Վարդավառ է` Աստղիկ Աստվածուհու տոնը

     

 

Հուլիսի 11-ին, ժ. 13:00-15.00-ին Զվարթնաց տաճարում կայացավ արիական-հեթանոսական Վարդավառ տոնի ծիսական եւ տոնական արարողություն: Արարողությունը կազմակերպել էին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները: Ծիսական մասն անցկացրեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:

Նրանք նախ փառաբանեցին Վարդավառը, սրով եւ ձոներով օծեցին ծիսական կրակը եւ տոնական ջուրը, հետո փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ հատկապես տոնի օրվա խորհրդանիշ Հայոց Աստղիկ Սիրո Աստվածուհուն: Քուրմ Մանուկը ներկայացրեց Վարդավառի խորհուրդը, իսկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց Հայ Աստվածներին ու առ երկինք հղեց Արարչականչ` Հայ Աստվածների` նորից Հայոց Հոգիներ եւ Հայոց Հայրենիք վերադառնալու համար…

Ծիսական արարողությունից հետո մասնակիցները օծված ջրով ջրեցին միմյանց եւ գինեձոներ նվիրեցին Աստղիկ Աստվածուհուն եւ Հայ Աստվածներին: Ծիսական եւ տոնական արարողություններին մասնակցեցին նաեւ արորդիներ Հայաստանից, Արցախից, նաեւ` Զվարթնոց տաճար այցելած սփյուռքահայեր: Զվարթնոցի տոնից հետո մասնակիցները այցելեցին Գառնի արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնին` Աստղիկ Աստվածուհու տիեզերական կեսին:

ՀԱՄ լրատվական կենտրոն


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։