Միասնականության հրամայականը

Մեր լքված (կամ զավթված) բնակավայրերի հետեւողական բնակեցումը մեր հարեւան որոշ պետություններում ջանադրորեն խրախուսվում է նրանց իշխանությունների կողմից: Տարածքների «սեփականացման» լավագույն ձեւն են ընտրել՝ բնակեցումը: Իսկ մենք կարծես դեռ քնած ենք էշի ականջում: Եվ բոլոր այն վայրերում, ուր նախկինում կամ այժմ բնակվել կամ բնակվում են որոշակի թվով հայեր, տեղի է ունենում զուտ էթնիկական «ագրեսիա»՝ հայ էթնոսի շահերի նպատակաուղղված ու ծայրահեղ անտեսումով:
Այսպիսի քաղաքականություն կիրառվել է եւ՛ Թուրքիայում, եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Վրաստանում: Բազմահազար հայեր կա՛մ հեռացել են իրենց հայրենի բնակավայրերից, կա՛մ ձուլվել են: Արեւմտյան Հայաստանում (այժմ Թուրքիայի տարածք) եւ Արցախ (դաշտային)-Ուտիք-Գարդման աշխարհներում (այժմ Ադրբեջանի տարածք) գրեթե ավարտել է հայաթափման ծրագրված քաղաքականությունը (թերեւս միայն ծպտյալ հայերի քանակն ու կարգավիճակը լիովին հայտնի չէ…), իսկ Ջավախքում եւ հարակից շրջաններում (այժմ Վրաստանի տարածք) հայաթափման գործը նոր թափ է ստացել:

Մենք հաճախ զլանում ենք այս մասին բարձրաձայնել, ինչու չէ նաեւ միջազգային ասպարեզում աղմկել-ահազանգել (գոնե մեր հարեւաններից սովորենք այդ ձեւը) հայաթափման, հայոց բնիկության իրավունքի ոտնահարման, հայկական հուշարձանների ու պատմա-մշակութային այլ արժեքների ոչնչացման մասին: Ոչ միայն զլանում ենք մեր այս պաշտպանողական գործն ու գործառույթն անել, այլեւ՝ մեր այլ պարտականությունները պատշաճորեն կատարել՝ ազատագրված, բայց լքված բնակավայրերի բնակեցման առաջնահերթությունները կարեւորել…
Ի՞նչ է, պետք է էլի՞ պատժվենք, որ հասկանանք հապաղելու «արժեքը»… Թե՞ մեր պատմությունից դասեր չքաղելը դարձել է ապրելակերպ՝ հանգիստ է այդպես անցնում կյանքը:
Մարդկային, մարդասիրական ու բարոյական նշանակությունն արժեւորվում է, երբ այն պահպանվում է բոլոր կողմերի ցանկությամբ: Քրիստոնեական միակողմանի «սիրիր թշնամուդ» կարգախոսը հենց դրա համար էլ գրել են, որ մեր նմաններին սիրել տան թշնամուն եւ հնազանդ դարձնեն տիրողներին… Այս ամենը մեզ համար չէ: Հայը չի կարող հնազանդ լինել, երբ անարգում են ազգը, մասնատում հայրենիքը… Այդ հային պիտի «վերհանել»՝ վերակերտել, այլապես այսպես էլ կմնանք խնդրողի եւ սպասողի կարգավիճակում… եւ սա դեռ` լավագույն դեպքում:
…Հայոց տարածքների հայաթափման ընթացքում պատժվել է բնիկը, հատկապես անզեն ժողովուրդը-ազգը, երբ ստի, կեղծիքի ու խաբեության (բարբարոս եկվորների) շրջապատում բնիկը արդարության հույս է փայփայել: Գառն ապավինել է գայլի արդարադատությանը… Գոնե հիմա պետք է հասկացած լինենք, որ արտաքին օգնությունների, ողորմությունների ու նպաստների ակնկալիքը թույլերի համար է, ուստի անօգուտ է, եւ նա, ով աղերսում է եւ միայն հույսով է տոգորված ու չի պայքարում` լավագույն դեպքում հուսախաբ է լինում, բայց ընդհանրապես տուժում է եռակի-քառակի, քան եթե կպայքարեր… ինչպես պատժվեցինք Մեծ Եղեռնի տարիներին: Իսկ պայքարը կարող էր նաեւ մեզ մեր Հայրենիքը նվիրեր եւ… բազմամիլիոն Ազգ:
Ասենք՝ 1915թ., նախ չզինվեցինք (ոչ միայն զենքով) հոգով ու կամքով, իսկ պատուհասի մասին իմանալով (գոնե հայ քաղաքական վերնախավը), հետո դրան սպասելով չգումարվեցինք հանուն Ազգի ու Հայրենիքի: Եվ տարանջատ փրկչական ծրագրեր մոգոնեցինք, հանուն (մեր հայրենիք ներխուժած) թշնամու հետ «ազատ ու անկախ եղբայրական» գոյատեւության, հանուն սահմանադրական ու ժողովրդավարական երազախաբության… Ու երկարաժամկետ զվռնեցինք երիտթուրքերի… մուսավաթ-թուրք-թաթարների… կովկասի եղբայր-վրացիների… որջերի շուրջբոլորը: Ցավոք, այնժամ եւս հետեւությունները եղան անլուրջ ու կործանարար եւ հիմա նման են դրանք՝ եսասիրական, ինքնահավան, փառամոլական եւ նմանատիպ մակդիրների տակ թաքնված դավաճանությունը բեղմնավորվեց հապշտապ, նաեւ ձեռքբերված իրավիճակային սրիկայությամբ, ու ամեն բան ավարտվեց դաժան կոտորածներով կամ փախուստի՝ գաղթի աճապարանքով: Լքվեցին վաղնջական ու աստվածային ընտրավայրերը… ու մեր Հայրենիքը պատվեց օտարաշունչ փուշ ու տատասկով…
Այսօր էլ Հայաստանում կան նախկինի նման մտածողների խմբեր, որոնք շարունակում են օտարի հայտարարած «եղբայրության եւ համերաշխության» օտար ու գաղտնի կառույցների գործը, եւ կրկին «չենք նկատում» հայաթափված եւ հայաթափվող մեր երկրամասերը եւ «չենք հասկանում» ազատագրված մեր տարածքների հայաբնակեցման խիստ անհրաժեշտությունը:
Հասարակությունն ավելի քան տարանջատ է՝ ծվատ, միավորման, համախմբման փորձերը առօրս չեն գոհացնում: Այս դեպքում ոչ միայն իշխանական կամ ընդդիմադիր կեցվածքներն են առկա, այլ այդ ճամբարներում իրարահաջորդող ներքին գզվռտոցներն են գերակա ու ցցոն: Այսօր հավանականությունն առաջնթացի դեռեւս մնում է ընդամենը իբրեւ հավակնություն:
Ի՞նչ անել, շարունակե՞նք տեղում դոփել, թե՞ հույսերս դնենք մեր արտաքին «բարեկամների» ընձեռնելիք հրաշքին, թե՞ «կանխատեսչական փրկությանը» ապավինենք: Վերին շնորհների սեթեւեթանքը կա ի սկզբանե: Արեւմտյան «ժողովրդավարության» բաղձալի պտուղներն ընդամենը հույս են եւ լոկ ցանկության բերկրանք: Թե մեկը, թե մյուսը սրտաճմլիկ խայծ են, բովանդակ սպասումի առեղծված՝ որպես սովյալին նետված սիրունատես պատառ, ծարավը հագեցնող սեթեւեթանք: Խայծեր ու անվերջ խայծեր… Սպասումներ ու խնդրագրեր…
Այսօր մերձակա արեւելքում ընթանում է, այսպես ասած, «երկու զինվորի պատերազմը»: Պատերազմի նման տարբերակի բնորոշիչը, քանի դեռ այդ տարածաշրջանում անտեսվում է միջազգային՝ իրավական, իրական վերահսկողության գործոնը, եղել ու մնում է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»-ը: Ուժեղ եւ թույլ (հասկանալի է՝ հարաբերականորեն, ըստ պահի) զինվորների անհավասար հակադրության մասին է խոսքը… ու տարածաշրջանային շահառուն այսօր դիտարկվում է իբրեւ տուժող կողմ եւ միշտ էլ ձգտելու է երեւալ չափավոր հանդուրժող, ինչու չէ՝ նաեւ խաղաղարար: Իհարկե, իր տիրոջ հանձնակատարությունն ստանձնելով: Նա մսխելու է տարածաշրջանային կայունությունը՝ իբրեւ զինուժի կատարողական մարտարվեստ, հետագայում՝ ֆինանսա-տնտեսական հանձնառության համար:
Եվ ուրեմն, որպես նվիրատվություն, պետք է հանդես գա «համաշխարհային» կոչվող վաշխառուական կապիտալի «նպաստը»: Հետագա բարգավաճման ակնկալիքով դոլարային հանձնախմբերը իրենց նշանառուներին կուղղեն շահութաբերության նոր հանգրվանների վրա: Չի բացառվում եւ մշտապես կա վտանգը, որ լիբանանաիսրայելյան «երկու զինվորի պատերազմը» ընդամենը համաշխարհային պատմության մի դրվագն է, որի կապկումը հնարավոր է ամեն պահի, ամեն մի վայրում, այդ թվում՝ նաեւ մեր տարածաշրջանում:
Իսկ նա, ով խաղաղություն է ուզում, միշտ էլ պետք է պատրաստ լինի պատերազմի, պատերազմը՝ նույն մեծագույն համախմբումն է պահանջում, ուստի եւ համախմբումը պետք է սկսել օր առաջ: Փոխադարձ համակերպումի հրամայական ունի մեր ազգը, լինենք ողջախոհ: Միասնականության հրամայականը մեզ համար ողջախոհության կոչ է, նաեւ կոչ՝ սթափության, որ թոթափենք դարավոր թմբիրը ինքնապահանջատիրությամբ, որ կամք ունենանք ու հաղթենք: Ի սկզբանե մարդու առաջին եւ մեծագույն դաստիարակը բնությունն է, եւ բնական օրինաչափությունների իմացությունը մարդու համար կարեւոր է ու անհրաժեշտ: Իմացաբանական տեսապատկերի վրա միշտ առկա է եղել խեղումը: Խեղում, որի հետեւանքով մարդկությունը օտյանական հանրահայտ ձեւակերպմամբ այսպես է հնչում. «Առաջ պոռալով ետ-ետ կերթանք»: Եղել է խեղում եւ՛ երեկ, եւ՛ այսօր, պարզապես գիտակցումը եւ դրա պատճառահետեւանքային կապը այսօր եւ միշտ կարեւորվում է: Կկարողանա՞նք թոթափել մեզ ներարկված թույնը, որը եւ՛ քաղաքական է, եւ՛ գաղափարական եւ՛ կրոնական…
Այսօր եւ միշտ հայ հանրությանը հրամցվում է բազմաոճ, բազմատեսք (առաջին հայացքից քաղաքականություն հիշեցնող մի երեւույթ) լուրեր եւ հայտարարություններ, իշխանությունն իր «պետական» ճարտարապետությամբ, իսկ «ընդիմությունն» էլ իր ազգափրկչական մոլեռանդ երեւութապաշտությամբ (անձերի շուրջ շարունակվող գզվռտոցային նպատակներով) անընդհատ փոփոխվող եւ փոխհարվող «ժողովրդավարությամբ» միշտ իրենից դուրս մեղավորներ է փնտրում: Իսկ հերյուրանքներ հիշեցնող, երեսպաշտությամբ իրական, մտատանջ, ազգահոգս անհատների պասիվության պայմաններում վխտում է այսօր տականքը, սրիկան համտեսում է իրեն զիջված (թողնված) ազգային ունեցվածքի տնօրինությունը՝ չխորշելով երեւութային պատեհությունից, նպատակային, իրավական, տարածական ու ընդհանրական շահագործման գործընթացներից: Մսխվում է Հայաստան երկրի ոչ միայն նյութական ունեցվածքը, այլ նաեւ ազգային արժեհամակարգը դատապարտվում է խեղման, աղքատացման ու այլափոխության: Մեր առաջնահերթությունները մղվում են հետին պլան, որով եւ՝ չեզոքացման ու չգոյության, իրենց ունեցած բազմազանություններով զմռսված:
Մերօրյա վերջին հեղափոխություն կոչվածը արդեն վաղուց ստորաքաշության բարգավաճման համար է (հեղափոխությունն այլեւս խեղափոխություն է), եւ հասարակական համընդհանուր դիմախեղումը բերեց սեփական տունը քանդելուն, ավերելուն՝ կերպափոխվեց մեր ինքնության դիմագիծը: Բանական արարածը վերածվեց անասնակերպի, նեղության պահի համախմբումը դարձավ անիրական, հույսը շատացավ, սպասումները լավ օրվա դարձան շարունակական, վերածվեցին անվերջանալի մղձավանջի, դրսից ուղղարկված թափոնը շատացավ, լցվեց ամենուր` ոլորտից ոլորտ, ասպարեզին տիրացավ համբակը, սրիկան, գողը, ավազակը: Միջավայրը ճահճացավ, համընդհանուր նեխումը դարձավ առինքնող՝ ցցուն ու զզվելի, ուր գարշանքը ներկայացվում է իբրեւ պերճություն, մարդկային թափոնն ամենուր է, վխտում է տականքը, ինքնաոչնչացման մոլուցքը գերակա է թե ձեւով, թե բովանդակությամբ: Ընդհանրական նկրտումների չգոյության պայմաններում բաժան-բաժան ինքնամսխումի դատապարտված ցուցանվող ներուժի վատնումը դառնալու է վերջ… ու մահը… սոսկ առարկայական երեւույթից վերածվելու է իրական ու համընդհանուր ցավի:
Համաշխարհային, մշակութային ու քաղաքական, տեսական ու վերլուծական-տեղեկատվական ամբողջ հարստությունն ուղղված է մարդու համար արժանապատիվ կենսակարգի կերտմանը: Սակայն, այս ամենով հանդերձ, նույն այդ մարդկությունը վաղուց արդեն «առաջ պոռալով» ետ-ետ է գնում, բայց ինչումն է բանը, մի՞թե հանիրավի չէ հորինվածքը, որ մարդն ընդամենը արդյունք է՝ «կավե շաղախի» մարմնացում, դա արդյո՞ք նրա համար չէ, որ անլիարժեքության բարդույթը դառնա վճռորոշ՝ գնահատումի, արժեւորումի եւ ընդհանրապես ինքնաճանաչումի պարզ ու ընկալելի դրսեւորման համար:
Ուստի, ի սկզբանե է սխալը, ինչը հանդերձավորվել է ճշմարտանման ստով ու սուտն է մեզ ուղղորդել հանուն ստի: Բայց ինչո՞ւ… Միթե մեր համարձակությունը չի բավարարում իրերը տեսնել ու ընկալել իրենց բովանդակությամբ՝ առանց ավելորդ ու հորինածին հանդերձների: Դարձյալ ու միշտ կարեւորվում է յուրաքանչյուրիս ապրելու իմաստը, նաեւ ստի հերքումով, քանզի իրականության պատասխանատուն միայն մենք ենք: Մտավոր զարգացվածության մակարդակով առաջադիր ենք, մնում է նույն այդ զարգացվածությամբ փորձենք դիմակայել ստին ու կեղծիքին: Այսօրվա հրատապությամբ, հասարակական անհանդուրժողական լիցքերի առկայության գործոնի դիտարկումով, միշտ էլ կկարողանանք գտնել տեղայնացված ու դիպվածային հնարավորություններ՝ խաբեությունները բացահայտելու, որոնք առկա են ամեն քայլափոխի:
Հանրային փոխհարաբերություններում կարեւորվող պարզությունը՝ կացութակարգի հստակեցմամբ եւ պատասխանատվության հետեւողական կանոնակարգմամբ, մեր նպատակային միասնականությամբ եւ ինքնակազմակերպվածությամբ, կարող ենք հասնել բաղձալի հանգրվանին: Բայց նախ մեր ներուժի ընդհանրական նպատակաուղղվածության, հասարակությունում առկա բացթողումների, դիտարկումային սխալների բացահայտման նպատակով կարեւոր է ստեղծել կամավոր ժողովրդական խորհրդարան՝ համայնքային, հասարակական, մշակութային, ուսումնական, ստեղծագործական, գիտական, արտադրական ու քաղաքական կազմավորումներում՝ իրենց համակարգող խորհուրդներով:
Հայրենիքը մեր ու մեր ներուժի կարիքն ունի միշտ ու մեզ է կոչում միասնականության: Մարդու լինելությունը արժեւորվում է պատկանելիությամբ: Մենք կարող ենք ոգեընկալումով լինել ունակ հաղթության, եթե կրողն ենք այն
արժեհամակարգի, որ Սեր է ընդգրկում, բովանդակում է ստեղծագործ եռանդ, պատկանելությամբ բարոյական է, ունակությամբ՝ Արարչական, ապրելաձեւով՝ կենսառատ, տալիքի գիտակցումով՝ պարտավոր եւ ուժավոր… Այս ամենով հանդերձ դարձյալ ու միշտ պետք է լինենք սթափ…
Նավթահոտ գարշանքը՝ դոլարային զուգեզարդով ողողել է տարածաշրջանը, ավելի հաճախ են լսվում սպառնալիքի հոխորտանքներ, օտարապերճանքն էլ իր հերթին անդեմներով է բանակավորվում, խրախճանքավորների թամադայությունը սարսուռ ու մահ է գուժում: Մեկը մյուսին խժռելը շարունակվում է, որին էլ պետք է կարողանանք դիմակայել:
Աշխարհում հայտնի մոտ 2000 էթնիկ խմբերից այսօր մնացել են շուրջ 200-ը, իսկ դրանցից քանիսը դեռ կանցնեն պատմության գիրկը: Մեկը մյուսին խժռելու գործընթացները շարունակվում են, պետք է կարողանանք դիմակայել, պետք է բացենք Մհերի Դուռը եւ հայ հանրության հավաքականությամբ՝ թալանված ու ավերված մեր հայրենիքը պետք է բարգավաճի յուրաքանչյուրիս զորությամբ, նաեւ հաղթանակներով: Ուժավորվելու վստահությամբ պետք է լծվենք միասնականության ուխտարշավին՝ մեր ինքնության դարավոր փափագին, որ ինքնապահանջատիրությամբ կարողանանք իրերի դրությունը տանել մեզ համար նպաստավոր ուղով, միասնականության հրամայականով, ինքնապատասխանատվությամբ եւ փոխօգտակարությամբ ու բարոյական վարք ու բարքով համախմբվենք հայության միասնության ազդեցիկ պատվար՝ մեր Պետականության շուրջ: Այլընտրանք չունենք:
Բոլոր ժամանակներում էլ Ազգային պետությանը փոխարինող ամեն մի կառույց էթնիկ միավորին ուղեկցել է դեպի… վախճան: Մենք այսօր ունենք մեր պետականությունը, ուրեմն լինենք ողջամիտ, համընդհանուր եռանդով կերտենք մեր ինքնության ապագան, ազգային հոգեկերտվածքով նախ բարձրացնենք ինքներս մեզ, կերտենք ոչ սոսկ իշխանություն, ոչ սոսկ տզրուկների կառույց կամ մակաբույծների խառնամբոխ: Հայ հոգու առանձնաշնորհ նվիրվածությամբ՝ արդարությամբ, բարությամբ, օրինականությամբ հանուն Հայրենիքի փնտրտուքով, վերակերտենք մեր հավերժական Հայրենիքին նվիրված ու բարեպաշտ նկրտումներով պետական ծառայողին՝ մարդուն, քաղաքացուն, բանական էակին, հոգեկերտվածքով կուսակցամոլությունից ու կրոնամոլությումից զերծ, սիրառատ, հավերժական եւ անմակդիր հային:
Այդ հային է վիճակված լինելու Հայկական բարձրավանդակի տերը, եւ նա է խոսելու Հայ Աստվածների հետ…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 22 (153), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։