Մեր պետական լեզուն անմրցակից է – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն

Նույնիսկ աշխարհի հզոր պետությունները իրենց պետական լեզվի հետ բացառում են
որեւէ օտար լեզվի մրցակցություն

Հանրակրթության ոլորտի խնդիրները, շարունակական «բարեփոխումների»
քաղաքական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական հետեւանքները

20-րդ դարի ավարտն ու 21-րդ դարի սկիզբը մեզանում «նշանավորվեց» համապարփակեցման (գլոբալացման) գործընթացով՝ մասնավորապես՝ հոգեւոր-կրթամշակութային ոլորտում: Այս բնագավառում օտարամուտ, օտարածին արժեքների ներխուժման վտանգի մասին Հայաստանի ազգայնական կառույցներն ահազանգել են դեռեւս 90-ականների սկզբից, երբ երկրում ան-կախ-ության գործընթացին զուգահեռ տեղի էր ունենում կախ-ության (կախվածության գցելու) գործընթաց:
Սակայն, ցավոք, վտանգը ոչ միայն չգիտակցվեց, այլեւ ահազանգողներին պիտակավորեցին: Քանզի՝ «ով էշ՝ իրենք էլ փալան» կենսակերպը որդեգրեցին ան-կախ Հայաստանի կախված իշխանությունները:

Վաղուց ակնհայտ է, որ մեզ պարտադրվել է հայի նկարագրին անհարիր, մեր բարոյականությունն ու հոգեբանությունը խեղաթյուրող, էությունից շեղված, ազգայնականության տարր չպարունակող կրթահամակարգ: Այս պարագան, ուզենք թե ոչ, հանգեցնում է Հայոց Արժեքային Համակարգի այլասերմանը, քայքայմանը, որի հիմնական տարրերից են նաեւ գիտությունն ու մշակույթը՝ Հայ լեզուն ու Բառը, Միտքն ու Խոսքը, Երգն ու Պարը:
Ամոթալի է, բայց պարբերաբար ազգային հորջորջվող իշխանությունների օրոք իրականացվում է հայ էությունը ձեւավորող այս կարեւորագույն բաղադրիչների արժեզրկման հետեւողական գործընթաց:
Հայ լեզուն անպատիժ արհամարհվում ու աղավաղվում է, Հայոց տան մեջ վիճարկվում է Հայերենի՝ Հայոց տան տերը լինելու իրավունքը:
Մեր թողտվությամբ հայերենի կենսատարածք են ներխուժում օտար լեզուները, իսկ առանց միասնական լեզվահոգեբանության ու լեզվամտածողության, վտանգվում է պետության կայունությունը, ազգի գոյատեւումն ու հարատեւումը: Նույնիսկ աշխարհի հզոր պետությունները իրենց պետական լեզվի հետ բացառում են որեւէ օտար լեզվի մրցակցություն: Ազգային փոքրամասնություններին էլ թույլ են տալիս իրենց լեզուն ու մշակույթը զարգացնել այնքանով, որ նրանք չդառնան տվյալ միջավայրին խորթ տարր եւ չսպառնան երկրի անվտանգությանը:
ՀՀ-ում այսօր սնկի պես աճում են օտարալեզու, օտարամշակույթ, օտարաբարք հաստատությունները՝ եւþ պետական, եւþ մասնավոր: Հոգեւոր գաղութացումն իրականացվում է ամենակարեւոր ոլորտի՝ կրթահամակարգի միջոցով: Կրթական քաղաքականության նպատակը պետք է լինի ազգային-պետական շահին համապատասխան սերնդակրթություն ապահովելը, Հայրենիքին եւ նրա Ազգային համակարգին տեր կանգնելու հոգեբանություն ունեցող քաղաքացիներ ձեւավորելը:
ԿԳ նախարարության կոլեգիան դեռ 1990թ. ընդունեց Ազգային միասնական դպրոց ունենալու մասին որոշում, որը հաստատվեց ԳԽ-ում, իսկ հետագայում ամրագրվեց Սահմանադրությամբ, «Լեզվի մասին», «Կրթության մասին» օրենքներով: Սակայն, դեռ չի մշակվել ազգային դպրոցի հիրավի ազգային-պետական ծրագիր՝ բովանդակային ու կառուցվածքային լուծումներով: Եվ այս բաց անպաշտպան դաշտում գործում են զանազան օտարամուտ կազմակերպություններ. բովանդակային եւ կառուցվածքային աղավաղումները պատահական բնույթ չեն կրում. ծրագրավորված են, նպատակաուղղված, «դրամաշնորհված»: 2001թ. ԱԺ-ն հաստատեց «Կրթության զարգացման 2001-2005թթ.» ծրագիրը, որը կրթահամակարգ ներմուծված խեղաթյուրումների, աղավաղումների պետական վավերացումն էր: Օրինակ՝ այդ ծրագրի բաժիններից մեկում նպատակը ձեւակերպված է այսպես՝ «…հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդում, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանում ու զարգացում»: Հաջորդ գլուխներում բացահայտված է ծրագրի իրական նպատակը՝ «համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձեւավորելը»: Սա իրականացնելու համար նախատեսված էր դրամավարկավորման ձեւի փոփոխություն՝ ըստ աշակերտների թվի. դասարանների խոշորացում, որի հետեւանքն էլ լինելու էր կրթության որակի իջեցումը, ուսուցիչների թվի կրճատումը, սոցիալական լարվածությունը: Այդպես էլ եղավ: Տեսանք «օպտիմալացման» ավերածություններն ու ազգային դպրոցի «միջազգայնացումը»… Սրան հետեւեց պետական ուսումնական հաստատությունների իրավունքների, պարտականությունների եւ գործունեության կարգի խառնաշփոթը, ինչը շարունակվում է ցայսօր: Ապակենտրոնացմամբ փոշիացավ հանրակրթության կառավարման կրթահամակարգը: Իրականացվեց կրթության հումանիտարացում, ուսուցման հումանացում: Հումանիտարացումը պարզաբանելիս նշվել էին ավելացող առարկաների անվանումները, իսկ պակասեցվող առարկաները գաղտնագրվել էին. եթե իմանայինք, որ հանրակրթական ծրագրերից հանվելու էին ճշգրիտ գիտությունները, գուցե առավել ուժգին ընդվզեինք այն
պահին…

Ուսուցման հումանացումն էլ նախատեսում է ուսուցչի դերի նվազեցում, աշակերտի կամքի կատարում, ինչպես ժամանակին տեղեկացրել էր ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ ծրագրի քննարկման ընթացքում: Ուսուցիչը իրավունք չունի գիտելիքը որպես անհրաժեշտություն ներկայացնել. աշակերտն ինքն է որոշում՝ ինչ սովորել: Սա արդեն որոշակիորեն կիրառվում է մեզանում: Հումանիտարացումն էլ, հումանացումն էլ «բարձր» մակարդակով կազմակերպեցին 50-ից ավելի տեղական եւ միջազգային կազմակերպություններ, որոնք համապարփակեցման ծրագրեր են անում:
Իսկ «Մանկակենտրոն դասարաններ» ծրագրով գործող խառնակչախմբերը (չշփոթել խառը խմբերի հետ), ըստ ծրագրի հեղինակների, ապահովելու էին սեռական դաստիարակություն, որում «պիտի» լինի հանդուրժողականություն, քանզի «9 տարեկանում երեխաները ձգտում են միասեռության»: Մերթընդմերթ էլ շրջանառվում են դասագրքեր, որոնցում, 4-րդ դասարանից սկսած, մեր երեխաները պիտի ստանան սեռական հարաբերությունների վերաբերյալ սեռական դաստիարակություն: Երբ թերթում ես նմանատիպ «դասագրքերը», ապա պարզ է դառնում, որ դա ոչ թե սեռական դաստիարակություն է տալիս, ինչը նույնպես անընդունելի է այդ տարիքում, եւ որի կարիքը 4-րդ դասարանցին դեռ չունի, ինչպես արեւմտյան «գերզարգացած» տարրական դասարանի այլանդակված դպրոցականը, այլ պատրաստում է ապագա պոռնիկների եւ համասեռականների: Ազգերը փչացնելու ամենադաժան ու հեշտ ուղին… Սրան գումարած, մեր պետությունն էլ՝ 4-րդ դասարանից սկսած, դպրոցում սկսեց թույլատրել հուդա-քրիստոնեության դասավանդումը (առավելապես սիոնիստա-հուդայական քարոզով պարուրված)՝ թաքնված Հայ եկեղեցու պատմության անվան տակ……
Միջազգային կրթական չափորորոշիչները պարտադրում էին նաեւ գիտամանկավարժական կազմի երիտասարդացում. մեզանում հաստատված բնական, կանոնակարգված սերնդափոխության փոխարեն ուղղակի պետք էր ազատվել փորձառու գիտնականներից, մանկավարժներից, քանզի նրանք շատ վտանգավոր են միջազգայնացման տեսանկյունից, հեշտ հարմարվող չեն, «միջազգային կտեր» չէին ուտի: Կրթահամակարգի ապակենտրոն կառավարումը անցում է պետական միասնական կառավարումից համայնքային կառավարման: Հանրակրթության համար պետական վերահսկողության ու հովանավորության նվազեցումը դպրոցի գործունեությունը կախվածության մեջ է դնում դեռ չկայացած (կամ ֆեոդալական կարգերի անցած) տեղական ինքնակառավարման մարմինների դրամական հնարավորության վիճակից: Այսպիսի կառավարումը արդյունավետ չէր կարող լինել, եւ ի վերջո հանգեցնելու էր կրթահամակարգի փոշիացմանը: Ֆինանսավորման նոր եղանակն էլ նախատեսում է դպրոցի պետական ֆինանսավորումը՝ ըստ աշակերտների թվի: Կրթահամակարգի «բարեփոխումը» (մեր համոզմամբ՝ փոշիացումը) «ազգային» կառավարությունն «ապահովել» է համապատասխան որոշումներով:
Գործադրված «ռացիոնալացում», «օպտիմիզացիա» գործընթացը, որը կարող էր կոչվել արդյունավետացում, բարեփոխում, դրական երանգ կունենար, եթե հիմքից խեղաթյուրված չլիներ: Հիմա դա անցած փուլ է, միջազգային դրամաշնորհները «գնեցին» կրթության ոլորտը:
Իսկ հիմա 2010թ., այսքանով չբավարարվելով, հայոց կրթական համակարգին պարտադրում են օտարալեզու դպրոցների հիմնումը: Այսինքն՝ մեր կրթակարգը քանդելուց, փոշիացնելուց հետո մի վերջին ցանկություն կա` «բարեփոխումն» ավարտել «սեփականացումով»… Իմա՝ սեփական լեզուն (ռուսերենը, անգլերենը կամ այլ) դարձնել Հայաստանի կրթության, հետո էլ ինքնըստինքյան նաեւ՝ պետական լեզուն…
«Ով էշ՝ իրենք էլ փալան» կենսակերպը հետզհետե վերածվեց «էշի քուռակն ինչքան էլ մեծանա՝ էլի նույն էշն է» գոյատեւման…
Արդեն հին ծրագրի վրա կառուցված նոր ծրագրի մի իրական նպատակ է առաջ եկել՝ «համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձեւավորել»-ուն գումարվել է «մեր ապագա սերունդը մրցունակ ապրանքի վերածելը եւ օտարին որպես ծառա սպասարկել»-ը:
Հայտնի «օպտիմալացման» ժամանակներում «բարեփոխման» գործընթացը բացասական լուրջ հետեւանքներ ունեցավ.
1. Հոգեբանական
Հանրակրթության բովանդակությամբ է որոշվում սովորողների հնարավորությունների, կարողությունների բացահայտումը, կրթվող սերնդի նկարագիրը: Օտար ծրագրերի ներխուժմամբ աղավաղվել են աշխարհաճանաչողության ակադեմիական սկզբունքները, «ազատ, այլընտրանքային ուսուցում» անվամբ քայքայում են դարերով մշակված կրթական ավանդույթը, ազգային դաստիարակությունը, հայկական արժեքների փոխանցումը:
Ներդրվում են կրթության այնպիսի եղանակներ, որոնք հանրակրթությունը վերածել են աննպատակ, չվերահսկվող զբաղմունքի, երեխան աշխարհաճանաչողության գիտելիք է ձեռք բերում խարխափելով, անկազմակերպ, այսինքն՝ դեն է շպրտվում հայոց` կրթելու դարերի փորձը՝ հանուն օտարին շողոքորթելու (այդպիսով՝ պաշտոնին մնալու) եւ նրանից հերթական «թուլափայը» ստանալու անասնական բաղձանքի:
Այդ ծրագրերին հպանցիկ հայացք գցողն էլ կնկատի, որ այն միտված է կրթվող սերնդին օտար արժեքների կրող դարձնելուն, որի հետեւանքն անհատի, նաեւ՝ ազգի համար խառնափնթոր մտածելակերպի ձեւավորումն է, օտարասեր եւ օտարին ծառայելու պատրաստ սերնդակրթությունը: Պատահական չէ, որ այսօր հայոց արժեքային համակարգը կարեւորող երիտասարդները հազվագյուտ են, ովքեր ընտանիքի կամ գենետիկ հզորության դաստիարակության արդյունք են, բայց ոչ՝ հանրակրթության: Իսկ սա նշանակում է՝ հայրենիքին տեր կանգնող քաղաքացի չի ձեւավորվում:
2. Քաղաքական
«Բարեփոխման» ծրագրերի քաղաքական հենքը համապարփակեցում-գլոբալացումն է: Երկրներ գրավելու անվրեպ միջոց է մշակութային-հոգեւոր դաշտը քայքայելը, ազգային լեզվի դիրքերը սասանելը: Մշակութային ոլորտի համապարփակեցումը օտար մշակույթի ներխուժումն է, բնականաբար՝ մերի դուրս մղումով: Կրթակարգի համապարփակեցումը պետք է լիներ ընդամենը կրթական մակարդակի, չափի համապատասխանեցումը երկրների մասնագետների շփումը հեշտացնելու նպատակով, մինչդեռ վերածվել է գաղութացման գործոնի, եւ սրա քաղաքական հետեւանքն էլ ինքնիշխանության կորուստն է լինելու, նաեւ՝ ազգի ուծացումը:
3. Սոցիալական
Այսպիսի ծրագրերը չեն շրջանցում սոցիալական լարվածության խնդիրը, որն արվում է ազգային արժեհամակարգի ոտնահարումով` առաջացնելով նաեւ հիասթափություն: Ստեղծվել են մեխանիզմներ, որպեսզի այս անհեթեթ մրցապայքարում պարտվեն հմուտ, գիտակ, ազգային մտածելակերպով մանկավարժները:
Ներկայիս ԿԳ նախարարը, լինելով միայն անունով ազգային կուսակցության անդամ, մատը մատին չի խփում հայոց ազգային կրթակարգը վերականգնելու համար: Ավելին՝ փորձում է «օտարի ջրաղացին ջուր լցնել» ու վերջնականապես ոչնչացման դատապարտել հայոց կրթակարգը՝ օտարալեզու ապազգային ու դավաճանական քաղաքականությամբ… Մնում է այս անգամ արդեն մինչեւ վերջ պայքարել ու հավատալ, որ մեր ազգի գենետիկ զորությունն ու հիշողությունը կբավականացնի, մինչեւ մեր երկրում հայկական (հայաբնույթ, հայահոգի) իշխանության հաստատումը…

Հ.Գ. – Երբ հունիսի 9-10-ին Հայ Արիական միաբանության, Հայ ազգայնականների համախմբման անդամները շատերի պես ԱԺ նիստի ընթացքում բողոքում էին ընդդեմ հայոց լեզվի դեմ հերթական դավադրության, այդ օրերին ՀԱՄ  գրասենյակի դուռը ծեծեցին 2 անձ` միջին տարիքի տղամարդ եւ պատանի: Նրանց հետաքրքրում էր` արդյո՞ք մեր տանը (չհասկացան նույնիսկ, որ գրասենյակ են եկել) կամ շենքում (Ագաթանգեղոսի 7) կան ռուսախոսներ: Այսպիսի հարցումներ են արվել այլ տեղերում էլ: Մեզ հոգեորսները քիչ էին, հիմա էլ լեզվաորսներ են հայտնվել: Հարցնողների ինչի՞ն էր պետք դա: Լռեցին: Իսկ արդյո՞ք ասորին կամ եզդին, ըստ նրանց, համարվում են ռուսախոս. հարցից հետո արագ հեռացան… Նորի՞ց են փորձում ռուսերենի միջազգային լեզու չդառնալը «դարձնել» ազգամիջյան հարաբերությունների լեզու: Այսինքն՝ օտարալեզու կրթությանը զուգահեռ ՀՀ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները միմյանց հետ հայերենի փոխարե՞ն էլ պիտի ռուսերեն խոսեն…

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 23 (154), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։