Անցում նոր տարուց՝ նախընտրական տարուն

Նախընտրական տարին սկսված է: Կրքերը դեռ նոր են բորբոքվելու: Եվ ահա, ընդդիմադիր ուժերը անցնում են նոր գրոհի: «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունները համատեղ հայտարարություն արեցին, որում ԱԺ մեծամասնությանն առաջարկում են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է՝ վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ անցում կատարելով 100%-ոց համամասնական ընտրակարգի: Նրանք համարում են, որ համաձայնելով այս քայլին, իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը՝ նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձեւավորելու ներհասարակական հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ: Կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին՝ պաշտպանել այս նախաձեռնությունը:

Կոչին դրական արձագանքեցին ՀԴԿ-ն, ՄԱԿ-ը, ՀՌԱԿ-ը եւ այլ ուժեր, այդ թվում՝ ՀԱԿ-ը: «Ազատ դեմոկրատներ»-ից Ալ. Արզումանյանն էլ հայտարարել է, որ մեծամասնական տեղերն ընտրությունները կեղծելու համար են, եւ իրենք նույնպես կողղմ են եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ դրանով իրենք նպատակ ունեն «ընտրություններն իշխանության վերարտադրման միջոցից վերածել իշխանությունը փոխելու միջոցի»:  Նա նշել է, որ հիմա իշխանությունները պետք է արձագանքեն ու իրենք շատ ուշադիր հետեւելու են այդ արձագանքին, հարցն ի վերջո քննարկվելու ու իր լուծումը ստանալու է ԱԺ-ում, հետեւաբար, շատ կարեւոր է, որ օրինակ ԲՀԿ-ն կոշտ մերժողական դիրք չի ընդունել ու կողմ է 100% համամասնական ընտրակարգին անցնելուն: Սա կարող է ջրբաժան առաջացնել.- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը:

«Սարդարապատ» շարժումը նախաձեռնել է «Ընտրությունների այլընտրանքը» թեմայով քննարկումներ եւ փորձում է առաջարկել տարբերակ՝ կեղծ ընտրությունների այլընտրանք: Ընտրություններից հետո ստեղծվում են «Այլընտրանքային ճակատ» կամ «Այլընտրանքային խորհրդարան»:

Մի նորամուծություն եւս հայտնվեց այս մինչընտրական փուլում: Երկրում այլընտրանքային իշխանություն ձեւավորելու համար «Սարդարապատ»-ը փորձում է ձեւավորել «ՀՀ-ում ավտորիտար իշխանության ապամոնտաժման ճանապարհային քարտեզը»: Նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ քննարկումների միջոցով փորձում են ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել, իսկ այս նախաձեռնությունը գնահատել է որպես մտքի գործընթաց: Այս առումով հանդես է եկել նաեւ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ով առաջարկել է Սահմանադրական Ժողովի ընտրություններ՝ որպես այլընտրանք ԱԺ ընտրություններին: Որպեսզի Սահմադրական Ժողովի իրավասությունները հաստատվեն եւ այն դառնա օրինական պետական իշխանության նոր մարմին, իհարկե, անհրաժեշտ է հասարակության մեծամասնության քվեն, որի համար պետք է դեռ լուրջ աշխատանքներ ծավալվեն: Սակայն այս բոլորը դեռ մտքեր են ու դեռեւս չիրագործելի:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ փետրվարին վերջնականապես կհայտարարվի, թե հայ արիականներն ու ազգայնականները ինչպես կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին եւ ինչ քայլեր են նախատեսում դրա համար: Նա այս անգամ էլ չբացառեց նախընտրական դաշինքով հանդես գալու հնարավորությունը:

Բացի ընդդիմություններ-իշխանություն հակասություններից, պարբերաբար խոսք է լինում ներիշխանական հակասությունների մասին, որոնք առավելապես վերաբերում են ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին: ՀՀ ներքաղաքական կյանքում «իրական կոնֆլիկտը փոխվել է, եւ այն այժմ ոչ թե իշխանության եւ ընդդիմության միջեւ է, այլ ներկոալիցիոն բնույթ է կրում»,- ասել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հակամարտությունը լիովին իրական է: Որպես օրինակ նշել է Իջեւանում կայացած ընտրությունները, որտեղ ԲՀԿ-ի թեկնածուն հաղթանակ տարավ հանրապետական թեկնածուի նկատմամբ: Քաղաքագետը անակնկալ է որակել ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ին արված համագործակցության առաջարկը եւ հայտնել, որ  առաջիկա խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն են ՀՀ նախագահի եւ վարչապետի համար: Միաժամանակ նշել է, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առաջացած կոնֆլիկտին ի պատասխան՝ ԲՀԿ-ն դեռ պատասխան հարված չի տվել ՀՀԿ-ին:

Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտնել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նպաստել է, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն գնան պարզաբանումների. «Տեր-Պետրոսյանը հիացած չէ Ծառուկյանով, պարզապես նա դրդեց, որ ԲՀԿ-ն իր հարաբերությունները պարզի ՀՀԿ-ի հետ»: Ինչեւէ, ՀԱԿ-ը չկարողանալով իր շուրջը համախմբել այլ ընդդիմադիր ուժերի, չկարողանալով միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծել, փորձում է դեռ ջլատել իշխանությունը, եւ անգամ կարծիքներ են հնչում կոնգրեսի անդամների կողմից, թե ՀԱԿ-ը կարող է
30-40% ձայն հավաքել: Հասկանալի է, որ սա սեփական վարկը բարձրացնելու գովազդ է, եւ մյուս ընդդիմադիրները՝ ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը, ՀՌԱԿ-ը, Հայ արիներն ու ազգայնականները եւ այլ ուժեր վստահաբար «տնօրինում» են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական ոլորտների մեծաթիվ ձայների, որը ընդդիմություններ-իշխանություն պայքարն ավելի հետաքրքիր է դարձնում:

Լուրեր կան արդեն, որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական ցուցակների նախնական տարբերակներն արդեն պատրաստ են, քանի որ քիչ ժամանակ է մնացել պարզաբանումների համար: Նշվում է, որ ՀՀԿ-ում ավելի շատ տեղ են զբաղեցնելու պատրաստված անձինք, ովքեր, իրոք կզբաղվեն օրենսդիր աշխատանքով, իսկ գործարարները պետք է զբաղվեն իրենց գործերով: ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ցուցակների մասին նշվում է, որ ԲՀԿ-ում կլինեն աննշան թվով գործարարներ եւ կգերիշխեն երիտասարդ ու բանիմաց անձինք, իսկ ահա ՕԵԿ-ի մասով լուրերն ասում են, որ այստեղ կլինեն Արթուր Բաղդասարյանի մտերիմ հավատավորները, որոնց հենց ՕԵԿ նախագահն էլ կառաջադրի:

Հետաքրքիր է, որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահի որդեգրած քաղաքականությունը հանգեցրեց ներքաղաքական իրավիճակի կայունացմանը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիայի 2-րդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ որեւէ տարաձայնություն չկա, ու այդ թեմայով շրջանառվող լուրերն ընդամենը զլմ-ների երեւակայության արդյունք են:

Օրերս ՀՀ նախագահը եւս մեկ քայլ կատարեց. նրա հրամանագրով ձեւավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որի անդամներ են նշանակվել ԱԺ նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, Սահմանադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Արեգ Շուշյանը, վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Էմիլ Բաբայանը եւ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով: Հանձնաժողովն անցկացրել է իր առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել են հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ: Նախագահ է ընտրվել Էմիլ Բաբայանը, իսկ տեղակալ՝ Արեգ Շուշյանը, եւ նախագահ Սարգսյանը հանդիպել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորանշանակ անդամների հետ: Հանձնաժողովի գործունեության տիրույթը, ըստ Ս. Սարգսյանի, ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը եւ հրապարակումը, շահերի բախման դեպքերի ու էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, էթիկայի կանոնների խախտումների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը եւ այլ գործառույթներ:

Հանրությանը հետաքրքրում է նաեւ ՀՀ նախագահի եղբայր, պատգամավոր Սաշիկ Սարգսյանի վերընտրվելու հարցը, եւ այս առիթով ՀՀԿ խորհրդի անդամ Ռաֆիկ Պետրոսյանը հայտատարել է, որ ՀՀԿ-ում դեռ չի քննարկվել նրա՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հարցը. «Բայց չեմ կարծում, որ կառաջադրվի, որովհետեւ ՀՀԿ-ն գիծ է բռնել, որ իշխանությունը պետք է անջատվի գործարարությունից, իսկ նա բիզնեսով է զբաղվում»: Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների հարցը կուսակցությունում կքննարկվի փետրվարի վերջին՝ ՀՀԿ-ի համագումարից հետո:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով դեմ չէ դառնալ պատգամավոր կամ ՀՀԿ-ից կամ ԲՀԿ-ից, մեկ այլ մտավախություն ունի, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «երկրում սոցիալական ֆոնը գնալով ավելի ու ավելի կթանձրանա եւ ամենեւին էլ չի նպաստի հանգիստ ընտրությունների անցկացմանը»: Նրա կարծիքով՝ քաղաքական իրավիճակը կլարվի նաեւ այն պատճառով, որ ՀՀԿ-ն չի շտապում դասեր քաղել հետխորհրդային մյուս պետությունների իշխող ուժերի՝ ամեն գնով իշխանությունը պահելու փորձերի ձախողումից եւ չափավորել սեփական ախորժակը: Մյուս մտահոգիչ հանգամանքը ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարության՝ ժամանակից շուտ ձեւավորվելն է, ինչն օրենքի խախտում է նկատում քաղաքագետը:

Արդեն հայտնի է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ՕԵԿ-ի շտաբը կղեկավարի ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը: Իսկ ԲՀԿ-ում շտաբի ղեկավար դեռ չեն ընտրել, փոխարենը կուսակցությունը ձեւավորել է աշխատանքային խումբ, որն էլ աշխատում է նախընտրական ծրագրի վրա: «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի փետրվարին:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը անդրադառնալով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու հարցին՝ նշել է, որ դեռ չի ցանկանում հաստատել կամ բացառել որեւէ բան. «Սակայն կարծում եմ, որ առանձին ցուցակներով են գնալու: Եվ այդ մասին կուսակցությունների համապատասխան ղեկավար մարմիններն ու ղեկավարները կհայտարարեն»:

Ըստ Կովկասի ինստիտուտի փոխտն
օրեն Սերգեյ Մինասյանի, 2012թ. ամենագլխավոր քաղաքական իրադարձությունը լինելու է խորհրդարանական ընտրությունը, եւ արդյունքները ազդեցություն կունենան ինչպես ներքաղաքական իրավիճակի, այնպես էլ արտաքին քաղաքական հարաբերությունների վրա: Նրա կարծիքով՝ եթե ընտրությունները լավ անցնեն, իշխանությունները կստանան բավականին լուրջ լծակներ, որոնք կկարողանան օգտագործել տարածաշրջանային քաղաքականության մեջ եւ՝ հակառակը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 1 (222), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։