Տարածաշրջանային էներգետիկ ծրագրերը քաղաքական ենթատեքստով են

Երբ խոսում էինք Կարս-Ախալքալաք երկաթգծի ծրագրից, նշեցինք, որ դա առավելապես քաղաքական, այլ ոչ թե տնտեսական ծրագիր է եւ ավելի շատ միտված է ՀՀ-ն շրջանցելով` ՀՀ-ին խեղճացնելուն: Հիմա կխոսենք տարածաշրջանային մեկ այլ ծրագրի մասին, որ էներգետիկ նշանակության է, բայց` դարձյալ քաղաքական ենթատեքստով: Խոսքը «Նաբուկո»-ի մասին է: Այդ ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը կանցնի Կասպից ծովի հատակով` շրջանցելով Ռուսաստանը, եւ կապահովի բնական գազի մատակարարում եվրոպական երկրներին: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան եւ Ավստրիան:

«Նաբուկո» նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար եւ եվրոպական երկրներ բնական գազի փոխադրում Է ենթադրում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքով: Այն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը եւ հաշվարկված է տարեկան 31 մլրդ խմ գազի փոխադրման համար: Սկզբնական փուլում խողովակաշարով ծրագրվում է պոմպամղել մոտ 15 մլրդ խմ գազ: Թուրքիայի տարածքով է անցնելու գազամուղի երկու երրորդը, կամ 3,3 հազար կիլոմետրից մոտ 2 հազարը: Գազամուղի շինարարությունը ծրագրվում է սկսել 2011թ., իսկ դրանով գազի մատակարարումը` 2014թ.: Թուրքիայի խորհրդարանը արդեն հավանություն Է տվել «Նաբուկո» գազամուղի կառուցման օրինագծին: Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել Է, որ նախագծի իրացումը մեծ օգուտ կբերի հանրապետությանը: Նա հավելել Է, որ Անկարան մտադիր Է իր կարիքների համար պահուստավորել այդ նավթամուղով փոխադրվող գազի մինչեւ 15%-ը:
«Նաբուկո»-ին զուգահեռ ծրագիր է «Հարավային հոսք»-ը: Ինչքան էլ «Նաբուկո»-ի մասնակից երկրները ժխտեն, միեւնույնն է, «Հարավային հոսք» ծրագիրը «Նաբուկո»-ի մրցակիցն է: Բայց, կարծես, ավելի աշխույժ է տեղից շարժվում: Ու մասնագետներն այն կապում են Պուտինի հետ: Դեռ 2009թ. ռուսական «Գազպրոմ»-ը եւ «Electricite de Franc»-ը  պայմանավորվածություն ձեռք բերեցին «Հարավային հոսք» նախագծում ֆրանսիական ընկերության մանակցության շուրջ:  Ավելին` շատ արագ պայմանավորվածություն ձեռք բերվեց ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ երրորդ երկրների տարածքում համատեղ աշխատանքների իրականացման շուրջ: «Հյուսիսային հոսք» եւ «Հարավային հոսք» գազամուղների նախագծում Ֆրանսիայի խոշորագույն ձեռնարկությունների մուտքի թույլտվության հարցերի բոլոր մանրամասները քննարկել են Ռուսաստանի եւ Ֆրանսիայի վարչապետները: Ի դեպ, Ռուսաստանը «Հարավային հոսք»-ը նախատեսում է կառուցել մինչեւ 2013թ., որի թողունակությունը կկազմի տարեկան 47-63 մլրդ խմ (սա ավելին է, քան «Նաբուկո»-ի ցուցանիշը): Տեսնելով «Հարավային հոսք»-ի ավելի գործունակությունը` Հունաստանը նույնպես պատրաստակամ է միանալ «Հարավային հոսք»-ին: Հունաստանի վարչապետը նույնիսկ հավաստել է, որ Հունաստանի տնտեսական դժվարությունները չեն ազդի այդ նախագծի իրականացման վրա: «Հարավային հոսք»-ի հարցում Պուտինն ավելի հաստատակամ է, քան Թուրքիան` «Նաբուկո»-ի: Պուտինն, իր հերթին, հավաստել է, որ «Հարավային հոսք» նախագծի մասնակից ընկերությունները ֆինանսական միջոցներ են ներգրավելու, ուստի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չեն լինի: «Հարավային հոսք» գազամուղը շահագործման կհանձնվի ամենաուշը 2014թ.: «Հարավային հոսք»-ին կմիանա նաեւ Բոսնիական Սերբական հանրապետությունը:
Մինչդեռ եվրահանձնաժողովը «Հարավային հոսք»-ը եւ «Նաբուկո»-ն մրցակիցներ չի համարում: Միաժամանակ, սակայն, պատրաստակամություն է հայտնում ֆինանսապես աջակցելու միայն «Նաբուկո»-ին: Պատճառը հասկանալի է. «Նաբուկո»-ն Եվրոպային կպրծացնի Ռուսաստանի ձեռքից:
Հավելենք, որ «Նաբուկո»-ն մի ծրագիր է, որի մասնակիցներ են Հայաստանի երեք հարեւանները` Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը: Միանգամայն, հասկանալի է, որ Հայաստանն այս ծրագրում տեղ չի ունենա: ՀՀ-ի 3 հարեւաններից ոչ մեկն էլ դա թույլ չի տա: Եվ պետք է չէ հույս կապել հայ-թուրքական հարաբերությունների լավացման հետ կամ վստահել այդ լավացման համապատկերում Ադրբեջանի եւ Թուրքիայի թշնամանալու հեքիաթին: Թե տարածաշրջանում ինչ փոփոխություններ պետք է լինեն, որ Հայաստանը մասնակցի «Նաբուկո»-ին, մասնագետների քննարկելիք հարցն է:
Վերադառնանք զուտ «Նաբուկո»-ին: Մի բան փաստ է. «Նաբուկո»-ն դեռ չսկսած, արդեն խնդիրներ են ծագել: «Nabucco Gas Pipeline GmbH» ընկերության գործադիր տնօրեն Ռեյնհարդ Միչեկը, Բուդապեշտում անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ «Նաբուկո» ծրագրի հետ կապված ֆինանսական խնդիրները լուծում չեն ստանում, իսկ այդ նպատակով վարկերի ստացման հնարավոր գործընթացը դժվարացել է. այս մասին տեղեկացնում է «Նյուզ.ազ» լրատվական կայքը: Ըստ Միչեկի, ընդհանուր ուղեգիծը, որը ձգվում է ավելի քան 3 հազար կմ, գնահատվում է 11.8 մլրդ դոլար: Այդ ծրագրի նպատակով ստեղծված խոշոր բանկերի միավորվածությունը նախատեսել է մոտ ապագայում դիմել միջազգային ֆինանսական կազմակերպություններին եւ գործակալություններին, որպեսզի վարկային միջոցներ ստանա:  Թուրքմենստանն ու Ադրբեջանը իրականում դեռեւս երաշխիքներ չեն ներկայացրել, որ իրենք մասնակցելու են «Նաբուկո» նախագծին: Գերմանիայի ու Ֆրանսիայի էներգետիկայի ոլորտի շատ փորձագետներ նշել են, որ նախագիծն, ամենայն հավանականությամբ, չի իրագործվի:
Ինչ է ստացվում. եվրոպական երկրներն ուզում են, բայց չեն հավատում, որ «Նաբուկո»-ն կիրագործվի, բանկերը մտածում են` ֆինանսավորել, թե ոչ, հավանական ներդրողները թեքվում են դեպի «Հարավային հոսք»: Ամեն ինչ լավ ու պայծառ է միայն Թուրքիայի համար: Թուրքիան, ի դեմս, «Նաբուկո»-ի, այլընտրանքային ծրագիր է ուզում` մտադիր լինելով ավելացնել իր էներգետիկ անվտանգությունը: Երբ նախորդ տարեվերջին «Նաբուկո»-ի վերաբերյալ խոսակցությունները սկսեցին աշխուժանալ, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտ ներկայացրեց ադրբեջանական գազը եվրոպական գներով ձեռք բերելու համար: Սա ոգեւորեց Ադրբեջանին, բայց խոչընդոտեց «Նաբուկո»-ով անհրաժեշտ ծավալի գազ ներկրելու եվրոպական մտադրությունը: Եթե ադրբեջանական կողմը հանկարծ որոշի չմասնակցել ծրագրին, ապա «Նաբուկո»-ն իրականացնելը հարցականի տակ կդրվի` ծավալների շեշտակի նվազումով պայմանավորված:

«Թուրքական Նաբուկո»-ն` փողի աղբյուր

Թե ինչու ենք ասում «թուրքական Նաբուկո», պարզ է. խողովակաշարի մեծ մասը Թուրքիայի տարածքով է անցնում:  Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը ասել է, թե այդ նախագծի իրագործման ծախսը կկազմի 7 մլրդ 800 մլն եվրո, որից 4 մլրդ 800 մլն եվրոն Թուրքիայի տարածքում է ներդրում արվելու: Թուրքիայի սահմաններից ներս կկառուցվի նաեւ գազամուղի մեծ մասը, ինչն էլ ավելի քան 5 հազ. աշխատատեղ կապահովի: Թուրքիան հրաժարվել է ստանալ իր երկրի տարածքով փոխադրվող գազի 15%-ը, փոխարենը երաշխիքներ է ստացել այն մասին, որ գազամուղից հարկային եկամուտներ կստանա: Իսկ այդ եկամուտը  տարեկան կկազմի մոտավորապես 400-450 միլիոն եվրո:
Իսկ որպեսզի եկամուտը շատ լինի, հարկ է, որ «Նաբուկո»-ն թանկ արժենա: Այսպես` թուրքական կողմը տարբեր առիթներով տարբեր թվեր է նշել. «Նաբուկո»-ն մեկ արժե 7.9 մլրդ դոլար, մեկ ուրիշ անգամ` 9 մլրդ, իսկ վերջերս էլ, երբ արդեն զգաց, որ ռուսական կախվածությունից թուլանալու համար Եվրոպային շատ է անհրաժեշտ այդ գազամուղը, մեջբերեց մեկ այլ թիվ` 12 մլրդ դոլար…
«Գարդիան»-ը «Նաբուկո»-ի մասին գրում է. «Սա գազամատակարարման այն հավակնոտ, բայց տարաբախտ նախագիծն է, որը նպատակ ունի թուլացնել Կրեմլի ճնշող ազդեցությունը Եվրոպայի գազամատակարարման հարցում: Տնտեսական ու բանկային ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ ֆինանսավորում հայթայթելու համար պայքարող` 3.300 կմ երկարությամբ ու դեռեւս չկառուցված այս խողովակաշարը Բուլղարիայով, Ռումինիայով ու Հունգարիայով ձգվելու է Թուրքիայի արեւելքից մինչեւ Ավստրիայի արեւելք, եւ պետք է շահագործման հանձնվի մինչեւ 2014 թվականը: Երկու տարի է` այս նախագիծը դոփում է տեղում, ինչը կասկածի տակ է առնում նրա կենսունակությունը, նաեւ հենց այն պատճառով, որ անհայտ է մնում, թե որտեղից պետք է գա տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ գազը»: Պարբերականը միաժամանակ հավելում է, թե վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիան եւ Եվրամիությունը չէին կարողանում համաձայնության գալ գազամուղի պայմանագրի կետերի շուրջ. Անկարան գազի 15%-ի համար զեղչված գներ էր պահանջում` կամ ներքին սպառման, կամ վերաարտահանման նպատակով:

Ինչ կորոշեն ԵՄ-ն ու Թուրքմենստանը

Այն, որ «Նաբուկո» գազամուղի ծրագիրը քաղաքական է, «Գարդիան»-ը մեկ այլ փաստ էլ է մեջբերում. խոսքը ամերիկացիների շահագրգռության մասին է. «ԱՄՆ-ն, որ նույնպես հետաքրքրված է դեպի Եվրոպա գնացող գազատարների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը թուլացնելու մեջ, բոլոր կողմերին հորդորում է համաձայնության գալ: Եվրամիությունն իր սպառած գազի շուրջ 1/3-ը, կամ` 140 միլիարդ խմ-ն ներմուծում է Ռուսատանից, իսկ Գերմանիան ամենամեծ սպառողն է: Սակայն Ռուսաստանի գազային ահաբեկչության նկատմամբ Եվրոպայի խոցելիությունը տխուր կերպով ակնհայտ դարձավ հունվարին, երբ ռուսական «Գազպրոմ» մենաշնորհային ընկերությունը, գազի սակագնի շուրջ Կիեւի հետ ունեցած վեճի պատճառով, փակեց Ուկրաինայով դեպի Եվրոպա գնացող գազատարը` ձմեռվա կեսին արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների զրկելով գազից», – շարունակում է պարբերականը:  «Գարդիան»-ը այն եզրակացությանն է եկել, որ եւ՛ ռուսները, եւ՛ եվրոպացիները, եւ՛ ամերիկացիները եւ թե թուրքերը ադրբեջանական ու թուրքմենական գազի համար ոչ միայն բիզնես, այլեւ «դիվանագիտական մրցակցության» մեջ են: Նաբուկո»- ով կարելի է գազ արտահանել նաեւ Իրաքից եւ նույնիսկ Իրանից, եթե հանկարծ «քաղաքական սեյսմիկ շրջադարձ տեղի ունենա»:
Թե ինչ նկատի ունի «Գարդիան»-ը «քաղաքական սեյսմիկ շրջադարձ» ասելով, չի մանրամասնվում: Կամ` այդ «շրջադարձ» ասվածը ավելի շատ պետք է քննարկել իրանակա՞ն գործոնի, թե հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր լավացման համապատկերում:
Առաջին հայացքից «Նաբուկո»-ն կարելի է կապել հայ-թուրքական երկխոսության հետ: Չմոռանանք, սակայն, որ եթե անգամ հայ-թուրքական երկխոսությունը ստացվի, Ադրբեջանը չի ընդունի խողովակաշարի` Հայաստանի տարածքով անցնելը: Իրանի միացումը «Նաբուկո»-ին ձեռնտու է Եվրոպային: ԱՄՆ-ն մի պահ նույնիսկ, Օբամային նախընտրական ուղեգծից ելնելով եւ Թեհրանի հետ հարաբերությունները կարգավորելու նկատառումով, կարծես փոխեց դիրքորոշումը: Էրդողանը նույնիսկ Բրյուսելում հայտարարեց, թե «առանց Իրանի գազամուղը որեւէ իմաստ ունենալ չի կարող»: Բայց հենց այդ ժամանակ Իրանը հակաքայլ արեց: Իրանի նավթի նախարարը հայտարարեց, թե Իրանի համար ավելի առաջնահերթ է Իրան-Իրաք-Սիրիա գազատարի անցկացումը եւ Սիրիայում բնական գազի հեղուկացման գործարանների շինարարությունը, եւ թե ««Նաբուկո»-ն իրենց համար առանձնապես կարեւորություն չի ներկայացնում»:
Այս համապատկերում հարկ է հավելել միայն, որ 2009թ. մայիսին Պրահայում ստորագրված` «Նաբուկո»-ի շինարարության մասին հռչակագրի տակ չկան ոչ Իրանի, ոչ Ղազախստանի, ոչ Թուրքմենստանի, ոչ Ուզբեկստանի ստորագրությունները: Ադրբեջանը, իհարկե, ստորագրել է: Ադրբեջանն, իհարկե, գազի զգալի պաշարներ ունի: Բայց գազարդյունահանման ծավալները էական չեն: Եթե նույնը ասենք նաեւ հռչակագիրը ստորագրած Եգիպտոսի մասին, պատկերն ավելի հստակ կուրվագծվի: Իսկ իրավիճակն առայժմ սա է. «Նաբուկո»-ն դոփում է տեղում:
Էներգետիկայի հարցերով փորձագետ Թեմուր Գոչիտաշվիլու կարծիքով, Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ստեղծված էներգետիկ լարվածությունը, հնարավոր է, նոր ծրագրերի սկիզբ դառնա: Թե որն է այդ նորը, առայժմ չի մեկնաբանվում: Միայն ասվում է, թե «Նաբուկո»-ի շինարարությունն արագացնել է պետք»:
Նույն տեսակետն ունի Ադրբեջանի տնտեսական ու քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սաբիթ Բագիրովը: Ըստ նրա, «Ռուսաստանը ջանք չի խնայում արգելելու ադրբեջանական ու թուրքմենական գազի ելքը դեպի եվրոպական շուկա: Պետք է արագացնել «Նաբուկո»-ի շինարարությունը, քանի դեռ Ռուսաստանին չի հաջողվել գործի դնել իր ծրագիրը»: Ասենք միայն, որ Ռուսաստանին որոշ չափով արդեն հաջողվել է խաղաքարտերն հօգուտ իրեն «բաժանել»: Օրինակ, համաձայնել է ադրբեջանական գազը գնել եվրոպական գներով: Բագիրովն ինքը խոստովանում է, որ «իրենք գազի այն ծավալները չունեն, որի շուկա մտնելով ռուսականը իր տեղը զիջեր, պարզապես Ռուսաստանը չի ուզում քաղաքական անկախություն տալ Ադրբեջանին ու Թուրքմենստանին»:
Ստացվում է, ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ կորոշի Թուրքմենստանը: Կամ` որ ավելի ստույգ է` ինչ կառաջարկի ԵՄ-ն Թուրքմենստանին եւ ինչի շուրջ նրանք համաձայնության կգան:   
Իբրեւ ամփոփում նկատենք, որ «Նաբուկո»-ի հիմնական մատակարարներից Ադրբեջանը կամուկացի մեջ է դեռ: Ադրբեջանական կայքերը նշում են, որ Եվրամիության բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, թե «Նաբուկո»-ի ճակատագիրն առայժմ պարզ չէ, եւ ամեն ինչ կախված է ոչ թե Ադրբեջանից, այլ այն հանգամանքից, թե ինչ պայմանավորվածության կգան Եվրամիությունն ու Թուրքմենստանը: Այսինքն` սա նույնն է, ինչ մենք ենք պնդում` ամեն ինչ կախված է ԵՄ-ի ու Թուրքմենստանի որոշելիքից:
Հիմա` «Նաբուկո»-ն այս տարի կկառուցվի՞, թե՞ ոչ: Համենայնդեպս, Nabucco Gas Pipeline International-ը հուսով է, որ այս տարի արդեն կկայացվի վերջնական որոշումը, կճշգրտվեն նախագծի ֆինանսավորման չափերը, ժամկետները եւ այլ մանրամասներ:
Այս պահի դրությամբ կա ամենամեծ խնդիրը` ֆինանսավորումը: Նախագծի կոնսորցիումը (բանկերի միություն) մտադիր է դիմել միջազգային ֆինանսական ինստիտուտներին: 2 մլրդ եվրո խոստացել է տալ եվրոպական ներդրումային բանկը, բայց միայն այն պայմանով, եթե «Նաբուկո»-ի մասնակից երկրները օրենսդրորեն ամրագրեն, որ գազամուղը պետք է անցնի հենց իրենց երկրներով: Օրենսդրորեն դա չի ամրագրվել: Գումարները սառեցված են: «Նաբուկո»-ն տեղում դոփում է:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 11, 12 (142, 143), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։