Շաբաթվա մարզական կյանքից

Սադրու՞մ է արդյոք ՖԻԴԵ-ն
2011թ. մարտի 1-31-ը Բաքվում կանցկացվի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար նախատեսված հավակնորդների մրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքէջը: Այդ մրցաշարին մասնակցելու իրավունք են ձեռք բերել Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ) եւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): 8-րդ մասնակիցը կլինի կազմակերպիչ երկրից:


Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել էր, որ հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը չի մասնակցի Բաքվում անցկացվող մրցաշարին եւ մեր շախմատիստը նախկինում բացատրել էր, որ չի ցանկանում մեկնել Բաքու: «Բաքվի ու Ադրբեջանի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, ես դժվար թե ինձ այնտեղ հարմարավետ զգամ: Շախմատիստները շատ դժվար են հոգեբանորեն տրամադրվում: Եթե անհրաժեշտություն լինի թուլանալու եւ զբոսնելու, ապա Բաքվում դժվար թե կարողանամ դա անել հանգիստ հոգով, իսկ դա կանդրադառնա իմ արդյունքների վրա»,- ասել էր նա:
ՖԻԴԵ-ն արդեն որոշել է 1/4 եզրափակիչի զույգերը: Լեւոն Արոնյանը կհանդիպի Բորիս Գելֆանդի հետ: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Վեսելին Թոփալով-Գատա Կամսկի զույգի հաղթողի հետ: Մագնուս Կառլսենի մրցակիցը կլինի Թեյմուր Ռաջաբովը, Վլադիմիր Կրամնիկինը` 8-րդ մասնակիցը:

Վերադարձան մեդալներով
Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած միջազգային մրցաշարին ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան մասնակցում էր 4 թիմով. աղջիկներ` խոցասուսեր եւ ճկասուսեր, տղաներ` խոցասուսեր եւ ճկասուսեր:
1-ին տեղ գրավեցին Սուսաննա Ղազարյանը, Սպարտակ Հարությունյանը եւ Արմենակ Գասպարյանը: Գեւորգ Հարությունյանը եւ Ռոբերտ Խաչատրյանն արժանացան 2-րդ մրցանակի, իսկ Մանիկ Հակոբյանն ու Հասմիկ Աղաբաբյանը բավարարվեցին 3-րդ տեղով:

Շախմատային խաչմերուկ
Թբիլիսիում տեղի ունեցող` Մայա Չիբուրդանիձեի անվան գավաթի շախմատի խաղարկությունում Լիլիթ Գալոյանը 7 փուլից հետո վաստակել է 5 միավոր: Մեր մյուս 2 մասնակիցները` Մարիա Գեւորգյանն ու Լիա Մարտիրոսյանը, վաստակել են 4,5 եւ 3 միավորներ:
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Չիկագոյում (ԱՄՆ) անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 149 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը վաստակեցին 6-ական միավոր: 7,5 միավորով 1-ին տեղը գրավեց հոլանդացի Լյուկ Վան Վելին:
Իսկ գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը Մոսկվայի 2010թ. առաջնությունում 7 հնարավորից վաստակեց 4 միավոր եւ նվաճեց արծաթե մեդալ:
Բրազիլահայ պատանի շախմատիստ Արմեն Բրուտյանը Ռիբեյրաո Պրետոյում անցկացված օփենում 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր eu 70 մասնակիցների թվում գրավեց 4-րդ տեղը:  5,5 միավորով առաջին մրցանակը նվաճել է Մարկոս Վինիցիուս Տորսանին:

1 արծաթ եւ 2 բրոնզ
Վրաստանի Ախմետա քաղաքում  անցկացված ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարում Երեւանի Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արսեն Գեւորգյանը (42 կգ) եւ Հարություն Դերմիշյանը (46 կգ) 3-րդ տեղն են զբաղեցրել, իսկ արմավիրցի Էդգար Միքայելյանը (60 կգ) նվաճեց արծաթե մեդալ:

«Էրեբունի»-ն եւ «Քախսի»-ն կպայքարեն հաղթողի կոչման համար
Գեւորգ Զարգարյանի անվան հուշամրցաշարի 2-րդ փուլում «Էրեբունի»-ն 5:0 հաշվով առավելության հասավ «Եվրոպա»-ի նկատմամբ, իսկ «Քախսի»-ն հաղթեց «Պոլիտեխնիկ»-ին` 16:4 հաշվով:  
Մրցաշարի հաղթողը պարզ կդառնա հունիսի 4-ին: Այդ օրը կհանդիպեն «Էրեբունի»-ն եւ «Քախսի»-ն, իսկ 3-րդ տեղի համար կպայքարեն «Պոլիտեխնիկ»-ն ու «Եվրոպա»-ն:

8 հայեր` 7 երկրներից
Հայազգի 8 բռնցքամարտիկ տարբեր երկրների ազգային հավաքականների կազմում կմասնակցեն հունիսի 4-12-ը Մոսկվայում տեղի ունենալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը:
Դավիթ Հայրապետյանը (48 կգ) եւ Միշա Ալոյանը (51 կգ) հանդես կգան Ռուսաստանի թիմում, Արտյոմ Դալլաքյանը (51 կգ)` Ուկրաինայի, Ալեքսան Չեչելյանը (51 կգ)` Վրաստանի, Վազգեն Սաֆարյանը (60 կգ)` Բելառուսի, Ռաֆայել Հարությունյանը (64 կգ)` Հոլանդիայի, իսկ առավել ծանր քաշայիններ Վարդան Բալասանյանը` Չեխիայի եւ Արտյոմ Գյուլամիրյանը` Ֆրանսիայի թիմերում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 21 (152), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։