Թուրքիայի նման պետությանը չենք կարող ինչ-որ բան ստիպել

«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումով որեւէ կերպ չի խոչընդոտվելու ցեղասպանության խնդրի ճանաչմանը հետապնդելու քաղաքականությունը: Դեռ ավելին՝ դա նոր հնարավորությունն է տալու, որպեսզի Թուրքիայում հնարավոր լինի բացախոսության մթնոլորտում բարձրացնել այդ հարցի քննարկումը եւ թուրք հասարակությանը պատրաստել, որպեսզի նա կարողանա բաց աչքերով նայել իր անցյալին եւ ընդունել իր երկրում տեղի ունեցած ողբերգության պատճառները եւ փորձել նաեւ այդ հետեւանքների հետ կապված խնդիրները կարգավորել»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքում «իր երկրում» ընդգծումը իմն է եւ ձայնագրությունն էլ` խմբագրությունում: Բայց Արեւմտյան Հայաստանը թուրքի իր երկիր համարողը պատգամավորն է: Զարմանալի չէ, քանի որ պահանջատիրությունը քիչ համարող «հայրենատեր» ՀՀԿ-ականները, ի դեմս ՀՀ նախագահի, Արցախը համառորեն շարունակում են կոչել Ղարաբաղ: Մի հարց էլ ծագում. Հայոց ցեղասպանությունը որտե՞ղ է կատարվել` Արեւմտյան Հայաստանում, թե՞ թուրքի «իր երկրում»: Սրանով արդյո՞ք ոմանց ստվերային թելադրանքով չենք նմանեցնում հրեական հոլոքոսթը Հայոց ցեղասպանությանը, այսինքըն` ինչպես հրեաներին են կոտորել օտար երկրում, այնպես էլ հայերի՞ն: Եթե այսպես ենք պատրաստվում հարաբերվել թուրքերի հետ, ապա, այո, հաստատ շահող է դուրս գալու Թուրքիան: Գ. Մինասյանը չի կասկածում, որ «Թուրքիան արձանագրությւոնները վավերացնելիս կշահի»:
Նաեւ անկեղծ լինելու համար ասեմ, որ, հնարավոր է, Գ. Մինասյանը լեզվի սայթաքում է արել: Բանավոր խոսք է, հասկանալի է: Բայց` ո՛չ քաղաքական գործչի համար: Հետաքրքիր է, նա իր թուրք գործընկերների հետ հանդիպելի՞ս էլ սայթաքումներ է ունենում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին սպառվում է Թուրքիայի խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից արձանագրություններին եզրակացություն տալու ժամկետը: «Մեկ անգամ եւս հիշեցնեմ հանրապետության նախագահի դիրքորոշումը. մենք պատրաստ ենք առանց նախապայմանների այդ հարցի հետ կապված առաջընթաց արձանագրել, սակայն, դա պետք է տեղի ունենա խելամիտ ժամկետներում»: Սակայն, թե ինչ ասել է խելամիտ ժամկետ, Գ. Մինասյանը չորոշակիացրեց. «Ինչքան է այդ խելամիտ ժամկետը, չեմ կարող ասել, բայց դա չի կարող լինել տարիներ, կամ՝ 6 ամիս»: Հիմա` ժամկետները չորոշակիացնելը դիվանագիտական բացթողու՞մ է, լեզվի սայթաքու՞մ…
Սայթաքում էր նաեւ այն, որ Մինասյանը խոստովանեց, թե «Թուրքիայի նման պետությանը չի կարելի ինչ-որ բան ստիպել»: Բա որ չի կարելի, ինչու է ՀՀԿ-ականը վստահ, որ Հայաստանը կըշահի սահմանների բացման պարագայում: Մանանա՞ է թափվելու երկնքից: «Ոչ,- կարճում է ՀՀԿ-ականը,- պետք է հասկանալ, որ խոսքը ավելի շատ քաղաքականությանն է վերաբերում, եւ առաջին իսկ օրը երկնքից միանգամից մանանա չի թափվելու: Բայց կա ռազմավարական խնդիր. ՀՀ-ի համար երկրորդ ճանապարհի առկայությունը կարեւոր է: Իսկ մարտավարականն առնչվում է ապրանքի՝ ավելի մրցունակ դառնալուն. «Կարող ենք նաեւ տարանցիկ ծառայություններ մատուցել»: Բա որ թուրքը չթողնի, որ սահմանը տնտեսապես բացվի, կարողանալու՞ ենք ստիպել Թուրքիային: Ոչ, քիչ առաջ հենց բանախոսն ինքն իր հարցին պատասխանեց…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 42 (128), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։