին հետեւելու համար. տեղեկացրել է իրանական «Press TV»-ն: Ռադիոլոկացիոն համակարգերը հետեւելու են այդ սահմաններից մոտեցող օդային օբյեկտներին, որոնց տվյալները կմուտքագրվեն իրաքյան ռազմաօդային ուժերի մոտ, իսկ որոշ ռադարներ էլ հաղորդակցվելու են Բաղդադի միջազգային օդանավակայանի դիսպետչերների հետ:
Այսպես ամերիկացիներն ու իրենց դաշնակիցները հավելյալ հնարավորություն կստանան վերահսկելու հատկապես իրանական միջուկային օբյեկտները: Իսկ իսրայելական աղբյուրները հավաստում են, որ ռադարները թույլ կտան հետեւել Իրանի ռազմական գործողություններին, որոնք ուղղված կլինեն Իսրայելի եւ Թուրքիայի դեմ:
Իրանական կողմը նշել է, որ Թուրքիայի դեմ սպառնալիք հնարավոր չէ, որովհետեւ 2 երկրները համագործակցում են, հատկապես հիմա, երբ Թել-Ավիվի ու Անկարայի միջեւ որոշակիորեն նկատվում է հարաբերությունների սառեցում:
Այնուամենայնիվ, Իրանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ ռազմական գործողությունների նախաձեռնող չի լինի, բայց կպատասխանի օտարերկրյա ներխուժումներին:

Նարե Մշեցյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։