Երևանը տարածաշրջանային խճանկարում

Հայոց բանակը պատրաստ է
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող պետությունների ձեւաչափով ՆԱՏՕ-ի ու գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նախարարը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները միջազգային առաքելությունների վերաբերյալ: Կոսովոյի հարցերով քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարներն ընդգծել են առաքելության իրականացման գործում արձանագրված առաջընթացը եւ Կոսովոյում անվտանգության ընդհանուր իրավիճակի բարելավումը: Համաձայնել են, որ Կոսովոյում իրականացվող գործողությունը պետք է շարունակել մինչեւ երկրում անվտանգության ու կայունության լիարժեք հաստատումը:

Աֆղանստանի վերաբերյալ քննարկվել է անվտանգության ապահովման պատասխանատվությունը աֆղանական մարմիններին փոխանցելու գործընթացը: Կարեւորվել եւ ընդգծվել է աֆղանական բանակի ու ոստիկանության ուժերի կատարելագործմանն ուղղված ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն ընդլայնելու եւ մարդկային ներուժով համալրելու անհրաժեշտությունը:
Այցի ընթացքում Ս. Օհանյանը կարճատեւ զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչանա Ախալայայի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Իսկ Ջավախքին… պետք է պատրաստել
Իսկ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Թբիլիսի: Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՎՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, ՎՀ նախագահի տրամադրած ուղղաթիռով ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է Բաթում, ուր Է. Նալբանդյանին ընդունել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: ՎՀ նախագահը ծանոթացել է արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացքին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին, իր գոհունակությունը հայտնել ՀՀ ու ՎՀ միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունների առումով՝ նշելով, որ ՀՀ նախագահի հետ հաստատված երկխոսությունը հնարավորություն է տալիս արդյունավետ առաջ մղել երկկողմ փոխգործակցությունը:
Զրույցի ընթացքում արծարծվել են նաեւ վիրահայությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծման ուղիները: Վրաց ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Է. Նալբանդյանին է ներկայացրել վիրահայությանը հուզող խնդրիների լուծմանն ուղղված ծրագրերը: Այս ենթատեքստում Գ. Վաշաձեն ներկայացրել է դրանց լուծմանն ուղղված ՎՀ իշխանությունների ծրագրերը՝ մասնավորապես աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների կառուցման եւ կրթական ու մշակութային հաստատությունների պայմանների բարելավման մասով:
Երկուստեք արձանագրվել է, որ նախարարների պարբերակական հանդիպումները թույլ են տալիս հետեւողականորեն իրականացնել պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ մշակել համագործակցության նոր ծրագրեր: Անդրադարձ է եղել 2 երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցերին, քննարկվել է տրանսպորտի ու էներգետիկայի բնագավառներում համատեղ ծրագրերի ընթացքը:
Բանակցությունների օրակարգում էր նաեւ հայ-վրացական սահմանզատումը եւ այդ առումով 2 երկրների նախագահների հանձնարարականների կատարումը, ինչպես նաեւ սահմանակից բնակավայրերի քաղաքացիների տեղաշարժի դյուրացմանն առնչվող հարցեր:

Թուրքը նաեւ եվրոպացի է
Վրաստան է այցելել նաեւ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: Նա պաշտոնական հանդիպումներ է ունեցել իշխանությունների հետ՝ ՎՀ նախագահ Մ. Սահակաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիդ Բաքրաձեի, փոխվարչապետ Թեմուր Յակոբաշվիլիի, ԱԳ նախարար Գ. Վաշաձեի եւ փախստականների հարցերով պետքարտուղար Կոբա Սուբելիանիի հետ:
Հանդիպումներ են եղել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մ. Չավուշօղլուն, որպես ԵԽԽՎ նոր ընտրված նախագահ, տարածաշրջանային այցի շրջանակներում մինչ այս արդեն եղել էր Ադրբեջանում ու Հայաստանում:

ԱՊՀ ՀԱՊԿ-ն անհանգիստ է
«Հավաքական անվտանգության պայմանագիր» կազմակերպության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով հրավիրվել էր ՀԱՊԿ անվանգության խորհրդի քարտուղարների արտահերթ նիստ:
Մոսկվայում կայացած նիստին մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւայի խնդրանքով նիստում քննարկվել է նաեւ Ղրղզստանում ստեղծված իրավիճակը եւ օգնելու հնարավորությունը:

Եվրոպական սահմանային դիտարկումներ
Հայ-ադրբեջանական շփման գծում տեղի է ունեցել հերթական սահմանային դիտարկ
ումը:

Շփման գծի Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի մերձակայքում է տեղի ունեցել այդ սահմանային դիտարկումը, որն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի շրջանակներում:
Մինչ դիտարկումը Վայոց Ձորի մարզպետարանում ՀՀ ԶՈւ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել մամլո ասուլիս՝ սահմանային դիտարկումների վերաբերյալ:
Այսպես պարբերաբար դիտարկումներ են արվում ինչպես Հայաստան-Ադրբեջան, այնպես էլ՝ Արցախ-Ադրբեջան սահմաններին: Սակայն ադրբեջանական կողմը երբեւէ խախտումները չի դադարեցնում:

Այց Արեւմտյան Հայաստա՞ն, թե՞ Թուրքիա
Թուրքական խանութներ բացելու սիրահարների, Թուրքիայում հանգստանալ ցանկացողների, առեւտուր անողների… թուրքասեր տխմարներին մեկն էլ ավելացավ: «Երիտասարդ» անունով կայքէջում ՀՀ երիտասարդությանը նվիրված հոդվածում ոմն մեկը, խոսելով իր ղեկավարած ինչ-որ կազմակերպության ծրագրերից, նշել է, որ նախատեսվում է «TRAMվայ» անվամբ նախագիծ անել հայ եւ թուրք երիտասարդների մասնակցությամբ: Սրանց ցանկությունն է՝ ծրագիր իրականացնել՝ մեկնել Արեւմտյան Հայաստան. «Լինելու ենք Մուշում եւ Կարսում: Այդ ընթացքում մտադիր ենք բաց նամակ ուղարկել Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներին, որպեսզի վերադարձին սահմանները բաց տեսնենք»: Ինչպես ասում են՝ «էշն էր պակաս «պառախոդով» եկավ»…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 23 (154), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։