Ինչքան է անհրաժեշտ ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու համար

Մեր երկրում գործող ԱԷԿ-ը շահագործումից հանելուն զուգահեռ, պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ՝ արդիական չափանիշներին համապատասխան: Հակառակ պարագայում մենք տանուլ կտանք մեր տնտեսությունը. էներգետիկան տնտեսության սիրտն է: Լավ է, որ մեր իշխանությունները նոր ԱԷԿ ունենալու հարցում հաստատակամ են եւ այդ մասին ասել են ոչ մեկ անգամ: Ինչեւէ, ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու համար գործնական քայլեր արդեն արված են: Ինչպե՞ս է գործող էներգաբլոկը հանվելու շահագործումից: Հասկանալի է, որ ԱԷԿ-ը սովորական արտադրական շինություն չէ, որ դուռը փակես, արտադրամասն էլ` հետ: ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելը տարիների աշխատանք ու նաեւ ֆինանսական միջոցներ է պահանջում:  


ԱԷԿ-ը շահագործումից հանելուց առաջ նախնական գործողությունների համար անհրաժեշտ է 4.5 մլն եվրո (աշխատանքի կատարման արժեքն է այսքան): Միջուկային տեղակայանքի հետ կապված ծախսերը 4.3 մլն եվրո են գնահատվում (դարձյալ աշխատանքի կատարման արժեքն է): Հիմնական սարքավորումներ ու նյութեր ձեռք բերելու համար անհրաժեշտ կապիտալ ծախսերը 2 մլն եվրո են գնահատվում: Ապահավաքակցման աշխատանքների համար պահանջվող գումարը հետւյալն է. աշխատանքի կատարման արժեքն է 23.4 մլն եվրո, կապիտալ ծախսերն են 12 մլն եվրո, այլ ծախսերի չափը 1.2 մլն եվրո է, ընդհանուր առմամբ հարկ է 36.6 մլն եվրո: Թափոնները մշակելու, պահեստավորելու եւ թաղելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 38.7 մլն եվրո, այդ թվում` 13.5 մլն եվրո` աշխատանքը կատարելու համար, 24 մլն եվրո` կապիտալ ծախսերի համար եւ 1.2 մլն եվրո` այլ ծախսերի համար: Ինչ վերաբերում է կայանի շահագործման ընթացքում առաջացած թափոնների թաղմանը, ապա պահանջվող գումարը ընդհանուր առմամբ 19.5 մլն եվրո է: 22.5 մլն եվրո էլ պետք է շահագործումից հանելու ընթացքում առաջացած թափոնները թաղելուն: Հարթակի ֆիզիկական պաշտպանության, հսկողության, տեխնիկական սպասարկմանն անհրաժեշտ է 26.4 մլն եվրո, այդ թվում` աշխատանքի կատարման արժեքն է 16.8 մլն եվրո, մնացյալը այլ ծախսեր են: Միայն ծրագրի կառավարման ու ինժեներատեխնիկական ապահովման համար պետք է 16.6 մլն եվրո: 1.9 մլն եվրո է պետք գիտահետազոտական մշակումների համար` ներառյալ 1.4 մլն եվրո աշխատանքի կատարման համար եւ 0.5 մլն եվրո կապիտալ ծախսերի համար: Միջուկային վառելիքի միջանկյալ պահեստարան տեղափոխումը, միջանկյալ պահեստարանի շահագործումն ու չոր պահեստարանի վերջին հերթի կառուցումն արժե 18 մլն եվրո (պահանջվող կապիտալ ծախսն է այսքան): Այսպիսով, ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 191 մլն եվրո: Չնախատեսված ծախսերի բաժինը 25 տոկոս է` 47.75 մլն եվրո: Այսինքն` ատոմակայանը շահագործումից հանելու համար պահանջվող համընդհանուր գումարը 238.75 մլն եվրո է:
Ի դեպ, համընդհանուր ծախսերում ներառված չեն շենքերի ու շինությունների քանդման եւ հարթակի բնատեսարանի վերականգնման աշխատանքները:
Մասնագետները հավելում են նաեւ, «թե համընդհանուր ծախսերում չեն ներառված նաեւ արեւմտյան փորձագետների աշխատանքների դիմաց վճարումները, որոնց աջակցությունը անհրաժեշտ է ինժեներա-տեխնիկական հետազոտությունների նախապատրաստման ու մանրամասն պլանի եւ այլ փաստաթղթերի մշակման համար»: Կարելի է ակնկալել, որ այդ աշխատանքները  կֆինանսավորվեն  դոնորների կողմից: Այս ծախսերը գնահատվում են մոտ 35 մլն. եվրո: ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունում նշվում է նաեւ, թե ծախսերի մանրամասն հաշվարկը կկատարվի կայանը շահագործումից հանելու ծրագրում:
ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու  գործընթացի տարբեր փուլերում ծախսերը հետեւյալն են:
1. Շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստման փուլի համար գնահատված ծախսեր` 5.7 մլն. եվրո:
2. Հետշահագործման փուլի համար (որի տեւողությունը 2016 – 2023թթ. է) գնահատված ծախսեր` 56 մլն եվրո: Այդ թվում` 21 մլն եվրոյի աշխատավարձ, 32 մլն եվրոյի ներդրումային ծախսեր եւ 3 մլն եվրոյի այլ ծախսեր: Չնախատեսված ծախսերի բաժինը 25 տոկոս է` 14 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, հարկ է 70 մլն եվրո: Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման համար նախատեսվում է 52.5 մլն. եվրո:
3. Ոչ միջուկային սարքերի ապահավաքակցման փուլի (տեւողությունը 2023 – 2030թթ.) ծախսեր. աշխատավարձի համար` 21 մլն. եվրո, ներդրումային ծախսեր` 3.5 մլն. եվրո, այլ ծախսեր` 3 մլն. եվրո: Ընդհանուր առմամբ պետք է 27.5 մլն. եվրո, եւս 6.8 մլն եվրո չնախատեսված ծախսեր, եւ հարկ է 34.3 մլն եվրո:
4. Ապաակտիվացվող սարքերի ապահավաքակցման փուլի (տեւողությունը 2030 – 2036թթ) ծախսեր. աշխատավարձ` 16 մլն. եվրո, ներդրումային ծախսեր` 10.0 մլն. եվրո, այլ ծախսեր` 3 մլն. եվրո, չնախատեսված ծախսեր` 7.25 մլն. եվրո եւ, ընդհանուր առմամբ, 36.25 մլն. եվրո:
5. Ապաակտիվացման չենթարկվող սարքերի ապահավաքակցման փուլի (տեւողությունը 2037-2043թթ.) ծախսերը. աշխատավարձ` 15 մլն. եվրո, ներդրումային ծախսեր` 14.0 մլն. եվրո եւ այլ ծախսեր` 3 մլն. եվրո, եւս 8 մլն եվրո չնա
խատեսված ծախսեր եւ, ընդհանուր առմամբ, հարկ է 40 մլն եվրո: Այս ծախսերում ընդգրկված չէ վերջին փուլը` շենքերի եւ շինությունների քանդման ու հարթակի վերականգման համար պահանջվող ծախսերը:

Հավելենք նաեւ, որ ԱԷԿ-ը ձեռնտու է փոխարինել ԱԷԿ-ով` հենց ֆինանսական տեսակետից:
Նոր ատոմային էներգաբլոկ ունենալու օգտին է խոսում այն փաստը, որ չնայած միջուկային վառելիքի գինը մոտակա 20 տարվա ընթացքում տարեկան 3 տոկոսով ավելանալու է (հաշվարկների համաձայն), բայց այնուամենայնիվ, այն՝ նոր ԱԷԿ ունենալն ավելի ձեռնտու կլինի մի քանի գործոններով պայմանավորված. 1. Աշխարհում բնական գազի գնի անկասելի աճ է սպասվում: Այս համապատկերում է, որ համեմատաբար կայուն է դիտարկվում միջուկային վառելիքի գինը: Ու քանի որ բնական գազի գինը հիմնական որոշող գործոնն է Հայաստանի էլեկտրաէներգիայի արժեքի կանխատեսման գործում, ապա միջուկային վառելիքը հաստատ ձեռնտու կլինի իր՝ գոնե համեմատաբար կայուն արժեքով: 2. 2016թ. Հայաստանը մոտ 2000 ՄՎտ նոր հզորության կարիք կունենա, եթե ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերվի 2016թ. եւ շահագործումից հանվեն նաեւ հնացած ջերմային հզորությունները: 3. Իսկ ծրագրված Մեղրիի հիդրոէլեկտրակայանը, թեեւ հզոր, բայց չի կարողանա ծառայել Հայաստանի բեռը բավարարելու համար այս դիտարկվող ժամանակահատվածում, որովհետեւ ՀԷԿ-ի կառուցման ֆինանսական սխեմայի համաձայն դրա արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան ուղղվելու է դեպի Իրան:
Այս համապատկերում պարզ է դառնում, որ նոր ատոմային էներգաբլոկի թողարկումը նվազագույն ծախսերով միակ տարբերակն է, որն առաջնային վառելիքի տեսակների բազմազանության, վառելիքի մատակարարման տեսակետից ամենավստահելին լինելուց բացի ապահովում է նաեւ էներգետիկ անվտանգության ու անկախության անհրաժեշտ մակարդակ:

Աստղինե Քարամյան

Թուրքիան նոր ՀԱԷԿ-ի կառուցմանը մասնակցել չի կարող

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների ձեռք բերման համար պետական գնումների գործակալության հայտարարած մրցույթի արդյունքում հաղթեց Worley Parsons միջազգային կոնսորցիումը: ՀՀ կառավարությունն ու «Worley Parsons»-ը արդեն կնքել են 459.7 մլն դոլարի պայմանագիր: Դրանում ներառված են նախագծային, վերահսկողական, խորհրդատվական ծառայություններ եւ այլն:
Շրջանառող այն լուրերը, թե Թուրքիան կմասնակցի հայկական նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը, իրականությանը չեն համապատասխանում:   Թուրքիան նոր ՀԱԷԿ-ի ծրագրում մասնակցություն ունենալ չի կարող՝ հետեւյալ պարզ պատճառով. բանն այն է, որ, ինչպես բացատրում են մասնագետները, ատոմակայան կառուցելը սովորական արտադրամասի շենք-շինություն սարքելու պես մի մի բան չէ: Եվ ատոմակայանը այն օբյեկտն է, որ անպայման պետք է կառուցվի ատոմային էներգետիկայի բնագավառում տարիների մասնագիտական, այն էլ հաջողված փորձ ունեցողը: Եվ այս ամենը ՄԱԳԱՏԵ-ի պահանջներից է: Իսկ Թուրքիան ատոմային էներգետիկայի դպրոց չունի: Թուրքիայի՝ մեր նոր ԱԷԿ-ի կառուցմանը մասնակցության մասին լուրերը վերաբերում են միայն ֆինանսական ներդրումներին: Սակայն, հազիվ թե ֆինանսական մասնակցությունը լինի: Եթե Թուրքիան ուզում է ինքն ատոմակայան ունենալ, դժվար այնքան լրացուցիչ գումարներ ճարի, որ մասնակցի հայկական միջուկային նոր էներգաբլոկի կառուցմանը:
 
Սեփ. լրատվություն

Արդյունաբերական աճով ԱՊՀ-ում 4-րդն ենք

2010թ. առաջին 2 ամսիների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են 9,4%-ով:
Այս ցուցանիշով Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում 4-րդն է: Արդյունքերը հրապարակել է ԱՊՀ միջպետական վիճակագրական ծառայությունը:
Արդյունաբերության զարգացման ցուցանիշով 1-ին տեղում է Ղրղզստանը՝ 205,8%, այնուհետեւ գալիս են Տաջիկստանն ու Ղազախստանը՝ համապատասխանաբար՝ 15% եւ 10,4%: Ուզբեկստանում այդ ցուցանիշը կազմել է 9%, Ուկրաինայում՝ 8,8%, Ադրբեջանում՝ 6,7%: Ռուսաստանում այդ 2 ամիսներին արդյունաբերությունն աճել է 5,8%-ով՝ զբաղեցնելով ցուցակի 8-րդ հորիզոնականը:
Տասնյակում են հայտնվել նաեւ Բելառուսն ու Մոլդովան՝ համապատասխանաբար՝ 4,2% եւ 4,1%:
ԱՊՀ երկրներում միջին հաշվով այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 7%-ով:

Անի Մարության

Մենք ե՞նք մղում դեպի Թուրքիա

Տարեսկզբից ամեն շաբաթ Թուրքիա մեկնող առեւտրականների թիվը կրճատվել է մոտ 2 անգամ:
Երեւանից Ստամբուլ մեկնող ավտոբուսների վարորդների ասելով՝ ներկայումս շաբաթական մոտ 360 հայ առեւտրական է գնում Թուրքիա:
Թուրքիա մեկնողների թվի կրճատումը բոլորովին էլ պայմանավորված չէ հայ-թուրքական
հարաբերությունների վերջին զարգացումներով: Ուղղակի ավելացել է բեռի կշռի գինը՝ 1 կգ-ի դիմաց վճարվող 3 դոլարը այժմ դարձել է 5 դոլար: Ըստ վարորդների, քաղաքական զարգացումները չեն խանգարում թուրք գործընկերների հետ լավ հարաբերություններին:

Ամեն շաբաթ Երեւանից մեկնում է 8 ավտոբուս: Թուրքական ընկերություններին պատկանող այդ ավտոբուսներով ամեն չվերթին մեկնում է 45 ուղեւոր: Նախկինում Երեւանից Ստամբուլ տանող ավտոբուսների թիվը 17 էր:
Հիմնականում ամառային շրջանում է մեծանում հանգստանալ ցանկացողների հոսքը դեպի Թուրքիա, սակայն նրանք գնում են ոչ թե Ստամբուլ, այլ՝ Անթալիա:
Ի դեպ, առեւտրականների կանխատեսմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումից հետո առանձնապես իրենց կյանքում բան չի փոխվի: Նույնսիկ կասկածում են, թե իրենց եկամուտը կավելանա:
Հայ-թուրքական հարաբերությունները բոլորովին էլ կապ չունեն մեր ժողովրդի ապրուստի հետ եւ սահմանի բացումով ոչինչ չի ավելանա. կարծում են առեւտրականները, ովքեր մտավախություն ունեն. «հիմա իբր քիչ են հարկ վերցնում, սահմանը բացելուց հետո ավելի շատ կվերցնեն»:
Սակայն այդ առեւտրականները ասում են, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ հայերին արտաքսելու մասին վերջին հայտարարություններից հետո արդեն վախով են մեկնում հարեւան երկիր, բայց այլ տարբերակ չունեն, քանի որ առեւտուրն է իրենց պարտքերը մարելու եւ օրվա հացը ապահովելու միակ միջոցը:
Այսպիսի մի խնդիր էլ չէ՞ր արդյոք հայ մարմնավաճառների հոսքը Թուրքիա եւ արաբական երկրներ…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 13 (144), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։