Ցեղասպանության արխիվները կվերածվեն դատավարության


Հնարավոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմություններն արխիվացվեն ԱՄՆ-ի Կոնգրեսում: Այս առումով կոնգրեսական Ադամ Շիֆֆը նոր նախաձեռնություն է սկսել:
ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանութայն ճանաչման բանաձեւին զուգահեռ Ա. Շիֆֆը հանդես է եկել մեկ այլ նախաձեռնությամբ՝ կոչ անելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին ու նրանց հարազատներին ԱՄՆ Կոնգրեսին ներկայացնել իրենց պատմությունները՝ հրատարակելու եւ արխիվացնելու համար: Վերապրածները եւ նրանց հարազատները կարող են ԱՄՆ կոնգրեսականին ուղարկել պատմություններ, թե ինչ է պատահել իրենց ընտանիքի եւ իրենց հետ օսմանյան թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացրած վայրագությունների ժամանակ, ինչպես են ազատվել թուրք բարբարոսների ճիրաններից:
Իմիջիայլոց, բոլոր ցանկացողները ընտանիքների պատմությունները կարող են ուղարկել Ադամ Շիֆֆի օգնական Մերի Հովակիմյանին`  էլփոստի հետեւյալ հասցեով՝ mary.hovagimian@mail.house.gov:


ԱՄՆ-ի կոնգրեսականը հայտարարել է. «Եկեք Կոնգրեսում արխիվացնենք անձնական պատմություններն այն մարդկանց, ովքեր վերապրել են ցեղասպանությունը: Մինչ մի քանի վերապրածներ դեռեւս ապրում են, մենք կարող ենք Կոնգրեսում արխիվացնել վերջին դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող փաստերը: Դա կարող է պատմաբանների համար շատ կարեւոր աղբյուր լինել»:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը արագ արձագանքել էր. «Մենք էլ կարող ենք մեր հուշերը ներմուծել Կոնգրեսի արխիվ»: Դեսպանը նաեւ կարծիք է հայտնել, թե «Թուրքիան շարունակելու է Իրանի միջուկային հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ գործադրվող ջանքերն ու այդ հարցում մրցակցության մեջ չէ որեւէ այլ պետության հետ»,- սրանով հասկացնելով, թե ԱՄՆ-ն պետք է մտածի Թուրքիայի նկատմամբ որեւէ քայլ անելուց առաջ:
Թուրքական «զլմ-ները ահազանգել են այն մասին, թե հիմա էլ կոնգրեսական Շիֆֆն առաջարկել է Կոնգրեսի արխիվում հավաքել Հայոց ցեղասպանությունից փրկվածների հուշերը, եւ արդյո՞ք թուրքական կողմը ծրագրել է կանխել այդ նախաձեռնության իրականացումը:
Թուրք դեսպանը արձագանքել է. «Իհարկե, այս եւ նման ջանքեր դեռ գործադրվելու են: Բայց ես չեմ կարծում, որ դրանք արդյունավետ կլինեն: Նրանք որքան էլ հուշ-պատմություններ ներմուծեն Կոնգրեսի արխիվ, նույնքան էլ մենք կարող ենք: Այդ առնչությամբ ես որեւէ մտահոգություն չունեմ»:  
Այնուամենայնիվ, ցեղասպանության ականատեսների հիշողությունները կարեւոր փաստեր են եւ կլրացնեն Կոնգրեսի զեկույցը: Սա կարող է կարեւոր աղբյուր դառնալ օտար պատմաբանների համար, կդառնա նաեւ մեր ազգային արխիվի կարեւոր մասը, նաեւ հնարավորություն կտա տեղեկություն տալու Կոնգրեսի անդամներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը նպաստելու համար: Թուրքերը լուրջ խնդրի առաջ են կանգնում վերստին: Ինչքան էլ նրանց «հաջողվում» է ԱՄՆ-ի նախագահին «հրաժարեցնել» «Հայոց ցեղասպանություն» բառերն արտահայտելուց, այնուամենայնիվ, նրանք հասկանում են, որ այդ բառերի արտասանման եւ այնուհետ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը հասունանում է ԱՄՆ-ում: Նույնիսկ ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան զգույշ ելույթը զայրացրել էր թուրքերին:
Կարճ ժամանակ առաջ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին տարածել էր հաղորդագրություն, որով դատապարտել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ հայ ժողովրդին ուղղված Ապրիլի 24-ի ուղերձը՝ դա համարելով թուրք ազգի համար վարկաբեկիչ: «ԱՄՆ նախագահի ուղերձում 1915թ. իրադարձությունների վերաբերյալ օգտագործվել են նախորդ տարվա արտահայտությունները: Ցեղասպանություն եզրաբառի անգլերեն տարբերակի փոխարեն հնչեցվել է հայերեն Մեծ եղեռն ձեւակերպումը: Այդ հայտարարությամբ ԱՄՆ նախագահը մեր պապերին շարունակել է մեղադրել ցեղասպանության հանցանքի մեջ: Իսկ դա նշանակում է, որ Օբաման շարունակում է բացասական կարծիք ունենալ թուրք ազգի մասին: Բառախաղը չի փոխում դրությունը, Օբաման մեկ անգամ եւս ցույց տվեց, որ համառորեն շարունակում է մեղադրել թուրք ժողովրդին»,- ասել է թուրք ընդդիմադիր  ղեկավարն իր գրավոր հայտարարությունում:
Իսկ ահա, ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծում է, որ «Օբամայի հասկացած «Մեծ եղեռնը» եւ մերը՝ նույնը չեն»: Նրան ամենեւին չի բավարարում արձանագրությունները կասեցնելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը. «Քանի դեռ ստորագրությունները հետ չեն կանչել, արձանագրությունների վտանգները շարունակում են մնալ», եւ դա վտանգում է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
Կ. Մանոյանը նշել է, որ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված ԱՄՆ նախագահի ուղերձում Բ. Օբաման խուսափեց «Ցեղասպանություն» բառի կիրառումից: Նա այդ քայլը որակեց՝ «ազնիվ չէ», եւ ասաց, որ «իրերը պետք է անվանել իրենց անուններով: «Մեծ Եղեռն» բառի օգտագործումից մենք չպետք է խանդավառվենք, քանի որ նրանք թարգմանում են՝ ինչպես ցանկանում են: Մենք էլ ենք օգտագործում «Մեծ Եղեռն» արտահայտությունը՝ բայց ոչ «Ցեղասպանություն» բառից խուսափելու համար»:
Այսինքն, այս դեպքում Օբամայի «Մեծ Եղեռնը» թարգմանվել է որպես ողբերգություն: «Ցեղասպանություն» եզրը, միջազգային իրավունքի համաձայն, իրավական տերմին է, իսկ «Մեծ եղեռնը», որը թարգմանվում է «Ողբերգություն», իրավական տերմին չէ եւ չի կարող տեր կամ պատասխանատու ունենալ:
Ըստ դաշնակցական գործչի, Բ. Օբաման փորձում է սիրաշահել մեզ, սակայն, ինչպես ասվեց, իր հասկացած ««Մեծ Եղեռնը» եւ մեր հասկացածը՝ նույնը չեն»: Եվ ԱՄՆ-ի նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառի օգտագործումը կարեւորում է այնքանով, որ դա կարող է ճնշում լինել Թուրքիայի եւ մյուս երկրների վրա՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. «Դա կանաչ լույս կլինի: Հայկական եւ թուրքական կողմերն այսօր քաղաքական պայքարի մեջ են եւ Օբամայի խոսքը այստեղ դեր կունենան, որպեսզի մյուս երկրներն էլ վերահաստատեն իրեն գնահատականը»,- հայտնել է Կ. Մանոյանը:
Իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին եւ այս դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին՝ ասել է, թե ստեղծվեց նոր
առիթ ու հնարավորություն՝ բարձրացնելու Ցեղասպանության ճանաչման խնդիրը նոր մասշտաբներով. «ՀՀ նախագահի ուղերձի ու դրանում արտահայտված մտքերի առնչությամբ, թյուրըմբռնելով ուղերձի իմաստը, ինձ երբեմն ասում են, թե դա պարտություն է: Բայց եթե փորձենք հավատալ դրան, հրճվելու ոչինչ չկա, քանի որ եթե երկրի նախագահը պարտություն է կրում, դա բոլորի պարտությունն է: Սակայն լուրջ վերլուծելու դեպքում հստակ է, որ նախագահի այդ քայլը լիովին արդարացված է: Ավելին, ես կասեի, որ վերջին 1 տարում ՀՀ նախագահի վարած քաղաքականությամբ ոչ թե Ցեղասպանության հարցը կասկածի տակ դրվեց, ինչպես ոմանք պնդում էին, այլ, ընդհակառակը, ստեղծվեց նոր առիթ ու հնարավորություն՝ բարձրացնելու Ցեղասպանության ճանաչման խնդիրը նոր մասշտաբներով… Առաջին անգամ Թուրքիայում մտավորականության այդքան մեծ թվով ներկայացուցիչներ հարգեցին 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս ամենը մեկ անգամ եւս վկայում է, որ ՀՀ նախագահը ապացուցեց երկխոսության մեր պատրաստակամությունը, ու մեզնից յուրաքանչյուրն էլ մեր տեղում պետք է գործն այնպես առաջ տանի, ինչպես նախագահը»:
Ռուսաստանահայերի մի զգալի մասը նույնպես ընդունում է, որ «Մեծ Եղեռնի» արծարծումը ԱՄՆ-ի նախագահի կողմից՝ ապրիլքսանչորսյան ուղերձում առաջընթաց է եւ կարելի է համարել Ցեղասպանության ճանաչմանն ուղղված լուրջ քայլ:
Հիշեցնենք, որ հայաստանյան մի շարք կազմակերպություններ էլ Բ. Օբամայի արտասանած «Մեծ Եղեռն» արտահայտությունը համարել էին համարժեք հրեական «Հոլոքոսթ» արտահայտությանը եւ կոչ էին արել, որ միջազգային «բառապաշարում» այն ունենա հենց նման նշանակություն:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 18 (149), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։