Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Ֆրանսիայի օրենսդիրների հետեւողականությունը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատժելու հարցում: Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում` Սենատում եւս ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, եւ այդ երկրում ցեղասպանությունը ժխտող յուրաքանչյուր ոք կպատժվի: Հավատում ենք, որ Ֆրանսիայի նախագահը կստորագրի Սենատի որոշումը, ինչպես որ խոստացել էր վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում:
Մենք ողջունում ենք նաեւ Շվեյցարիայի եւ Սլովակիայի խորհրդարանականներին, որ առաջնորդվելով համամարդկային արժեքներով՝ նույնպես պատիժ են սահմանել Հայոց ցեղասպանության ժխտողականության համար:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը կոչ են անում բոլոր այն երկրներին եւ միջազգային կառույցներին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, նույնպես օրենքներ ընդունեն ցեղասպանությունը ժխտողներին պատժելու համար:
Անկարայի սպառնալիքները Փարիզին հավաստում են, որ Թուրքիան պատրաստ չէ հաշտվել իր իսկ պատմության հետ, ինչը խիստ կասկածի տակ է դնում հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունների վավերացումը, եւ նույնիսկ վավերացումից հետո դրա՝ առանց նախապայմանների կատարումը: Սա պետք է հաշվի առնեն նաեւ ԱՄՆ-ի օրենսդիրները, որոնք հանուն չեղած եւ թերեւս այս կերպ չկարգավորվող հայ-թուրքական հարաբերությունների, հետաձգում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կոնգրեսում: Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը Հայաստանի իշխանություններին նաեւ կոչ են անում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կամ այն ժխտելու համար դատապարտումը բավարար պայման չհամարեն 1,5-3 մլն. հայ նահատակների արյան դիմաց: Միլիոնավոր հայերի արյունը երբեք չի կարող բարոյական դատով կամ դատապարտումով ավարտվել եւ փոխհատուցումը պետք է զոհերի հոգիների համար եւս ընդունելի լինի: Իսկ փոխհատուցումը, բացի բարոյական, իրավական, ֆինանսական եւ այլ առումներից, պետք է ներառի հատկապես միլիոնավոր զոհերի հայրենիքի՝ հայկական տարածքների վերադարձը զոհերի ժառանգներին ու ազգակիցներին: Արեւմտյան Հայաստանը պետք է վերադարձվի բնիկներին՝ հայերին, եւ միավորվի Հայաստանի Հանրապետությանը, որն այժմ բոլոր հայերի Հայրենիքը է եւ Հայ դատի պահանջատերը (սփյուռքահայության հետ միասին): Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, երբ նման փոխհատուցումներն ամբողջապես իրականանան: Նույնն է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով՝ Արցախը հայկական հողերի դեռ մի ազատագրված մասն է ընդամենը:
Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում
Երեւան – 24.01.2012թ.