Ռուսական գրոհ` ծովի հատակով

Շվեդիայի կառավարությունը համաձայնել է, որպեսզի «Հյուսիսային հոսք» գազամուղը կառուցվի իր վարչական տարածքում՝ Բալթյան ծովով անցնող տնտեսական հատուկ գոտում: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Շվեդիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Անդրեաս Կարլգրենը: Այժմ գազամուղի կառուցման համար մնացել է, որ իրենց համաձայնությունները տան Ֆինլանդիայի, Ռուսաստանի եւ Գերմանիայի իշխանությունները:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն արդեն քննարկել է իր ֆին գործընկեր Մատտի Վանհանենի հետ նախագծի ժամկետների սահմանման հարցը:
«Հյուսիսային հոսք» նախագիծը իրականացնում են «Nord Stream AG»-ին, որը «Գազպրոմ» ընկերության համատեղ ձեռնարկություն է, գերմանական կոնցեռններ «BASF»-ը, «E.On» եւ «N.V. Nederlandse Gasunie»-ը:


Բալթյան ծովի հատակով անցնող նախատեսված «Nord Stream» գազամուղն առաջին անգամ կապահովի ռուսական բնական գազի ուղիղ փոխանցումներ Արեւմտյան Եվրոպա:
Գազամուղի նախագծային հզորությունը կկազմի 55 մլրդ. խմ: Ծովային գազամուղի 1-ին հատվածը` 27,5 մլրդ. խմ հզորությամբ, կշահագործվի 2011թ.-ին, 2-դը՝ նույնքան խմ-ով՝ 2012թ.-ին:
Գազամուղի շինարարությունը առայժմ նախատեսվում է Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Գերմանիայի եւ Դանիայի տարածքներում:

Նազելի Մանուկյան

Մի՛ զիջեք սիոնիստներին

Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին կոչ է արել Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի երկրների իշխանություններին` չզիջել «սիոնիստների եւ արեւմտյան տերերի ճնշմանը» ու կատարել հակահրթիռային պաշտպանության հ-300 համակարգերի մատակարարման պայմանագիրը:
ԻԻՀ ՊՆ նախարարը համակարգերի մատակարարման դանդաղումը պայմանավորել է հատկապես այդ ճնշումներով:
Իսկ ավելի շուտ, մատակարարման ձգձգման առիթով, իր դժգոհությունն էր արտահայտել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնախմբի ղեկավար Ալահեդդին Բուրուժերդին: Նա ասել էր, որ եթե Ռուսաստանը չկատարի պայմանագիրը հ-300-ի մատակարարման վերաբերյալ, ապա դա կդառնա «բացասական կետ» երկկողմ հարաբերություններում:
Իսկ ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը շուրջ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էր, որ մինչեւ հիմա ոչ մի մատակարարում դեպի Իրան չի իրականացվել:
Իրանի եւ Ռուսաստանի միջեւ պարբերաբար տարաձայնություններ են լինում թե՛ կառուցվող ատոմակայանի, թե՛ ռազմա-քաղաքական տարբեր հարցերի շուրջ, ինչը կապված է Մոսկվայի՝ Արեւմուտքի հետ ընթացող խաղերի հետ…

Նարեկ Առուստամյան

Սպորտը եւ քաղաքականությունը

Եվս մի նոր աղմուկ առաջացավ թուրք-իսրայելական հարաբերություններում, եւ Թել-Ավիվը պաշտոնական բողոք է ուղարկել ՖԻԴԵ, քանի որ թուրքական Կեմեր քաղաքում ավարտված շախմատի աշխարհի պատանիների առաջնության կազմակերպիչները հրաժարվել են իսրայելցի շախմատիստուհու պատվին հնչեցնել նրա երկրի հիմնը: Մինչեւ 14 տարեկան շախմատիստուհիների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած իսրայելցի Մարսել Էֆրոիմսկու պարգեւատրման արարողության ժամանակ թուրքական կողմը հրաժարվել էր հնչեցնել Իսրայելի պետական հիմնը՝ «Ատիկվա»-ն: Կազմակերպիչներն իհարկե շտապել են նշել, թե այդ բանն արվել է ժամանակ շահելու նպատակով, բայց իսրայելցիները վստահ են, որ թուրքական կողմի գործողությունները քաղաքական նպատակներ ունեն. «Լարվածությունը, որը վերջին շրջանում առկա է երկու երկրների փոխհարաբերություններում, դրսեւորվում է նաեւ մարզական կյանքում»,- նշել են իսրայելական վերլուծաբանները: Փաստի առնչությամբ Իսրայելի շախմատային ֆեդերացիայի նախագահ Ավիվ Բուշինսկին պաշտոնական հեռագիր է ուղարկել Շախմատի միջազգային ֆեդերացիա՝ պահանջելով կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել եւ համապատասխան ճնշում գործադրել Թուրքիայի վրա:
Վերջին ժամանակներս թուրք-իսրայելական հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են: Դեռ վերջերս ռազմավարական դաշնակիցներ համարվող այս երկրները 2009թ. ընթացքում արդեն մի քանի դիվանագիտական «կրակոցներ» են փոխանակել: Դա սկսվեց դեռեւս հունվար ամսին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դավոսի ֆորումի ժամանակ ուղիղ եթերում քննադատության ենթարկեց Շիմոն Պերեսին՝ Գազայի հատվածում իրականացրած ռազմական գործողությունների համար` այն անվանելով ցեղասպանություն պաղեստինցիների նկատմամբ: Դրանից հետո Իսրայել-Թուրքիա հարաբերությունները կարծես մտան սառեցման փուլ եւ անցած շաբաթ Իսրայելը մերժեց Թուրքիայի՝ իսրայելա-սիրիական բանակցություններում միջնորդություն իրականացնելու առաջարկը՝ Անկարային որակելով որպես կողմնակալ եւ ոչ իրական միջնորդ: Սակայն, կարծես թե թուրք-իսրայելական հակամարտությունը շարունակվելու միտու
մներ ունի:

Արսեն Պետրոսյան

Գոնե կհակադարձի՞
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հետաձգվեց ԱՊՀ-ին հակառակ ստեղծված ՎՈւԱՄ-ի նախաձեռնած «Ադրբեջանի գրավված տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի քննարկումը: Բաքուն այս բանաձեւի «գրանցումը» ՄԱԿ-ում հաղթանակ էր համարել, սակայն, առանց հստակ պատճառներ նշելու, բանաձեւի ճակատագիրը մնաց անորոշ… Ասվել է, թե բանաձեւի քննարկման նոր ժամկետները կհայտնվեն, սակայն, բացառված չէ, որ այն կտեղափոխվի ՄԱԿ ԳԱ 65-րդ նստաշրջան:
ՎՈւԱՄ-ի երկրները շատ են փորձում Արցախի, Մերձդնեստրի, Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ ՎՈւԱՄ-ի երկրների այլ հարցերը դարձնել միջազգային քննարկման առարկաներ, ուստի` Երեւանը նույնպես պետք է ուշադիր լինի եւ ԱՊՀ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում ԳՈՆԵ հակադարձի մեզ վերաբերող հիմնահարցերը:

Անի Մարության

Անկախություն` ԵՄ-ից դուրս

Կարճ ժամանակ առաջ Չեխիայի ղեկավար Վացլավ Կլաուսը հայտնել էր, թե Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Չեխիան կկորցնի անկախությունը: Այս մասին լրագրողներին հայտնել էր նախագահի վարչակազմի ղեկավար Պետեր Գայեկը: Նախագահական վարչակազմի ներկայացուցիչները ԵՄ-ից երկրի հնարավոր դուրս գալը դիտում են որպես պետական անկախության վերականգնման քաղաքականության «ծայրահեղ նպատակներից մեկը»: Վ. Կլաուսը չի թաքցրել իր վատատեսությունը, երբ հրաժարվում էր ստորագրել համաձայնագիրը մինչ այն պահը, երբ իր պետությանը կտրամադրվի մի շարք արտոնություններ՝ համաձայնագրին կից խարտիայի հիմնարար իրավունքներից: Մասնավորաբար նա պահանջել է իր երկրի համար երաշխիքներ՝ կապված Չեխիայի արեւմտյան շրջաններում հետպատերազմյան գույքաիրավական անսասանության հետ: Այդտեղից 1945-46թթ. տեղահանվել էին Սուդետյան գերմանացիները: Հոկտեմբերի 30-ին Բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ն համաձայնեց Չեխիային տալ նրա կողմից պահանջված հավելյալ երաշխիքները Լիսաբոնյան համաձայնագրի վերաբերյալ, եւ նախագահը ստորագրեց փաստաթուղթը: Սակայն ճեպազրույցի ժամանակ, անգամ ստորագրելուց հետո նա հայտարարեց, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելը «կհանգեցնի այն բանին, որ Չեխիայի Հանրապետությունը կդադարի անկախ պետություն լինելուց»: Սա ասվեց, չնայած այն հանգամանքին, որ երկրի Սահմանադրական դատարանը ընդունեց որոշում՝ համաձայն որի, այդ համաձայնագիրը չի հակասում հանրապետության Սահմանադրությանը: Վ. Կլաուսն ասել է, որ սպասում էր ՍԴ-ի նմանօրինակ վճռին եւ վատ է ընդունել այդ որոշումը` շեշտելով, որ «դատարանը հետաքրքրված էր Լիսաբոնյան համաձայնագրի քաղաքական պաշտպանությամբ», իսկ նրա որոշումը չեզոք իրավական վերլուծություն չէ:
Հետաքրքիր է՝ Եվրոպա մղվող մեր իշխանություններն ու տարաբնույթ ընդդիմությունները կհամարձակվե՞ն հանուն ազգային շահերի եւ ՀՀ անկախության պաշտպանության հանդես գալ այս ոճով, թե՞ Եվրոպան վեր է ամեն բանից…

Արփինե Գասպարյան

Չավեսը, Ֆիդելը, Ահմադինեջադը, Մորալեսը եւ այլք…

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նախօրեին կարճատեւ այց է կատարել Կուբա եւ այնտեղ Ֆիդել Կաստրոյի հետ հեռահաղորդմամբ դիտել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցելությունը Վենեսուելա: «Ֆիդելն ինձ ասաց՝ Ահմադինեջադին փոխանցիր, որ Վենեսուելա կատարած այցելությունը նույնն է, թե այցելել է Կուբա, քանի որ դա մի միասնական հայրենիք է, եւ այդ պատճառով էլ ես ողջունում եմ ձեզ Կարակասում եւ Կուբայում»,- հայտարարել է Վենեսուելայի առաջնորդը հաջորդ օրը Կարակասի «Միրաֆլորես» պալատում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ: Չավեսը նկատել է, որ Կուբա կատարած 7-ժամյա այցի ընթացքում հանդիպել է Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների հետ ու քննարկել երկկողմանի համագործակցության վերաբերյալ հարցեր:
Ընդունելության ժամանակ իր ելույթում Չավեսը Ահմադինեջադին անվանել է իր եղբայր եւ ընդգծել Իրանի հետ ընդլայնված համագործակցության կարեւորությունը: Իր հերթին Իրանի առաջնորդն ասել է, որ «Վենեսուելայի եւ Իրանի ժողովուրդները միասնական ճակատ են ստեղծել իմպերիալիստական ագրեսիայի դեմ պայքարելու համար» եւ ընդգծել, որ «քաջ հեղափոխական Չավեսը, ինչպես մի ժայռ, պայքարում է յանկիների ագրեսիայի դեմ»:
Հիշեցնենք, որ Իրանը, Վենեսուելան, Կուբան, ինչպես նաեւ Բելառուսը, Բոլիվիան եւ այլ երկրներ նախաձեռնել են «Բարի առանցք»-ի ստեղծումը՝ հակառակ «Չարի առանցք»-ի՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի եւ այլն…
Կարծում ենք՝ մի օր Հայաստանը կնախընտրի «Բարի առանցք»-ը՝ վստահաբար հրաժեշտ տալով «Չարի առանցք»-ին… եւ համաշխարհային կարգերի սիոնա-մասոնական տերերին:

Հայկ Թորգոմյան

Պառակտու՞մ
Թուրքիայի խորհրդարանում իր ազդեցությամբ 2-րդ քաղաքական ուժ հանդիսացող ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունում «երկրաշաժ»
է տեղի ունեցել: Դենիզ Բայքալի գլխավորած կուսակցության պառակտման գործընթացն այդ կերպ են բնութագրում թուրքական զլմ-ները:

Շուրջ 300 անդամներ որոշել են լքել այդ կուսակցությունը՝ որպես բողոքի նշան՝ ուղղված ժողովրդահանրապետական պատգամավոր Օնուր Օյմենի այն խոսքերի, որոնք վերջինս հնչեցրել էր նոյեմբերի 10-ին Թուրքիայի խորհրդարանում՝ քրդական հարցի կարգավորման լսումների ժամանակ: Նա անուղղակիորեն առաջարկել էր քրդական հարցը լուծել կոտորածների միջոցով՝ հիշեցնելով տասնամյակներ առաջ Դերսիմում դաժանորեն ճնշված քրդական ապստամբությունը: Նշյալ կուսակցությունը դեմ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ առանց արցախյան հակամարտության լուծման, սակայն, չի հիշում հայերի կոտորածները 1915-1923թթ.:

Կարեն Բալյան

Նահա՞նջ
Ըստ թուրքական զլմ-ների, այդ երկրի զինուժը դուրս է բերվելու Կիպրոսի տարածքից: Չնայած Կիպրոսի թուրքերի անհանգստությանը, կիպրական հունական կողմը հայտարարել է, թե «Կիպրոսի հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մեհմեդ Ալի Թալաթի միջեւ բանակցությունները շարունակվում են…»: Մ. Ա. Թալաթն ընդունել է, որ Թուրքիայի զինվորները պետք է դուրս գան իրենց երկրից, նա նաեւ համաձայնել է, որ պետք է համաձայնություն ձեռք բերել Կիպրոսը մեկ կենտրոնից ղեկավարելու եւ մեկ քաղաքականություն ունեցող դաշնության վերածելու մասով: Կողմերը համաձայնել են նաեւ ապառազմականացնել Կիպրոսը:
Ինչպես նկատվում է, Եվրոպական ընտանիք մտնելու համար Անկարան տարբեր քայլեր է ձեռնարկում ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, քրդական խնդիրը մեղմելու, այլեւ՝ կիպրական եւ հունական հարցերին լուծում տալու ուղղությամբ:
Սակայն, հնարավոր է սրանք հերթական խայծեր են ինչպես հայերի, հույների եւ քրդերի, այնպես էլ եվրոպացիների ու այլոց համար:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 41 (127), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։