Մշտական զգուշություն` մշտական դավաճանությունից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում ավարտվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Եվ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել ու հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009թ. ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից եւ, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել ու նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:

Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ. Հայրապետյանը ստացել է 2009թ. սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ. Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը:
Բ. Բաղերիին Գ. Հայրապետյանը հյուրընկալել է իր տանը եւ, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան է հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչեւան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ ադրբեջանցու պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից: Բացի այդ՝ Գ. Հայրապետյանի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հրազեն եւ ռազմամթերք:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քաղաքացի Գ. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձեւով պետական դավաճանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ ԻԻՀ քաղաքացի Բ. Բաղերիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից):
Քրգործն ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Այս դեպքը եւս մեկ անգամ հավաստում է, թե ինչքան զգույշ պետք է լինենք մեր հակառակորդների (եթե չասենք՝ թշնամիների) հետ հարաբերություններ հաստատելուց: Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական նախաձեռնվող հարաբերությունները մեծ վտանգներ են պարունակում ոչ միայն պատմական, քաղաքական կամ իրավական առումներով, այլեւ՝ ահաբեկչական: Երբ թուրքերն ու ադրբեջանցիները որոշակի պայմանագրերի առկայության դեպքում իրավունք ունենան այցելել մեր երկիր, ապա զգուշությունը միայն քիչ է լինելու, եթե չկիրառվի պետական լուրջ հսկողություն: Իսկ դավաճաններ, ցավոք, միշտ էլ գտնվում են, կապ չունի՝ պատճառը սոցիալական է, թե՝ քաղաքական կամ այլ:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ  44 (140), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։