Ուշադրությու՛ն, սննդամթերքի անվտանգությունը վտանգված է -


Հայաստանյան շուկայում «մուտանտ» լոլիկներ են հայտնվել

Ներկրողների խղճի վրա հույս դնել պետք չէ

… Հարկ է շատ  ուշադիր լինել, ոլորտը կարգավորող ուժեղ ու հստակ լծակներ մշակել, քանզի բնագավառի ազատականացումը նաեւ որոշ սողանցքներ է ենթադրում: «Ազատականացում» ասվածով նկատի ունեմ, որ պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների քանակը հասցվել է զրոյի, սակայն էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ գործարար շրջանակներն ու հասարակությունն ավելի ակտիվորեն կներգրավվեն սննդամթերքի վերահսկողության գործընթացում:

Բայց առայժմ ակտիվորեն ներգրավված է միայն հասարակությունը, ավելի ստույգ՝ հանրության ոչ գերակշիռ հատվածը: Իսկ գործարար շրջանակներին դա պե՞տք է: Կարծես՝ ոչ: Համենայնդեպս դրանում համոզվեցի, երբ վերջերս երեւանյան սուպերմարկետներից մեկից լոլիկ գնեցի…  

* * *

Ստորեւ գրվածս հրապարակվել է նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ընդհանրապես գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) խնդրին բազմիցս ու մանրամասն անդրադարձել եմ եւ՛ նշյալ թերթում եւ՛ «Լուսանցք»-ում: Սկսել եմ անդրադառնալ հենց այն պահից, երբ հասկացել եմ, որ մեր երկիրն էլ ապահովագրված չէ անբնական սննդից: Ու քանի դեռ ուշ չէ, պետք է ուշադիր լինել, ահազանգել, հետեւողական լինել ու աջակցել պետությանը, որպեսզի վերջինս ավելի հստակ լծակներ ու մեխանիզմներ ստանձնի՝ սննդի անվտանգության վերահսկողության հարցում…

…Այսպիսով, մենք ներկայացրել ենք ԳՁՕ-ների գործածության ամերիկյան փորձը, եվրոպական չափանիշները, դրա ռուսական տարբերակը եւ այդ խնդիրը հայաստանյան իրականությունում: Ու մեզ գոնե այսօրվա դրությամբ ուրախացնում էր այն, որ մեր երկրում սնունդը դեռ այնքան գենախեղված չէ, որ տեսողականներս «շոշափի», եւ որ հայաստանյան շուկայում առկա սննդամթերքում ԳՁՕ-ի պարունակությունը միայն լաբորատոր քննությունը կարող է պարզել (այդպիսի օրինակներ եղել են): Բայց եւ ահազանգել էինք, որ հարկ է շատ ուշադիր լինել, ոլորտը կարգավորող ուժեղ ու հստակ լծակներ մշակել, քանզի բնագավառի ազատականացումը նաեւ որոշ սողանցքներ է ենթադրում: «Ազատականացում» ասվածով նկատի ունեմ, որ պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների քանակը հասցվել է զրոյի, սակայն էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ գործարար շրջանակներն ու հասարակությունը ավելի ակտիվորեն կներգրավվեն սննդամթերքի վերահսկողության գործընթացում:

Բայց առայժմ ակտիվորեն ներգրավված է միայն հասարակությունը, ավելի ստույգ՝ հանրության ոչ գերակշիռ հատվածը: Իսկ գործարար շրջանակներին դա պե՞տք է: Կարծես՝ ոչ: Համենայնդեպս դրանում համոզվեցի, երբ վերջերս երեւանյան սուպերմարկետներից մեկից լոլիկ գնեցի:

Ընդհանրապես ես, որպես սպառող, միշտ հետեւում եմ «ամեն ինչ՝ իր սեզոնին» սկզբունքին (խոսքս թարմ սննդամթերքի մասին է, այլ ոչ պահածոյացված): Սիրում եմ համեղ ուտել, իսկ ամեն ինչ համեղ է հենց բնական վիճակում՝ իր համար նախասահմանված աճման-բերքի շրջանում: Բայց, ինչպես ասացի, վերջերս սիրտս ամառային աղցան ուզեց եւ 1 կգ լոլիկ գնեցի՝ 2240 դրամով: Հասա տուն, արագ գործի անցա, ու… հենց առաջին լոլիկը կտրեցի, սկսեցի ոչ թե ուտել, այլ՝ լուսանկարել:

Բանն այն է, որ երբ ներկայացնում էինք ԳՁՕ-ների հիմնախնդիրը, համապատասխան լուսանկարները քաղում էինք համացանցից՝ ներկայացնելու ԳՁՕ-ների գործածության հետեւանքները այս կամ այն երկրում: «Գործնական» լուսանկար Հայաստանից դեռ չկար: Ոչ բարով 2240 դրամով գնած լոլիկը ինձ տվեց այդ «գործնական» լուսանկարները: Ընթերցողին միանգամից հանգստացնեմ՝ սուպերմարկետում հետո հարցախույզս ցույց տվեց, որ դա մեր տեղականը՝ այս սեզոնային ջերմոցայինը չէ, այլ ներկրված լոլիկ է՝ Թուրքիայից:

Ասեմ՝ ինչ լոլիկ էր իմ գնածը ու զգուշացնեմ սպառողներին: Թեպետ զգուշացնելն էր ավելորդ է, քանզի տեսածս լա՜վ էլ ակներեւ էր: Լոլիկների ներսում՝ ամբողջ կիլոգրամի մեջ, հյութեղ «պատյանում» հյութի փոխարեն տարօրինակ պալարներ էին, ինչ-որ ծիլեր (տե՛ս լուսանկարները)՝ կանաչավուն ու փայտի նման կոշտ: Բերանս տարա, համը խոնավացած գաջի հոտ էր հիշեցնում: Լուսանկարեցի, բայց չթափեցի, դրեցի ապակե ափսեում: Մեկ օր անց պալարներն արդեն մեծացել էին…

Ամեն դեպքում հանգիստ էի՝ ներկրած է՝ թուրքական է, մերը չէ, մերը դեռ ապականված չէ: Մեր՝ անգամ ոչ հողի, այլ՝ ավելի շատ քիմիական եղանակով գործող ջերմոցներում այսպիսի աղբ չի աճում (հենց այդպիսի՝ «քիմիական» ջերմոցներից մեկում փորձել եմ, համոզվել): Բայց դե վստահաբար արձագանքելն էլ ճիշտ էր, քանզի ներկրում է գործարար շրջանակը, իսկ սա նշանակում է, որ սննդամթերքի անվտանգության հարցում պետությունը գործարար շրջանակի վրա հույս չպետք է դնի: Տեսեք՝ ինչ է ստացվում, պետությունն ընդառաջում է, ազատականացնում ոլորտը, դյուրացնում, իսկ գործարարը կարծես ամեն գնով ուզում է «ապացուցել», որ պետությունը սխալ արեց՝ գործարարին ու նրա խղճին վստահելով: Մնում է հուսալ, որ սպառողն ինքը կհոգա սեփական առողջության մասին եւ նախ՝ ինձ պես բկլիկություն չի անի ու աղբ չի գնի, իսկ գնելու դեպքում էլ՝ չի զլանա գնած այդ աղբը թափել: Այլապես՝ ի՜նչ իմանանք, ինչ կլինի ԳՁՕ-ներով հարուստ կամ արդեն լրիվ ԳՁՕ գործածելու հետեւանքը տարիներ հետո: Համենայնդեպս, աշխարհի տարբեր գիտնականներ դրական բաներ չեն ասում:

Ու ասենք, ի տարբերություն ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների, ռուսաստանյան մասնագետներն ավելի բացախոս են ու բացահայտ խոսում են ԳՁՕ-ների վնասակարությունից՝ չմտածելով դրա բիզնեսի վտանգվելուց: Ռուսաստանյան՝ սպառողների շահերին վերաբերող շատ կայքերում ԳՁՕ-ների մասին գրված է այն ամենը, ինչ այսօր հայտնի է աշխարհին: Այս կայքերում մասնագետները, ընդ որում առանց թաքնվելու՝ սեփական կոորդինատները թողած, խոսում են մեկ այլ՝ այսպես ասած ոչ տեսողական ԳՁՕ-ի վտանգից, այն է՝ԳՁՕ-ով հարուստ միրգը կամ բանջարեղենը ոչ արտաքինից եւ ոչ էլ համային հատկանիշներով չի տարբերվում բնական մթերքից, բայց սրանք էլ տարիներ անց մարդու օրգանիզմում գենետիկ փոփոխությունների են հանգեցնում: Ավելին՝ ռուսաստանյան այսօրինակ կայքերը հատուկ էջ ունեն՝ «ամեն ինչ ԳՁՕ-ի մասին», որտեղ բացահայտ գրում են, թե ինչ է նշանակում «գենետիկ փոփոխություն» ասվածը – «սերնդի ստերիլացում»: Ու հրապարակել են ռուսաստանյան շուկա մտնող բոլոր այն ապրանքանիշերի եւ արտադրող ընկերությունների անունները, որոնց արտադրածը ԳՁՕ-ով հարուստ է կամ ամբողջովին արդեն ԳՁՕ է:

Եվրոպական կայքերում մի քիչ ավելի զգուշավոր են ԳՁՕ-ների մասին արտահայտություններում, բայց գործնականում են ավելի խիստ: Օրինակ՝ ԵՄ-ն արգելել է 1%-ից ավելի ԳՁՕ պարունակող մթերքի ներկրումը, իսկ մանկական ամեն տեսակի սննդում այն իսպառ արգելվում է: Մի խոսքով, ասել կուզեմ, որ մենք կարող ենք թույլ չտալ այլ երկրների սխալը, մեր մասնագետները վստահեցնում են, որ ՀՀ-ն ի վիճակի է բնապահպանապես մաքուր մթերք արտադրել, ինչը մի բան է նշանակում՝ առողջ սերունդ ու պետության վաղվա օրվա երաշխիք:

Հ.Գ. – Մեծ սիրով կտպագրենք առողջապահության նախարարության տեսակետը եւ խորհուրդները ԳՁՕ-ների գործածության խնդրի ու դրա հետեւանքների մասին:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարները՝ հեղինակի

Ի գիտություն նպաստառուների -

Ով  ինչքան գումար կստանա 2012թ.

Սահմանված են այս տարվա պետական նպաստների չափերը: Ու քանի որ այս տարեսկզբից մեր խմբագրությանը շատ էին դիմում տարբեր խմբերի նպաստառուներ ու խնդրում ասել իրենց հստակ նպաստի չափը, «Լուսանցք»-ը, նրանց օգնելու նկատառումով, դիմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:

Այսպիսով, սահմանված են ընտանիքի անապահովության uահմանային միավորը, ընտանեկան նպաuտի բազային մաuի, հավելման եւ միանվագ oգնության չափերը: Ըստ այդմ, ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը 30.00 միավոր է, ընտանեկան նպաuտի բազային մաuը՝ 16.000 դրամ:

Անապահովության հետեւյալ միավորներ ունեցողները ստանալու են հավելումներ հետեւյալ չափերով:

1) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների մասով՝ ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 5500 դրամ, բ. 4 եւ ավելի՝ 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ՝ բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 6500 դրամ, գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 6000 դրամ, դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 7000 դրամ:

2) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների մասով՝ ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 6000 դրամ, բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 7000 դրամ, գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 6500 դրամ, դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 7500 դրամ:

3) 39.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների մասով՝ ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 6500 դրամ, բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 7500 դրամ, գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 7000 դրամ, դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 8000 դրամ:

Ընտանեկան նպաuտի իրավունք ունեցող ընտանիքում միանվագ դրամական oգնության չափերն են՝ ա. երեխայի ծննդյան դեպքում՝ 50000 դրամ, բ. երեխայի՝ առաջին դաuարան ընդունվելու դեպքում՝ 25000 դրամ, գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50000 դրամ: Հրատապ՝ oգնության չափը ընտանեկան նպաuտի իրավունք չունեցող ընտանիքում 16000 դրամ է:

Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաuտի չափը՝ 50000 դրամ, իuկ ընտանիքում ծնված 3-րդ, ինչպեu նաեւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար՝ 430000 դրամ կտրվի: Մինչեւ 2 տա- րեկան երեխայի խնամքի նպաuտի չափը 18000 դրամ է:

Զոհված՝ Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաuտի չափը 250.000 դրամ է, զոհված՝ առաջին աuտիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաuտի չափը 150.000 դրամ է, զոհված՝ երկրորդ աuտիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաuտի չափը 100.000 դրամ է:

Ընդհանուր առմամբ, պետությունը երեխայի ծննդյան միանվագ նպաստի  համար ծախսում է 4 մլրդ 561 մլն 930 հազ. դրամ (43883 երեխա, այդ թվում առաջին եւ երկրորդ 37652 երեխա՝ 50 հազ. դրամ, իսկ երրորդ եւ հաջորդ 6231 երեխա՝ 430 հազ. դրամ), իսկ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար՝ 2 մլրդ 376 մլն դրամ (11000 երեխա՝ ամսական 18 հազ. դրամ): Զոհված՝ Հայաստանի ազգային հերոսի, ինչպես նաեւ Մարտական Խաչի առաջին կամ երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաստի ընդհանուր չափը 154 մլն 800 հազ հազ. դրամ է (98 նպաստառու ընտանիք, այդ թվում՝ 9 ՀՀ Ազգային Հերոս՝ 250 հազ. դրամ, 35 Մարտական առաջին աստիճանի խաչ շքանշանով պարգեւատրված՝ 150 հազ. դրամ եւ 54 Մարտական երկրորդ աստիճանի խաչ շքանշանով պարգեւատրված՝ 100 հազ. դրամ):

Աստղինե Քարամյան

Քաղաքային –
Ինչու է ժպտում Կարաբալան
 

Հին երեւանցիները հիշում են, որ Հայրենական պատերազմի տարիներին Աբովյան փողոցի այն ժամանակներում միակ հանրախանութի կողքին գործում էր «Կովկաս» ռեստորան: Կամարակապ մուտքից ներս մտնելով, քիչ փոս տարածությունում բակ էր, ճաշակով շարած սեղաններով, ոչ խոշոր ջրավազանով, ուր վխտում էին սեւանա իշխանները: Ընդարձակ բակի եզրին ավանդական հայկական տուն էր, փայտե պատշգամբով, որտեղ նույնպես սեղաններ էին դրված: Բակի սեղաններին մշտապես ծաղիկներ էին լինում:

Հիսունականների սկզբներին, ուսանողական տարիներիս, հաճախ մի քանի ընկերներով, կրթաթոշակ ստանալուն պես, այդ ռեստորան էինք հաճախում: Այստեղ երբեմն տեսնում էինք ցնցոտիներով, կիսակուզ, անլվա-չսափրված մեկին, ով հաջողացնում էր որոշ սեղաններին եղած օղու կիսախմած բաժակները դատարկել եւ սեղաններից 1-2 ծաղիկ փախցնելով դուրս գալ Աբովյան փողոց: Ապա վազվզելով այս կամ այն կնոջ կամ աղջկա հետեւից՝ ծաղիկը ձեռքին մրմնջում էր: Հաստատ հիշում եմ, որ ոչ մեկը չէր կանգնում նրա ձեռքից ծաղիկ վերցնելու, քանզի նրա արտաքին տեսքը, վրայից փչող գարշահոտությունը զզվանք էր առաջացնում: Եվ ահա մեր օրերում գտնվեց մեկը, որ «անմահացրեց» «սեւ տղային» (թուրքերեն՝ կարա-բալա) ճիշտ եւ ճիշտ՝ սակայն ավելացնելով ծաղկի զամբյուղը, իբր այդ անօթեւան մարդը սեփական բակից աճեցրած ծաղիկները անվճար նվիրատվություն էր անում…

Իրոք շնորհալի այդ գործը տեղադրվեց Աբովյան փողոցի հենց այդ ռեստորանի դիմացի մայթին:

Անկախություն ձեռք բերելով՝ «մշակութասեր» շատ իշխանավորներ ոչնչացրին Ղուկաս Ղուկասյանի հիանալի արձանը, Կամոյի կիսանդրին, Բանվորի արձանը, քաղաքի պատմական շատ շենքեր, հնություններ: Հանվեց Լենինի հուշարձանը, բայց ինչու՞ վերացվեց նաեւ ամբիոնը, որի քարերը հիացմունք էին պատճառում……

Իսկ Կարաբալան ժպտում է, որովհետեւ մայրաքաղաքում մշակութային շատ արժեքներ ոչնչացվեցին, իսկ ինքը հպարտորեն կանգնած է՝ իր մասին գեղեցիկ ու բարի առասպելով հյուսված, եւ ո՜վ գիտե, դեռ ինչքան է ներկայանալու…

Սերգեյ Ավագյան

«Լուսանցք» թիվ 2 (223), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։