Արտաքին պարտքը վտանգավոր սահմանագծի է հասնում


Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտնել է, թե «այն իրավիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք եւ այն տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվում են վիճակագրական վարչության կողմից, մեզ մտահոգվելու տեղիք են տալիս, քանի որ տեղական արտադրությունը, մասնավորապես, արդյունաբերական գործառույթները, բարվոք վիճակում չեն»: Ըստ նրա, ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը շարունակում է մնալ 22%-ի շրջանակներում, որը հանգեցնում է սոցիալական լարվածության՝ գործազրկության, աղքատության մակարդակի ավելացմանը:
Մակրոտնտեսական ցուցանիշներում ՀՆԱ-ն տարեվերջին կունենանա շուրջ 30%-ի չափով անկում, որն իր հետ կբերի այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են՝ մնացած ոլորտներում մակրոտնտեսական ցուցանիշների չկատարումը, իսկ դրա հիմնական պատճառը բանախոսը կապում է շինարարության ծավալների կրճատման հետ, որը տարեվերջին կլինի 54-55% սահմաններումը, ինչն էլ պայմանավորված է շինարարության՝ տնտեսական ներուժի հետ չպայմանավորված լինելու հանգամանքով:


Վ. Սաֆարյանը նշել է, որ ՀՀ արտաքին պարտքը վտանգավոր սահմանագծի է մոտենում ու տարեվերջին կկազմի 3.500 մլրդ. դոլար, իսկ մարտի 1-ի դրությամբ այն կազմել է 1,9 մլրդ. դոլար: Այսինքն՝ 7-8 ամսվա ընթացքում այդ պարտքը կրկնակի մեծացել է եւ արտաքին պարտքի ու ՀՆԱ-ի համամասնությունն արդեն իսկ մտոտենում է 46%-ի՝ այն դեպքում, երբ 50%-ը վտանգավոր սահմանագիծ է համարվում: Եթե հատվի 50%-ի սահմանագիծը, երկիրը կարող է հայտնվել ոչ վարկունակ երկրի կարգավիճակում:
Ահա այսպես էլ պատրաստվում ենք մրցակցել թուրքական շուկայի հետ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո:

Անի Մարության

Լինել ազա՞տ, թե՞… չլինել

Ըստ որոշ վերլուծաբանների, պետությունը որոշել է խիստ, դաժան վերահսկողություն սահմանել այս անգամ արդեն քաղաքացիական հասարակության ոլորտի վրա: Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունները նախանշում են, որ պետք է խիստ վերահսկողություն սահմանվի ՀԿ-ների նկատմամբ: Խորհրդարանը կազմակերպել էր այս թեմայով լսումներ եւ հրավիրել էին շահագրգիռ կողմեր: Նախագիծը ԱԺ է ուղարկվել հոկտեմբերի 1-ին, սակայն դրա քննարկումը հետաձգվել է 90 օրով:
Քննարկումներն անցել են բավականին թեժ մթնոլորտում, քանի որ հասարակական հատվածի ներկայացուցիչները վստահ են, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է որոշ ՀԿ-ների աշխատանքի կասեցումը: Շուրջ 150 հասարակական կազմակերպություն ունի նման մտավախություն, թեեւ արդարադատության նախարարի կարծիքով, եթե ՀԿ-ները մաքուր դաշտում են գործում, ապա վախենալու բան չպետք է ունենան:
Խոսքը հատկապես ֆինանսական հաշվետվությունների մասին է. դրանք ներկայացվում են հարկային պետական տեսչություն, իսկ եթե նախարարությանը պետք է, ապա թող այնտեղից էլ պահանջեն. բողոքում են ՀԿ-ները, «ինչու՞ պետք է մի հատ էլ իրենց ներկայացնեն նույն հաշվետվությունները, ավելացրած դրան բազմաթիվ այլ բաներ»:
Նախարարը կարծում է, որ ՀԿ-ները մի քիչ շատ են ազատ եւ շատ ազատորեն էլ քննադատում են իրենց, իսկ օրենքի նախագծի դեմ բողոքողներն ասում են, թե նպատակ կա զսպել իրենց, որպեսզի ՀԿ-ները վախենան քննադատելուց, իրենց գործողություններից, որովհետեւ վաղը կարող են հաշվետվություն տալ, իսկ այդ հաշվետվությամբ կարող են հանկարծ «փակվել», երբ «հայտնաբերվեն» նույնիսկ ստորակետի սխալներ…
ՀՀ-ում գործում են 3.200 հասարակական կազմակերպություններ:
Արդարադատության նախարարի պնդմամբ` հենց ՀԿ-ներն են դիմել փոփոխությունների առաջարկով, ոչ թե կառավարությունն է նախաձեռնել, մինչդեռ փոփոխությանը դեմ արտահայտվող ՀԿ-ները հայտնում են, որ օրենսդրական փոփոխությունները չեն համաձայնեցվել իրենց հետ:

Աստղինե Քարամյան

Վտանգավոր գերեզմանոց

40 տարվա պատմություն ունեցող Էրեբունու թունաքիմիկատների գերեզմանոցը սկսել է վտանգ ներկայացնել, քանի որ տեղանքը հայտնվել է սողանքային գոտում: Նախնական դիրքից տեղաշարժվել է 10 մ: Այստեղ ամփոփված են 512 տ օրգանական աղտոտիչներ, քիմիկատներ, որոնք պարունակում են նաեւ ծծումբ, արսեն, ֆոսֆոր, սնդիկ, բայց հիմնական մասը ԺԺՁ-ն է եւ քլորեքսանը: Թունանյութերի «զոհ» կարող են դառնալ ինչպես համայնքի, այնպես էլ մերձակա Ողջաբերդ, Մուշավանք, Գեղադիր գյուղերի ամառանոցային հատվածների բնակիչները:
Թունանյութերը թաղված են առանց տեսակավորման, իրար վրա են լցված:
Այս հարցի լուծումը գերեզմանոցի ուտալիզացիան է: Քանի որ ՀՀ-ում ոչնչացնել հնարավոր չէ, ապա Ռուսաստան տեղափոխելու համար 3 մլն. եվրո է պետք: Վարչապետի հանձնարարությունն է մշակել ռազմավարություն եւ գտնել դոնո
րներ աշխատանքը կատարելու համար: Կա գլոբալ բնապահպանական հիմնադրամ, որը որոշակի գումար է հատկացրել, ինչը բավարար չէ»: Ուստի՝ խնդիրը լուծում է պահանջում:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 41 (127), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։