«Ուխտ Արարատի»-ն ԱՍԱԼԱ չէ

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպությունը հանդես է եկել պարզաբանմամբ: Բանն այն է, որ 2009թ. հոկտեմբերի 29-ին «Փաստարկ» ակումբում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից բխող սպառնալիքների վերաբերյալ ասուլիս էին հրավիրել «Ուխտ Արարատի», Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանն ու Անկախության բանակ ռազմաքաղաքական միավորման Հոկտեմբերյանի շրջանի միացյալ ջոկատների հիմնադիր-հրամանատար Լյովա Սահակյանը:


Ասուլիսում հնչած մտքերն ու պատասխանները, ըստ «Ուխտ Արարատի»-ի, որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել են: Նրանք իրենց հաղորդագրություններում շրջանցել են ասուլիսում հնչած գլխավոր թեման, այն է՝ Արձանագրություններից բխող սպառնալիքներն ու վտանգները տարածաշրջանի ժողովուրդների ու երկրների, այդ թվում՝ հայության ու Հայաստանի նկատմամբ: Փոխարենը լրատվություն է փոխանցվել այլ թեմաներ, օրինակ անհարկի հղումներ եւ հիշատակումներ ԱՍԱԼԱ-ի մասին»:
Այս հարցում ճշգրտումներ մտցնելու նպատակով «Ուխտ Արարատի»-ն հայտարարում է, որ`
«1. «Ուխտ Արարատի», Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպությունը՝ կրելով նորագույն զինյալ ազատագրական պայքարի գաղափախոսությունը, այնուհանդերձ ԱՍԱԼԱ-ն չէ եւ, բնականաբար, իրավունք չունի ԱՍԱԼԱ-ի անունից հանդես գալու:
2. «Ուխտ Արարատի», Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանը ասուլիսի ընթացքում ընդհանրապես չի անդրադարձել Գալուստ Սահակյանի հայտնի հայտարարությանը: Դրա մասին խոսել է Անկախության բանակ ռազմաքաղաքական միավորման Հոկտեմբերյանի շրջանի միացյալ ջոկատների հիմնադիր-հրամանատար Լյովա Սահակյանը»:

Արման Դավթյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։