Անկեղծ ու շիտակ


- Կլինի՞ արդյոք նախընտրական ազգայնական դաշինք:

- «Ազգայնական» ո՞ր տեսակի հետ պետք չէ համագործակցել:

- Ինչու՞ են հայ արիներն ուզում Ազգային Ժողովում ներկայություն ունենալ, եւ ինչու՞ նրանք հաշտ չեն ժողովրդավարական աշխարհի հետ:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Լուսանցք»-ի հետ անկեղծանում է հայ ազգայնական քաղաքական գործիչ Արմեն Ավետիսյանը:

Որ  չամորձահատեն ազգը եւ չկտրեն գենետիկ կապը -

Մեր հարցերին պատասխանում է Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը

ՀԱՄ-ը  պատրաստվում է

– Արդեն ամիսներ է ՀԱՄ կառույցի պատասխանատուների հետ շրջագայում եք ՀՀ մարզերում, պատճառը նախընտրակա՞ն է:

– Մի տեսակ համատեղված գործ եղավ: Նախ ՝ 2009թ. իմ դեմ կատարված մահափորձից հետո որոշակի խնդիրներ առաջացան ՀԱՄ կառույցներում, որն արագ չկարողացա կարգավորել, քանի որ 1 տարուց ավելի բուժվում եւ առողջությունս էի վերականգնում: Եվ միայն 2010թ. վերջերից լրիվ թափով կարողացա զբաղվել կուտակված գործերով: Չնայած նույնիսկ հիվանդանոցից իրականացրել եմ ՀԱՄ ղեկավարի իմ պարտականությունները: Պարզապես ներկազմակերպական հարցերը երկրորդ դիրք մղվեցին, որովհետեւ խնդիրներ ծագեցին նաեւ մեր ազգայնական դաշտում, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ հավատքային-հեթանոսական առումներով:

– Դրանց «Լուսանցք»-ը անդրադարձել է, նաեւ Ձեր տեսակետները հրապարակվեցին: Հիմա ի՞նչ վիճակ է:

– Մենք մեզանից հեռացրել ենք այդ մեկտարյա ընթացքում եւ դրանից առաջ էլ իրենց ոչ արիական կեցվածքով դրսեւորած անձանց, ՀԱՄ շարքերից եւս վտարել ենք նմաններին: Իսկ ՀՀ ազգայնական դաշտից, որի համախմբման նախաձեռնողն ի դեպ ՀԱՄ-ն է եղել, մենք հենց մեզ ենք «հեռացրել» եւ այլեւս չենք շփվում իրենց ձեւական ու անգամ փոփոխական դրսեւորող ուժերի ու անհատների հետ: Դրանց ժամանակին տեղ էինք տալիս՝ մտածելով, թե կարգավորվելու-շտկվելու տեղ կա դեռ: Նույն ինքնամաքրումը եղավ նաեւ արիական-հեթանոսական հավատքի ասպարեզում: Հիմա համագործակցում ենք Հայ Ազգայնականների համախմբման (ՀԱՀ) հետ, որի կազմում որոշ հիմնահարցերում գործում է նաեւ Հայ Արիական միաբանությունը իր տարաբնույթ կառույցներով:

– Հնարավո՞ր է նորից այդ ազգայնական դաշտը համախմբվի, թեկուզ ընտրությունների շեմին:

– Տարիներ շարունակ տարբեր միավորումներ ենք նախաձեռնել կամ մասնակցել դրանց ստեղծմանը՝ Հայ ազգայնականների դաշինք, Հայ ազգայնական ճակատ, Ազգային համաձայնության խորհրդարան եւն: Անգամ փորձել ենք հայ ազգայնական կազմակերպությունների հետ առանձին համագործակցելու եզրեր գտնել, եւ ՀԱՄ գրասենյակը միշտ եղել է բոլոր գաղափարակից ուժերի եւ անհատների հավաքատեղի: Նույնն է եղել նաեւ հայ հեթանոսական համայնքի համար, անգամ սփյուռքահայ ազգայնական միավորումների համար: Բայց թվարկածս եւ նման այլ դաշինքներում միշտ հավաքվել են, որոշել ու գնացել… առանց պարտականության զգացումի: Մարդիկ երեւի կարծել են, թե իրավունքները պարտականություններ չեն ծնում… Բոլոր որոշումների կատարման առյուծի բաժինը միշտ թողնվել է մեր կառույցի վրա, հաջորդ խորհրդի նիստերին եկել տեղեկացել են, որ ամեն բան կատարված է, ու նորից նույն անհաղորդ շղթան… Ոմանց սկզբում հաճելի էր լսել, թե հայ ազգայնականները կատարեցին այսինչ գործերը (բոլոր կազմակերպությունների անունները պարտադիր հնչեցնում էինք), կազմակերպեցին այնինչ ասուլիսները եւ միջոցառումները, կատարեցին այսօրինակ գործերը եւ այլն: Հետո երեւի մտածեցին, թե իրենք ազգայնական դաշտի ղեկավարներն են, եւ եթե ՀԱՄ-ն իր գրասենյակում տեղ է տալիս ու մեծահոգաբար լսում է բոլորին, ուրեմն ՀԱՄ-ն էլ նրանց «դարակազմիկ» մտքերը պիտի կյանքի կոչի… Հավատացնում եմ՝ այսքանը գիտակցելով շարունակել ենք համատեղ գործը, որպեսզի համախմբենք եղածը՝ նորը ձեւավորելու ակնկալիքով: Բայց վերջին դեպքերը, երբ կյանքս մազից էր կախված ու հայտնի չէր, թե ինչն ինչպես կավարտվի, ամեն ոք առավել պարզորոշեց իր դեմքը… Եվ այլեւս անհրաժեշտություն չմնաց բոլորի գործերը անել բոլորի փոխարեն, կրել այդ բեռը ու դեռ հանդուրժել ոմանց ինքնաբավ ու ինքնահավան, բայց սին ու դատարկ ներկայությունը:

– Ուրեմն՝ չի՞ լինի նախընտրական ազգայնական դաշինք:

– Գուցե լինի: Բայց ոչ նշածս «ազգայնական» տեսակի հետ: Սրանք անգամ մեր մերժումից հետո այնքան ապաշնորհ եղան, որ իրենք չմիավորվեցին, որ ցույց տան, թե կան եւ ինչ-որ բանի ընդունակ են: Մի որոշ ժամանակ հավաքվեցին, քանի դեռ մեզնից բամբասելու նյութ կար, հետո դա էլ դադարեցրին: Գիտեք, երբ անձնական ատելության հողի վրա է համախմբում լինում, ապա դա կյանք չունի, քանի որ այդ ատելությունը վրեժի չի վերածվում՝ ինչպես հավաքական-ազգային ատելությունը, ուրեմն չի կարող հավերժ սնուցվել, քանզի անձնական բարդույթին հենված վրեժը թույլ է եւ անցողիկ, առավելապես մաղձ ու նախանձով է պատված: Բայց սա չի նշանակում, թե հնարավոր չի լինի ստեղծել նախընտրական ազգայնական դաշինք: Եթե որոշենք, որ մասնակցում ենք առանձին ազգայնական թիմով, ապա հնարավոր է առաջ քաշվի Հայ Արիական կուսակցության ընտրացուցակը կամ Հայ Ազգայնականների համախմբման՝ որպես նախընտրական դաշինքի գրանցման հարց կառաջանա: Ահա այստեղ էլ Ձեր առաջին հարցի պատասխանն է՝ եղել ենք ՀՀ բոլոր 11 մարզերում եւ, թարմացնելով ՀԱՄ կառույցները, նաեւ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել՝ հանդիպելով ազգայնական ուղղվածությամբ տարբեր մարդկանց, ազատամարտիկների… հետ:

– Այլ ուժերի հետ հանդես գալը նույնպես չեք մերժել դեռ:

– Այո, քաղաքական եւ այլ տեսակետների ոչ միայն տարբերություն, այլեւ նմանություններ կան ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական ուժերի հետ, եւ դեռ ամեն բան հստակ չէ: Կարծում ենք՝ եւ իշխանական եւ ընդդիմադիր կառույցները գիտակցում են հայ ազգայնականության ներկայության կարեւորությունը ԱԺ-ում եւ կառավարական օղակներում, բաց դեռ ոչ մեկը համարձակություն չի ստանձնում ասել դա բարձրաձայն, ինչպես այդ բանն արվել է շատերի համար օրինակ ծառայող Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իտալիայում, արվում է Գերմանիայում, Շվեդիայում, Բելգիայում, Նորվեգիայում… անգամ ԱՄՆ-ում, էլ չենք ասում Ասիայի կամ Հարավային Ամերիկայի երկրների մասին: ՌԴ-ում Ժիրինովսկին անգամ Պետդումայի փոխխոսնակ աշխատեց, Ֆրանսիայում Լը Պենը հանգիստ պայքարում է նախագահ դառնալու համար, Գերմանիայում եւ Իտալիայում ազգայնականները ավանդաբար հզոր են, Հոլանդիայում եւ Բելգիայում, անգամ Դանիայում խորհրդարանական ուժեր են դարձել… Իսկ ԱՄՆ-ի նման երկրում դեռ հանգիստ գործում են իրապես ռասիստական կուկլուքսկլանները, որոնք առավել զորավոր են, քան ռուսաստանյան սափրագլուխները: Էլ չասենք՝ Իսրայելում, Ադրբեջանում եւ Թուրքիայում ինչ ազդեցություն ունեն բառիս բուն իմաստով ազգայնամոլական ուժերը (մեզանում դեռ ազգայնական (նացիոնալիստ) եւ ազգայնամոլ (շովինիստ) տարբերակումները չգիտեն շատերը): Չմոռանանք՝ Վրաստանում Արեւմուտքի օժանդակությամբ երկրի նախագահ դարձավ Ազգայնական կուսակցության նախագահ Սաակաշվիլին:

Իսկ Հայաստանում դեռ վառ օրինակներ են բերում 200 տարի առաջ ստեղծված ժողովրդավարական արժեքներից, անգամ զարգացումները չեն տեսնում եւ ծիծաղելիորեն անհանգստանում են՝ հանկարծ ազգայնական բառը մեր երկրում մի՜քիչ-ից ավելի բարձր չլսվի…

*  *  *

Առաջնայինը ազգային շահն է

– ՀՀ քաղաքական դաշտը երկար ժամանակ ողողված է գալիք ԱԺ ընտրությունների թեմայով: Ի՞նչ կասեք կոալիցիա-կոնգրես երկխոսության եւ ՀՀԿ-ԲՀԿ հակասության մասին:

– Հստակ է,  որ մինչեւ ընտրությունների ավարտը այլ առաջնային թեմա դժվար թե լինի, եթե հանկարծ արտակարգ իրավիճակ չառաջանա իհարկե: Կոալիցիա-կոնգրես երկխոսությունը իրապես ողջունելի էր, քանզի քաղաքական դաշտում նոր հարաբերությունների սկիզբ էր դրվելու: Շատ կարեւոր է, երբ իշխանությունը ճանաչում է ընդդիմության գործելու իրավունքը եւ անգամ կարեւորում է, բայց ՀԱԿ-ը խուսափեց իր բաժին պարտականություններից ու սկսեց խոսել նախապայմանների լեզվով: Սա շատ նման էր հայ-թուրքական կոչված արձանագրությունների վավերացման գործընթացին, երբ ՀՀ իշխանությունները նախաձեռնեցին այն, իսկ թուրքերը Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցերը նախապայմաններ դարձրեցին ու ձախողեցին: Եթե հայ-թուրքականի առումով ձախողումը ինձ բավարարեց, ապա մեր ներքաղաքական կյանքի կարգավորման ձախողումը չի կարող բավարարել: ՀԱԿ-ը խոսելով արտահերթ ընտրությունների եւ այլ պահանջների մասին՝ չկատարեց այն կարեւորագույն առաքելությունը, որը պատմական այս պահի առումով տրվեց իրեն՝ համախմբել ընդդիմությանը եւ իրապես նախաձեռնել իշխանություն-ընդդիմություն երկխոսություն:

– ՀԱԿ-ը ինչ-որ բա՞ն  բաց թողեց:

– ՀԱԿ-ը պետք  է վեր կանգներ ՀՀՇ-ական գործելաոճից, հրաժարվեր «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» տխրահռչակ կարգախոսից, եւ պիտի կոնգրես-կոալիցիա երկխոսությանը զուգահեռ կազմակերպեր զուտ ընդդիմադիր երկխոսություն՝ արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ: Միասնական ընդդիմադիր ճակատի կամ խորհրդի ձեւավորումը հաստատ ավելի զորեղ կշարունակեր իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Բայց ՀԱԿ-ը դա չարեց, միակ ընդդիմադիրը լինելու բարդույթը դա թույլ չտվեց, ավելին՝ երկխոսությունը մնաց ՀՀԿ-ՀԱԿ կարգավիճակում, քանզի պահանջները հասկանալիորեն միայն ՀՀԿ-ի եւ երկրի նախագահից էին եւ՝ տապալվեց:

– Գուցե ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը նպաստեցի՞ն դրան:

– Չեմ կարծում: Այն, ինչը չարեց ՀԱԿ-ը ընդդիմադիր ոլորտում, արդեն արված էր իշխանական համակարգում՝ կար եւ դեռ կա քաղաքական կոալիցիա: Բայց եթե ՕԵԿ-ը հստակ է դիրքորոշված եւ ՀՀԿ-ի հետ է գործում, ապա ԲՀԿ-ն վաղուց փորձեր է անում ինքնուրույնությունը պահպանելու: Եվ դա մինչ կոալիցիա-կոնգրես երկխոսությունն էր: Անգամ նախկին նախագահ Քոչարյանով պայմանավորված են համարում ԲՀԿ-ի սառը վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ: Իրականում Ծառուկյանը չպետք է խնդիրներ ունենար նախագահ  Սարգսյանի հետ, քանի որ իրապես բարգավաճում է նրա անձնական կյանքը, նաեւ՝ կուսակցության համանուն կյանքը: Բայց հին պարտավորությունները նախկին նախագահի հանդեպ կարող է եւ անակնկալ վճիռների հանգեցնեն: Ես լավ եմ հիշում Գ. Ծառուկյանի մի խոսքը, երբ մենք երկուսս էլ դեռ Աբովյանի եւ Կոտայքի մարզի տարբեր ընտրությունների ժամանակ հանդիպում էինք ըստ իրավիճակի: Նա հստակ գիտակցում էր, որ մեծ քաղաքականություն մտնելով վտանգելու է իր տնտեսական գործունեությունը: Երբ նա դարձավ պատգամավոր, կարծեցի՝ դրանով կբավարարվի, բայց հիմա առճակատման են մղում, եւ հիշեցի այդ խոսքերը: Իսկ առանց ԲՀԿ ղեկավարի, այդ կուսակցությունը տխուր հեռանկար կունենա:

– Ինչու՞ միայն ԲՀԿ-ն:

– Ընդհանրապես ՀՀ-ում կուսակցությունների գործունեությունը հիմնված է կառույցի ղեկավարի կամ լավագույն դեպքում մի քանի ընդգծված անհատների հնարավորությունների եւ քայլերի վրա: Դա նորություն չէ: Թերեւս ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ունեն մի շարք անհատներ, ովքեր կարող են գոնե հավասարապես

փոխարինել մեկմեկու ըստ անհրաժեշտության: ՀՀԿ-ն դա ունի, քանզի իշխանական բուրգը հավաքել է նման հնարավորությունով մարդկանց: ՀԱԿ-ը դա ունի հին իշխանական բուրգի փորձով մնացած: Իսկ ՀՅԴ-ն տարիներ շարունակ ոչ անհատական ղեկավարման փորձ ունի, նաեւ սփյուռքում, որը դեռ գործում է, չնայած ոչ առաջվա ազդեցությամբ: ՕԵԿ-ը՝ Ա. Բաղդասարյանով է պայմանավորված, ԲՀԿ-ն՝ Գ. Ծառուկյանով, ԱԺՄ-ն՝ Վ. Մանուկյանով, ԱԻՄ-ը՝ Պ. Հայրիկյանով, ԱՄԿ-ն՝ Ա. Գեղամյանով, ՆԺԿ-ն՝ Ա. Կարապետյանով, մնացյալ կուսակցություններն էլ ընդգծված ղեկավարի շուրջ են գործում, ցավոք, այդ թվում եւ՝ ՀԱՄ-ը:

– Այդքան տխու՞ր է իրականությունը:

– Մեզանում քաղաքականությունն այլ իրականությամբ եւ բարոյականությամբ է ներկայանում վաղուց: Ավելին ասեմ՝ կուսակցություններ էլ կան, որոնց ղեկավարներն անգամ հայտնի չեն ու նրանցով էլ անգամ ոչինչ չի պայմանավորվում կազմակերպության կյանքում, էլ չասենք՝ հանրության մեջ: Ավելի քան 75 կուսակցություններից թերեւս 10-15-ը կարող են հիշվել զանգվածային մտածողությամբ, ինչը կապված է կամ դրանց գործունեությամբ կամ ղեկավարների անունների հետ: Կուսակցություններ էլ կան, որոնք նույնիսկ ընտրական ժամանակահատվածում չեն երեւում: Դրանք երեւի ստեղծվել են պարզապես այս կամ այն միջոցառմանը որպես կուսակցության ղեկավար երեւալու կամ մեկ այլ եսակենտրոն բանի համար: Այստեղ միայն քանակի մասին չէ խոսքը, այլ գործի, խնդիրներ եւ նպատակներ ունենալու եւ դրանք քաղաքականության մեջ արծարծելու մասին:

– Բայց, վստահաբար, կուսակցականների քանակը ունի նշանակություն:

– Դա էլ է  ժամանակավոր երեւույթ մեր քաղաքական դաշտում: Նվիրյալ գաղափարակիրների (չասենք՝ կուսակցականների) թիվը սահմանափակ է բոլոր քաղաքական ուղղություններում՝ ժողովրդավարական, թե ազգայնական, ազատական, թե ընկերվարական… Եթե հիշում եք, ՀՀՇ-ն տասնյակ հազարների հասնող անդամներ ուներ, հիմա հերթական մի միջին կազմակերպություն է, որին փորձում է փոխարինել ՀԱԿ-ը: ԱԻՄ-ը անկախության առաջին տարիներին հազարավոր հետեւորդներ ուներ, հիմա մեկ այլ վիճակում է: ՕԵԿ-ը իշխանափոխության ալիքի վրա զանգվածներ հավաքեց եւ դարձավ խորհրդարանական ուժ, այժմ հաստատ հանրահավաքի չի ձգի: ԲՀԿ-ն կկորցնի իր իմաստը, եթե հիմնադիր ղեկավարը հեռանա քաղաքականությունից: ՀՀԿ-ն տասնյակ հազարավոր անդամներ ունի՝ քանի դեռ վերնախավի առաջատարն է, երբ հեռանա իշխանությունից, կմնա իր մի քանի տասնյակ հին հանրապետականների հույսին…

Մեզ էլ են հիմա ասում, թե քանակով քիչ ենք, բայց դա էլ ընդգծում եմ՝ այդ քիչը հարաբերական է, ամեն բան փոփոխական է. երբ ՀԱՄ-ին հնարավորություն ընձեռնվի առաջվա պես հեռուստաընկերություններով հանդես գալու, դառնա խորհրդարանական կամ կառավարող ուժի մասնիկ, ապա այդ տասնյակ հազարավոր «հետեւորդները», կենցաղի մեջ կքված բազմաթիվ  նվիրյալների հետ մեզ մոտ են վազելու: Այսօրվա քանակները հարաբերական են ու փոփոխական, ուստի դրանով պետք չէ գնահատել որեւէ քաղաքական ուժի: Ում վրա աշխատեն՝ կդառնա ուժ: Խոսքը առօրյա հնարավորությունների եւ կատարած գործերի մասին է: Երբ փիղը օրվա մեջ մի մեծ գերան է կնճիթով տանում իր տիրոջ համար, երեւու՜մ է, մեծ է փիղը եւ մեծ է շոուն: Երբ մրջյունը կամ մեղուն օրնիբուն աշխատում են, քչերին է դա տեսանելի… Բայց գործը արվում է, եւ անհարկի շոու էլ չկա:

– Օրնիբուն աշխատող Ձեր ղեկավարած կառույցի համար ի՞նչ ապագա եք տեսնում:

– Այն, ինչը ես կամ հայ արիականները դավանում եւ հետամուտ ենք, կապված է հայության առաքելության ու գերնպատակների հետ, ուստի ապագան հաստատուն է միանշանակ: Կա ազգը՝ կա հայարիականությունը: Մենք 75-80 կուսակցությունների մեջ միակ քաղաքական ուժն ենք, որ տարբերվում ենք ոչ միայն գաղափարախոսությամբ՝ հայ-արիականությամբ, այլեւ հավատքով ու նպատակներով՝ արիադավան-հեթանոսներն ենք եւ համաարիական դաշինքի վերակերտման հետեւորդ: Այն, ինչին հասել է ՀԱՄ-ը 1993-2011թթ., իր համեստ կարողություններով ու նվիրվածությամբ, չէին կարող հասնել անգամ այսօրվա իշխող ուժերը, եթե գործեին մեր կարողությունների սահմաններում: Իսկ այն՝ ինչ կարող ենք անել մենք, ունենալով նրանց կարողությունները, ապա դա կարելի է իմանալ համեմատական զուգահեռներ անցկացնելով:

Եթե այս պայմաններում անգամ պետական հոգածություն լիներ մեր նպատակներին ուղղված (գոնե որոնք համահունչ են երկրի արտաքին քաղաքականությանը), ապա ներքին կյանքի առաքինությունների համակարգը չէր հակասի արտաքին կյանքի առաքելությունների համակարգին, եւ համահայկական գերնպատակները կդառնային հայության ուղենիշները:

– Իսկ ժողովրդավարական աշխարհը թույլ կտա՞ դա:

– Այդ սին ժողովրդավարական աշխարհ կոչվածը բռնապետական մի համակարգ է իրականում, որը, միջոցների մեջ խտիր չդնելով, կառավարում է աշխարհը: Արաբական վերջին իրադարձությունները վերահաստատեցին չարի իշխանության ուժը: Ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ առավել եւս Եվրոպայում չի գործում այդքան քարոզվող ժողովրդավարական արժեհամակարգը, առաջնային կա եւ մնալու է ազգային-պետական շահը: Արեւմոււտքը կամ Ռուսաստանը կարող են ճանաչել ինքնորոշման միջազգային իրավունքը՝ Կոսովոյի, Հարավային Սուդանի կամ Աբխազիայի ու Հարավային Օսիայի համար, բայց Արցախի կամ Պաղեստինի համար՝ ոչ: Այդ երկու համաշխարհային բեւեռները կարող են նույն իրավիճակներում պատժամիջոցներ կիրառել Իրանի, Սիրիայի կամ Չինաստանի ու Բելառուսի դեմ, բայց ոչ՝ Իսրայելի, Թուրքիայի, Բոսնիա-Հերցեգովինայի կամ մեկ այլ իրենց կամակատար երկրի դեմ: Արեւմուտքը, որին ավելի շատ են տենչում մեզանում, մեզ ստիպում է բացարձակ ազատություններ շնորհել սեռական եւ կրոնական փոքրամասնություններին, բայց ինքը սահմանափակումներ կատարում է, ստիպում է մեզ չկիրառել գնդակահարության հոդվածը՝ անգամ դավաճանների նկատմամբ, բայց ինքը կիրառում է դա, որպեսզի խուսափի դավադիրներից: Արեւմուտքում արգելում են իրենց տրամաբանությամբ՝ երրորդ երկրներում ազգայնականության զարթոնքը (իմա՝ ազգային ինքնության գիտակցումը), բայց իրենք, ազգ չլինելով, ազգ են ձեւանում եւ այլազգիների նկատմամբ բոլոր բարբարոսություններում մեղադրում են իրենց ազգայնամոլներին, որոնք գործելու այնքա՜ն իրավունք ունեն, ինչքան չունեն անկախ երկրների ղեկավարներն անգամ… Այսպես կարելի է շարունակել:

ՀԱՄ-ը հենց դրա  համար էլ փորձում է ներկայություն ունենալ ԱԺ-ում, որպեսզի բարձրաձայն խոսի այս ամենի եւ այլ բաների մասին ու բարձր ամբիոնից խոսի օտարերկրյա տարաբնույթ պարտադրանքների ու գործակալական համակարգի դեմ: Որպեսզի այդ համակարգի տեղական կամակատարները մեզ «լուսանցքային ծայրահեղականներ» պիտակելով չփորձեն փակել հայ ազգայնականների բերանը, այսինքն՝ չամորձահատեն ազգը եւ չխեղեն ազգի գենետիկ հիշողությունը:

Հարցազրույցները՝ Նարե Մշեցյանի եւ Անի Մարությանի

«Լուսանցք» թիվ 37 (213), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։