Հանուն Աստծո

Մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի դեմ սիոնիստական ռեժիմի հանցավոր հարձակման վերաբերյալ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի ուղերձը

Մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի վրա հանցավոր եւ դաժան հարձակումը այն մեծ ոճիրների շղթայի օղակն է, որոնցով լցված է չար եւ ոճրագործ իշխանության նենգ գոյության յոթերորդ տասնամյակը: Սա այն հանդուգն եւ անգութ վերաբերմունքի օրինակն է, որին տասնյակ տարիներ անժանանում են տարածաշրջանի եւ հատկապես Պաղեստինի կեղեքված երկրի մահմեդականները եւ պայքարում դրա դեմ: Այս անգամ շարասյունը իսլամական կամ արեւմտյան չէր, այլ ներկայացնում էր համայն աշխարհի հասարակական կարծիքը եւ մարդկային խիղճը: Այս հանցավոր հարձակումը բոլորին ապացուցեց, որ սիոնիզմը ֆաշիզմի նոր եւ ավելի կոպիտ դրսեւորումն է եւ վայելում է ազատության ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող պետությունների, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության օժանդակությունն ու աջակցությունը:

ԱՄՆ, Անգլիան, Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրները, որոնք ի ծնե ոճրագործներին քաղաքական, ինֆորմացիոն, ռազմական եւ տնտեսական աջակցություն են ցուցաբերել եւ մշտապես կանգնած են նրանց աղետածին գործողությունների հետեւում, լրջորեն պետք է պատասխանատվություն կրեն: Համայն աշխարհի սթափ խղճերը պետք է լրջորեն մտածեն, թե մարդկությունը այսօր ի՞նչ վտանգավոր երեւույթի հետ է բախվում Միջին Արեւելք կոչվող լարված տարածաշրջանում: Այս ի՞նչ արյունարբու, հանդուգն եւ խելագար վարչակարգ է այսօր բռնանում գրավյալ Պաղեստինի եւ նրա կեղեքված եւ սգավոր ժողավրդի վրա, ի՞նչ է նշանակում Գազայում մեկուկես միլիոն կանանց, տղամարդկանց եւ երեխաներին երեք տարի ենթարկել պարենային, դեղորայքային եւ կենսական շրջափակմանը: Ինչպե՞ս հասկանալ Գազայում եւ Արեւմտյան ափում երիտասարդների ամենօրյա սպանդը, ազատազրկումներն ու խոշտանգումները:


Պաղեստինը այլեւս ոչ միայն արաբական եւ անգամ իսլամական հարց է, այլեւ արդի աշխարհի մարդու իրավունքների կարեւորագույն հարցն է:

Ծովային շարասյուն՝ Գազա ուղարկելու խորհրդանշական եւ հրաշալի քայլը պետք է կրկնվի բազմաթիվ անգամներ, տասնյակ այլ ձեւերով ու եղանակներով: Սիոնիստական դաժան իշխանություններն ու նրանց հովանավորները, հատկապես ԱՄՆ եւ Անգլիան, պետք է զգան եւ իրենց առջեւ տեսնեն համաշխարհային հանրության խղճի զարթոնքն ու կամքի անհաղթահարելի ուժը:

Արաբական պետությունները հայտնվել են դժվար փորձության առջեւ: Արաբական արթուն ժողովուրդները նրանցից պահանջում են կտրուկ եւ վճռական քայլեր: Իսլամական կոնֆերանսն ու Արաբական լիգան չպետք է բավարարվեն ոչ պակաս, քան Գազայի շրջափակման ամբողջական վերացմամբ, Արեւմտյան ափում պաղեստինյան տների ու տարածքների նկատմամբ ոտնձգությունների ամբողջական դադարեցմամբ եւ Նեթանյահուի եւ Էհուդ Բարաքի պես ոճրագործներին դատարանի առջեւ կանգնեցնելով:

Իսկ Պաղեստինի մարտնչող եւ Գազայի ժողովուրդն ու ժողովրդական կառավարությունը էլ գիտենան, որ այժմ իրենց չարագործ թշնամին առավել  քան երբեւէ թույլ եւ խոցելի է: Երկուշաբթի օրվա ծովային հանցագործությունը ոչ թէ ուժի, այլ ուզուրպացնող վարչակարգի շփոթմունքի եւ անճարակության նշան է: Աստվածային ավանդույթը այն պատճառով է կարգադրվել, որպեսզի կեղեքիչները իրենց նենգ գործունեության ավարտին իրենց իսկ ձեռքերով մոտեցնեն իրենց հստակ անկումը:

Նախորդ տարիներին Լիբանանի, այնուհետեւ Գազայի հատվածի վրա հարձակումները այս խելագար քայլերից էին, որ սիոնիզմի գահին բազմած ահաբեկիչներին մոտեցրեց վերջնական անկման անդունդին: Միջերկրականի ափերում միջազգային մարդասիրական օգնության շարասյան վրա հարձակումը եւս այս կարգի տխմար քայլերից է համարվում: Պաղեստինցի քույրեր եւ եղբայրներ

Վստահեք ամենագիտուն եւ ամենազոր Աստծու:. Վստահեք ձեր ուժերին եւ ավելացրեք այն, եւ վերջնական հաղթանակի նկատմամբ հավատ ունեցեք:

Սեյեդ Ալի Խամենեի

1 հունիսի 2010թ.

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։