ՀԱԿ-ը կրկին ճաքե՞ր է տալիս

Հայ կամավորականների համախմբման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ Լեւոն Տեր Պետրոսյանի գաղափարախոսությունն ընդունողները պետք է այլեւս լքեն ընդդիմադիր դաշտը:
Այս մասին նա ասել է օրերս, «Սարդարապատ» շարժման մասնակիցների՝ Գյումրիում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ շարժման անդամներն անդրադարձել են նոյեմբերի 11-ին ՀԱԿ-ի առաջնորդի ելույթում հնչեցարած այն մտքին, թե հայկական պահանջատիրությունը պետականություն ունեցող ազգին վայել գաղափարախոսություն չէ:


Իսկ արդեն բազմիցս հնչած այն հարցին՝ ինչպե՞ս եք համագործակցում մի քաղաքական ուժի հետ, որը ժխտում է այդ գաղափարախոսությունը, Ժ. Սեֆիլյանը պատասխանել է. «Համաժողովրդական շարժման մեջ մենք մեր սկզբունքներն ենք ունեցել, մենք կանգնել ենք մեր ժողովրդի կողքին, այն դիմադրող ժողովրդի, որը դուրս էր եկել այս հակահայ ռեժիմի դեմ: Ինչ մնում է Տեր-Պետրոսյանի հետ մեր գաղափարական հակասություններին, ապա նախագահական ընտրություններից առաջ մենք այդ մասին չենք խոսել, ինքն էլ չի խոսել: Շատ լավ հասկանալով, որ այդ ժամանակ, եթե վերջին ելույթի նման ելույթ ունենար, ապա համաժողովրդական շարժում չէր ստացվի… Ինքը լռեց, այդ պայմանով էլ մենք աջակցեցինք: Իսկ այժմ իր վերջին ելույթով նա խախտեց համաժողովրդական սկզբունքները: Եվ ես համարում եմ, որ այս պարագայում, ովքեր որ համամիտ են այդ ելույթի բովանդակության հետ, ապա բարի թող լինեն, լքեն ընդդիմադիր դաշտը»:
Վստահ ենք` Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցները երբեք չեն լքի ՀԱԿ-ը, որը ստեղծել են հենց իրենց գաղափարների տարածման համար, ուստի՝ նրանց նման չմտածողները պետք է առավել վճռական հանդես գան եւ հրապարակավ լքեն ՀԱԿ-ը՝ հանուն ժողովրդային շարժման: Եթե հիշենք հայ կամավորականների վերջին հայտարարությունում հայ-թուրքական արձանագրությունների հարցով հնչած մեղադրանքները ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության հասցեին, ապա կարծում ենք` Հայ ազգային կոնգրեսը նոր ճաք է տալիս… Այսպես է լինում բոլոր այն ոչ գաղափարական կառույցների հետ, որոնք ստեղծվում են ոչ թե հանու՛ն, այլ ընդդե՛մ ինչ-որ բանի կամ մեկի…

Ռաֆֆի Պապիկյան

Մեր փոստից

Յուրի Վարդանյանը աչքիցս ընկավ

Ո՞ր հային չի հիացրել Հայաստանի խորհրդային շրջանի մեծ ասպետը, թե հայրենիքում եւ թե օտարության մեջ ապրող հայության ազգային որակները բորբոքող հայը` Յուրի Վարդանյանը:
Եվ այդ հիացմունքը այն աստիճանի է եղել, որ անկախության շրջանում նրա` իշխանությունների հետ «լեզու» չգտնելու մեջ, մեծ մասամբ, հայը բռնել է իր սիրելիի կողմը, եթե անգամ նա ինչ-որ վրիպումներ թույլ է տվել:
Այդպիսին է հայը. նա սիրում է իր կյանքին զարկ տվողներին:
Բայց ի՜նչ տեսա վերջին օրերին. հայ ուժի մարմնացում Յուրի Վարդանյանը մասնակցում է «Ֆորդ բոյար» կոչված` զուտ ուժային առումով դրական, բայց խաղի «տակի իմաստով»` չար այդ խաղին:
Եվ ինչ. իր վազք-գործողությունները նա ուղղորդում է ըստ… լիլիպուտի վազք հետագծի, կամ էլ` կռացած հետեւում է մատնոց խաղացողի շուլլերությանը…
Ի՞նչ է, մեր մեծ ծանրամարտիկը եկավ այն եզրակացության, որ «երանի՜» թույլերի՞ն, «երանի» մի բան չեղողների՞ն, «երանի» կյանքի կողմից զարկվածների՞ն:
Ո՞վ կերավ մեր մեծ մարմնամարզիկի խելքը…
Խնդրում եմ «Լուսանցք»-ին տպագրել իմ այս կարճ նամակ-խոհը` հուսալով, որ դա կհասնի իմ սիրելի մարզիկին:

«Լուսանցք»-ի մշտական ընթերցող`
Լեւոն Մանուկյան

Էլի 3 միլիոն ենք

Հայաստանի Հանրապետության բնակչությունը 2009թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն. 245,9 հզ. մարդ, նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 10,9 հզ. մարդով: Այս տվյալը հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Քաղաքային բնակչությունը, ըստ այդ տվյալների, կազմել է 2 մլն. 79,4 հզ. մարդ, իսկ գյուղական բնակչությունը՝ 1 մլն. 166,5 հզ. մարդ: Մեր մայրաքաղաքի՝ Երեւանի բնակչության թիվը կազմել է 1 մլն. 115,8 հզ. մարդ:
Շարունակվող արտագաղթի պայմաններում ՀՀ բնակչությունը լուրջ աճի տեմպեր չի արձանագրում դեռեւս:

Սեփ. լրատվություն

Հաղթանակը կորավ րոպեների ընթացքում

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2009» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Լուարա Հայրապետյանը Ռուսաստանի ներկայացուցչի հետ հավաքեց հավասար՝ 116 միավոր, եւ շատ քիչ միավորներով հետ մնաց հաղթողից: Իսկ Լուարան վերջին քվեարկությունից առաջ, ընդամենը րոպեների տարբերությամբ, առաջատարն էր, սակայն Մակեդոնիայի քվեարկության արդյունքները փոխեցին ամեն բան եւ Հոլանդիան ներկայացնող երգիչը՝ Ռալֆ Մակենբախը՝ 121 միավորով դարձավ հաղթող:
3-րդ համարի տակ հանդես եկող 12-ամյա Լուարա Հայրապետյանը Հայաստանը ներկայացրեց «Բարսելոնա» երգով:
Նրա օգտին ամենից շատ քվեարկել էին Ռուսաստանի, Վրաստանի եւ Կիպրոսի հեռուստադիտողները՝ տալով առավելագույն միավորը՝ 12: Ամենաքիչ միավորը Մակեդոնիան տվեց` ընդամենը մեկ: Եվ ինչպես վերը նշեցինք, սա եղավ վճռորոշ, քանի որ հակառակ դեպքում մեր ներկայացուցիչը կլիներ առաջինը:
Հաջորդ մանկական «Եվրատեսիլ»-ն անց է կացվելու հաղթողի երկրում՝ Հոլանդիայում: Մրցույթին մասնակցեցին 13 երկրների պատանի երգիչներ՝ Շվեդիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Վրաստանի, Հոլանդիայի, Կիպրոսի, Մալթայի, Բելգիայի, Մակեդոնիայի, Բելառուսի եւ Ուկրաինայի:
Մրցույթում կար եւս մեկ հայ մասնակից՝ Անդրանիկ Ալեքսանյանը, ով ներկայացնում էր Ուկրաինան: Հենց նրա երգն էլ ամենից շատ հավանել էին հայաստանցի հեռուստադիտողները, իսկ Անդրանիկը մրցույթում 5-րդն էր:
Հաղթողը որոշվում էր թե հեռուստադիտողի եւ թե ժյուրիի քվեարկությամբ` 50/50 հարաբերակցությամբ:

Գոհար Վանեսյան

Ռազմագերիները սպասում են…

Արցախյան ազատամարտին հաջորդած զինադադարը մի նոր էջ բացեց հայ-ադրբեջանական «հարաբերություններում», դա ռազմագերիների հարցն է: Թե որ երկրում իրականում քանի ռազմագերի կա, կարծում ենք` հարցական է, բայց բացահայտված տվյալներով ռազմագերիների խնդիրն էլ դեռ լուծում չի ստանում:
«Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի աշխատակիցներն օրեր առաջ հերթական անգամ այցելել են Ադրբեջանում գտնվող 6 հայ ռազմագերիներին: Այցելության մանրամասները չեն հրապարակվել, քանի որ ռազմագերիներին այցելություններն ընդհանրապես անցկացվում են գաղտնապահության սկզբունքով:
Ըստ կոմիտեի աշխատակիցների, «ռազմագերիների վիճակի մասին տեղեկությունները գաղտնի են: Հակառակ դեպքում՝ մենք ուղղակի չենք կարողանա նրանց այցելել, նույնն էլ վերաբերում է ռազմագերիների անուններին: Անունների հետ կապված գոյություն ունի դրույթ, որը նույնիսկ օրենսդրության՝ մասնավորապես Ժնեւյան կոնվենցիաներում կա, որ բոլոր ռազմագերիներն ու արգելափակվածներն ունեն, այսպես ասած՝ իմունիտետ հանրային հետաքրքրությունից: Այսինքն՝ սկզբունքորեն չի կարելի հրապարակել նրանց անունները, տվյալները»:
Բայց տարբեր լրատվամիջոցներով բազմիցս նշվել են 6 հայ ռազմագերիների անունները՝ Հրանտ Մարկոսյան, Ալիկ Թեւոսյան, Արթուր Սարգսյան, Օհան Հարությունյան եւ Գեւորգ Թոմասյան:
Իսկ Հայաստանում կա ադրբեջանցի 2 ռազմագերի, որոնց անունները նույնպես հայտնի են՝ Անար Հաջիեւն ու Ռաֆիկ Հասանովը, որոնց «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցները նույնպես այցելել են: Քննարկվում է նաեւ ռազմագերիների փոխանակման հարցը, սակայն «Կարմիր Խաչ»-ի աշխատակիցները հակված են դա համարել «ռազմագերիների հայրենադարձություն», որպեսզի հնարավոր լինի դիմել իրենց՝ որպես չեզոք միջնորդի, փոխանակման գործողությունն իրականացնելու նպատակով:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 41 (127), 2009թ.
«Լուսանցք»-ի PDF տարբերակները կարդացեք www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ www.press.info.am –ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։