Հայությունը պետք է միշտ… առանց խուճապի դիմակայի պատերազմին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը վերջերս ընդունել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ տարածաշրջանում ընթացող գործընթացներին վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետություն էր այցելել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Օրերս Արցախի Հանրապետություն այցելեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Նկատելի է այլեւս, որ արցախյան հիմնախնդիրը վերստին կարող է դառնալ առաջնային մեր տարածաշրջանում:
Իսկ որ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը գալիս է Ադրբեջանից, այլեւս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Իսկ Վրաստանում տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում ռազմական անկայունությունն էլ ավելի է խորացել:

Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կովկասյան ճանաչված եռյակին ավելացել է Արցախ, Աբխազիա եւ Հարավային Օսիա դեռ չճանաչված եռյակը, եւ տարածաշրջանում սպառազինության նոր մրցակցություն կա: Դա առավելապես ավելանում է Ադրբեջանում եւ Վրաստանում պարբերաբար աճող ռազմական ծախսերով պայմանավորված:
Այս համատեքստում, երբ վրացական ու ադրբեջանական զինուժը «դառնում» է հարձակողական, հայկական զինված ուժերը «համարվում» են պաշտպանական: Բայց մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ Արեւմտյան փորձագետների ուսումնասիրություններով՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը տարածաշրջանում ամենաուժեղն են: Ըստ որոշ մեկնաբանների, Հայաստանն ու Արցախը պատրաստվում են 21-րդ դարի պատերազմներին, մինչդեռ Ադրբեջանը մնացել է 19-րդ դարում…
Ադրբեջանական եւ վրացական բանակները հոգեբանական առումով վատ վիճակում են, պարտվողի հոգեբանություն ունեն: Բաքվում եւ Թբիլիսիում գերագնահատելով իրենց ուժը, կորցրեցին ռազմական ուշիմությունն ու հաջողությունների հասնելու կամքը:
Թուրքիայում իհարկե բանակն ուշադրության կենտրոնում է եւ լավ սպառազինված, սակայն, Եվրամիության ճնշումների շնորհիվ զինվորականության դերը երկրի քաղաքական կյանքում պակասել է, ինչը նաեւ ներքաղաքական խնդիրներ է առաջացրել:
Այնպես որ, հայկական բանակը պետք է շարունակի զինվել արդիական զենքերով եւ միաժամանակ պահպանի մարտական ու հաղթական ոգին:
Չնայած վերոգրյալին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել: Նա ինքնաբերաբար խոստովանում է, որ իրենք սադրանքներ են իրականացնում Արցախ-Ադրբեջան սահմանագլխն… եւ խոստանում է կրկնել դրանք:
«Գոյություն ունի հրադադարի ռեժիմ: Բայց այսօր այդ տարածաշրջանում խաղաղապահ ուժեր չկան, կան հայ եւ ադրբեջանցի զինվորներ: Նրանց միջեւ տարածությունը երբեմն հասնում է 40-50 մետրի: Ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ, որ այնտեղ անցանկալի իրադարձություններ չեն լինի: Ադրբեջանական ժողովուրդը որքա՞ն պետք է համբերի: Որքա՞ն պետք է հարմարվի այս անարդարությանը: Դա ինչ-որ տեղ կարելի էր բացատրել այն ժամանակ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռություն կար: Բայց այսօր նման հավասարակշռություն չկա: Եվ նրանց դա լավ հայտնի է»,- վերջերս Բաքվում ունեցած ելույթում հայտարարել է Ալիեւը:
Նա փորձել է ինչ-որ բան ակնարկելով ադրբեջանցիներին ոգի տալ, սակայն ակամայից խոստովանել է, որ հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպը սադրել է «անհամբեր ադրբեջանական ժողովուրդը», իսկ հիմնավորումն էլ այն է, թե իբր «ռազմական հավասարակշռություն չկա», ուստի՝ հետագայում նմանօրինակ սադրանքները շարունակվելու են:
Իհարկե, սրանք դեռեւս մնում են խոսքեր, սակայն, չի բացառվում, որ միջազգային իրավիճակի որոշակի փոփոխություններ գործնական քայլերի մղեն Բաքվին: Ուստի՝ հայությունը պետք է մի՛շտ ու զգա՛ստ եւ առա՛նց խուճապի պատրաստ լինի հնարավոր սանձազերծված պատերազմի…
ՀՀ ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, արձագանքել է նախագահ Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարություններին եւ բանակցային գործընթացի յուրովի մեկնաբանությունների հակադարձմանը:
«Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը ս.թ. հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակությունն են: Դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը: Փորձելով հետ կանգնել Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից` Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին՝ նենգափոխելով բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը: Դրան հասնելու համար անհաջող փորձեր են կատարում վերաձեւել պատմությունը, աշխարհագր
ությունը, ժողովրդագրությունը եւ միջազգային իրավունքը:

Չնայած Բաքվի հուսահատ ճիգերին` պրահյան գործընթացը – դա պրահյան է, այլ ոչ թե բաքվի, մադրիդյան առաջարկները, դրանք մադրիդյան են՝ ոչ թե բաքվի առաջարկություններ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան՝ Ադրբեջանի ագրեսիան է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել մեկ ելույթում 13 անգամ հիշատակված Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ:
Դասեր չքաղելով իրական պատմությունից, Ադրբեջանի ղեկավարները սպառնում են նոր սադրանքներով եւ ավանտյուրաներով:
Այս հայտարարությունները հաստատում են այն տեսակետը, որ ամեն կարեւոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար, այս պարագայում՝ շուրջ 10 օրից Ալմաթիում նախատեսվող հնարավոր հնգակողմ հանդիպումը:
Կառուցողականությունը հիմնվում է ճշմարտության, այլ ոչ թե կառուցվում ստի, պատրանքների եւ սպառնալիքների վրա»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Եվ այսպես արցախյան հիմնահարցը նոր քննարկումների թեմա է դառնում, հատկապես այսպես կոչված հայ-թուրքական հարաբերությունների «սառեցումից» հետո: Հետաքրքիր է, որ այդ «սառեցումը» նպաստել է ոչ միայն արցախյան, այլեւ քրդական հարցի աշխուժացմանը:
Ուստի՝ մենք պետք է աչալուրջ լինենք, որ «Նոր Մերձավոր Արեւելք»-ի ծրագիրը իր հերթական գործողությունների փուլ չմտնի առանց Հայաստանի ու հայության գործոնի:
Թուրքիայի կամ այլ երկրների մասնատումը եւ տարածաշրջանային վերաձեւումները պետք է նպաստեն Միասնական Հայաստանի վերաստեղծմանը, այլ ոչ թե՝ Թուրքիայի ամրապնդմանը Արեւմտյան Հայաստանում կամ մեր բնական ու պատմական հայրենիքում Քրդստանի ստեղծմանը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 26 (157), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։