Բնականի օրենքով

«Լուսանցք»-ի նախորդ համարում խոսել էի եկեղեցուն հարկային արտոնություններ տրամադրելու խնդրից եւ հստակ արտահայտել վերաբերմունքս: Մի քանի օր անց «Ազգ»-ում կարդում եմ Խորեն վադապետ Հովհաննիսյանի խոսքը բոլոր նրանց մասին, ովքեր դեմ են այդ արտոնություններին: «Ովքե՞ր են վերջիններս: Արդյո՞ք զավակներն ու թոռներն են նրանց, ովքեր ստալինյան բռնապետության տարիներին աքսորեցին ու գնդակահարեցին հոգեւորականներին, խեղդամահ արեցին կաթողիկոսին, պայթեցրին եկեղեցիները»,-գրում է վարդապետը:

Իմ ընթերցողը կհիշի, որ նախապես ասել էի, թե եկեղեցուն հարկային արտոնություններ տալուն դեմ եղողներին եկեղեցին որակելու է սահմռկեցուցիչ մեղադրանքներով: Ու որպեսզի դա չլինի, որովհետեւ շատերն են դեմ, փորձեմ կանխարգելիչ քայլ անել՝ որպեսզի ոչ եկեղեցին հայ ժողովրդի «դեմ» մասնիկներին ատի, ոչ էլ այդ «դեմ»-երը նեղանան եկեղեցուց:

Նախ՝ հարգարժան պարոն Հովհաննիսյան, եկեղեցական տերմինաբանությանը հարիր դիմելաձեւով ձեզ չեմ կարող դիմել, քանզի եկեղեցական ասելով ես մեր կողքի գյուղի տերտերին եմ միշտ հիշում՝ բարի ու հանդուրժող մի մարդու: Ու երբ մտապատկերումս եղած լուսավոր այդ կերպարը խաթարվում է, վարդապետն էլ,… եպիսկոպոսն էլ ինձ համար դառնում են քաղաքացիական անձ: Ու քանի որ դուք հոգեւորական կյանքից դուրս գուցե շատ էլ լավ մարդ եք, դիմելաձեւումս մտցնում եմ «հարգարժան» բառը:

Հիմա՝ պատասխանեմ ձեր խոսքերին.

– Ո՛չ, վերջիններս զավակներն ու թոռները չեն նրանց, ովքեր ստալինյան բռնապետության տարիներին աքսորել ու գնդակահարել են հոգեւորականներին: Նրանք զավակներն ու թոռներն են նրանց, ովքեր աքսորվել են ստալինյան տարիներին: Ես թոռն եմ աքսորվածի: Թոռն եմ ստալինյան զոհերից մեկի, ով իր ամբողջ կյանքում վախեցել է իր երեխաների ու թոռների համար՝ հանկարծ նրանց էլ չաքսորեն: Թոռն եմ աքսորվածի, ով քրիստոնեական արժեհամակարգի կրողը չլինելով՝ ալթայներում իր հարեւան հոգեւորականի ընտանիքն է կերակրել, երբ վերջինս ծանր հիվանդությունից հետո անաշխատունակ է դարձել:

Ու պարոն Հովհաննիսյան, գիտե՞ք ինչու է պապս պահել հոգեւորականի ընտանիքին: Որովհետեւ պապս մարդ էր, հայ մարդ էր, որովհետեւ իր համար միեւնույնն էր, թե մարդը կրոնական ինչ պատկանելություն ունի: Կարեւորը մարդ էր ու նաեւ հայ էր:

Քրիստոսի լույսից դուք եք խոսում, բայց մարդկություն պապս էր անում:

Քրիստոսի լույսը ժողովրդին բաշխելուց առաջ նախ ձեզ բաշխեք, որ մի քիչ հանդուրժեք հայ ժողովրդին, որ մի քիչ սիրեք հայ ժողովրդի այն զավակներին, ովքեր քննադատում են ձեզ: Ու «դեմ» խոսողներին ձեւախեղված համարելուց առաջ նախ ձեզ զննեք: Կամ՝ փորձե՞լ եք  երբեւէ հասկանալ, թե եկեղեցասեր հայ ժողովրդի ներկայացուցիչները ինչու՞ հանկարծ «դեմ» խոսեցին ձեզ արտոնություններ տալուց: Չե՞ք փորձել, որովհետեւ ժամանակատա՞ր է, որովհետեւ կարող եք ամաչե՞լ հանկարծ:

Թե՞ այսպես ավելի հեշտ է՝ ով ձեզ դեմ է, ազգի թշնամին է: Քրիստոսի լույսը նախ ձեզ վերցրեք, շա՜տ վերցրեք, լի՜քը-լի՛քը, որ ազգին «կողմ» ու «դեմ»-ի չբաժանեք: Թե՞ սխալ եմ հասկանում վարդապետությունը քրիստոնեական ու… ճիշտը այն է, ինչ դուք եք հասկացել, ինչ դուք եք իրագործում…

Ինչեւէ, բայց անկեղծ լինելու համար ասեմ, որ մի՝ պատմական արդարությունը վերականգնելու հարցում ձեզ հետ շա՛տ, չափի՛ց շատ եմ համաձայն. այո՛, եկեղեցիներին պետք է վերադարձվի այն ամենը, ինչ նրանից խլվել է կոմունիստական վարչակարգի հաստատումից հետո: Բայց արդարության վերականգնումը միակողմանի չէ: Ուստի՝ նաեւ դատելով պատմական ժամանակագրության պարզ տրամաբանությունից՝ նախ եկեղեցի՛ն պիտի հայ ազգին վերադարձնի այն ամենը, ինչ խլվել է ազգից 301թ. եւ հետո:

Մեռնե՜մ օրենքին:

Բնակա՛ն օրենքին:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք»  շաբաթաթերթի գլխավոր  խմբագիր

«Լուսանցք» թիվ 38 (214), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։