Կառավարությունն ինքն իր վրա «մուննաթ» եկավ

Կառավարության երեկվա նիստում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց 50% եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների 2008թ. գործունեության նկատմամբ հսկողության արդյունքները: Այս ուսումնասիրությունը հետաքրքրական չէր լինի, եթե չվերաբերեր պետական կառավարման հատվածին: Կառավարությունը զեկույցը լսեց ու ինքն էլ իր վրա «մուննաթ» եկավ, թե պետական մասնակցությամբ ձեռնարկությունները լավ չեն աշխատում: Սա էլ հո մասնավոր ներդրողի մեղքը չէ՞, էհ, լավ կառավարեք, թող լավ աշխատի:
Բայց ավելի հետաքրքիրն այն է, որ սրանով պետությունը հող է նախապատրաստում ապապետականացնելու այն ընկերությունները, որոնք քիչ թե շատ պետական են մնացել: Ու պատճառաբանությունը մեկն է՝ պետությունը լավ կառավարիչ չէ:

Հետաքրքիր մի փաստ էլ կա. մեր կառավարությունը սիրում է ամեն ինչում միջազգային փորձի օրինակներ բերել: Սակայն այս դեպքում այդ ձեւից չի օգտվում: Ճիշտ է, ասում է, որ աշխարհում էլ է այդպես, բայց հո ասելով չէ: Պարզ տրամաբանություն կա. եթե պետական ընկերությունը լավ չի կառավարվում, ապա պետք է փոխել կառավարող անձին: Ու՝ վերջ: Չնայած, հիմա այս թեման իրավամբ օրախնդիր չէ, քանզի պետությունը վաղուց մասնավորեցրել է ռազմավարական նշանակության օբյեկտները: Հիմա մնացել են մոտավորապես 500 ընկերություններ, որոնք վաղուց մասնավորեցված կլինեին, եթե ինչ-որ մեկի համար գրավիչ լինեին…
Ինչեւէ, ըստ ֆինանսների նախարարի ներկայացրած ուսումնասիրության, ՀՀ-ում առկա 50% եւ ավելի պետական մասնակցությամբ 493 առեւտրային կազմակերպություններից 327-ում գործել են վերստուգողներ, որոնցից 125-ը՝ վճարովի սկզբունքով, իսկ 117-ում վերստուգողների լիազորությունները դրվել են լիազորված մարմինների աշխատակազմերից եւ ընկերություններից նշանակված 124 աշխատակիցների վրա: 2008 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ ֆինանսների նախարարություն է ներկայացվել 268 առեւտրային կազմակերպությունների վերստուգողների 268 եզրակացություններ եւ 263 հաշվետվություններ: Հաշվետու ժամանակաշրջանում վերստուգողները իրականացել են 1319 ստուգում, որի հետեւանքով արձանագրվել է 887828.5 հազ դրամի ֆինանսական խախտում, իսկ գույքագրման արդյունքներով բացահայտվել է 11231.8 հազ դրամի ավելցուկ եւ 19958.1 հազ դրամի պակասորդ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 30083.9 հազ դրամը:

Նարե Մշեցյան

Հակակոռուպցիոն դատախազը

Ծիծաղաշարժ` առանց մեկնաբանության

ՀՀ-ում շատ միջազգային օրեր են նշվում: Դեկտեմբերի 9-ին հերթական` հակակոռուպցիոն օրն էր: Եվ ով, եթե ոչ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պետք է խոսեր դրանից` հակակոռուպցիոն պայքարից: Ներկայացնում ենք գոհարներ` դատախազական մտքերից:
- Կոռուպցիան միայն ՀՀ-ին չէ հատուկ, այլ բոլոր երկրներին՝ անկախ դրանց պետական կառուցվածքից, քաղաքական զարգացման մակարդակից: Ինչպես ասում էր Մաքիավելին, կոռուպցիան, անցնելով դարերի միջով, դարձել է հասարակության համար ամենածանր հիվանդությունը: Այնտեղ, որտեղ կա կոռուպցիա, որեւիցե քաղաքականության իրականացման մասին խոսք անգամ լինել չի կարող:
- Կոռուպցիան հաղթահարելու համար հարկ է իրականացնել քաղաքական, օրենսդրական, կադրային, գաղափարական համալիր միջոցառումներ,- ասաց ու առանձնացրեց կանխարգելիչ քայլերը: – Քրեական օրենսգիրքը, որին պետք է դիմենք, պետք է լինի ծայրահեղ միջոց, քանզի մարդկանց բռնել-բանտ նստեցնելը ավելի հեշտ բան է, քան դա արմատախիլ անելը:
- Կոռուպցիան լատենտային (նկատի ունի` քողարկված-Ա. Ք.) հանցագործություն է: Դա բացահայտելու գործում մեծ է հասարակության աջակցության դերը: Մենք հանրության սատարման կարիքն ունենք:
- Այսօր ՀՀ-ի իրավապահ մարմինները, որոնք կոչված են պայքարելու կոռուպցիոն երեւույթների դեմ, գրեթե բոլորում էլ կան մասնագիտացված հատուկ վարչություններ: Դատախազությունում կա հատուկ քննչական ծառայություն, որ քննում է հատկապես հատուկ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործեր. սա հիմնականում կոչված է պայքարելու հենց կոռուպցիոն երեւույթների դեմ:
Բայց այսքանով հանդերձ հանրության սատարման կարիքն ունենք: Իհարկե, այս պարագայում շատ կարեւոր է վստահության մթնոլորտը:
Հ.Գ. – Ոչ մի երկրի դատախազ իր հանրությունից այսքան աջակցություն չի խնդրի: Այսքանից հետո դատախազությանը չսատարել հակակոռուպցիոն պայքարում` նվազագույնը` «մեղք» է… Դե արի ու հանրության այն ներկայացուցիչներին, ովքեր դատախազության «քաշվածն» են եղել մի ժամանակ (կամ կան), երբ իրենք են դատախազության արդար որոշումների կարիքը զգացել, համոզի, որ դատախազությունը աջակցության արժանի է:

Աստղինե Քարամյան

ՍԴ-ին սպասելիս

Ամանորյա տոներից հետո՝ հուն
վարի 12-ին, ժամը 11-ին Սահմանադրական դատարանը կքննարկի հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը: Զեկուցողը կլինի ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը:

Այս մասին տեղեկացրել է ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Դեռ նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները որքանով են համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Հիշեցնենք, որ ՍԴ է դիմել նաեւ հայ-թուրքական արձանագրությունների դեմ հանդես եկող ազգային ուժերի համախմբումը (շուրջ 15 կուսակցություն եւ 70 հասարակական կազմակերպություն):
Իսկ Ազգային Ժողովը այդ արձանագրությունները կքննարկի ՍԴ որոշումից հետո միայն:

Արման Դավթյան

Գոյատեւողի իրավու՜նքը որն է

Երեկ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր, եւ այդ առիթով Երեւանում կազմակերպված կլոր սեղանին ՀՀ վարչապետը նույնպես ներկա էր ու հանդես եկավ ողջույնի խոսքով (միջազգային միջոցառումները նա հազվադեպ է բաց թողնում):
Գործադիր իշխանության ղեկավարը նշեց, թե պետությունները պետք է իրականացնեն պրոգրեսիվ միջոցառումներ եւ ծրագրեր, որպեսզի լուսավորության եւ կրթության ճանապարհով մարդկությունն ըմբռնի մարդու իրավունքների էությունը եւ դրա համար ստեղծվեն համապատասխան միջավայր ու հնարավորություններ. «Այսինքն՝ այն արժեհամակարգը, որ նկարագրված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրում, յուրաքանչյուրիս համար պետք է դառնա օդի եւ ջրի նման անհրաժեշտություն, առանց որի մենք չենք կարող բարեկեցիկ կյանք պատկերացնել: Հասկանալի է, որ ժամանակակից հասարակությունն առանց մարդու իրավունքները հարգելու չի կարող զարգանալ: Կրթություն եւ գիտելիք ստացող մարդը, որ ժամանակակից հասարակության շարժիչ ուժն է, չի կարող կյանքը պատկերացնել առանց ազատությունների: Ուստի՝ մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրացնել իր սահմանադրական իրավունքները, քանի որ ՀՀ Սահմանադրության մեջ արտացոլված են Մարդու իրավունքների հռչակագրի 30 հոդվածի բոլոր դրույթները»:
Այս ամենը լսելով մի հարց է միայն առաջանում, ո՞վ պիտի ապահովի մեր բարեկեցիկ կյանքն ու մեր իրավունքները  պաշտպանի, նպաստի մեր գիտելիքների ձեռքբերմանը… Կարծում ենք՝ մեր կառավարությունը, իշխանությունները: Բայց մեր երկրում դեռեւս մարդն է պայքարում իր՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ «բարեկեցիկ» գոյատեւման համար…

Նազելի Մանուկյան

21 տարի անց էլ կառուցումներ` սեյսմիկ մեծ ռիսկով

Ահավոր երկրաշարժից անցել է 21 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին ՀՀ տարածքի շուրջ 40%-ը մի քանի ակնթարթում վերածվեց ավերակների: Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրաշարժը խլեց 25 հզ. մարդու կյանք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու նրա շրջակա 12 գյուղերը, կազմել էր 10 բալ, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7: Երկրաշարժից տուժեց 363 բնակավայր՝ 21 քաղաք եւ 342 գյուղ, անօթեւան մնաց 514 հզ. մարդ, լիովին ավերվեց երկրի բնակֆոնդի 17%-ը:
Չնայած կատարված հսկայական վերականգնողական աշխատանքներին, աղետի գոտի հասկացությունը դեռ չի վերացել:
Ըստ պաշտոնական տվյալների, Երեւանն ամենավտանգավոր սեյսմիկ գոտում է, իսկ ժամանակին Սպիտակի երկրաշարժի զոհերի թիվը մոտ 8000-ով հնարավոր կլիներ կրճատել, եթե մարդիկ իմանային սեյսմիկ պաշտպանության վարքականոնները: Դա անհրաժեշտ է, քանզի Հայաստանը 100%-ով սեյսմիկ վտանգի գոտում է, եւ մենք պետք է միշտ պատրաստ ու զգոն լինենք:
Ինչ վերաբերում է մեր մայրաքաղաքին, ապա սեյսմիկ ամենամեծ ռիսկն այստեղ է, քանի որ այն գտնվում է 8-9 բալանոց գոտում: Այդ ռիսկայնությունը պայմանավորված է նաեւ այն բանով, որ այստեղ շատ են բավականին խիտ կառուցված բարձրահարկ շենքերը, այստեղ է կենտրոնացված ՀՀ-ի բնակչության մեծ  մասը, ինչպես նաեւ՝ Երեւանն աչքի է
ընկնում ենթակառուցվածքների, վթարավտանգ, պայթունավտանգ օբյեկտների խտությամբ:      
Ըստ մասնագետների, Երեւանի կենտրոնում տեղի ունեցող կառուցապատումը սեյսմիկ պաշտպանության տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ, որն  ուժեղ երկրաշարժերի դեպքում կմեծացնի մարդկային եւ նյութական կորուստների թիվը: Շատ նորակառույցների դեպքում չեն պահպանվում սեյսմակայունության նորմերը: Շինարարություն իրականացնում են մասնավոր կազմակերպությունները, որոնք շատ դեպքերում շրջանցում են օրենքը, շենքի նախագծի փորձաքննության ժամանակ չեն ներկայացնում սեյսմակայունության մասին տեղեկանք եւ այլն:
Իհարկե, շենքը կարող է նաեւ ամուր լինել, սակայն երկրաշարժի ժամանակ` կողքի ընկնել ու վնասել մյուս շենքերին՝ մեծացնելով սեյսմիկ վտանգը: Այնուամենայն
իվ, տարեցտարի երկրաշարժերի քանակը նվազում է. եթե 2008թ. գրանցվել է 50 երկրաշարժ, ապա 2009թ. այդ թիվը 35 է:

Ամենալավ պաշտպանվածությունը, այդուհանդերձ, ամուր կառուցված շենք-շինություններն են եւ իմացությունը՝ երկրաշարժերի ու դրանցից ճիշտ պաշտպանվելու մասին:

Անի Մարության

Մարում ենք, բայց դեռ…

10 ամսում ՀՀ-ն ստացել է 298,7 մլրդ. դրամի վարկ, սակայն մարել է՝ 5,6 մլրդ. դրամի վարկը: Արտաքին դոնորների կողմից ՀՀ-ին տրամադրվել են շուրջ 298,7 մլրդ. դրամի վարկային միջոցներ, որից 185,1 մլրդ. դրամը՝ ՌԴ կառավարության, 57,4 մլրդ. դրամը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, 24,8 մլրդ. դրամը՝ Զարգացման միջազգային ընկերակցության եւ 31,4 մլրդ. դրամը՝ Ասիական զարգացման բանկի կողմից:
Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, նույն ժամանակահատվածում պետական բյուջեից արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 5,6 մլրդ. դրամ, որից 4 մլրդ. դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը:
839,4 մլն. դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 524,7 մլն. դրամ՝ ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 110,6 մլն. դրամ՝ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 30,1 մլն. դրամ՝ ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը եւ շուրջ 91,3 մլն. դրամ՝ բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Կարեն Բալյան

Կանխարգելիչ որոշումներ

A H1N1 գրիպով հիվանդների թիվը ՀՀ-ում հասել է 40-ի, սակայն, համաճարակ հանրապետությունում չկա, եւ իրավիճակը վերահսկվում է: Այս մասին հայտարարել է նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Մեր երկրում կատարվում են վարակի կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է չշփվել հիվանդների հետ, օրվա ընթացքում լիարժեք սնունդ ընդունել ու 3 լիտր ջուր օգտագործել:
Բացի այդ, վերջերս հանրակրթական դպրոցներում երեխաների շրջանում հիվանդության տարածման մասին լուրերին նա պատասխանել է, որ հիվանդության տարածումը կանխելու համար որոշում է կայացվել դեկտեմբերի 8-19-ն ընկած ժամանակահատվածում դադարեցնել դասընթացները դպրոցներում ու մանկապարտեզներում:
Եվ ահա, հիմք ընդունելով առողջապահության նախարարի առաջարկը՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման: Ըստ դրա՝ դեկտեմբերի 8-19-ը ՀՀ բոլոր նախակրթարանները (մանկապարտեզներ) եւ հանրակրթական դպրոցները, անկախ կազմաիրավական ձեւից, դադարեցնում են իրենց ուսումնական գործունեությունը:
Իսկ նախակրթական եւ հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 28-ից եւ կտեւեն մինչեւ հունվարի 10-ը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 43 (129), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։