Գաղափարն ու գաղափարակիրներն ընդդեմ գաղափարազուրկների – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն

Գաղափարն ու գաղափարակիրներն ընդդեմ գաղափարազուրկների

Ցավոք, երկար ժամանակ է, ինչ մեր հանրությունը ոչ համարժեք է արձագանքում գաղափարներին, գաղափարակիրներին եւ գաղափարազուրկներին: Չնայած, սա միայն հայ հանրությանը չի վերաբերում: Այսինքն՝ ճիշտ գաղափարի եւ այն ճշմարտորեն կրողների իրականությունը հանկարծ ու խառնվում է գաղափարազուրկ, իրապես գաղափարը եսակենտրոն մղումներով գործածողների հանրույթին: Պատճառը իբր գաղափարակիրների, իրականում՝ գաղափարազուրկների տվյալ գաղափարի անհարկի արծարծումն է կամ այդ գաղափարի տակ պատսպարվելու հանգամանքը…

Այն, որ նժդեհյան ցեղակրոն ուսմունքը ճշմարիտ եւ հայկական է, այլեւս քչերն են կասկածում, այն, որ Գարեգին Նժդեհը մինչեւ կյանքի վերջը իր բոլոր գործողություններում առաջնորդվել է հայության շահերով, էլի քչերն են կասկածում: Այսօր ցեղակրոնությունն անգամ կարող է գիտականորեն պաշտպանվել՝ որպես ազգային գաղափարախոսական եւ իմաստասիրական տեսություն եւ դառնա ոչ միայն ազգային ուսմունք, այլեւ՝ գիտական: Նժդեհի ցեղամարդը վստահաբար կարող է մրցակցել Նիցշեի գերմարդու հետ, ավելին՝ ցեղամարդն իր մարդկային, ազգային ու աստվածային կերպարով հաստատ գերազանցում է գերմարդու կերպարին… Ցեղամարդը ազգակենտրոն է եւ աստվածասեր, իսկ գերմարդը եսակենտրոն է ու ինքն էլ իր աստվածն է…
Բայց արի ու տես, նույնիսկ այս պայմաններում նժդեհյան ազգային-ազգայնական ճշմարիտ գաղափարախոսությունը խառնվելով մերօրյա գաղափարազուրկների քաղաքական անհեռատեսությանը՝ արժանանում է տարբեր մակդիրների, ածականների եւ դառնում է անիմաստ կասկածանքների թիրախ:
Պատճառը գուցե այլեւայլ է. ով ասես արդեն չի խոսում Նժդեհից ու նրա ցեղակրոն ուսմունքից, հաճախ առանց մեկ տող անգամ կարդալու այդ ազգաձուլ գաղափարախոսությունից, անգամ դրվագ իսկ ծանոթ չլինելով Գարեգին Նժդեհի կյանքին ու գործունեությանը: Բայց մեկ հիմնական պատճառ էլ կա, որը իրականում պատճառ չէ, միայն հետեւանք է, բայց… Դա իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի նժդեհյան գաղափարների հետեւորդ լինելն է: Այսինքն՝ Հանրապետական կուսակցության ծրագրում դրույթներ կան ամրագրված նժդեհյան ցեղակրոն ուսմունքից:
Ա՛յ հենց այստեղ էլ առնչվում ենք գաղափարի, գաղափարակիրների եւ գաղափարազուրկների անհամադրելի «տեսությանը»:
Նժդեհյան ցեղակրոն գաղափարը, ասացինք, ճշմարիտ է ու հայկական: Գաղափարակիրների հարցով իշխող ուժը խիստ սահմանափակ, եթե չասենք՝ անհուսալի վիճակում է: Գաղափարակիրն ապրում եւ գործում է ըստ գաղափարադրույթների, ցեղակրոն ապրելակերպի, որը ՀՀԿ-ում տեսնելու համար պարզապես պետք է… տեսողություն չունենալ… Իսկ ահա գաղափարազուրկների առումով խնդիր չկա… դրա պակասը ՀՀԿ-ում չկա: Իհարկե, այլ ցեղակրոն համարվող միջին ու մանր կառույցներ էլ կան, որոնցում էլ այս հիվանդությունը կա, բայց ամենանկատելին եւ ամենացցունը ՀՀԿ-ն է:
Եվ այս կուսակցության ապացեղակրոն գործելակերպն էլ հենց վտանգում ու մակդիրների է արժանացնում ցեղակրոն ուսմունքը: Ուստի, լավ կլիներ, որ ՀՀԿ-ն հրաժարվեր այդ գաղափարախոսությունից: Սա ասում ենք առանց սադրանքի եւ հետին մտքերի: Հատկապես, երբ ՀՀԿ-ն համարվում է պահպանողական (այն էլ՝ եվրապահպանողական) եւ ժողովրդավարական կազմակերպություն: Ո՛չ, ազգայնական, արիադավան-հեթանոսական հավատի հետեւորդ չէ ՀՀԿ-ն, քրիստոնեավարներ են հանրապետականները (այսինքն՝ Վահագն Աստծո աջի վրա չեն երդվում եւ արորդիներ չեն օծվում), ուստի՝ որեւէ խնդիր չկա ցեղակրոնությունից հրաժարվելու եւ ՀՀԿ-ական քաղաքական «վարուցանքը» շարունակելու առումով:
Պարզապես կարելի է Նժդեհին եւ ցեղակրոնությունը փրկել չակերտավոր նժդեհականներ ու ցեխակրոններ եւ այլ անվայել ձեւակերպումներից… Հարց է ծագում՝ լավ, ո՞վ է ընկել ձեր հետեւից, որ իբր դավանեք ցեղակրոնություն (իմա՝ ազգայնականություն), բայց Եվրոպայի ժողովրդավարներից ավելի ժողովրդավար եւ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինեք… Պարզապես մի կողմ դրեք նժդեհյան հայ ազգայնական միտքը, եւ դա ձեր կողմից ավելի հայրենասիրական քայլ կլինի, քան՝ սին դավանանքը:
Ու արդեն երկար ժամանակ է ինչ հանրապետության որոշ զլմ-ներ ցավալիորեն լծվել են Նժդեհի ու նժդեհյան ցեղակրոն գաղափարների պախարակման անհեռանկարային գործին: Դեմ չենք, որ որոշ զլմ-ներ էլ, իրոք, մտահոգ են նման իրողությամբ եւ ահազանգում են մտահոգված, նույնիսկ զատում են գաղափարն ու գաղափարազուրկներին: Այս գործընթացը նոր թափով ծավալվեց, երբ ՀՀԿ-ն կտրուկ որոշեց դառնալ «գերկուսակցություն», որին հետեւեց մականունավոր ու նմանատիպ անձանց մի նոր զանգվածային հոսք դեպի ՀՀԿ: Այս մարդկանց զանգվածային «ներխուժումը», հասկանալի պատճառներով, հանրության մեջ ավելի շատ տարակուսանք ու վրդովմունք առաջացրեցին, քանզի ամեն մի «առնետավազք» միշտ զազրելի է, իսկ մեզ համար այս դեպքում՝ առավել եւս, որովհետեւ այն առնչվում է հայ քաղաքականության ազգայնական ոլորտին: Սակայն, մեր խորին համոզմամբ, սա այն դեպքը չէր, որ պետք է համեմատության մեջ դրվեին Նժդեհն ու մականունավորները կամ հանրապետականներն ու նժդեհական անարատ, արյուն-քրտինքով գրված գաղափարները:
Նժդեհն իր գործի ու խոսքի ճշմարտությունն ապացուցել է սեփական կյանքով ու սխրանքներով, եւ ճիշտ չէ մի խումբ մարդկանցով չափել մեծ հայորդու արժանիքը, նրա գաղափարների արժեքը: Այս գործելաոճը հաճախ չկամ մարդկանց բամբասանքի է նմանվում (ապազգային տարրը միտումնավոր խառնում ու ցնծում է այս դեպքերում), բայց անհնարին է վարկաբեկել Նժդեհին ու ցեղակրոնությունը, քանզի այդ արժեքները մեր կյանքից են կերտվել, մեր պատմությունից, մեր նախնյաց հին հավատից:
Այլ բան է, երբ համեմատության մեջ դրվեն ցեղակրոն սկզբունքները եւ ՀՀԿ սկզբունքները, նժդեհյան գաղափարակիրների ու հանրապետականների կյանքն ու կենցաղը, եւ այսպիսով ի տես դրվեն այն մարդիկ, ովքեր խոսում են Նժդեհից, բայց գործով վարկաբեկում են նրան ու նրա սրբազան գաղափարները:
Այո՛, իրապես ցեղակրոնները նույնպես բազմիցս արտահայտվել են այլ չակերտավոր նժդեհականների ոչ ազգայնական գործունեության ու կեցվածքի դեմ: Սակայն, նրանք զերծ են մնացել այս մարդկանց ու Նժդեհին համեմատելու սին խայծից, քանզի այս կերպ վարկաբեկման է տարվում առողջ ազգայնականությունը, ազգայնական գաղափարախոսությունը, որի բացակայությամբ նույն քաղաքական դաշտը կտնօրինի ազգայնամոլական զանգվածը:
Այնպես, ինչպես չի կարելի կաշառակեր կղերականներին ու ոչ քրիստոնեական կամ անբարո կեցվածք ունեցող «քրիստոնյաներին» համեմատել Քրիստոսի հետ, այդպես էլ չի կարելի կաշառակեր ու անբարո «ցեղակրոններին» համեմատել Նժդեհի հետ: Այդպես էլ կռապաշտ-կրակապաշտներին (նաեւ՝ հեթանոս-քրիստոնյաներին) էլ չի կարելի համեմատել արիադավան-հեթանոսների՝ հայոց հավատի հետեւորդների հետ:
Սա մեր համոզմունքն է:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 26 (157), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։