Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն…

Թուրք-ադրբեջանական աշխուժացումները արցախյան եւ առհասարակ հայկական ուղղությամբ նոր մարտահրավերներ են առաջ քաշել հայության համար: Եվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքներն այդ առումով անչափ կարեւոր են: Այս անգամ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական առնչություններին ՀՀ նախագահն անդրադարձավ Ռուսաստանում հյուրընկալվելիս:
Թուրքիան վերջերս փորձում է առավելագույնս ներխուժել հատկապես Արցախի հարցի լուծման գործընթաց, որտեղ, ըստ հայկական կողմի, այդ երկիրը որեւէ անելիք չունի: Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ պաշտպանելով արցախցիների ինքնորոշման իրավունքը` ռուսաստանահայերի հետ հանդիպմանը հայտնել է, որ «մենք չենք պատրաստվում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը սակարկել որեւէ մեկի հետ»: Այս մասին նա հայտարարել է օրերս Դոնի Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:


ՀՀ նախագահը հայտնել է, թե «մենք սառեցրել ենք հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը եւ դրա հիմնական պատճառը շատ պարզ է. Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները», իսկ դրա տապալումն արդարացնելու նպատակով Անկարան նորանոր նախապայմաններ է առաջ քաշում, ավելին, փորձում է ներխուժել մի ոլորտ, Արցախյան հարցի լուծման գործընթաց, որտեղ ակնհայտորեն անելիք չունի. ընդգծել է մեր երկրի ղեկավարը:
Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, ներկա պահին խոսելիք չունենք,- հայտնել է Ս. Սարգսյանը` հավելելով. «Վստահ եմ, որ հիշում եք իմ համահայկական ուղեւորության ընթացքում հենց այստեղ՝ Դոնի Ռոստովում ունեցած մեր հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները: Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար  մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան»:
Ինչ վերաբերում է Արցախ-ԼՂՀ խնդրին, ապա ՀՀ նախագահն անընդհատ շեշտել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի դրվելու կասկածի տակ: Ավելին, նա ասել է. «Աշխատենք ձեռք ձեռքի տված… Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին»:
ՀՀ նախագահը կարեւորել է Հայաստանում ներքին կյանքի կայունությունը: Հակաճգնաժամային միջոցառումները, որ ձեռնարկել էր կառավարությունը, ըստ Ս. Սարգսյանի, արդեն տալիս են իրենց պտուղները. 2010թ. անցած ամիսներին արձանագրվել է 7%-ը գերազանցող տնտեսական աճ: Իսկ տեղական եւ միջազգային փորձագետների գնահատականներով, Հայաստանի տնտեսական աճի ամբողջական վերականգնումը շատ չի ուշանա: «Մենք ելնում ենք այն պարզ ու հանճարեղ սկզբունքից, որ գրեթե բոլոր խնդիրների լուծման բանալին աշխատանքն է: Մեր ժողովրդի դարավոր փորձը դա է ցույց տալիս: Մենք սիրում եւ կարողանում ենք աշխատել: Նաեւ աշխատել անբարենպաստ պայմաններում: Ասվածի վառ վկայությունը ձեր աչքի առջեւ է. ես նկատի ունեմ Նոր Նախիջեւանի հիմնադրումը: Մենք բազում արհավիրքներ ենք վերապրել, բազում փորձություններ անցել: Վերապրել բառը մեր դեպքում ավելին է, քան դիմակայելը, մենք պարտավոր ենք բոլոր դժվարություններից դուրս գալ ավելի ուժեղացած, ավելի կազմակերպված ու ամրացած: Այլընտրանք պարզապես չունենք»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
Դիմելով ՌԴ եւ առհասարակ սփյուռքի հայությանը` ՀՀ նախագահն ասել է. «Բարձր պահեք հայի անունն ու պատիվը ձեր հյուրընկալ երկրում: Գիտեմ, որ ապրում եւ հպարտանում եք Հայաստանի հաջողություններով: Իմացեք, որ մենք էլ ուրախանում ենք այստեղից ստացած լավ լուրերով… Մենք համատեղ մեր պատմությունն ենք կերտում… Որի նոր էջերը գրելու ենք բոլորս միասին… Աշխատենք ձեռք ձեռքի տված՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը»:
Այսօր ավելի քան կարեւորվում են ՀՀ նախագահի, պաշտոնատար այլ անձանց բարձրաձայնած տեսակետները, քանզի հիրավի մի նոր համահայկական ալիքի կարիք է զգացվում…

Հայկ Թորգոմյան

Խոսելիք կար…

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կայացավ ՀՀ եւ ՌԴ նախագահների հերթական հանդիպումը: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ հարցեր, եւ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին ներկայացրել է ՌԴ-ԵՄ համաժողովի արդյունքները եւ տեղեկացրել եվրոպական գործընկերների հետ իր մի քանի հանդիպումների մասին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:
ՀՀ նախագահն իր հերթին կարեւորել է աշխատանքային հանդիպումները, նաեւ այս մեկը, որը հնարավորություն է տվել հանդիպել ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ Նախագահի՝ օգոստոսին Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ:

«Լուսանցք» թիվ 21 (152), 2010թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։